|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ժողովուրդը բարկացած է ու «մարտունակ»13:40 Yerevan | 9:40 GMT | Thursday 21 February 2008Մարինե Խառատյան Կարելի է ասել` Սերժ Սարգսյանը պայթեցրեց մթնոլորտը, որում պատրաստվում էր նախագահել: Երեկ ողջ քաղաքը խոսում էր, թե ինչպես իշխանությանը սերտաճած թաղային հեղինակությունները, որոնցից ժողովուրդն առանց այդ էլ զզված է, կեղծեցին ընտրությունները, բռնացան ժողովրդի կամքի վրա, ընչազուրկ թոշակառուներին ու կարիքավորներին «գնեցին» 5 հազար դրամով: Շատերը, բարկացած հեռուստատեսությամբ ցուցադրվող կեղծ տեղեկություններից ու ցինիզմից, առավոտից դուրս էին եկել փողոց ու գնացել Մատենադարանի հարթակ: Ճորտատիրության դրսեւորումներից դժգոհ էին անգամ իշխանության վերնախավում եղածները: Այնպես որ, կարելի է արձանագրել, որ այս ընտրություններից հետո Սերժ Սարգսյանից դժգոհների բանակը կտրուկ աճեց, ու Տեր-Պետրոսյանի նախաձեռնած շարժումը սպառնում է դառնալ քաղաքացիական լայն շարժում` դրանից բխող բոլոր հետեւանքներով: «Լավ, ենթադրենք նախագահ դարձավ, ի՞նչ հաճույք է լինել մի ժողովրդի նախագահ, որի մեծ մասը քեզ ատում է», - մեզ հետ զրույցում երեկ տարակուսանք հայտնեց մի երիտասարդ: Կարելի է արձանագրել, որ ընդդիմության երեկվա հանրահավաքին եկել էր հիմնականում մտավորականությունը, նաեւ` միջին խավը, որը դժգոհ էր իր հանդեպ կիրառված աննախադեպ ոտնձգությունից, ինչպես նաեւ շատ երիտասարդներ: Վերոնշյալ խախտումներին ու բռնարարքներին երեկ գումարվեց նաեւ այն, որ մարդիկ Երեւանում փաստացի զրկվել էին ազատ տեղաշարժի իրավունքից. իշխանություններն արգելել էին քաղաքային եւ միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը` փորձելով այդպիսով կանխել մարդկանց հոսքը Տեր-Պետրոսյանի հանրահավաքին: Ժողովրդի դժգոհությունն այնքան մեծ էր, որ անգամ հեռավոր արվարձաններից շատերը Մատենադարանի տարածք էին գնացել ոտքով: 71- ամյա Սուսաննա Բաղդասարյանն ասաց, որ Էջմիածնից ոտքով է եկել Մատենադարանի տարածք: «Ես եկել եմ իմ ձայնը պաշտպանելու: Ընտանիքով ընտրել ենք Տեր-Պետրոսյանին: Բոլոր ռայոնների, գյուղերի ճանապարհները փակ են: Իր միտինգի ժամանակ մարդկանց մեքենաներով էին ռայոններից բերում, իսկ Լեւոնի ժամանակ լրիվ ճանապարհները փակել է», - դժգոհեց կինը` հավելելով. «Բարեկամներիցս շատերը 5 հազար դրամով իրենց ձայները ծախել են, որովհետեւ նեղ վիճակում են, դպրոցների մանկավարժներին, շատերին փողով առել են: Էսօրվա դրությամբ Սերժ Սարգսյանին ոչ մեկը չի ուզում»: «Ես Կոմիտասից եմ ոտքով եկել: Ամբողջ ընտանիքով` 6 հոգով Լեւոնին ենք ընտրել: Դրա համար եմ եկել, որ կեղծ ընրությունները չեղյալ համարվեն», - մեզ հետ զրույցում ասաց Ռշտունի Ազիզյանը: «Իմ աչքով տեսել եմ` ժամը 19.30-ին թիվ 56 դպրոցում տեղակայված տեղամաս լցվեցին միանգամից 30-35 հոգի եւ սկսեցին լցնելը, ոչ միլիցիա կար, ոչ մեկը: Ինչքան պետք էր լցրեցին, դուրս եկան: Էլ ի՞նչ ընտրություն», - հարց ուղղեց Մատենադարանի տարածքում գտնվող մեկ այլ քաղաքացի` Հրաչիկ Խաչատրյանը: Արմավիրի մարզի Սամաղար գյուղի մի բնակիչ պատմեց հետեւյալը. «Մեր գյուղում երեկոյան ժամը 16-ից հետո քվեաթերթիկ չի եղել ընդհանրապես: Ընտրատարածք մտնողների անձնագրում կնիքը դրել են, ասել` վերջ, ընտրել եք, գնացեք տուն»: Այնուհետեւ Երեւանի փողոցներում զրուցեցինք պատահական քաղաքացիների հետ` շոշափելու ընդհանուր հետընտրական տրամադրությունները: Ժողովուրդը հիմնականում դժգոհ էր ու բարկացած: Բարկացած, որ հերթական անգամ Հայաստանում տեղի ունեցան խայտառակ ընտրություններ ու իր ձայնը կեղծեցին: Հարցին` ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների ընթացքն ու արդյունքները` շատերը, առանց ներկայանալու, հայտարարեցին. «Բացասական, որովհետեւ տեսել ենք ինչ են արել, ահավոր կեղծիքներ են եղել»: «Տեր-Պետրոսյանին եմ ընտրել, բայց չի անցել», - այգում մեզ հետ զրույցում ասաց մի քաղաքացի: Մկրտիչ Սեդոյանը դժգոհ էր ընտրությունների ընթացքից էլ, արդյունքից էլ. «Որովհետեւ ընտրակեղծիքներ են եղել: Բոլոր ծանոթներս ընտրել են Լեւոնին»: Մեզ հետ զրուցած միայն մեկ քաղաքացի էր գոհ ընտրությունների արդյունքից` Չեխովի անվան դպրոցի ուսուցչուհի Իրինա Հարությունյանը. «Կարող է ինչ-որ բաներ արվել է, բայց ոչ էդ մակարդակով, որ ազդեր արդյունքների վրա», - համոզված էր տիկինը: «Շատ բացասաբար եմ գնահատում», - ասաց մի տղամարդ` բացատրելով. «Դժգոհ եմ ոչ թե որ իմ թեկնածուն չանցավ, այլ ընդհանրապես մթնոլորտից, էս աղտոտությունից: Ես կարծում եմ, որ էսպես շարունակվի, մենք լավ ապագա չենք ունենա»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |