|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հզոր ժողովրդին` հզոր նախագահ19:37 Yerevan | 15:37 GMT | Sunday 17 February 2008Կարինե Հարությունյան Երեւան: Ազատության հրապարակ: Համեստ հաշվարկներով 300 հազար մարդ: Վանկարկում են. «Լե-վոն, Լե-վոն», «Հաղ-թա-նակ»: Աշխարհի ցանկացած երկրում ցանկացած քաղաքական գործիչ կերազի մի կանչով այսքան համակիր մեկտեղելու: «Ով Սերժի հետ է, ուրեմն ժողովրդի հետ չի» Այդպիսիք քիչ են եղել մոլորակի քաղաքական պատմության մեջ, բայց հենց նրանց շնորհիվ են տեղի ունեցել ազգային Շարժումները, համաժողովրդական արժեքների վերածնունդը, հասարակական-քաղաքական համակարգի բարենորոգումները: Լեւոն Տեր-Պետրոսյան: Այդ սակավ հզորներից, որի շնորհիվ հայ ժողովուրդը իր նորագույն պատմության մեջ ամրագրեց իր դարավոր երազանքը` անկախ պետականություն, իր հաղթանակների հաղթանակը` Արցախյան ազատամարտ, իր հոգու-մտքի-խոսքի ազատությունը: 10 տարի անց հայ ժողովուրդը վերագտավ իր առաջնորդին, 10 տարի անց հայ ժողովուրդը իր հոգին բացեց Աստծո առջեւ, 10 տարի անց հայ ժողովուրդը կրկին բռունցք պարզեց իր Ազատության հրապարակում: Հանրահավաք էր: Այստեղ էին երկրի բոլոր բնակավայրերից: «Մեր ապագայի, մեր երեխաների համար ենք եկել», - ասում էին: «Միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը կարա համախմբի հայ ժողովրդին, երկրում հաստատի կարգուկանոն եւ, վերջապես, կառուցի ազգային պետություն մեզ հետ միասին: Իսկ Սերժ Սարգսյանը ի պաշտոնե հանցագործ ա: Մի մարդ, որը ազգային անվտանգության նախարար ա եւ չի կարում ապահովի իր երկրի բարձրագուն իշխանության անվտանգությունը, ինքը ո՞նց կարա իմ անվտանգությունը ապահովի` որպես շարքային քաղաքացի: Իսկ մյուս թեկնածուներին հինգ մատիս պես գիտեմ, բոլորն էլ սրիկաներ են: Ավելի կոպիտ բաներ չեմ ասում, որովհետեւ աղջիկ եք», - ասաց Արտաշատից Ռոբերտ Սարգսյանը: Իսկ նախկին դասախոս Նելլի Խաչատրյանն ասաց, որ «Ստիպողաբար տանում են մարդկանց Սերժի միտինգին: Դա դիկտատուրա է: Ուզում եմ ազատ ապրել, դրա համար Լեւոնին եմ ընտրում: Ապրի Լեւոնը, մեզ մենակ Լեւոնը կփրկի»: Իսկ մյուս թեկնածունե՞րը: «Կեղտոտ մարդիկ են: Ես այնքան հարգում էի Վազգեն Մանուկյանին, բայց հիասթափվեցի, Արտաշես Գեղամյանից հիասթափվեցի, կանանց նման բամբասանքով են զբաղվում»: «Սերժը 10 հազար մարդ հավաքում ա, որից 7 հազարին իրենց կամքին հակառակ են բերում ու ասում ա` ժողովուրդ, որի՞ն ենք բերել, հեռացեք: Մարդկանց ապուշի տեղ ա դնում: ...Ի՞նչ տնտեսական աճ, ես էլ կարամ ասեմ: Լեւոնին եմ ընտրելու: Ինքը կգա, ու ժողովուրդը կտեսնի, թե ինչ սարի պես տղերք են ռագատկի քար դառնում», - սա էլ Աբովյանից Վարդան Բաղդասարյանն էր: Երեւանից Կարեն Գեւորգյան. «Ուրիշ թեկնածու չկա: Կա Լեւոն եւ Սերժ: Իսկ ով Սերժի հետ է, ուրեմն ժողովրդի հետ չի»: Բաբկեն Սարգսյան. «Ոչ մի օրենք չի իրագործվում, դեմ ենք կաշառակերությանը, ուզում ենք փոխվի էս ամեն ինչը: 10 տարի տեսել ենք իրանց, ի՞նչ են արել: Նա (Լ.Տեր-Պետրոսյանը.- խմբ.) ավելի հզոր ա, ուրիշ թեկնածու չեմ տեսնում»: Թալինից բժշկուհի Մարիամ Նազարյանը, որ մի հզոր ոգեղեն ելույթ ունեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Թալինում հրավիրած հանրահավաքին: «Շրջաններում, գյուղերում ահավոր է վիճակը ու մի 10 տարի էլ այսպես շարունակվի, ժողովուրդը կկործանվի», - ասաց Թալինի բժշկուհին: Մի իջեւանցի` Ամիրխանյան Գեւորգ. «Մեր առաջին նախագահն ա Լեւոնը: Մնացածը «ֆինտիֆլյուշկա» պյաներ են»: Ի դեպ, շատ-շատերն էին այն կարծիքին, որ «կա երկու թեկնածու միայն. Սերժ եւ Լեւոն: Առաջինը չարից է, երկրորդը` բարուց»: Իսկ մյուս թեկնածունե՞րը. «Ի՞նչ թեկնածու, էդպիսիք չենք ճանաչում»: Մի նոյեմբերյանցի էլ թե. «Ու՞ր ա ընդեղ մարդ: Լեւոնը` ուրիշ, հզոր մարդ ա: Հզոր ժողովրդին` հզոր նախագահ»: Այստեղ էր նաեւ հայտնի երգչուհի Արաքս Դավթյանը. «Վստահում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ի դեմս նրա մեծ պրոֆեսիոնալի եմ տեսնում: Գիտեմ, որ 10 տարին հենց այնպես չի անցել նրա համար, նրան ուժ է տվել, որ վերադառնա պետությունը ոտքի կանգնեցնելու համար: Կարծում եմ, որ այն ախտավոր բարքերը, որ այսօր կան` կվերանան: Մյուս թեկնածուներին պարզապես խղճում եմ: Նրանք պետք է ամաչեն, որովհետեւ նախընտրական արշավը իրար վրա ցեխ շպրտելու համար չէ, այլ ժողովրդին ցույց տալու համար իրենց մտավոր-քաղաքական, գաղափարախոսական հնարավորությունները»: Այստեղ էր նաեւ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը. «Բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ: Լեւոն` այսինքն: Ես չեմ հասկանում նրանց, ովքեր այստեղ չեն: Մյուս թեկնածուները բոլորը աշխատում են Ս.Սարգսյանի համար»: Ազատության հրապարակում էին շատերը, ովքեր արտերկրից եկել են իրենց քվեն տալու Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Պարզ չի՞: Լեւոնին եմ ընտրելու: Մյուսները ծախված են: Ես հատուկ եկել եմ, որ Լեւոնին ընտրեմ», - ասաց Գերմանիայից եկած Ռոբերտ Ղարիբյանը:
Ժողովրդի ոգին անկասելի է 300 հազար մարդ մեկ մարդու պես հետեւեց իր առաջնորդին` երթի: Ազատության հրապարակից Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր քաղաքական զինակիցները, միակամ ժողովրդի այդ հզոր բանակը մտավ Մաշտոցի պողոտա: Մաշտոցի պողոտան թնդում էր, ցնծում էր, արդեն կայացած հաղթանակ էր տոնում: Պատշգամբներից մարդիկ դուրս էին եկել ու համերաշխության բռունցք էին բարձրացրել: Անցնում ու կանգնած ավտոմեքենաների վարորդներին հարցնում էի, թե ու՞մ են ընտրելու: «Լեւոնին: Էսքան ժողովուրդ տեսնողը կարո՞ղ է ուրիշին ընտրի»: Մի ռուս լրագրողի հարցրի իր տպավորության մասին. «Երեւում է, Տեր-Պետրոսյանը հզոր ուժ է, որ այսքան մարդ է գնում նրա հետեւից: Այսպիսի մարդը եւ այսպիսի ժողովուրդը չեն կարող չհաղթել»: Սիրիայից էլ Վաչե Սարգսյանն ասաց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը կարա ամեն լավ բան անել հայ ազգի համար»: Ասաց, որ իր նման մտածողները հայրենիքում թե սփյուռքում շատ-շատ են: Անցանք Մաշտոցի պողոտան եւ մտանք Գրիգոր Լուսավորիչ փողոց: «Լե-վոն», «Լե-վոն», «Հաղ-թա-նակ», «Սերժիկ, հեռացիր, Հայաստանը մոռացիր»: Ահա այն վանկարկումները, որոնցով ժողովուրդը արտահայտում էր իր միասնականությունը, իր ոգու հզորությունը, իր վճռականությունը: Սա մի ոգի է, որ թափանցում է յուրաքանչյուր բջիջդ, ներծծվում արյանդ մեջ ու համակում քեզ: Պայքարող հայի, կռվող հայի, հաղթանակող-հաղթանակած հայի ոգին էր այստեղ: Երեկ, Երեւանի կենտրոնով շրջող այս ոգին մի բան էր փաստում. հայ ժողովուրդն արդեն ունի իր հոգուն հարազատ առաջնորդ: Երթը անցավ Իտալիայի փողոցով, Հանրապետության հրապարակով, ապա` Նալբանդյան փողոցով եւ Թումանյանով վերադարձավ Ազատության հրապարակ: Անհնար է լինել այնտեղ ու ազգային ոգու ալիքը չզգալ: Խանութներից, երթուղային տաքսիներից մարդիկ դուրս էին գալիս: Որը` լուսանկարում էր բջջայինով, որը` միանում երթին, որն էլ պատշգամբից բռունցք բարձրացնում` ի նշան համերաշխության: Կրկին Ազատության հրապարակ: 40-50 րոպե պահանջվեց` որ ողջ ժողովուրդը հասնի հրապարակ: Իսկ մինչ այդ եկողները պարում էին իրենց հաղթանակի պարը: Ամբողջ երթի ընթացքը եւ տրամադրությունը հաղորդելու համար թերթի նույնիսկ ութ էջերը չեն բավականացնի: Ուրեմն` դառնանք օրվա ավարտին:
«Հաղթելու ենք, հաղթել ենք, հաղթած ենք» Երեկվա վերջին ակորդը Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքն էր. «Որ ասում էի արդեն հաղթել եք, չէիք հավատում»: «Հավատում ենք», - գոչեց ամբողջ հրապարակը: Առաջին նախագահը շարունակեց. «Մենք Հայաստանի իշխանություններին եւ նրանց ավազակախմբին տալիս ենք վերջին շանսը` իշխանությունից հեռանալու պատվավոր կերպով: Չգցելու մեր երկրի վարկը: Վերջապես դրանք 18 տարի պետություն են ղեկավարում Ղարաբաղում եւ Հայաստանում, պետք է հասկանան` ինչ բան է պետությունը, որքան կարեւոր է պետության վարկը Հայաստանի անկախության հզորության տեսակետից, մանավանդ` Լեռնային Ղարաբաղի հարցը արժանապատիվ կերպով լուծելու տեսակետից: Երկրի վարկը մեծագույն կապիտալ է, եւ հեռացող իշխանությունը իրավունք չունի այն ոչնչացնելու: Լուրջ քաղաքական առաջարկ եմ անում` արժանապատիվ կերպով հեռանալ իշխանությունից: Եթե քաջություն ունի (Ս.Սարգսյանը.- խմբ.) այսօր եւեթ թող հանի իր թեկնածությունը քվեաթերթիկից...»: «Այո~», - գոչեց ժողովուրդը: Առաջին նախագահը շարունակեց. «Դա ըստ արժանվույն կգնահատվի մեր ժողովրդի կողմից: Նրանք հնարավորություն կունենան դրանով ապացուցելու, որ պետական այր են: Ես չեմ կարծում, որ մենք հաղթելու ենք առաջին փուլով: Բայց եթե նրանք շարունակեն այն, ինչ արել են մինչեւ այսօր, եթե փորձեն կեղծել ընտրությունները, եթե փորձեն իրենց քրեական տարրերի եւ ուժային կառույցների միջոցով բռնանալ մեր ժողովրդի կամքի վրա, նախկինի նման թվեր նկարել, ապա փետրվարի 20-ին նախատեսված մեր հանրահավաքը դառնալու է տեւական եւ մենք ձեզ հետ միասին օգտագործելու ենք օրենքով նախատեսված մեր իրավունքները, բողոքարկելու, պահանջելու եւ հասնելու այդ արդյունքների վերանայմանը: Մեզանից ոչ ոք տուն չի գնա, մինչեւ մենք տեր չկանգնենք մեր հաղթանակին: Մշո սուրբ տան սուրբ Կարապետ թող լինի ձեզ պահապան»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... Քաղաքական«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |