“Zhamanak” Armenian-American Political Daily

Քսան տարի եւ երկու օր անց

13:36 Yerevan | 9:36 GMT | Friday 22 February 2008

Արամ Ամատունի

Ասում են, որ պատմությունն ունի կրկնվելու սովորություն, եւ այդ հանգամանքը մարդկության պատմության ընթացքում հաստատվել է բազմիցս:

Դժվար է ասել, թե արդյոք ինչ է պատմության կրկնվելու հատկությունը` Աստվածային պատի՞ժ, որ հասնում է բոլոր նրանց, ովքեր դասեր չեն քաղում սեփական սխալներից, թե՞ նախախնամության պարգեւ, որ տրվում է սխալներն ուղղելու համար: Այդ հարցի պատասխանը գտնելու համար երեւի թե շատ ժամանակ է հարկավոր, հարկավոր են շատ դիտարկումներ, պատմական օրինաչափությունների ու հակասությունների զուգորդումներ: Դրա ժամանակը հիմա չկա, որովհետեւ հիմա պատմությունը նորից կրկնվում է եւ պետք է այնպես անել, որ այն չդառնա մեզ համար Աստվածային պատիժ, այլ լինի նախախնամության պարգեւ, որի շնորհիվ մենք կուղղենք մեր սխալները, այն սխալները, որ գործել ենք անկախությունից ի վեր, ամեն մեկս մեր տեղում: Դրա համար նախ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում: Ակնհայտ է, որ Հայաստանում արդեն իսկ ձեւավորվել է ժողովրդի իշխանություն, որը կատարում է առաջին քայլերը: Ազատության հրապարակում համաժողովրդական Շարժման շտաբի ձեւավորումը հավասարազոր է կառավարության ձեւավորման, ժողովրդի կառավարության ձեւավորման, որն այսուհետ աստիճանաբար իր իշխանությունն է տարածելու երկրում: Այսինքն, ըստ էության, առաջին հարցը լուծված է եւ երկրում հաստատված է Սահմանադրական կարգը, ինչպես որ նախանշվում էր Շարժման սկզբում, երբ դրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը տասնամյա լռությունից հետո զրուցում էր հասարակության հետ: Սահմանադրական կարգի առաջին ատրիբուտը երկրում ժողովրդի իշխանությունն է, իսկ այն իշխանությունը, որն այսօր տիրապետում է պետական կառավարման լծակներին, դա ըստ էության այն խումբն է, որը եւ խախտում է Սահմանադրական կարգը: Եվ հիմա համաժողովրդական Շարժումը կատարում է հետեւողական, օրենքի շրջանակում տեղավորվող քայլեր, որոնք կլուծեն հակասահմանադրական շրջանակների հետագա ճակատագրի հարցը: Նկատելի է նաեւ, որ ժողովուրդը եւս աստիճանաբար հետ է գալիս փետրվարի 19-ին ստացած հարվածից եւ հասկանում, որ իրականում ինքը փետրվարի 19-ին ձեռք է բերել իշխանություն, ոչ թե հերթական անգամ կորցրել է այն: Ընդ որում` եւ 1998 թվականին եւ 2003 թվականին, ժողովուրդը ձեռք է բերել այդ իշխանությունն ընտրություններից հետո, պարզապես չի եղել մեկը, որ բացատրի այդ իրողությունը: Հիմա այդ իրողությունը բացատրվում է, ընդ որում` արդեն ոչ միայն խոսքով, այլ նաեւ կոնկրետ քայլերով, որպիսին կարելի է համարել պաշտպանության փոխնախարարներ Մանվել Գրիգորյանի եւ Գագիկ Մելքոնյանի քայլը, ըստ որի նրանք միանում են համաժողովրդական Շարժմանն ու երաշխավորում, որ բանակը չի միջամտի քաղաքական պրոցեսներին: Այլ կերպ ասած` ժողովրդի իշխանությունն արդեն առկա է նաեւ զինված ուժերում: Անկասկած ոչ ամբողջությամբ, սակայն փաստ է, որ բանակում մեծ հեղինակություն վայելող գեներալն, ըստ էության, ընդունում է, որ երկրում այլեւս օրինական իշխանության կրողը Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիներն են, եւ նաեւ նրանք, ում ճանապարհը փակում են շրջաններում ու մարզերում: Գեներալների այդ դիրքորոշումը կարող է շրջադարձային լինել համաժողովրդական Շարժման հաջողության տեսանկյունից, բայց այն նաեւ չափազանց մեծացնում է պատասխանատվությունը: Ընդհանրապես, ժողովրդի իշխանության տարածման հետ մեկտեղ այդ պատասխանատվությունը դառնում է ավելի ու ավելի ծանր, եւ Շարժման առաջնորդները իրավունք չունեն չզգալ այդ օրեցօր ծանրացող բեռը: Դատելով Լեւոն Տեր-Պետրոսյանի ինքնավստահությունից եւ հանգստությունից` այդ բեռի ծանրությունը ոչ միայն գիտակցվում է, համենայնդեպս առայժմ, այլ նույնիսկ ավելի ու ավելի ծանրացող բեռը կրելը դառնում է ավելի ու ավելի հեշտ: Բանը հասել է այնտեղ, որ իշխանությունների համար որպես ընտրությունների հաջողության միակ փաստարկ մնացել են այն շնորհավորանքները, որ գալիս են արտերկրի նախագահներից, միջազգային կառույցների ղեկավարներից: Սակայն այդ շնորհավորանքները փոքր-ինչ ուշադիր նայելու դեպքում ակնհայտ է դառնում, որ դրանք ունեն մի էական ընդհանրություն: Այդ շնորհավորանքներում որեւէ մեկը Սերժ Սարգսյանին չի շնորհավորում հաղթանակի կապակցությամբ, իսկ շատ դեպքերում դրանցում նույնիսկ նշված չէ Սարգսյանի անունը: Օրինակ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ Եվրամիության անվտանգության հարցերի հանձնակատար Սոլանայի ուղերձներում նրանք ընդհանրապես չեն խոսում Սերժ Սարգսյանի մասին, այլ անդրադառնում են միայն Հայաստանի նախագահի ընտրություններին: Դրանք, իհարկե, գնահատվում են դրական, բայց մյուս կողմից, եթե չի նշվում որեւէ մեկի կոնկրետ հաղթանակի մասին, ապա դժվար, շատ դժվար է ասել, թե հատկապես ինչ է ակնարկվում այդ ուղերձներում: Չէ՞ որ, ի վերջո, մեծ հաշվով, ընտրությունն իսկապես եղել է դրական, որովհետեւ ժողովուրդը ընտրել է իր նախագահին: Եվ այն, որ ուղերձները հասցեագրվում են Սերժ Սարգսյանին, թերեւս պայմանավորված է նրանով, որ խնդիր կա նրան բացատրելու իրողությունները: Հասարակությունն ու նրա ձեւավորած Շարժումը վաղուց արդեն գիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում: Նրանք այլեւս որեւէ բանում համոզվելու կարիք չունեն, եւ հենց իշխանություններն են, որ պետք է հասկանան իրողությունը, ինչն էլ իրենց ուղերձներով երեւի թե փորձում են անել մեր երկրի արտաքին գործընկերները: Դրա համար նույնիսկ պետք է ողջունել նրանց ջանքը, որովհետեւ եթե ժողովրդի խոսքը հայերեն այդքան էլ մատչելի չէ իշխանություններին, ապա գուցե նրանց հասկանալի լինեն իրավիճակի ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն բացատրությունները: Իսկ այն, որ այդ բացատրությունները ուղղակի չեն տրվում, թերեւս պայմանավորված է նրանով, որ այդ միջազգային գործընկերները բավական շատ են շփվել Հայաստանի հետ եւ յուրացրել են մեր ժողովրդական իմաստնություններից մեկը այն մասին, թե ում են ասում ուղիղ խոսքը:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.