|
“Zhamanak” Armenian-American Political Daily
«Մեր երկրի տերը մենք ենք»13:35 Yerevan | 9:35 GMT | Friday 22 February 2008Կարինե Հարությունյան Հրավառություն էր: Հաղթանակի: Ազատության հրապարակում: Ժողովուրդը քոչարի էր պարում: Իր հաղթանակի քոչարին: Մի քանի հարյուր հազար մարդ երեկ երեկոյան հանրահավաքից հետո այստեղ էր եւ ամբողջ գիշերն էր այստեղ: Երեւանի գիշերային երկնքի տակ հայ ժողովուրդն իր Ազատության հրապարակում վրաններ էր տեղադրում: Նստացույցի վրաններ: Նստացույցն արդեն սկսված էր: Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Հայբուսակ» համալսարանի, ԵՊՀ-ի, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի, այլ բուհերի բազմաթիվ ուսանողներ, Վաղարշապատից, Վարդենիսից, Արմավիրից եւ երկրի այլ բնակավայրերից Երեւան եկած միտինգավորներ այստեղ էին` նստացույցին մասնակցելու վճռականությամբ: Անժամկետ նստացույցի: Անժամկետ դասադուլի: Նիկոլ Փաշինյանը հայտարարելով իր` նստացույց անելու որոշման մասին` ասաց, որ համաձայն «Երթեր, ցույցեր, հանրահավաքներ անցկացնելու մասին» ՀՀ օրենքի` նստացույց իրականացնելու համար որեւէ իրազեկում չի պահանջվում եւ դիմեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին ու ոստիկանապետ Հայկ Հարությունյանին. «Պահանջում եմ, որ Երեւանի քաղաքային իշխանությունները համազգեստավոր ոստիկաններ ուղարկեն այստեղ եւ ապահովեն մեր խաղաղ ցույցի անվտանգությունը: Երբ Շիզոլինի անունով մեկը հինգ հոգով երկու վրան էին խփել Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի դիմաց եւ իբր նստացույց էին անում, չորս ոստիկանական պահակախումբ շուրջօրյա հսկում էր նրանց: Ուրեմն նույն կերպ ոստիկանական պահակախմբերը թող մոտենան Ազատության հրապարակի բոլոր մուտքերից եւ ապահովեն նստացույցի անվտանգությունը»: Արդեն կեսգիշերն անց էր: Նստացույցին միացել էին մի խումբ հաշմանդամ ազատամարտիկներ եւ երկրի տարբեր բնակավայրերից զանգեր էին ստացվում այն մասին, որ հարյուրավոր մարդիկ ճանապարհին են, գալիս են համալրելու նստացույցավորների շարքերը: Իսկ Ազատության հրապարակում արդեն իսկ ասեղ գցելու տեղ չկար եւ մարդիկ վճռական էին գիշերն այստեղ անցկացնելու համար: «Մնալու ենք որքան պահանջվի, մինչեւ հասնենք մեր հաղթանակի վերջնական ամրագրմանը», - ասացին ԵՊՀ մի քանի ուսանողներ: «Մինչեւ ե՞րբ պիտի այսպես ապրենք, որքա՞ն պիտի համբերենք: Ես չեմ ընդունում այդ հրապարակված տվյալները», - սա էլ Սեդա Գրիգորյանն էր: Իսկ Սուսաննա Դանիելյանը, թե. «Արդեն 10 տարի խաբեության մեջ ենք ապրում: Իշխանությունը ժողովրդին վերաբերվում է որպես ստրուկի: Մենք Եռաբլուրի առջեւ պարտք ունենք տալու: Հայաստանը Պեպոյի պարտամուրհակը չի, մեր երկիրը թող չպղծեն: Մեր երկրի տերը մենք ենք»: «Մեր ազատության հաղթանակն եմ պահանջում: Ես վստահված անձ եմ եղել, տեսել եմ, թե ինչ է կատարվում` լցոնումներ, ահաբեկումներ: Ուժ են կիրառել ինձ վրա եւ լցոնումներ են կատարել հանձնաժողովի անդամների աչքի առջեւ», - սա էլ Դավիթ Հարությունյանն էր: «Եթե այսքան մարդ հավաքվել է, նշանակում է մենք նորմալ երկրում չենք ապրում: Աբովյանում 24 տեղամասերից 18-ում կիրառվել է բռնություն վստահված անձանց, հանձնաժողովի անդամների, քաղաքացիների նկատմամբ: Այդպիսի երկրում մենք չենք ուզում ապրել», - ասաց Սամվել Աբրահամյանը: Այս բազմահազար հայերի մեջ էին եւ քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանի հարազատները: «Երկրում արդարություն, օրինականություն, ժողովրդավարություն պիտի հաստատվի», - ասաց քաղբանտարկյալի դուստր Սոնա Մալխասյանը: ...Երեկ, գիշերային Երեւանում համազգային Շարժման ոգին էր շրջում: Հայ ժողովուրդը իր հաղթանակի քոչարին էր պարում: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |