“Zhamanak” Armenian-American Political Daily

Հոգեվարքի վերջին ճիչերը

13:19 Yerevan | 9:19 GMT | Wednesday 20 February 2008

Կարինե Հարությունյան

Հոգեվարքի վերջին ճիչերը
Սա 2003-ի փետրվարի 19-ը չէր, ոչ էլ` 2003-ի մարտի 5-ը: 2008-ի փետրվարի 19-ը մի բան փաստեց. գործող վարչախումբը լկտի լինելու բարդույթ չունի, ստոր լինելու բարդույթ չունի, գազան լինելու բարդույթ չունի: Ամենաանմարդկային դրսեւորումների օր էր երեկ: Իշխանությունը սապոգում էր: Սապոգում էր սեփական ժողովրդին: Այն ժողովրդին, որին մեկ ամիս սիրո եւ հավատարմության երդումներ էր տալիս վարչապետ Ս.Սարգսյանը: Բայց մի բան էլ փաստվեց. գործող վարչախումբը ամեն ինչի դիմեց իշխանությունը պահելու համար` ընդհուպ մինչեւ վստահված անձանց առեւանգումներ, ծեծուջարդ, լրագրողների նկատմամբ սպառնալիքներ ու հարձակումներ:

«Մեզ քացու տակ կգցեին...»

Ավան համայնքում էր: Նարեկացի փողոցում: Այստեղ կողք կողքի են գտնվում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբները: Ս.Սարգսյանի շտաբից (Նարեկացի 41) ցուցակներով մտել են մարդկանց տները, ստորագրություն վերցրել եւ տաքսիներով տարել քվեարկության: Մի տղա, ասելով, որ ինքն էլ է ուզում ստորագրել, վերցրել է ցուցակը եւ փախել: Ցուցակը բերել է Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբ, որին հետեւել է վարչապետականների հարձակումը առաջին նախագահի շտաբի վրա (Նարեկացի 40): Վարչապետի շտաբից (պետ` Ռոբերտ Պետրոսյան) հերքեցին փաստը` ասելով, որ մտել են միայն բարեւելու: Բայց օրն առջեւում էր, իսկ կեղտոտ սապոգների հետքերը` ամենուր:

Ի դեպ, ամբողջ Ավան համայնքը լիքն էր «Z» եւ «Միլենա» տաքսի ծառայությունների մեքենաներով, նաեւ թիվ 5, 59 երթուղային տաքսիներով: Սրանք բոլորը ուղեւորներին տեղափոխում էին անվճար: Մոտեցա «Միլենայի» տաքսիներից մեկին, վարորդը ասաց. «Երեմյան Արմենն ա անում: Անվճար բերում-տանում ենք»: Երթուղային տաքսիներից ֆիքսել ենք երկուսի պետհամարանիշը. 00-41 S (թիվ 5 երթուղային տաքսի` 1/04 ընտրատեղամասում) եւ 00-73 S (Գազել` 1/06 ընտրատեղամասում):

Թիվ 1/10: Կուտակումներ: Օրենքով նախատեսված թույլատրելիության սահմանը անցած ընտրողների քանակություն տեղամասում: Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Արմեն Օհանյանին խնդրեցի լուսանկարել, Գեւորգ անունով մեկը հարձակվեց մեզ վրա, ձեռքը գցեց ապարատին ու հրմշտելով փորձում էր այն վերցնել. «Դուք իրավունք չունեք լուսանկարել, դուրս եկեք»: Հանձնաժողովի նախագահ Անուշ Ասլանյանը (թիվ 6 մանկապարտեզի տնօրեն) իր հերթին էր դուրս հրավիրում: Այս տիկինը հիստերիայի նոպայի մեջ էր ընդհանրապես: Տեղամասով գնում-գալիս էր, աղմուկ անում, ինձ հետ ձեռքերով հրելով խոսում եւ դեռ ասում` թե ես եմ աղմուկ անում: Հետո էլ թե` դուրս եկեք, դուք խանգարում եք աշխատել: Մինչեւ չզգուշացրի, որ ինքը խախտում է ՔՕ-ն եւ 154-5 հոդվածով պատասխանատու է դրա համար, չհանգստացավ: «Ընտրությունը քոնն է» հ/կ-ից Կոլյա Գրիգորյանը տեղում էր, տեսավ, արձանագրեց: Ասաց, որ խախտումների մասին զգուշացրել է: Թե 1/10, թե 1/09 ընտրատեղամասերի հանձնաժողովների նախագահներն ասել են, որ կարելի է: Վստահված անձ Արմեն Օհանյանն ասաց. «Առավոտից ճնշում են, չեն թողնում աշխատել, աչք են փակում ամեն ինչի վրա, իսկ եթե դուք այստեղ չլինեիք, մեզ քացու տակ պիտի գցեին»:

Թիվ 1/09 ընտրատեղամասում Ավան-Առինջ 2/2, բն. 14 հասցեի բնակիչ Մանուշակ Գեւորգյանը իր համար էլ անսպասելի հայտնաբերեց, որ իր հասցեում գրանցված Արկադի Գեւորգյանը, որին չի ճանաչում, արդեն քվեարկել է: Երբ գրում էի տիկնոջ անունը, հանձնաժողովի նախագահ Առնակ Մանուչարյանը ոստիկաններ հրավիրեց, պահանջեց, որ ինձ «դուրս անեն»: Բայց ոստիկանները վկայականս ստուգելուց հետո ասացին, որ ես իրավունք ունեմ այնտեղ լինելու եւ ինֆորմացիա ստանալու:

Վահան Հովհաննիսյանի վստահված անձ Արմեն Կարապետյանն էլ հաստատեց, որ թիվ 1/06 ընտրատեղամասում կուտակումներ են լինում հաճախ, իսկ նախագահը չի միջամտում:

Նույնն էր նաեւ Ավան համայնքի այլ տեղամասերում` կուտակումներ, թիվ 9 ձեւաթղթով քվեարկողներ, ընտրողներին անվճար տեղափոխող տաքսիներ եւ երթուղային տաքսիներ:

Ցուցակների մասին: Կոնկրետ մի ցուցակի վերեւում գրված է. «Նարեկացի 41 շենքի օգնության ցուցակ»: Ներառված էին մարդիկ, ովքեր այս կամ այն տեսքով օգնություն-աջակցություն էին ստացել տեղական իշխանություններից: Անունների դիմաց այսպիսի գրառումներ կային. «30000 դրամ, ճամբար, հումանիտար օգնություն, միջնորդագիր, գազի հաշվիչ... Վերջում` Մուղնեցյան Վարդան, վստահված անձ, Նարեկ. 41 շ., բն. 67»:

Շատ էին նաեւ մարդիկ, ովքեր անակնկալի եկան, քանի որ իրենց փոխարեն քվեարկել էին կամ մահացած հարազատի անունը ցուցակում էր:

«Նեմեց Ռուբոյի տղերքը»

Հոգեվարքի մեջ վերջին ջղաձգություններն անող իշխանությունը ամենալկտի միջոցների է դիմում` խտրականություն չդնելով դրանց իրագործման մեջ: Թիվ 1/04 ընտրատեղամասից Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Արսեն Խանամիրյանին ժամը 13-ի սահմաններում մի քանի տղամարդ սեւ գույնի BMW մակնիշի 08...001 պետհամարանիշի ավտոմեքենայով առեւանգել են: Արսեն Խանամիրյանը հասցրել է իր ավտոմեքենայի բանալին գցել իր եղբոր կողմը, որը ընտրատեղամասի բակում է եղել: Եղբայրը` Արմեն Խանամիրյանը, հետեւել է այդ BMW-ին, որը մտել է «Հարսնաքար» ռեստորանի բակ: Ճանաչողներն ասացին, որ BMW-ն պատկանում է ոմն Հովսեփի, որը «Նեմեց Ռուբոյի տղերքից է»: Ժամեր անց, ոստիկանություն եւ դատախազություն դիմելուց հետո Արսեն Խանամիրյանին ծեծված, մարմնական վնասվածքներով ազատ են արձակել: Ավանում երկրորդ առեւանգվողը Լեւոն Տեր-Պետրոսյանի համակիր Գարիկ Ղազարյանն էր 1/03 ընտրատեղամասում: Ականատեսների վկայությամբ` վերջինիս նույնպես տարել են մուգ գույնի BMW-ով եւ որոշ ժամանակ անց բաց թողել: Ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Հովհաննես Իգիթյանն ասաց` իշխանությունը գործում էր ֆաշիզմին հատուկ մեթոդներով:

«Լակոտի մեկը, տես հլա ինչ եմ անելու»

Ֆաշիզմի վառ դրսեւորումներից էին նաեւ հարձակումները-ճնշումները լրագրողների նկատմամբ: Բնության մեջ կենդանու մի տեսակ կա, որն զգալով մոտալուտ վախճանը գարշահոտություն եւ աղբ է տարածում շրջապատում: Նույն վիճակում էր երեկ գործող վարչապետը:

Թիվ 1/07 ընտրատեղամաս: Ժամը 19-ի մոտերքը: Թույլ չէին տալիս, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը գրանցի անթիվ-անհաշիվ թիվ 9 ձեւով քվեարկողների անունները: Հերթը նաեւ ինձ հասավ: Այն բանից հետո, երբ տեղամասում կանգնած անհայտ անձին հարցրեցի, թե ով է` Արման Մելիքյանի վստահված անձ Գեղամ Չինարյանն ասաց. «Զգույշ խոսեք, ստեղի բնակիչները մի քիչ...»: Ի՞նչ կանեն, կծեծե՞ն` հարցրեցի: «Կարող ա եւ ծեծեն», - ասաց նա: Երբ գրանցում էի իր անունը եւ միացնում ձայնագրիչը, այդ պարոնը եւ Ս.Սարգսյանի վստահված անձը սկսեցին հոխորտալ. «Լրագրող եք, եկել-տեսել եք, դուրս եկեք»: Ի դեպ, նրանք շատ հանգիստ էին, երբ ներկա էին ԵԱՀԿ-ի դիտորդները: Վերջիններիս պատմում էի, թե ինչ խոչընդոտների եւ հարձակումների եմ հանդիպել օրվա ընթացքում: Իրենց ամենակարող համարող վստահված անձինք աշխուժացան դիտորդների հեռանալուց հետո: Գեղամ Չինարյանը սպառնում էր. «Տես քեզ ինչ եմ անելու, անջատի ձայնագրիչը, փաստաթուղթ ցույց տուր»: Երկուսով «վրա էին քշում», հոխորտում, ձեռքերը գործի դնում: Այդ պարոնների սպառնալից հալածանքը բավական երկար տեւեց` 10-15 րոպե: Երկու տղամարդով անընդհատ առաջ գալով եւ ձեռքով հրելով խոսում էին: Իսկ ես ետ-ետ էի գնում, քանի որ բնազդով զգում էի վտանգի հասունանալը. այդ մարդիկ ընդունակ էին ամեն ինչի: Բանը հասավ «դիվանբաշուն»: Ոստիկաններին կանչեցին, թե «սրան ստեղից տարեք»: Ոստիկանները զանգեցին իրենց վերադասին, պարզեցին, որ ես, այո, իրավունք ունեմ իմ վկայականով հետեւել քվեարկության ընթացքին: Հետո, երբ «անմահացնում էի» այդ Գեղամ Չինարյանին, վերջինս սպառնալիքների վերջին կարկուտը թափեց. «Լակոտի մեկը, տես հլա ինչ եմ անելու: Հլա դուրս արի, ապարատդ եմ ջարդելու»: Սպառնալիքն այնքան իրական հնչեց, որ տեղամասից դուրս գալու ժամանակ ոստիկաններից մեկին խնդրեցի ուղեկցել մինչեւ բակ:

2008-ի փետրվարի 19-ը մի բան էլ փաստեց. ազգի տականքը ինքնադրսեւորման սահմաններ չի ճանաչում:

Վերլուծական
Անհանգիստ հասարակած

Անհանգիստ հասարակած

Սերժ Սարգսյանի նախագահությունը կամաց-կամաց մոտենում է հասարակածին:

Քաղաքական
Այդ մարդիկ հիմնական խնդիրը կամ չեն տեսել, կամ` չտեսնելու են տվել

Այդ մարդիկ հիմնական խնդիրը կամ չեն տեսել, կամ` չտեսնելու են տվել

Անբարոյականություն է, երբ խնդիրները ստորադասվում են ինչ-ինչ քաղաքական շահերի

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.