“Zhamanak” Armenian-American Political Daily

«Կեղծիք ամրագրողը կրկնակի հանցագործ է»

13:32 Yerevan | 9:32 GMT | Friday 22 February 2008

Կարինե Հարությունյան

Փետրվարի 19-ին գործող վարչախմբի կողմից նկարված խայտառակ թվերը ոտքի են հանել ոչ միայն հայաստանաբնակներին, այլեւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին:

Լոս Անջելեսի հայկական համայնքը տեղական ժամանակով ժամը 12.30-ին բողոքի ցույց է անցկացրել հայկական հյուպատոսարանի մոտ: Ինչպես պատմեց Հնչակյան կուսակցության ներկայացուցիչ, Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնի անդամ Համբարձում Սարաֆյանը, տեղի հայությունը հետեւել է նախագահական ընտրությունների ընթացքին «Արմենիա» հեռուստաընկերությամբ, «Ա1+»-ի եւ լրատվամիջոցների ինտերնետային կայքերով հաղորդվող ինֆորմացիային, ինչպես նաեւ շատ-շատերը զանգահարել են Հայաստան եւ իրենց հարազատներից տեղեկացել, թե ինչ է կատարվում այստեղ: Մեր հայրենակիցների համար միանշանակ պարզ է եղել, որ կրկնվում է 2003-ը` ավելի կոպիտ ձեւերով:

Ինչպես ասաց Համբարձում Սարաֆյանը. «Ոգեւորված էինք եւ մտածում էինք, որ այս անգամ ընտրությունները կանցնեն ժողովրդավարական պահանջներին համապատասխան: Սակայն նաեւ դառը փորձը ունենալով նախատեսել էինք, որ կարող է ցույց կազմակերպենք: Ժամանակ չունեինք արդեն մեծ հանրահավաքի թույլտվություն վերցնելու եւ միայն փոքր ցույցի` 100 հոգու համար տեղեկացրել էինք ոստիկանությանը: Հավաքվել էր 150-ից ավելի մարդ, պաստառներով, կարգախոսներով քայլում էին մայթով եւ իրենց բողոքի ձայնը փորձում հասցնել հայկական հյուպատոսությանը: Վերջինիս նույնպես զգուշացրել էինք պատրաստվող ցույցի մասին, սակայն բացի գործավարից` շենքում ոչ ոք չկար եւ որեւէ մեկը չմոտեցավ ցուցարարներին: Ի դեպ, 150 մարդը բավականին պատկառելի թիվ է այստեղ մի քանի ժամվա ընթացքում մարդկանց համախմբելու համար»:

Լոս Անջելեսում բնակվող հայերը կատարված կեղծիքների դեմ իրենց ընդվզումն արտահայտել են բավականին տպավորիչ կարգախոսներով. «Ամոթ», «Միայն ժողովրդավարությունն է Հայաստանի փրկությունը», «Կեղծիք ամրագրողը կրկնակի հանցագործ է», «Լեւոն Տեր-Պետրոսյանը` ժողովրդի ընտրյալ նախագահ», «Ոչ ընտրակեղծիքներին, ոչ բռնապետությանը, ոչ ավազակապետությանը», «Տեր կանգնիր քո քվեին, որ տեր լինես քո ապագային»:

Ցույցի ընթացքում ելույթ են ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնի անդամներ Կարո Կարապետյանը, Ռուդիկ Հովսեփյանը, Համբարձում Սարաֆյանը: Վերջինս կարդացել է ԱՄՆ-ում բնակվող հայերի ուղերձը Ռ.Քոչարյանին, որում ասվում է, որ Հայաստանի գործող նախագահը մինչ նախագահական ընտրությունները խոստումներ էր տվել հավատարիմ լինել ժողովրդավարության սկզբունքներին եւ ամեն ինչ անել արդար, թափանցիկ ընտրությունների կայացման համար: Սակայն Ռ.Քոչարյանը «խոստումնադրուժ եղավ եւ նույնիսկ մինչ ԿԸՀ պաշտոնական հայտարարությունը կանխավ շնորհավորեց իր կարծիքով առավելագույն ձայներ հավաքած թեկնածուին»: Ուղերձում ասվում է նաեւ, որ Ռ.Քոչարյանը իր արարքով «ամբողջացրեց բազմաթիվ հակաօրինական արարքները, որոնք տեղի են ունեցել ընտրությունների ընթացքում: Այս ընտրություններով մի ոստյուն կատարեցինք դեպի ետ եւ առավել հեռացանք ժողովրդավարության եւ արժանապատիվ ապագայի տեսլականից»:

Համբարձում Սարաֆյանը ասվածին հավելեց, որ Հայաստանում ծավալված համազգային Շարժման հուժկու ոգով են համակված նաեւ իրենք` ամերիկահայերը. «Մենք հետամուտ ենք լինելու, որ արդարությունը հաղթանակի, եւ մեր հայրենիքը արժանապատիվ եւ ժողովրդավարական հայրենիք դառնա: Մենք աշխատում ենք մեր ձայնը հասցնել ԱՄՆ պետական մարմիններին եւ մասնավորապես Պետդեպարտամենտ ենք դիմել, որպեսզի ձեռնպահ մնան որեւէ գնահատական տալուց եւ Ս.Սարգսյանին շնորհավորելուց, քանի դեռ չեն պարզվել ընտրակեղծիքները եւ իրավախախտումները: Այստեղ շատ-շատերն են նամակներ ուղարկում եւ զանգահարում ԱՄՆ Պետդեպարտամենտ` նույն պահանջով: Մենք աշխատում եւ կապ ենք պահպանում աշխարհի այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցների հետ, որպեսզի նրանք էլ իրենց բողոքի ձայնը բարձրացնեն այդ երկրներում: Մենք ոտքի ենք կանգնել, որ գործող իշխանությունները չմտածեն, թե իրենց սեւ գործը արեցին եւ վայելելու են այդ սեւ գործի արգասիքները` առանց հետեւանքների եւ պատասխանատվություն կրելու»:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.