“Zhamanak” Armenian-American Political Daily

Հաղթանակի անտանելի թեթեւությունը

13:18 Yerevan | 9:18 GMT | Wednesday 20 February 2008

Արամ Ամատունի

Այն, ինչ տեղի ունեցավ փետրվարի 19-ին Հայաստանի ամբողջ տարածքում, թերեւս կարելի էր համեմատել օտարերկրյա մի արշավանքի հետ, քանի որ ամենածանր մղձավանջում անգամ դժվար է պատկերացնել, որ հնարավոր է սեփական երկրի քաղաքացիների արժանապատվությունը ոտնահարել այնպես, ինչպես դա երեկ արեց վարչակրիմինալ համակարգը Հայաստանի ընտրատեղամասերում եւ դրանց հարող տարածքներում:

Գործող, բայց արդեն իր պաշտոնից հեռացող, իսկ հասարակությունից էլ դեռ պաշտոնի չեկած արդեն իսկ հեռացած նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընտրության օրվա առավոտյան կատարելով իր ընտրությունը` հայտարարեց, որ ընտրությունները փորձություն են, որից պետք է դուրս գալ ավելի ուժեղացած: Սակայն արդեն այդ պահին, երբ Ռոբերտ Քոչարյանը խոսում էր այդ մասին, հետո նաեւ հավելում, որ այս ընտրությունները պետք է լինեն ժողովրդավարության գործում հերթական լուրջ առաջընթացը, Աբովյանում ծեծի էին ենթարկվում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք: Հետեւաբար կամ Ռոբերտ Քոչարյանը այդ պահին չէր տիրապետում հանրապետության տարածքում տեղի ունեցող ընտրական գործընթացին` այս դեպքում չակերտավոր ընտրական, կամ ուժեղացած լինելու նրա թեզն ամենեւին էլ չէր վերաբերում պետությանը: Համենայնդեպս, պետությունը չի կարող երբեք ու երբեք մտածել ուժեղանալու մասին, եթե այդ ուժեղության օբյեկտը սեփական ժողովուրդն է: Անհնար է ուժեղանալ` նվաստացնելով սեփական քաղաքացիներին, թեկուզ մեկ քաղաքացու: Մինչդեռ փետրվարի 19-ին ոտնահարվեց հարյուր հազարավորների ինքնասիրությունը, արժանապատվությունը, սերը հայրենիքի, սեփական երկրի, տան, ընտանիքի, քաղաքի, պետականության հանդեպ: Եվ այդ ամենը միայն նրա համար, որ ընտրություններից իշխանությունը դուրս գա ուժեղացած: Թերեւս կասկած չկա, որ Ռոբերտ Քոչարյանը նկատի ուներ հենց իշխանություններին, որ հերթական անգամ մահակը կիջեցնեն հասարակության ձեռքին, իսկ եթե ձեռքն այնուամենայնիվ հետ չքաշվեց քվեատուփից, ապա մահակը կիջնի նաեւ ձեռքի տիրոջ գլխին, եւ իշխանությունը իրեն նորից կզգա ուժեղ, այս անգամ ավելի ուժեղ, որովհետեւ գուցե կմտածի, որ այս անգամ ինքը հաղթեց չափազանց ուժեղ մի մրցակցի, որի քաղաքացիական շարժումը շատ կարճ ժամանակում վերածվեց համաժողովրդական հզոր ալիքի: Այդպիսով, իշխանական տրամաբանությունն արդեն ցնծում է, որովհետեւ իրեն համարում է ուժեղ, այնքան ուժեղ, որ արդեն նույնիսկ երկրորդ փուլի կարիք էլ չի զգում հասարակության հետ մի քիչ մուկն ու կատու խաղալու համար: Սակայն այդ զգացումը` ուժեղության, ուժեղացվածության այդ զգացումը իրականում բացարձակապես պատրանք է եւ դա ամենեւին էլ հուսահատությունից տրվող գնահատական չէ: Այն իշխանությունը, որը ինքնահաստատվում է սեփական ժողովրդի կամքի վրա բռնանալով` չի կարող երբեք լինել ուժեղ, որովհետեւ իշխանությունը ժողովրդով է ուժեղ: Իշխանությունն ուժեղ է իր խոսքը լսողով, ոչ թե իր բռունցքից կուչ եկողներով: Պարզապես ուժի մասին պատկերացումներն են տարբեր, ու հենց դրանում է Հայաստանի ներկայիս իշխանության ամբողջ ողբերգականությունը: Որքան ավելի է նա ուժ կիրառում ժողովրդի հանդեպ, այդքան ավելի է զգում իր թուլությունը, որքան ավելի է իր թուլությունը զգում, այդքան ավելի է փորձում ուժ կիրառել, եւ ամեն անգամ վերստին ուժ կիրառելով, սաստկացնում է իր թուլությունը ու այդպես հայտնվում է մի արատավոր շրջանի մեջ, որից ոչ միայն դուրս գալն է անհնար, այլ որի մեջ կանգ առնելը: Իշխանությունը ոչ թե ուժեղ է, այլ ուժեղ պտտվում է: Ընդ որում` ժամացույցի սլաքին հակառակ: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում երեկ` այդ ամենը ժամացույցի հակառակ էր, ժամանակի դեմ: Եվ թերեւս պետք է արձանագրել, որ քաղաքացիներն ու քաղաքացիական, համազգային շարժման ղեկավարները` առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որին արդեն կարելի է ասել նաեւ նոր նախագահ, իսկապես բավական իմաստուն գտնվեցին` տուրք չտալով բռնությունների շղթային ու իշխանության հետեւից ընկած դեմ չգնացին ժամանակին: Շարժման խնդիրը ժամանակի հետ համընթաց քայլելն է, ժամանակից ոչ հետ ու ոչ էլ առաջ ընկնելը: Այդ իմաստով համազգային նորածին շարժման համար վճռորոշ է լինելու փետրվարի 20-ը, այսինքն` այսօրը:

Փետրվարի 20-ը լինելու է Հայաստանում նոր իշխանության ձեւավորման սկիզբ: Նոր ոչ միայն ֆիզիկական, այլ առաջին հերթին բարոյահոգեբանական առումով: Նոր որակի իշխանության ձեւավորման սկիզբ: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է լինելու բավական խորը բացատրական աշխատանք տանել հանրության հետ, որն անկասկած կարող է եւ որոշակի հիասթափություն ունենալ փետրվարի 19-ի մղձավանջից հետո: Հանրությանը պետք է բացատրել, որ իշխանությունն իրականում այն չէ, ինչ պատկերացնում են ներկայիս վերնախավի անդամները: Հասարակությանը պետք է բացատրել, որ իշխանությունն առաջին հերթին այն է, ինչ որ մտածում է ժողովուրդը: Եթե քաղաքացիները երեկվա ավազակապետական խրախճանքից հետո մտածեն, որ դա էր իշխանությունն ու իր գործը արեց, ապա Շարժումն այլեւս անելու գործ չունի: Դրա համար, հիմա Շարժումը պետք է շատ գործ անի, ավելի շատ, քան անում էր մինչեւ փետրվարի 19-ը: Որովհետեւ փետրվարի 19-ից առաջ Շարժումը գալիս էր իշխանության, իսկ 19-ից հետո արդեն իշխանություն է: Եվ պետք է նախ ինքզինքը հավատացնել դրանում, իսկ հետո նաեւ հավատացնել հասարակությանը: Հակառակը փակուղին է, եթե անգամ լինեն ագրեսիվ գործողություններ, որոնք ոչ միայն փակուղի կլինեն, այլ ընդհանրապես վերջ` անդառնալի, անվերադարձ: Հետեւաբար անհրաժեշտ է լինելու լուծել այդ դիլեման, որովհետեւ իշխանությունը` որ երեկ զգաց իր թուլությունը, արատավոր շրջանի օրենքով գուցե նորից կփորձի «ուժեղանալ»: Դրան հակադրվելու միակ միջոցը սեփական ուժը գիտակցելն է, բայց նախեւառաջ գիտակցելով, թե ինչ է ուժը, հոգու ուժը, ոգու ուժը, մտքի ուժը: Ուժը ֆիզիկական հասկացություն է ամենավերջին հերթին, երբ այլեւս բան չի մնում անելու: Իսկ Շարժումը դեռ այնքան անելիք ունի:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.