|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ակամա նպաստելով բուրգի քանդմանը14:18 Yerevan | 10:18 GMT | Saturday 23 February 2008Մ.Խ. ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը երեկ անակնկալ հրաժարական տվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից` թերեւս ակամա մասնակից դառնալով այս օրերին ծավալված իշխանական բուրգի քանդման պրոցեսին: Ինչ խոսք, համոզված ենք` պարոն Հովհաննիսյանը նպատակ չուներ վրեժ լուծել Սերժ Սարգսյանից` իր ձայները յուրացնելու համար: Ինչեւէ` երեկ նա հանդես եկավ հայտարարությամբ, որով համ նալին խփեց, համ` մեխին: Թվում էր` նախընտրական շրջանում այդքան վստահ ելույթներ ունեցած նախագահի թեկնածուն նախեւառաջ պետք է դիմեր ԿԸՀ` պահանջելով վերանայել ընտրությունների արդյունքները: Հատկապես, որ առաջին իսկ ընտրատեղամաս` 9/31-ի վերահաշվարկը ցույց տվեց, որ ՀՅԴ թեկնածուի ստացած համարյա բոլոր ձայները գնացել են Սերժ Սարգսյանին: Երեկ, սակայն, Վահան Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով մի կողմից ասաց, թե «տարաբնույթ ընտրական խախտումները, ընտրակաշառքի համատարած բաժանումը, որոշ տեղամասերում կոպիտ բռնությունը, լցոնումները էլ ավելի խորացրին հասարակության մեջ ընտրությունից ընտրություն արմատավորվող կասկածամտությունը եւ անվստահությունը: Նորից սահմանափակվեց ժողովրդի քաղաքական կամքի ազատ արտահայտման իրավունքը, ոտնահարվեց եւ վիրավորվեց մեր քաղաքացիների արժանապատվությունը», մյուս կողմից` նա քննադատության սլաքն ուղղեց Ազատության հրապարակում մեկնարկած քաղաքացիական շարժման դեմ. «Նրանք, ովքեր այսօր փորձում են գնալ ընդվզումի ճանապարհով, պետք է հիշեն եւ հասկանան...» ու էդ ոճով ասաց ՀՅԴ թեկնածուն` չմոռանալով հավելել. «Բայց հավերժ այսպես չի լինելու: Եվ ես կոչ եմ անում բոլորիդ սառնասիրտ վստահությամբ պատրաստվել մեր հաղթանակին»: Քաղաքագետ, ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանի կարծիքով, Վահան Հովհաննիսյանի հրաժարականը ընտրությունների արդյունքների եւ ներկուսակցական զարգացումների արդյունք էր: «Քանի որ նման հաջողված քարոզարշավի դեպքում նման ցածր ցուցանիշները արդեն իսկ վկայում են այն մասին, որ կուսակցությունը չի լուծել ընտրությունների ժամանակ իր առաջ դրած խնդիրը», - տեսակետ հայտնեց Ստեփան Սաֆարյանը` հավելելով, թե որքանով իրեն է հայտնի, Վահան Հովհաննիսյանի հրաժարականին հաջորդելու են դաշնակցական նախարարների հրաժարականներ եւ նման պահանջ է ներկայացվել կուսակցության շարքերից: Երեկ երեկոյան արդեն խոսակցություններ կային, որ Վահան Հովհաննիսյանից հետո հրաժարական են տվել դաշնակցական նախարարները: Երեկ, սակայն, ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հերքեց այդ տեղեկությունը` հայտարարելով, որ կուսակցությունը նման որոշում չի կայացրել: «Ես կարծում եմ, այդ հրաժարականը եղել է Սերժ Սարգսյանի պահանջով, որը փորձել է իր վրեժը լուծել, որ Դաշնակցությունը փորձել է սեփական խաղը տանել», - տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը` Վահան Հովհաննիսյանի հայտարարության մեջ տեղ գտած գնահատականների առթիվ հավելելով. «Դրանցով նա փորձ արեց փրկել իր դեմքը եւ մնալ որպես քաղաքական գործիչ»: Ի դեպ, տեսակետ կա, որ ՀՅԴ-ն որոշել է տարանջատվել ներկա իշխանություններից ու ընդդիմություն դառնալ: Ավելին` Վազգեն Մանուկյանի հետ միավորվելով շարունակել ընդդիմադիրի կեցվածքը Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ: Երեկ նաեւ հայտարարությամբ հանդես եկավ նախագահի թեկնածու ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, որը նույնպես իր քննադատության սլաքն ուղղեց Տեր-Պետրոսյանի դեմ: Այնպես որ` ՀՅԴ-ն ու ԱԺՄ-ն լուրջ հիմքեր ունեն միավորվելու: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՄտավորականություն կոչվածը` բարոյալքման գործոն1990-ականներին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ձախողման եւ ավազակապետական... ՔաղաքականՀերթական անակնկալըՀյուսիսային պողոտայում երեկ «քաղաքական զբոսանքի» մասնակիցների համար ցնծության օր էր: ԱշխարհԵվ դարձյալ հայ-թուրքական թեմայովՍեպտեմբերի 2-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը նրան մի հարց... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |