|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Քանաքեռ-Զեյթունում կեղծիքներն ակնհայտ էին13:31 Yerevan | 9:31 GMT | Wednesday 20 February 2008Մարինե Խառատյան Կարելի է արձանագրել, որ ընտրությունների ողջ ընթացքը զուգորդվում էր ընտրողներին ուղղորդելու, ընտրակաշառք բաժանելու, վախեցնելու գործընթացով, որոշ տեղերում` բացահայտ: Քանաքեռ-Զեյթուն համայնքում այդ սեւ գործին լծվել էր Սերժ Սարգսյանի կողմնակից «Քեթրին» ընկերության տեր ոմն Միհրանը, քրեական հեղինակություն Քլոսը եւ «Տոնուս» ընկերության սեփականատեր Աշոտ Տոնոյանը: Վերջինս իր թիկնապահներով մտել է 3/21 տեղամաս, որից հետո Տոնուսի թիկնապահը սպառնացել է Տեր-Պետրոսյանի վստահված անձին, թե «այ լակոտ, խի քեզ խելոք չես պահում»: Լրացուցիչ սրացումից խուսափելու համար Տեր-Պետրոսյանի վստահված անձը չի պատասխանել, ընտրական հանձնաժողովի ոչ մի անդամ չի արձագանքել կատարվածին: Մեր այցելության պահին թիվ 136 դպրոցում տեղակայված 3/14 ընտրատեղամասի առջեւ մի անձ ակնհայտ սակարկում ու պայմանավորվում էր տեղամասից դուրս եկած երկու կանանց հետ: «Ինքը տեսավ, որ ես ընտրել եմ», - փորձում էր վստահեցնել կանանցից մեկը, փոխարենը թերեւս ակնկալելով վերցնել խոստացված ընտրակաշառքը: Տղամարդը խոստացավ ինչ-որ բան ճշտել, հետո գտնել իրենց, կողքից այնպիսի տպավորություն էր, որ ակնհայտ խաբելու էր կնոջ: Որքան մեզ հաջողվեց լսել, խոսքը գնում էր 120 հազար դրամի մասին: Թիվ 39 մանկապարտեզում տեղակայված ընտրատեղամասի առաջ, ականատեսների, վկայությամբ, ընտրության ողջ ընթացքում սեւ Ջիպ էր կանգնած` 99 888 համարներով, ոմն Անտոն, որը մանր թաղային հեղինակություն է, ցուցակով մարդկանց բերում, գումարը տալիս, ուղարկում էր ընտրելու: Որոշ տեղեկություններով` Քանաքեռ-Զեյթունում բաժանվել է մինչ 30 հազար դրամ, ընդ որում` 5 հազարը տվել են նախորդ օրը, պայմանավորվել, որ 25 հազարը տալու են հետո: «Քեթրինի» Միհրանը նախօրեին 15-20 հոգով ներխուժել է Քանաքեռ-Ջեյթունի 3/29 տեղամաս, երբ ընտրական հանձնաժողովի նիստը դեռ չի ավարտվել ու սպառնալիքներ է տեղացել հանձնաժողովի անդամների հասցեին: Խնդիրն այն է, որ հանձնաժողովի նիստի ժամանակ կորել է մի քվեաթերթիկ, ինչը հանձնաժողովի ոչ ՀՀԿ-ական անդամները ստիպել են արձանագրել հանձնաժողովի նախագահին: Ի դեպ, մեկ քվեաթերթիկի բացակայությունը հնարավորություն է տալիս «կարուսել» իրականացնել: Տեղամասում Տեր-Պետրոսյանի վստահված անձ Շնորհիկ Զատիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Քեթրին» ընկերության տեր Միհրանը ակտիվ մասնակցել է ընտրակաշառք բաժանելու եւ մարդկանց ուղղորդելու գործընթացին: Բյուրեղավան քաղաքի բավական մեծ քանակով բնակիչներ ժամանակավոր գրանցման թղթեր են ներկայացրել Պարույր Սեւակի 90 հասցեով եւ, Շնորհիկ Զատիկյանի վկայությամբ, ժամանակավոր բնակչի կարգավիճակով քվեարկել են Զեյթունում: «Ինչը չափազանց կասկածելի է»: Տվյալ ընտրատեղամասում քվեարկել են նաեւ Գյումրու եւ Վանաձորի բնակիչները, ընդ որում` նրանք եկել են սեփական գրիչներով: Ժամը 17-ի դրությամբ 68 հոգի քվեարկել է լրացուցիչ ցուցակով: Վստահված անձի խոսքերով` հանձնաժողովի նախագահը, որը Սաշիկ Աֆյանի հորեղբոր տղան է, ընտրողների ներկայությամբ բացահայտ հակաքարոզչություն է տարել Տեր-Պետրոսյանի դեմ: Տեր-Պետրոսյանի շտաբի տվյալներով` մասսայական լրացուցիչ ցուցակներ են ներկայացվել, իսկ Բյուրեղավանից մոտ 200 մարդ ընտրել է Քանաքեռ-Զեյթունում: «Քեթրին» ընկերության տեր ոմն Միհրանը եւ «Տոնուս» ընկերության սեփականատեր Աշոտ Տոնոյանը ջիպերով, մեքենաների շարասյուներով տեղամասից տեղամաս են անցնում, հանձնարարականներ են տալիս իրենց «ակտիվիստներին», որոնք հենց տեղամասերի դիմաց մարդկանց ուղղորդում են` Սերժ Սարգսյանին ձայն տալու համար եւ ուղարկում ընտրատեղամասեր», - Տեր-Պետրոսյանի Քանաքեռ-Զեյթունի շտաբում պատմեց «Ժողովրդավարական ուղի» կուսակցության քարտուղար Վարդան Գրիգորյանը` հավելելով. «Մասսայաբար մեքենաներով մարդկանց են տեղափոխում: Մասսայական ընտրակաշառքներ են բաժանում, այդ նույն ցուցակներով էլ մարդկանց տանում են ընտրության: Անձնագրերի առաջին էջում մատիտով ֆիքսված մարդիկ են մտնում տեղամաս: Դա արդեն յուրահատուկ նշան է»: Ի դեպ, գրեթե բոլոր ընտրատեղամասերում հանդիպեցինք անձնագրի առաջին էջում մատիտով նշան արված ընտրողների: Երբ փորձում էինք լուսանկարել, հանձնաժողովների նախագահները հունից դուրս էին գալիս: «Չեմ էլ իմանում, երեւի թոշակի ժամանակ են գրել», - ասաց 90-ամյա Գայանե Գյոդակյանը: Այդ ժամանակ 3/12 տեղամասի հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, թե մենք իրավունք չունենք նկարելու ու խոչընդոտում ենք հանձնաժողովի աշխատանքը: Երբ բացատրեցինք, որ որպես լրագրող գրանցվելուց հետո իրավունք ունենք լուսանկարելու, նախագահը մարդ կանչեց տարածքային հանձնաժողովից, որը փորձեց համոզել, թե մատիտով նշան արել են թոշակի համար: Մատիտով նշաններ տեսանք նաեւ երիտասարդ ընտրողների անձնագրերում: 3/29 ընտրատարածքի ընտրող Կարապետյան Վիլենայի անձնագրում մատիտով նշում կար, որը հաջողվեց ֆիքսել: Ի դեպ, նա թոշակառու չէր եւ բնակվում էր Պարույր Սեւակի 92/45 հասցեում: Ընտրողի անձնագրի առաջին էջում մատիտով 21 էր գրված: 3/21 տեղամասում ընտրող Քրիստինա Թորոսյանի եւ նրա քրոջ փոխարեն արդեն ստորագրել ու ընտրություն էին կատարել: Հանձնաժողովի նախագահ Համասփյուռ Կուլախազյանն ասել էր, թե ձեր փոխարեն արդեն ստորագրել են, ուստի չեք կարող քվեարկել եւ դուրս էր հրավիրել ընտրատեղամասից: «3/14 ընտրատեղամասից հայտնել են, որ դրոշակակիր Գազելներով, Սերժ Սարգսյանի նկարները կպցրած, մարդկանց բերում են ընտրության, գումարը բաժանում են Գազելում: Իրենց հատուկ գրիչներով մտցնում են ընտրության», - մեզ հետ զրույցում ասաց Տեր-Պետրոսյանի շտաբի պետի տեղակալ Արթուր Գասպարյանը` շարունակելով. «Նույն իրավիճակն է 3/15 տեղամասում, 3/12-ում: Սպառնացել են վստահված անձանց, թե գալու ենք ձեզ ջարդենք: 3/21-ում ոստիկանը քաշքշել էր Տեր-Պետրոսյանի վստահված անձի ձեռքից, ուզեցել էր դուրս շպրտել: Շտաբի միջամտությունից հետո սպառնալիքները դադարել են, սակայն վստահված անձին այլեւս մոտ չեն թողել ընտրողներին: 3/24 տեղամասում քվեաթերթիկների հաշվարկից 15 րոպե առաջ տեղամասի դուռը փակել են Տեր-Պետրոսյանի վստահված անձի առաջ ու նրան այլեւս ներս չեն թողել: 3/21-ում ընտրության ավարտից առաջ Տեր-Պետրոսյանի վստահված անձին դուրս են կանչել, դրսից հայհոյել են, ոստիկանությունը որեւէ կերպ չի միջամտել: Ընտրություններում մեքենաների ներգրավման մասին արձանագրություն է կազմվել: Թիվ 3/25 ընտրատարածքում Տեր-Պետրոսյանի վստահված անձ Հայկազ Քիրամիջյանը ժամը 11.20-ին արձանագրել է, որ 19 համարի 2 ավտոբուսներ սպասում են մարդկանց, որոնք դուրս են գալիս տեղամասից: 1919 s, 1550 s համարանիշերով միկրոավտոբուսները սկսած ընտրության պահից կցված են ընտրատեղամասին եւ կես ժամը մեկ մարդկանց են բերում ընտրատեղամաս»: Քանաքեռ-Զեյթունի Տեր-Պետրոսյանի շտաբը արձանագրել է բազմաթիվ ընտրախախտումներ, որոնք ապացուցում են, որ համայնքում ընտրությունները չի կարելի արդար համարել: |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականԱզատ ստեղծագործական ժանրիցՆերսես Երիցյանը դարձել է վերջին օրերի «սիրելի» թեման: ՔաղաքականԼՂՀ ԱԺ ընտրությունների թեկնածուներ. ով ով էԱշոտ Ղուլյանն առաջադրվել է իր թաղում ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|||
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |