“Zhamanak” Armenian-American Political Daily

Կանխատեսելի հաղթանակ

13:46 Yerevan | 9:46 GMT | Wednesday 20 February 2008

Էմմա Գաբրիելյան

Փետրվարի 19-ին նախագահական ընտրությունների օրը Հայաստանի ողջ տարածքում բնակչության ահաբեկման մթնոլորտում, տոտալ «գազելահոսքով» մարդկանց տեղահանման, ընտրակաշառքների բացահայտ բաժանումների փաստերի առկայությամբ Հայաստանի անկախ պետության քաղաքացիները Հայաստանի երրորդ նախագահի պաշտնում աներկբա ընտրեցին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Ընտրություններից անմիջապես հետո «Ժամանակ Երեւան» օրաթերթի եւ Ա1+-ի պատվերով «Ալֆա-ԳԱ» ընկերության հրապարակած exit poll-ի արդյունքների համաձայն` Լեւոն Տեր-Պետրոսյանին ընտրել է 54, 2%, իսկ Սերժ Սարգսյանին` 24, 4% քաղաքացիներ: Հարցումը կատարվել Է 100 բնակավայրերում, 132 ընտրատեղամասերում, հարցմանը մասնակցել է 3008 հոգի, որից պատասխանել է 2767-ը:

Երեկ Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը շնորհավորել է Հայաստանի բոլոր քաղաքացիներին: «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթեց առաջին փուլով», - երեկ հայտարարել է Լ.Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը. «Ի հեճուկս իշխանության` ավազակապետությանը մենք հաղթել ենք հանրապետության ողջ տարածքում: Մեր ստացած տվյալները ապացուցում են, որ եղել է շատ բարձր մասնակցություն եւ ընտրությանը մասնակցածների ճնշող մեծամասնությունը իր ձայնը տվել է մեր թեկնածուին` հանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Իշխանությունների կեղծիքների գնալու միակ հնարավորության առիթով շտաբի ղեկավարը փաստել է. «Վստահ եմ, որ այս անգամ հասարակությունը գիտի, թե ում է իր ձայնը տվել, գիտի իր ձայնի արժեքը, կարեւորությունը եւ թույլ չի տալու, որ որեւէ մեկը հերթական անգամ իրենից գողանա իր քվեն: Այս հաղթանակի համար ես ուզում եմ շնորհավորել հասարակությանը եւ վստահ եմ, որ բոլորդ էլ տիրապետում եք իրավիճակին եւ գիտեք, թե ինչ քայլեր են իրականացրել իշխանությունները»: Ա.Արզումանյանը համոզմունք է հայտնել, թե չի կասկածում, որ իշխանությունները բռնությունները Լ.Տեր-Պետրոսյանի թիմի նկատմամբ կշարունակեն նաեւ քվեները հաշվելու ընթացքում: Կենտրոնական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է կատարված ընտրախախտումների ու բռնությունների մասին փաստեր, եւ անդրադառնալով Աբովյան քաղաքում Երջանիկ Աբգարյանի եւ Գուրգեն Եղիազարյանի ու նրա որդուն ծեծի ենթարկելու փաստին եւ այն հայտարարություններին, թե Երջանիկ Աբգարյանը, Գուրգեն Եղիազարյանը եւ նրա որդին դեպքի առթիվ ցուցմունք չեն տալիս, ներկայացրել է ձեռքի տակ ունեցած փաստաթուղթը. «Իմ ձեռքի տակ է Կոտայքի մարզի ոստիկանության բաժնի պետ Վ.Դանիելյանին ուղղված դիմումը, որի հեղինակներն են Երջանիկ Աբգարյանը, Գուրգեն Եզիազարյանն ու նրա որդին: Ոստիկանությունում թողված են նաեւ նրանց հեռախոսահամարները, սակայն ոստիկանությունից որեւէ մեկը չի հետաքրքրվել այդ միջադեպերով»: Անդրադառնալով Լ.Տեր-Պետրոսյանի շտաբի մյուս հայտարարություններին, բազմաթիվ օրինախախտումների վերաբերյալ կոնկրետ դեպքերի` բռնությունների եւ խախտումների վերաբերյալ հրապարակման առիթով Ս.Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխան հայտարարությանը` Լ.Տեր-Պետրոսյանի շտաբի անդամները ամրագրել են, որ այդտեղ որեւէ փաստ չի նշվել, հետեւաբար Ս.Սարգսյանի շտաբը ասելիք չունի:

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից նաեւ երեկ հայտնել են, որ քվեարկության ավարտից հետո հանրապետության բազմաթիվ ընտրական տեղամասեր հոսանքազրկվել են` մասնավորապես` Մեղրիում եւ Երեւանի Էրեբունու զանգվածներում: «Բոլոր տեղամասերում մենք մասնակցության հաշվառում ենք կատարել եւ այն թվերը, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ժամը 17-ի դրությամբ, որ ընտրություններին մասնակցել է շուրջ 1 միլիոն 360 հազար, դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, դա բացարձակ ուռճացված տվյալներ են: Խոսքը գնում մի քանի հարյուր հազար մասնակիցների թիվ կեղծելու մասին: Դա մեզ թույլ է տալիս փաստել, որ հաշվելու ընթացքում ինչ-ինչ գործողություններ են նախապատրաստվում», - ընդգծել է Գրիգոր Հարությունյանը:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.