|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Վերջնականապես հստակված ջրբաժան13:42 Yerevan | 9:42 GMT | Friday 22 February 2008 Ժողովուրդ - իշխանությունը բռնազավթածներ: Ժողովրդավարական արժեքներ - ավտորիտարիզմ: Քրիստոնեական արժեհամակարգ - խուլիգանապետություն: Արժանապատվություն - նվաստացում: Ազնվություն եւ անկեղծություն - լկտի եւ բացարձակ սուտ: Վերամիավորում քաղաքակիրթ աշխարհին - իզգոյացում: Լույս - խավար: Ահա հիմնականում այն սահմանները, որով անցնում է այսօր ջրբաժանը Հայաստանում: Եվ, ինչպես եւ կանխատեսվել էր ու` վաղուց, ընտրությունը սպիտակի եւ սեւի միջեւ է: Եվ ընտրությունն այդ որեւէ առնչություն չունի ոչ նախագահի ընտրության հետ, ոչ քվեաթերթիկների եւ ոչ էլ քվեատուփերի հետ: Որովհետեւ այս ընտրությունը, որն առավել կարեւոր է` մարդ արարածի ներսում է տեղի ունենալու: Եվ դա է վերջնական, կարեւոր, անբեկանելի: ...Սրանից 20 տարի առաջ մի ողջ հանրապետություն, մի ողջ ժողովուրդ ոտքի կանգնեց պատմական անարդարությունը շտկելու վճռականությամբ: Ու` հաջողեց: Այդ ժամանակ վերը նշված ջրբաժանը չկար: Կամ էլ` շատ էր աներեւույթ, թաքնված սովորական աչքից: Միակամություն կար, եւ այդ միակամությանը հակառակներն անգամ, արտաքնապես գոնե, ցույց չէին տալիս իրենց անհամաձայնությունը: Մթնոլորտն էր այլ: Ազատության մթնոլորտում մարդիկ իրենց ստրկամտությունը գերադասում են չբացահայտել: Ոչ, ոչ թե վախից: Ամոթից: Ու այդ ամոթը ստիպում էր, որ նրանց մեջ եւս արժանապատվությունն արթնանար ու աճեր: Ու դրա շնորհիվ միայն Շարժումն իրոք համազգային ու համաժողովրդական դարձավ: Այսօր էլ է նույն հրամայականը մեր առջեւ. արժանապատվությունը վերագտնելու: Իր արժանապատվությունը վերագտած կամ էլ, գոնե, վերագտնել փորձող ցանկացածի ընտրությունը ջրբաժանի լուսավոր կողմն է լինելու: Որովհետեւ անպատվաբեր, ամոթալի ու անմարդկային է, ենթադրենք, խուլիգանապետությունը ժողովրդապետությունից գերադասելը: 1988-ն ու 2008-ը երեք հիմնական ընդհանրություն ունեն. երկուսն էլ համաժողովրդական, համազգային բնույթ ունեն, երկուսն էլ Շարժում են հանուն գաղափարի եւ ծնկած մարդու ոտքի կանգնելու, եւ, վերջապես, երկուսն էլ ղեկավարում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով մեր անկախ պետականության բոլոր հաղթանակների ճարտարապետն է: Համարի չորրորդ էջը առանց մեկնաբանությունների, սակայն, համոզված եմ, դրանով իսկ` առավել պերճախոս, ի ցույց է դնում 1988-ի եւ 2008-ի նմանությունները: Ուշադիր նայեք լուսանկարները... 88-ի մասնակիցներն ու ականատեսները մեկ անգամ եւս կվերապրեն իրենց երիտասարդությունը ու այն հաղթանակների բերկրանքը, որոնք զգում էինք ամեն անգամ` կաթիլ առ կաթիլ մեզնից դուրս մղելով ոչ արժանապատիվը, ոչ մարդկայինը, նեղ անձնականը: Այսօրվա երիտասարդներն էլ կզգան, որ այսօրվա հաղթանակներն իրենց նախատիպերն ունեն: ...Պահն է, երբ յուրաքանչյուրն իսկապես ընտրության առջեւ է կանգնած ու ինքն է ընտրելու ժողովրդին կամ ավազակներին: Ու պատասխան է տալու ըստ իր ընտրության: Թե այստեղ եւ թե ՎԵՐԸ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |