“Zhamanak” Armenian-American Political Daily

Կենտրոնում ընտրողներին ակնհայտ ուղղորդում էին

13:43 Yerevan | 9:43 GMT | Wednesday 20 February 2008

Մարինե Խառատյան

Սերժ Սարգսյանն ապացուցեց, որ ազատ, արդար ընտրություններից խոսում էր բացառապես ժողովրդավար ձեւանալու համար, իսկ իրականում սովորական, կարելի է ասել, շարքային ընտրակեղծարար է ու միակ կուռքը, որին հավատում ու ճանաչում է` իշխանական լծակներն ու թաղային հեղինակություններն են:

Դրանց վրա էր դրված ժողովրդին վախեցնելու ու ընտրակաշառք բաժանելու գործը: Առավոտից երթուղային տաքսիները եւ «առաջ Հայաստան» դրոշակակիր մեքենաները մարդկանց կազմակերպված կերպով տանում էին ընտրատեղամասեր: Տանում էին նրանց, ում հետ արդեն պայմանավորվել էին: Արձանագրեցինք, որ Նալբանդյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 47 համարի երթուղային տաքսիներով մարդիկ էին տանում Կենտրոնի թիվ 9/01, 9/02, 9/03 տեղամասեր: «Զարմանալիորեն» նրանք քվեարկում էին Սերժ Սարգսյանի օգտին: Ընտրողների հետ նախօրոք ինստրուկտաժ էր արվել, որ հանկարծ չասեն, թե ով է իրենց բերել ու երդվեն, թե իրենց ընտրակաշառք չեն բաժանել: Որոշ տեղեկություններով` Կենտրոնում վերոնշյալ գործընթացն իրականցնում ու վերահսկում էր ՀՀԿ-ական թաղապետ Գագիկ Բեգլարյանի շրջապատը: «Ընթացքում եղել է, որ մեկը գնում-գալիս է ընտրատարածք, մարդիկ է բերում խմբով, ասում ենք` ի՞նչ եք անում, ասում է` իմ բարեկամներն են: Թեեւ ընդհանրապես իրավունք չունի ընտրատեղամասում գտնվելու, եթե արդեն ընտրել է», - 9/01 ընտրատարածքում պատմեց «Ընտրությունը քոնն է» հ/կ դիտորդ Անժելա Թամրազյանը:

«Ազատականություն եւ ժողովրդավարություն» հ/կ դիտորդ Միքայել Աբովյանը պատմեց հետեւյալը. «Մոտավորապես 5 րոպեն մեկ մարդիկ են բերում 47 համարի երթուղայիններով: Կազմակերպված գալիս են»: Շատ էին նաեւ մեծահասակների փոխարեն քվեարկությունները: Մեր ներկայությամբ 9/3 ընտրատեղամասում մի ծերունի իր ակնոցները հանեց, ապա ասաց, թե վատ է տեսնում, որից հետո մի երիտասարդ քվեարկեց նրա փոխարեն: «Շատ են նման դեպքերը», - ասաց դիտորդը: Դպրոցի բակում կանգնած 47 համարի երթուղայինի վարորդից հետաքրքրվեցին, թե ինչու՞ երթուղի դուրս չեն եկել: «Դե հիմա ինչ անեմ: Էդ իրանց հարցրու», - եղավ պատասխանը: Մեքենաներից մեկի մեջ գտնվող թաղային լիազոր Զինաիդա Սիրեկանյանը արդեն երրորդ անգամ էր մարդ բերում քվեարկության: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ մեքենաները տրամադրել է Մետաքս թաղամասում գտնվող Սերժ Սարգսյանի շտաբը: Թիվ 9/03 ընտրատեղամասի դիտորդ Գայանե Փանոսյանն ասաց, որ հանձնաժողովի նախագահ Միքայել Սամվելյանին զանգում, հարցնում են` ազա՞տ է, մարդ բերե՞նք, թե՞ ոչ. «Որ մի քիչ մնաք, կլսեք հեռախոսազրույցը»: Հանձնաժողովի նախագահը հերոսաբար հերքեց փաստը:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.