|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Նախագահից վստահված անձ կես քայլ է13:08 Yerevan | 9:08 GMT | Wednesday 20 February 2008Ա.Ա. Ցավալի է, սակայն նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ավարտելով իր նախագահության ժամկետը, ընտրեց հեռանալու երկու տարբերակներից ամենից անցանկալին` թե իր եւ թե պետության ու հասարակության համար: Տասը տարի շարունակ լինելով երկրի նախագահ, հասարակության տարբեր շերտերի մոտ արժանանալով տարբեր ընկալումների ու գնահատականների, Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության ժամկետի ավարտին երեւի թե կարող էր այդ ամենը հասցնել մի զրոյական աստիճանի, եւ ի վերջո` իր լինելը, իր մնալը դարձնելով բազմաթիվ հակասությունների ու տարաբնույթ գնահատականների, դրական ու բացասական եզրակացությունների առիթ, գոնե գնալը կարող էր ամփոփել առնվազն չեզոքությամբ: Այսինքն` Ռոբերտ Քոչարյանն ուներ այնպես հեռանալու հնարավորություն, որ դա կարող էր հանրությանը հիմք տաl ինչ-որ առումով մոռանալ նրա բոլոր սխալները, նույնիսկ ամենից մեծ եւ ամենից ճակատագրական սխալները: Ի վերջո` որեւէ նախագահ ապահովագրված չէ սխալից, ինչպես որ որեւէ մարդ: Պարզապես այդ սխալի գիտակցումը, իսկ եթե խոսքը նախագահների մասին է` այդ սխալի հրապարակային գիտակցումը հանրությանը ստիպում է փոքր-ինչ ներողամիտ հայացքով նայել նման սխալներին: Թվում էր, թե Ռոբերտ Քոչարյանը կփորձի օգտվել հեռանալու այդ հնարավորությունից, ինչն անկասկած նրան կարող էր դասել Հայաստանի նորագույն պատմության նշանակալից գործիչների շարքը: Նա Հայաստանի նոր իշխանության ձեւավորմանը կարող էր նպաստել այն առումով, որ ամեն ինչ աներ այդ իշխանության լեգիտիմության եւ ձեւավորման օրինականության հիմքերն ապահովելու ուղղությամբ: Դրա համար անհրաժեշտ էր, որ Ռոբերտ Քոչարյանը, չնայած ունենալով իր նախընտրելի թեկնածուն, այնուամենայնիվ ապահովեր, որպեսզի այդ թեկնածուն մյուս մրցակիցների հետ մրցեր միանգամայն հավասարազոր պայմաններում, չլիներ արտոնյալ, չօգտվեր վարչական ռեսուրսից, չխրախուսեր պարտադրված հանրահավաքները: Բայց դժբախտաբար, գործող նախագահն ընտրեց երկրորդ, թերեւս ամենից վատթար տարբերակը: Նա որոշեց անձամբ ձեւավորել Հայաստանի նոր իշխանությունը: Թերեւս դրանով կարելի էր բացատրել նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեռուստաելույթը, որ տեղի ունեցավ փետրվարի 16-ի երեկոյան: Ֆորմալ առումով դա իհարկե հեռուստահարցազրույց էր, բայց ինքնին հասկանալի է, որ այդտեղ հարցերը կրում են զուտ ձեւական բնույթ, իսկ հարց տվողներն ավելի շատ կատարում են դերասանի, քան լրագրողի գործառույթ: Այսինքն` իրականում մենք գործ ունենք Ռոբերտ Քոչարյանի ելույթի հետ: Իսկ այդ ելույթում հնչած մտքերը հիմք են տալիս եզրակացնելու, որ նախագահը իր վրա է վերցնում Հայաստանի ապագա իշխանության ձեւավորման պատասխանատվությունը, թեկուզ միայն դատելով այն բանից, որ Ռոբերտ Քոչարյանն իշխանությանն է վերագրում ուժ կիրառելու մենաշնորհը եւ Հայաստանի իրավապահ համակարգը համարում է իր աշխատանքի մեծագույն ձեռքբերումներից մեկը: Այդպիսով կարելի է համարել, որ Ռոբերտ Քոչարյանը, իր նախագահության տասը տարիների ընթացքում ըստ էության այդպես էլ չմերձենալով հասարակության լայն խավերի հետ ու չդառնալով բոլորի նախագահը` իր նախագահության ժամկետի վերջին ամիսներն ու շաբաթները չօգտագործեց այդ բացը լրացնելու, այդ սխալն ուղղելու եւ դրանով իսկ սեփական կառավարումը որոշակի սրբագրման ենթարկելու համար: Ավելին` Ռոբերտ Քոչարյանն իր հեռուստաելույթով, ըստ էության, նոր ձեռնոց նետեց հասարակությանը` փորձելով դառնալ ընտրական գործընթացի մասնակից կողմ, որը հակադրվում է հանրության մի մասին: Կարեւոր չէ, թե որ կողմին է Ռոբերտ Քոչարյանը հակադրվում եւ որի հետ է մերձենում: Նույնիսկ եթե նա հայտարարեր Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին եւ այդ ուղղությամբ հեռուստաելույթներ ունենար, փորձեր նախանշել սեփական գործողություններ, ապա այդ դեպքում էլ նրա դիրքորոշումը դատապարտելի կլիներ: Ընտրական գործընթացներն այս կամ այն երկրում մշտապես երկփեղկում են հասարակությանը: Հանրությունը ընտրական գործընթացներում, հատկապես երբ դրանք անցնում են անցումային փուլը դեռ լիովին չհաղթահարած երկրներում, մշտապես հայտնվում է օբյեկտիվ լարվածության շեմին, մշտապես բաժանվում է երկու կամ երկուսից ավելի ճամբարների, մշտապես փորձում է յուրայիններ ու օտարներ որոնել: Դա օբյեկտիվ վիճակ է: Նույնիսկ ինչ-որ տեղ ադեքվատ, առողջ վիճակ: Սակայն իրադրությունը դառնում է ոչ ադեքվատ, վիճակը դառնում է անառողջ այն դեպքում, երբ երկրի տվյալ պահին գործող, բայց արդեն հեռանալու պատրաստվող նախագահը նույնպես հանրությանը բաժանում է ճամբարների եւ հանդես է գալիս որեւէ մի ճամբարի կողմից` էական չէ, թե որ: Մինչդեռ այդ նախագահը տվյալ պահին ունի իրականացնելու առավել կարեւոր առաքելություն, ազգը կոնսոլիդացնելու, երկրում ճամբարականությունը հնարավորինս բացառելու, ոչ թե այն խորացնելու առաքելություն: Չէ՞ որ նա Սահմանադրության երաշխավորն է եւ նրա համար պետք է գլխավորը լինի ոչ թե այն, թե ով կդառնա երկրի հաջորդ նախագահ, այլ այն, որ նախագահ դառնալու ճանապարհին որեւէ մեկը չոտնահարի Սահմանադրությունը: Ցավով պետք է արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն դա չարեց, այլ ըստ էության ինքը տոն տվեց այդ բաժանարար գծին, որ առաջանում է հանրության շրջանում իշխանության ռեպրեսիվ քաղաքականության հետեւանքով: Այդպիսով, սակայն, Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ինքն իր համար է փակում հանրության հետ մերձենալու վերջին շանսի դուռը, եւ նույնիսկ պատուհանն ու օդանցքը, այլ նաեւ այն նախագահի թեկնածուի համար, որին ինքն է սատարում: Որովհետեւ եթե այդ սատարումը տեղի է ունենում հանրությունից օտարման գնով, ապա այդ օտարումը տարածվելու է նաեւ սատարվող թեկնածուի վրա, որքան էլ նա խոսի համերաշխությունից: Որովհետեւ նաեւ այդ թեկնածուն կարող էր չընդունել սատարման այն մեթոդները, որ կիրառում է գործող նախագահը, երբ ըստ էության ստանձնել է Սերժ Սարգսյանի վստահված անձի դերը: Համաձայնեք, եւ Ռոբերտ Քոչարյանը գուցե ինքն էլ կհամաձայնի, որ հեռացող նախագահներին առավել սազական է լինում դրանից գոնե մեկ աստիճան բարձր կարգավիճակը, այլապես թոշակառու լինելն առավել արժանապատիվ է: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |