|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Սպառնալիքներով վաստակած ձայների մասին13:31 Yerevan | 9:31 GMT | Friday 22 February 2008Մ.Խ. Այն, որ ազատ, արդար ընտրությունների մասին խոսք անգամ լինել չի կարող` ապացուցում են բազմաթիվ փաստերը, որոնց համաձայն Սերժ Սարգսյանը 52.8 տոկոս ձայներ է հավաքել սպառնալիքների ու ժողովրդի ձայները կեղծելու միջոցով: Ավանի 1/09 ընտրատեղամասում ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնն ու համայնքի համատիրություններից մեկի նախագահի պաշտոնը համատեղող Առնակ Մանուչարյանը լարված մթնոլորտում է պահել տեղամասը` այն աստիճան, որ Տեր-Պետրոսյանի վստահված անձն ու հանձնաժողովի «Ժառանգության» անդամը սպառնալիքների ներքո ստիպված են եղել լքել տեղամասը ձայների հաշվարկի ժամանակ: Հանձնաժողովի մյուս անդամները լուռ համաձայնել են նախագահի հետ: Արդյունքում, եթե Ավանի մնացած տեղամասերում Տեր-Պետրոսյանը միջինը հավաքել է 400 ձայն, ապա այդ տեղամասում միայն 24 ձայն, իսկ Սերժ Սարգսյանը` 950, 300 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Թեկնածու Արման Մելիքյանի վստահված անձի վկայականով տեղամաս են մտել Առնակ Մանուչարյանի շրջապատի ներկայացուցիչները: «Լարված մթնոլորտ է եղել ողջ քվեարկության ընթացքում: Մինչեւ գիշերվա 2-ը քվեատուփը չի բացվել: Հանձնաժողովի նախագահը պատճառաբանում էր` մարդ եմ սպասում, մի քիչ հանգստանանք, հետո կհաշվենք, այդպես մինչեւ ժամը երկուսը: Դրա հետ զուգահեռ տարբեր խոսակցությունների միջոցով անուղղակի սպառնում էր: Տեսնելով, որ չեմ կարողանում պաշտպանել իմ թեկնածուի շահերը, դուրս եկա տեղամասից», - մեզ հետ զրույցում պատմեց Տեր-Պետրոսյանի վստահված անձ Միքայել Հովհաննիսյանը: Վերջինս տեղեկացրել է շտաբին, որ իրեն սպառնում ու ահաբեկում են: Սպառնացել են նաեւ 1/09-ի հանձնաժողովի «Ժառանգության» անդամ Գեղամ Մեխակյանին: «Այս իշխանության տարիներին ես կորցրել եմ երկու տուն, չեմ ուզում երկու երեխաներիս կորցնել», - առանց մանրամասնելու երեկ Ազատության հրապարակում պատմեց «Ժառանգության» ներկայացուցիչը` հավելելով. «Սպառնալիքների տակ ստորագրել եմ դատարկ բլանկներն ու դուրս եմ եկել: Իսկ մինչ այդ, երբ ճանապարհել եմ Տեր-Պետրոսյանի վստահված անձին ու մի 20 րոպե բացակայել տեղամասից, ետ գալով տեսա` բոլոր քվեաթերթիկները բաց են, արդեն 300 անվավեր է ճանաչվել: Ակնհայտ էր, որ Տեր-Պետրոսյանին տրված ձայները փչացվել էին, որ անվավեր ճանաչեն: Բացի դա, բացահայտ Տեր-Պետրոսյանի ձայները միացվում էին Սերժ Սարգսյանի եւ մյուսների ձայներին»: Հանձնաժողովի անդամն այս առթիվ դիմում-բողոք է ներկայացրել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, սակայն Առնակ Մանուչարյանի ներկայացուցիչները հանդիպել են իրեն, համոզել ետ վերցնել դիմումը` խոստանալով խախտումները վերացնել: «Ես համաձայնեցի եւ ետ վերցրի, բայց իրենք իրենց պայմանավորվածությունը չկատարեցին», - նշեց հանձնաժողովի անդամը: Ի դեպ, վերոնշյալ փաստերի առթիվ դիմում-բողոք է ներկայացվել նաեւ ԿԸՀ: «Ողջ ընտրության ընթացքում շատ խախտումներ են եղել, արձանագրություններ են կազմվել, նախագահը ոչ մեկը չի արձանագրել, - պատմեց «Ժառանգության» անդամը` շարունակելով. «Մասնավորապես 1/09-ում եղել են քաղաքացիների փոխարեն քվեարկություններ, մարդիկ եկել, տեսել են իրենց անվան դիմաց արդեն ստորագրած է, մեկը իր տատու, մեկը պապու անձնագրով էր եկել քվեարկելու, մի քանի նման միջադեպեր գրանցել ենք, մի արձանագրություն նախագահը չի արձանագրել: 100 քվեաթերթիկի կտրոններ բացակայել են, ինչը վկայում է, որ դրանք դրսից են բերվել: Իսկ ընդհանուր առմամբ, հիմնականում մարդկանց գումարով բերում էին»: Հ.Գ. Մեզ հասած տեղեկություններով` հանձնաժողովի անդամ Գեղամ Մեխակյանին հանձնաժողովի նախագահ Առնակ Մանուչարյանը սպառնացել է ատրճանակով, թեեւ երեկ մեզ հետ զրույցում հանձնաժողովի անդամը չցանկացավ այդ մասին խոսել: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |