“Zhamanak” Armenian-American Political Daily

Հայկական «մայդան»... առանձնահատկություններ

13:33 Yerevan | 9:33 GMT | Friday 22 February 2008

Գոհար Բարսամյան

Բրիտանական «The Economist» հրատարակությունը գրում է. «Ոչ մի տեղ գերտերությունները այդքան բարդությունների չեն հանդիպում, որքան Կովկասում` Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում:

Յուրաքանչյուրը գլոբալ քաղաքականության հարթակում ունի իր յուրահատկությունները: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Վրաստանը «սառը» պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ: Աշխարհագրական տեսակետից Հայաստանը վատթարագույն վիճակում է. նախ` հարեւան Ադրբեջանի հետ ունի խնդրահարույց հարաբերություն` կապված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, երկրորդ` Թուրքիայի հետ սառը, իներտ հարաբերություններ` կապված դարասկզբի իրողությունների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, երրորդ` չունի ծովային ելքեր, հարեւան Վրաստանը շրջափակման մեջ է Ռուսաստանի կողմից, մյուս հարեւանը` Իրանը ունի միջուկային ծրագրի հիմնախնդիր: Հայաստանը այսօր շրջափակման մեջ է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Ավելին` Հայաստանը գրեթե չի մասնակցում այս տարածաշրջանի տնտեսական խոշոր նախագծերին եւ այս առումով, իբրեւ կանոն` բացառված երկիր է: Հայաստանում քաղաքական ցանկացած հիմնախնդիր դիտարկելիս ծագում են ածանցյալ հիմնախնդիրներ. այսպես` 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ մեր երկրում աղքատությունը ազգային անվտանգության խնդիր է, որովհետեւ այս գործոնը հակված է փոխելու մեր ժողովրդի դեմոգրաֆիկ դեմքը: Այսինքն` աղքատության հաղթահարումը Հայաստանում իսկապես ազգային անվտանգության խնդիր է: Սակայն նախագահական ընտրություններում առկա էր նաեւ այլ միտում.աղքատության եզրին գտնվող մարդկանց մի ստվար զանգված հրաժարվեց ընտրակաշառքներից: Այսինքն` Հայաստանը արհեստականորեն շրջանցեց իր աղքատությունը եւ ծանր ճգնաժամից հետո վերելք ապրեց: Բրիտանական «The Economist» հրատարակությունը նշում է այն հանգամանքը, որ թեպետ Վրաստանը արեւմտամետ կողմնորոշում ունի, այդուհանդերձ Հայաստանը առավելություններ ունի այս հանրապետության հետ համեմատած. դա հայկական սփյուռքն է: Այսօր Հայաստանի արտաքին հարաբերություններում առկա են դժվարություններ, քանի որ, լինելով Ռուսաստանի միակ գործընկերը այս տարածաշրջանում, նա չի կարող վերանայել Վրաստանի հետ իր հարաբերությունները, քանի որ սա կլինի ինքնասպանություն: Հարցը դիտարկելով հակառակ բեւեռից` նույնը կարելի է ասել Իրանի առումով. որքան էլ ԱՄՆ-ն ճնշում գործադրի Իրանի նկատմամբ վերաբերմունքի վերանայման առնչությամբ, Հայաստանը այդ քայլին չի կարող գնալ. դա եւս ինքնասպանության նման բան կլինի: Կրեմլի ազդեցությունը մեծ է Հայաստանի վրա. Ադրբեջանի նավթադոլարները այս երկրին ավելի ռազմատենչ են դարձնում եւ ժամանակ առ ժամանակ հնչում են այս հանրապետության ղեկավարների ռազմատենչ հայտարարությունները: Այս հանգամանքը ավելի է մերձեցնում Հայաստանը Կրեմլին, որին Հայաստանը հուսալի հենարան է համարում: Եթե Կոսովոյի առնչությամբ միամիտ է հավատալ, որ հանգալուծումը պահանջում է բանակցություններ, ապա նույնը կարելի է ասել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ. իսկապես միամիտ է հավատալ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը ենթադրում է բանակցային հարթակ վերադառնալ: Ինչպես Կոսովոյի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը ենթադրում է նախեւառաջ իշխանության ինստիտուցիոնալ ենթակառույցների կայունություն, ինչը, մեղմ ասած, բացակայում է Հայաստանում: Ահա թե ինչու է նախագահական այս ընտրությունների ժամանակ կարեւորվում այն թեկնածուն, ով կարողունակ կլինի իսկապես իշխանական հաստատուն ենթակառույցներ ստեղծելու Հայաստանում: Մեծ է Հայաստանի շահագրգռվածությունը Կասպյան տարածաշրջանում. դա է պատճառը, որ պատերազմի դեպքում այն դուրս կգա Կովկասի սահմաններից: Ելնելով Հայաստանում կոռուպցիայի ընդգրկուն տարածվածությունից` ժողովուրդը հույս չուներ արդար եւ ազնիվ ընտրությունների կայացման: Այնպես որ, քաղաքական մի շարք ուժեր կողմնորոշվեցին համախմբվելու Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրջ, ով միակ թեկնածուն է, որ կարող է ժողովրդի աջակցության շնորհիվ հաղթահարել երկրում ստեղծված սերժաֆոբիան, որն այսօր երկրի ժողովրդաիշխանության զարգացման գլխավոր խոչընդոտն է: Հայ ժողովուրդը դիմացկուն եւ տոկուն կամք ունի. նա դուրս չի եկել իր սոցիալական հարցերը լուծելու: Հարցն ունի գոյատեւման, դեմոգրաֆիկ, սերնդափոխության, բարոյական արժեքներ: Ժողովուրդը մտովի վեր բարձրացավ իրականության մեջ իրեն հատկացված հարթությունից եւ տեղափոխվեց հանուն ազատ ապագայի հարթություն: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն այսօր ունեն լուրջ տարաձայնություններ գլոբալ քաղաքականության չափումներում: Կարող ենք թվարկել միայն կարեւորները` էներգետիկ անվտանգության խնդիրներ Եվրոպայում, Իրանի հիմնախնդիր, ԱՄՆ-ն գլխավոր խոչընդոտն է, որպեսզի Ռուսաստանը ինտեգրվի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: Դեպի Արեւմուտք կողմնորոշման համար Ուկրաինան դարձավ բաստիոն խորհրդային ողջ տարածքի համար: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն շահագրգռվածություններ է դրսեւորում նաեւ Հարավային Կովկասում, որտեղ նույն բաստիոնի դերը կատարում է Վրաստանը: Սակայն, ի տարբերություն Ուկրաինայի եւ Վրաստանի, Հայաստանում ռուսաֆոբիա չկա, թեպետ Հայաստանում էներգետիկ եւ տնտեսական կարեւոր հատվածը հսկում է Ռուսաստանը: Հայաստանում 2008 թվականի նախագահական ընտրություններին արձագանքել են նաեւ ադրբեջանական եւ թուրքական մամուլները: Հարկ է ընդգծել այն իրողությունը, որ դեռ մի քանի օր առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանին Ադրբեջանում եւ Թուրքիայում համարում էին ավելի շահեկան թեկնածու իրենց համար` հիմնվելով Լեւոն Տեր- Պետրոսյանի այն դիրքորոշման վրա, թե նախեւառաջ հարեւանների հետ հարկ է ունենալ բարիդրացիական հարաբերություններ: Այսինքն` հարցը մեռյալ կետից անպայման կշարժվի: Այս հանգամանքը շահարկում էր քոչարյանասերժական քարոզչական մեքենան, որը Լեւոն Տեր-Պետրոսյանին համարում է ադրբեջանամետ, թրքամետ քաղաքական գործիչ: Այսօրվա հրապարակումներում հարցը դիտարկվում է ազգային հիմնախնդիրների առումով: Եվ հարկ է ընդգծել, որ Լեւոն Տեր-Պետրոսյան նախագահի թեկնածուն դիտարկվում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայոց ցեղասպանության հիմնախնդիրների հայանպաստ հանգուցալուծման հարթակում:

Ամեն դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչը իր շրջահայացությունը եւ պրագմատիզմը դրսեւորեց նաեւ այս առումով. շեշտվեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի հետ մասնավորապես նա կնքեց հայ-ռուսական բազմակողմ համագործակցության պատմական համաձայնագիրը: Այնպես որ, վարչախմբի փոփոխությունը Հայաստանում չի ենթադրում Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացում կամ էլ Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա նոր վարչակազմի ճնշում: Այսինքն` վարչակազմերի փոփոխությունը չի ենթադրում միջպետական հարաբերությունների վատացում եւ մեր տարածաշրջանում ապակայունացում: Այս քաղաքականությունը արդեն շահարկման ենթակա չէ:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.