|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Համազգային պայքար, որն ավարտվելու է հաղթանակով13:48 Yerevan | 9:48 GMT | Friday 22 February 2008Էմմա Գաբրիելյան Երեկ գիշերը, ժամը 01.30-ի դրությամբ ՀՀ առաջին նախագահ, փետրվարի 19-ի ընտրություններում ժողովրդի հաղթած թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրան սատարող կուսակցությունների առաջնորդները` Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զ.Սարգսյանը, Արարատ Զուրաբյանը, Արամ Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ էլի տասնյակ հազարավոր մարդ Ազատության հրապարակում էին, ուր եւ պատրաստվում էին մնալ մինչեւ վերջնական հաղթանակ: Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում ժողովրդի հաղթանակած թեկնածուն` Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Ազատության հրապարակում բացահայտեց այն «չափազանց կարեւոր իրադարձությունը», որ խոստացել էր նախորդ օրը: Բազմահազարանոց հրապարակը երեկ պայթեց ծափերից ու վանկարկումներից, երբ Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Երեկ ես հանդիպել եմ ՀՀ պաշտպանության փոխնախարար, Արցախյան պատերազմի հերոս գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հետ: Այս պահին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը եւ նրան միացած մեկ այլ փոխնախարար` գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը, նրանք` ժողովրդի անունից, իշխանությունների անունից` բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը բանակցություններ են վարում: Բանակցությունների իմաստը հետեւյալն է, որ բանակի հրամանատարությունը` հանձինս Մանվել Գրիգորյանի եւ Գագիկ Մելքոնյանի` հայտարարում է, որ իրենք որպես բանակի փոխնախարարներ` կանգնած են իրենց ժողովրդի կողքին եւ պաշտպանելու են ժողովրդի վստահությանը արժանացած թեկնածուին»: Լ.Տեր-Պետրոսյանը տեղեկացրեց, որ Մ.Գրիգորյանն ու Գ.Մելքոնյանը հայտարարել են նաեւ, որ թույլ չեն տա, որ բանակը խառնվի քաղաքականությանը եւ ուժ գործադրի սեփական ժողովրդի դեմ. «Մանվել Գրիգորյանը եւ Գագիկ Մելքոնյանը իրենց համարում են հայ ժողովրդի անվտանգության երաշխավոր», շարունակեց Լ.Տեր-Պետրոսյանը վստահեցնելով, որ բանակի ողջ հրամանատարությունը կմիանա նրանց. «Ուրեմն` ոչ թե Լեւոն, այլ Մանվել...», նկատեց Լ.Տեր-Պետրոսյանն, իսկ Ազատության հրապարակը շարունակեց` «այո», «Մանվել, Մանվել», «Գագիկ, Գագիկ» վանկարկել: Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկվա իր ելությում նաեւ նկատեց, որ հրապարակում տոն է, եւ որ այդ հրապարակը ոգեղեն է, քանի որ թեւածում են բոլոր սուրբ նահատակների ոգիները. «Թեւածում են արցախյան պատերազմի բոլոր զոհերի հոգիները, անկախության պայքարում տրված բոլոր նահատակների ոգիները, վերջապես երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի ոգին»: Այնուհետեւ Լ.Տեր-Պետրոսյանը իր խոսքը ուղղեց Սերժիկ Սարգսյանին` շեշտելով, որ դա նրա անձնագրային անունն է. «Պարոն Սերժիկ Սարգսյան, մի փչացրեք մեր տոնը, ժողովուրդը ձեզ չի ընդունում, ժողովուրդը չի ուզում ապրել Սերժիկ Սարգսյանի, Սաշիկի, Թոխմախի Մհերի եւ Նեմեց Ռուբոյի լծի տակ»:
Հանրահավաքը կայացավ եւ չի դադարելու... Մինչ երեկվա հանրահավաքի մեկնարկը ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում մեքենայի մեջ բարձրախոսներով հետեւողականորեն ժողովորդին խնդրում էին չհավաքվել հանրահավաքի` «քանի որ այն արտոնված չէ», եւ «հակառակ դեպքում դա անկախատեսելի հետեւանքներ կունենա...», սակայն հրապարակ շտապող հազարավոր քաղաքացիները ոչ միայն արհամարհանքի ու անուշադրության էին մատնում այդ հորդորները, այլեւ` ամբողջ հանրահավաքի ընթացքում բազմությունն ավելի էր մեծանում, ինչի արդյունքում փետրվարի 9-ի եւ փետրվարի 16-ի հզոր հանրահավաքներից չտարբերվող հանրահավաք կայացավ, միակ տարբերությունը թերեւս այն էր, որ ժողովրդի տրամադրությունն առավել տոնական էր. ժամանակ առ ժամանակ 10 րոպեանոց ընդմիջումներ էին հայտարարվում, որոնց ընթացքում թե ժողովուրդը հրապարակում եւ թե հանրահավաքի կազմակերպիչները հարթակում տոնում էին Լ.Տեր-Պետրոսյանի հաղթանակը` մեծ ոգեւորությամբ պարում էին: Անդրադառնալով ոստիկանների դիտողությանը` հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանը երեկ հակադարձեց խնդրի թե բարոյական, թե իրավական մասը. «Ես հարց եմ տալիս. իսկ երբ համազգեստավոր ոստիկանները տեղամասում ԱԺ պատգամավոր էին ծեծում` սա օրինակա՞ն էր, երբ Նեմեց Ռուբո անունով հանցագործը մարդ էր առեւանգում եւ պահում` օրինակա՞ն էր, երբ Հովհաննես Շահինյան անունով հանցագործը հարձակվում էր իր հրոսակախմբով վստահված անձանց վրա` սա օրինակա՞ն էր, երբ Մխչյանի Մկան լակոտները հարձակվում էին խաղաղ ցուցարարների վրա` սա օրինակա՞ն էր, իսկ երբ լցոնումներ էին կատարվում տեղամասերում, վստահված անձանց ծեծելով դուրս էին հանում` սա օրինակա՞ն էր: Քոչարյանասերժական կլանը իրավունք չունի խոսել օրենքից, Հայաստանում մեկ բարձրագույն օրենք կա` ՀՀ-ի իշխանությունը ժողովուրդն է», - հակադարձեց Ն.Փաշինյանը` պարզաբանելով, որ անց է կացվում ոչ զանգվածային-հրապարակային միջոցառում, որը անցկացնելու համար որեւէ իրազեկում անհրաժեշտ չէ եւ ոչ զանգվածային-հրապարակային միջոցառումը ինքնաբուխ վեր է ածվել զանգվածային-հրապարակային միջոցառման: Հանրահավաքի կազմակերպիչները նաեւ տեղեկացրին, որ միջոցառումները չեն դադարելու եւ լինելու են շուրջօրյա, Ազատության հրապարակը դառնում է համաժողովրդական բողոքի կենտրոնական շտաբ, որտեղից ղեկավարվելու են բոլոր գործողությունները. մինչեւ ավազակախմբի հեռացումը լինելու են պիկետներ, ակցիաներ, երթեր: Հանրահավաքում ներկայացվեց պահանջ ԿԸՀ-ին` անվավեր ճանաչել ընտրությունները ու նշանակել նոր ընտրություններ եւ պատժել ընտրությունների օրը կեղծիքներ գործածներին, 24 ժամվա ընթացքում ձերբակալել բոլոր հանցագործություններ գործածներին, ինչպես նաեւ ընդդիմությանը ուղիղ եթեր տալու պահանջ ներկայացվեց Հանրային հեռուստատեսությունից եւ սրանով իշխանություններին տրվեց որոշակի` օրենքով սահմանված ժամանակ, եթե այդ ժամկետները կսպառվեն եւ պահանջները չեն կատարվի` կարվի այն, ինչ ժողովուրդը երկու օր պահանջում է` «հիմա, հիմա, հիմա...»:
Դասադուլները սկսվեցին Այն բանից հետո, երբ «Պահպանողական» կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն իր ելույթում կարեւորեց այն հանգամանքը, որ հայ ժողովուրդը պետք է ունենա մտավորական նախագահ, այլ ոչ թե` թերուս անգրագետ եւ ընդգծեց ուսանողության դերը` իր կուսակցության անունից կոչ արեց դասադուլ հայտարարել, նրա ելույթի ավարտին Լ.Տեր-Պետրոսյանը մոտեցավ բարձրախոսին եւ շեշտեց, որ այդ կոչը ինքը եւս ստանձնում է եւ կոչ արեց բոլոր ԲՈւՀ-երի ուսանողներին դասադուլ հայտարարել, սակայն պարզվեց, որ համարյա բոլոր ԲՈւՀ-երից հանրահավաքում բազմաթիվ խմբեր կային, որոնք էլ սկսեցին միաբերան վանկարկել` «դա-սա-դուլ»... Երեկ նաեւ ընթերցեցին քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարդան Մալխասյանի եւ Արման Բաբաջանյանի ընդունած հայտարարությունը, որտեղ նրանք դատապարտել էին փետրվարի 19-ի ընտրությունները եւ կարեւորել ժողովրդի կամքի արտահայտումը` հուժկու ժողովրդական ալիքի բարձարցմամբ: Երեկ հանրահավաքում նաեւ տեղեկացրին, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը անդրադարձել է հայաստանյան ընտրություններին: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը մտահոգված է ընտրություններում ձայների հաշվարկման ընթացքում տեղ գտած խնդիրներով, այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Էդգար Վասկեսը: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, անդրադառնալով հավաքվածների տոնական տրամադրությանը, ասաց, որ ընտրությունների հաջորդ օրը իշխանությունները հանրահավաք էին անցկացրել, որոնց «տասը մարդ էր մասնակցում», ապա եւ նկատեց. «Իրենք էլ իրենց հաղթանակին չեն հավատում: Հայաստանի պատմության մեջ ավելի անարժան մարդիկ, քան էդ երկուսն են, երբեք չեն ղեկավարել այս երկիրը, եւ դրա համար մենք չպետք է թույլ տանք, որ ՀՀ նախագահ դառնա այս նկարի մարդը, որովհետեւ իրենով վարկաբեկվում է մեր ողջ ժողովուրդը: Խնդիրը միայն բոյը, բուսը չէ, արտաքինը չէ: Այդ մարդը մի քանի ամիս առաջ գրել էր երկրի անվտանգության ծրագիրը, որի առաջին կետը սկսում էր հետեւյալ կերպ` Հայաստանի թիվ մեկ խնդիրը ժողովրդավարությունն է» եւ Սերժ Սարգսյանին նկատի ունենալով` Ա.Զ.Սարգսյանն ասաց. «Ո՞նց է պատկերացնում ժողովրդավարությունը. ձայները փողով գնելո՞վ ու դա արդա՞ր համարելով: Սափրագլուխ անուղեղներով ժողովրդին ահաբեկելը ժողովրդավարությու՞ն են համարում: Ոստիկանությանը ավազակների հետ գործողությունների ուղարկելը ժողովրդավարությու՞ն են համարում: Կամ ժողովրդավարության մասին ընդհանարպես գիտելիք չունեն կամ ստախոս են, իսկ ստախոսը իրավունք չունի երկիր ղեկավարել: Մենք կանգնելու ենք այնքան ժամանակ` մինչեւ ավազակապետերը հեռանան: Ես այստեղ նստացույց եմ անում: Էստեղ բոլոր հավաքվածները իմ հարազատներն են` քույրերս են, եղբայրներս են, մայրերս ու հայրերս են, հորեղբայրներս ու մորաքույրերս»: Ա.Զ.Սարգսյանը վստահեցրեց, որ պետք է ապավինել Լ.Տեր-Պետրոսյանի իմաստությանը. «Եթե Տեր-Պետրոսյանը վստահ չլիներ, որ կհաղթի, չէր մտնի քաղաքականության մեջ: Նա ի սկզբանե հաշվարկել էր նաեւ այս քայլերը: Հաղթում է նա, ով մինչեւ վերջ է պայքարում»:
Յանուկովիչին ու Շեւարդնաձեին էլ էին շնորհավորում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը իր ելույթում շեշտեց. «Մենք միասին գնալու ենք այնտեղ եւ լուծելու ենք այդ խնդիրը», ինչից հետո բազմահազարանոց հրապարակը սկսեց վանկարկել` «հիմա, հիմա», սակայն Ա.Կարապետյանը նշեց, որ պայքարը ունի իր տրամաբանությունը. «Երբ պայքարը սկսվում էր, շատ քչերն էին հավատում, որ այսքան մարդ է հավաքվելու: Եկեք ապավինենք այդ թիմին», եւ խորհուրդ տվեց Սերժ Սարգսյանին, նկատելով, որ եթե նա լիներ լուրջ քաղաքական գործիչ, ապա կհասկանար, որ թերթերով ու հեռուստատեսությամբ ցույց տալով, որ իրեն շնորհավորում են` դա շատ տրիվյալ եւ անընդունելի բան է. «Պարոնայք, հիշեցնում եմ` Յանուկովիչին երկու անգամ շնորհավորեցին, բայց նա նախագահ չդարձավ, Շեւարդնաձեին շնորհավորեցին, բայց նա նախագահ չդարձավ: Պարոնայք, եթե դուք քաղաքական գործիչներ լինեիք, կհասկանայիք, որ մեր երկրի բախտը որոշվում է այստեղ` ժողովրդի հետ»: Ա.Կարապետյանը նաեւ տեղեկացրեց, որ Տեր-Պետրոսյանը իրեն հարցնում է, թե Փարաքարը փակելու՞ է, թե՞ ոչ. «Ուրեմն ասում եմ` փակելու եմ»: ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը նախապես խնդրելով չզարմանալ` շնորհակալություն հայտնեց իշխանություններին, որ նրանք հնարավորություն տվեցին համախմբվել, մինչեւ վերջ պայքարել եւ հասնել հաղթանակի. «Համոզված եմ, որ այստեղ ենք լինելու, որքան անհրաժեշտ լինի»: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը մեկ անգամ եւս ընդգծելով, որ ընտրություններում միանշանակ հաղթել է Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակեց. «Վարչախումբը պետք է հեռանա, կեղծքիներ եւ բռնարարքներ իրականացրած հանցագործները պետք է պատասխան տան օրենքի առաջ: Այս պայքարում չպետք է լինեն դիտորդներ, յուրաքանչյուրիս վճռականությունից է կախված վերջնական արդյունքը եւ այսօրվա հանրահավաքը ցույց է տալիս, որ վարչախումբը որեւէ շանս չունի եւ մենք հաղթելու ենք»: |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականԱզատ ստեղծագործական ժանրիցՆերսես Երիցյանը դարձել է վերջին օրերի «սիրելի» թեման: ՔաղաքականԼՂՀ ԱԺ ընտրությունների թեկնածուներ. ով ով էԱշոտ Ղուլյանն առաջադրվել է իր թաղում ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |