“Zhamanak” Armenian-American Political Daily

Պետք է եվրոպացի դիտորդների պապերը գնահատեին մեր իրականությունը

13:34 Yerevan | 9:34 GMT | Friday 22 February 2008

Հեղինե Մանուկյան

Փետրվարի 19-ի ընտրությունները հիրավի «դարակազմիկ» էին բոլոր իմաստներով` «դասական» ընտրախախտումներից` լցոնումներ, քվեատուփերի առեւանգում, բազմակի քվեարկություն, մինչ վանդալիզմի «դասական» օրինակներ` ծեծ, ջարդ, բռնություն, մարդկանց առեւանգում` դրանցից բխող հետեւանքներով:

Հիշեցնենք, որ ընտրությունների օրը Աբովյանի 28/06 ընտրատեղամասում դաժան ծեծի էին ենթարկվել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի` Կոտայքի մարզի պատասխանատուներ ԱԱ նախկին փոխնախարար, Գուրգեն Եղիազարյանը, նրա որդին` Համբարձում Եղիազարյանը, Երջանիկ Աբգարյանը, բացի այդ` նույն տեղամասում առեւանգվել ու ծեծի էին ենթարկվել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք, բռնություններ էին կիրառվել լրագրողների նկատմամբ: Կարճ ասած` ընտրությունների ժամանակ եւ դրանից առաջ` քարոզարշավի ընթացքում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները բավարար էին, որպեսզի ընտրությունները չկայացած համարվեին: Մինչդեռ մեր երկրում փետրվարի 19-ի ընտրությունների կապակցությամբ դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ընտրությունները ճանաչեց որպես եվրոպական չափանիշներին համապատասխան: Ի դեպ, նույն այդ կառույցի ներկայացրած նախնական զեկույցում, չնայած մեղմ ձեւակերպումներով, բայցեւայնպես արձանագրված են ընտրությունների օրվա բարբարոսություններից որոշ պատառիկներ. «Մի քանի առանձին բռնություններ են զեկուցվել, այդ թվում` կրակոցներ Կոտայքի մարզի 28/07 տեղամասում եւ Ավան թաղամասում, եւ չորս ակտիվիստներից` Աբովյանից եւ Դավիթաշենից, որոնք պնդում էին, որ հարձակման են ենթարկվել եւ կրել ֆիզիկական վնասվածքներ: ...Չնայած թեկնածուներից մեկի վրա վստահված անձինք բազմաթիվ բողոքներ են ներկայացրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ, պաշտոնական բողոքներ գրանցվել են այցելած տեղամասերի միայն մոտ 2 տոկոսում: Մարդու իրավունքների պաշտպանը փորձել է ճշտել իր կողմից ստացված բողոքների փաստացի հիմքերը եւ փոխանցել է մանրամասները համապատասխան մարմիններին, այդ թվում «Ժառանգություն» կուսակցությունից խորհրդարանի երկու անդամների նկատմամբ Երեւանի 13/16 տեղամասում տեղի ունեցած հարձակման մասին տեղեկատվությունը»: Այսքանը թերեւս: Ընտրությունների օրը արձանագրված մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին զրուցեցինք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ: «Ռեժիմի պարագլուխները բազմիցս հայտարարել են, թե ցանկանում են, որ լինեն ազատ ու արդար ընտրություններ, իսկ իրավապահ մարմինները, ովքեր պետք է հոգային այդ մասին, իրականում դարձան ռեժիմի գործիքներն ու նպաստեցին, որպեսզի ընտրության պրոցեսների ընթացքում խախտվեն մարդու բոլոր` կարծիք արտահայտելու, ընտրական եւ մյուս իրավունքները: Իսկ այս օրերին ուղղակիորեն ոտնահարվում է մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, ինչը մի բան է նշանակում` իշխանությունները` հանձինս Սերժ Սարգսյանի, որը ցանկանում է իշխանությունն ամեն գնով պահել, կատարելության է հասցրել մարդու բոլոր իրավունքների խախտումները: Բացի այդ, նույն իրավապահները եթե անգամ օրենքը որոշում են կիրառել, խտրական վերաբերմունք են դրսեւորում քաղաքացիների նկատմամբ: Եթե ոտնձգություն է կատարվել ռեժիմի ներկայացուցչի կամ իշխանական թեկնածուի կողմնակիցների իրավունքների նկատմամբ, իրավապահները շատ օպերատիվ գործի են անցնում ու հիշում են օրենքի մասին: Իսկ եթե խախտվում են ընդդիմադիր թեկնածուի կամ նրա կողմնակիցների իրավունքները, նրանք դառնում են ամուլ, անգործունակ ու ոչ կոմպետենտ», - ասաց պրն Սաքունցը: «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ասվում է, որ պետությունը չի կարող ընդունել այնպիսի օրենքներ, որոնք կստիպեն քաղաքացիներին, որպես վերջին միջոցի, դիմել ապստամբության: Երբ չկա քաղաքական կամք` ապահովել իրականում ազատ, արդար ընտրություններ, երբ չկա արդար դատաքննություն անցկացնելու իրավունք, քաղաքացիներին ապահովագրել խոշտանգումներից եւ ավելին` խոշտանգում իրականացնողներին բացահայտելու ու նրանց պատասխանատվության ենթարկելու, ապա դրանց դեմն առնելու միակ գործիքը դառնում է քաղաքացիական անհնազանդությունն ու ընդվզումը: Փառք Աստծո, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ընդվզումն ու քաղաքացիական անհնազանդությունը պետք է լինեն միմիայն օրենքի շրջանակներում, իսկ որեւիցե ոտնձգություն այդ անհնազանդության շարժման մասնակիցների նկատմամբ, նույնն է թե` քաղաքացիական իրավունքների իրացման նկատմամբ կլինի ամենակոպիտ իրավախախտումը, որի պատասխանատվությունը կընկնի հենց ռեժիմի վրա», -կարծում է պրն Սաքունցը: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը վերն ասվածի կապակցությամբ հետեւյալ դիտարկումն արեց. «Մարդու իրավունքներից կարեւորագույնը ընտրելու իրավունքն է: Իսկ ընտրական ողջ գործընթացում խախտվել է հենց այդ իրավունքը` հալածվել են թեկնածուներից մեկի կողմնակիցները, նրա նկատմամբ անընդհատ հակաքարոզչություն է իրականացվել եւ այլն: Իսկ ամենասարսափելին այն է, որ հասարակությունը կանխավ գիտեր նաեւ այն իրավախախտումների մասին, որոնք պիտի արձանագրվեին ընտրությունների օրը` որ գնալու է ընտրությունների, ընտրելու է ընտրյալին եւ որ այդ ընտրյալի ընտրությունը չի կայանալու եւ որ նրա ընտրությունը գրանցելու համար ստիպված է լինելու հավաքվել փողոցներում ու ամեն գնով փորձելու է վավերացնել իր հաղթանակը: Ինչ վերաբերում է ընտրությունների օրը արձանագրված մարդու իրավունքների խախտումներին, ապա դրանք բազմահազար են, որոնց միայն չնչին տոկոսն է արձանագրվել` ասենք, Կոտայքի մարզում Լ.Տեր-Պետրոսյանի` կին վստահված անձանցից մեկին դաժան ծեծի են ենթարկել, իսկ մյուսին կախել պատուհանից ու սպառնացել, որ դուրս կշպրտեն, եթե վերադառնա ընտրատեղամաս եւ այլն»:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հրապարակած զեկույցի բովանդակությանը. «Նրանք ունեն իրենց չափորոշիչները, մենք` մերը եւ այդ գնահատականների հիման վրա չէ, որ պիտի որոշենք մեր անելիքը: Մեր ժողովուրդը գտնվում է պայքարի փուլում` հանուն ժողովրդավարության, այն դիտորդները, որոնք եկել են գնահատելու մեր ժողովրդավարության աստիճանը, նրանք ժողովրդավարության համար երբեք չեն պայքարել, այլ ստացել են իրենց պապերից որպես ժառանգություն եւ դրա արժեքը մինչեւ վերջ չեն պատկերացնում: Այ եթե նրանց պապերը գային գնահատելու մեր իրականությունը, նրանք կտային ճիշտ գնահատականը, որը հայտնի է բոլորիս», - կարծում է պրն Հարությունյանը:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.