|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Աղասի Ենոքյան. «Մարդիկ վերագտնում են իրենց բարոյական կերպը»19:36 Yerevan | 15:36 GMT | Sunday 17 February 2008Մարինե Խառատյան -Պարոն Ենոքյան, արդեն իսկ խոսվում է նախօրոք պլանավորված ընտրական սցենարների մասին, ձեր կարծիքով` ո՞ր սցենարն է հրապարակ նետվելու ընտրություների ընթացքում: - Եթե մենք նայենք պատրաստվող, գրվող, նկարվող սցենարներին, ապա կարծես թե երեք թեկնածուների շուրջ է ամեն ինչ պտտվում. դա Լեւոն Տեր-Պետրոսյանն է եւ Սերժ Սարգսյանը, եւ ինչ-որ մեկը, որ պետք է փորձի այս խաղի մեջ ինտրիգ մտցնել: Երեւի թե դա կօգագործվի այն դեպքում, երբ ենթադրվի, որ ընտրությունները լինելու են երկու փուլով: Ես կարծում եմ, որ սկզբնական շրջանում նման դեր վերապահված էր ՀՅԴ-ին, սակայն ընթացքը ցույց տվեց, որ նման դերի ավելի շատ կարող է հավակնել Արթուր Բաղդասարյանը: Չեմ բացառում տարբերակը, որ եթե թույլ տրվի նկարել, ապա Սերժ Սարգսյանն ու Արթուր Բաղդասարյանը հայտնվեն երկրորդ փուլում: Կարծում եմ` թույլ չի տրվի նկարել: Ցավոք, Հայաստանում ընտրություններ ասվածը ավելի շատ ներկայացվում է կեղծիքների դեմ պայքար: Կարծում եմ` կեղծիքների դեմ պայքարի շրջանակներում այդ սցենարների դեմն էլ կառնեն: - Արթուր Բաղդասարյանն այսօր ասում է, որ ինքը որեւէ մեկի խաղին չի մասնակցում, այլ կատարում է բազմահազար համակիրների հորդորը, դրա համար պարզապես չի կարող միանալ Տեր-Պետրոսյանին: Կարծում եք դա լուրջ հիմնավորում չէ՞: - Այդ հայտարարությունները երեւի գեղեցիկ խոսքեր են, գեղեցիկ արդարացումներ են, սակայն քաղաքագիտության տեսանկյունից դա անգրագիտություն է: Անհեթեթություն կլինի ասել, որ այսօր Արթուր Բաղդասարյանը ունի ավելի մեծ ժողովրդականություն, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ակնհայտ է մեկ բան, որ պետք է լինի իշխանության թեկնածու եւ ընդդիմության թեկնածու` երկբեւեռ իրավիճակ է: Մանավանդ` Հայաստանում ամեն ինչ խիստ բեւեռացված է: Իշխանության թեկնածուն նախեւառաջ իշխանական ռեսուրսն է` վարչական, ֆինանսական եւ այլ ռեսուրսներով ձեռք բերված ձայները: Ցանկացած երրորդը, ով մտնում է խաղի մեջ, ձայներ է տանում ընդդիմությունից: Իշխանությունից չի կարող ձայներ տանել: Ձայներ է տանում ընդդիմությունից եւ ընդդիմության առավել հզոր թեկնածուին թուլացնում է: Այսօր փաստորեն ընդդիմության դերում Լեւոն Տեր-Պետրոսյանն է միայն, իսկ մնացած ութ թեկնածուները կարծես թե իշխանության խաղն են խաղում միայն: Ամեն դեպքում այս երկուսից բացի ցանկացած երրորդ թեկնածու ձայներ է տանելու ոչ թե Սերժ Սարգսյանից, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանից: - Պարոն Ենոքյան, ընտրությունների ի՞նչ ելք եք կանխատեսում: - Չեմ ուզում կանխատեսում անել, քանի որ էստեղ չափազանց շատ գործոններ են խառնված: Թե նախընտրական բավականին կոշտ քարոզչություն` իշխանական լրատվական մեքենայի կողմից, թե վարչական եւ ուժային որոշակի ռեսուրսների կիրառում հենց ընտրությունների ընթացքում եւ թե դրանց հակահարված տալու բավականին լուրջ վճռականություն: Այս բոլորը միասին բավական լուրջ գործոններ են եւ բոլորը միասին ընտրությունների ելքը բավական անկանխատեսելի են դարձնում: Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին կհաջողվի հենց առաջին փուլով հաղթել, որովհետեւ իսկապես այս կողմից կա վճռականություն եւ հավատ: Սերժ Սարգսյանի մոտ շատ փոքր մարդկանց շրջանակում է վճռականությունը, հավատ բացարձակապես չկա: - Լեւոն Տեր-Պետրոսյանի փաստացի հաղթանակի դեպքում ի՞նչ գործողություններ կորդեգրեն իշխանությունները: Կարծում եք հե՞շտ կհանձնեն իշխանությունը: - Սադրանքներ, իհարկե, կլինեն, բայց մեզ պետք է թե հաղթանակը ֆիքսել, թե սադրանքների դեմն առնել: Իշխանության մեջ եղած մի քանիսի համար սա ոչ թե իշխանության համար պայքար է, այլ ճաղերից այն կողմ չհայտնվելու պայքար, սեփականությունը պահելու համար պայքար: Տեր-Պետրոսյանի հաղթանակի դեպքում մենք նաեւ ստիպված ենք լինելու ընդդիմություն ձեւավորելու մասին մտածել, որովհետեւ իշխանական կողմը պարզապես կհեռանա քաղաքական ասպարեզից. այն, ինչ տեղի ունեցավ Վրաստանում: Այսօր դուք չեք տեսնի Շեւարդնաձեի ջատագով որեւէ մեկին: Իշխանական կողմը հիմնականում «կոնյունկտուրշչիկներ» են, որոնք անմիջապես կվազեն դեպի նոր իշխանությունը` այսինքն` Տեր-Պետրոսյանը: Այլ հարց է` դրանցից քանիսը կընդունվեն: - Այսօր արդեն ընտրակաշառք է բաժանվում իշխանական թեկնածուի օգտին, հանձնաժողովների անդամներին են փորձում կաշառել, դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների արդյունքի վրա: - Որոշակի մեթոդներ կան, որոնցով այդ ամեն ինչը հնարավոր է կանխել եւ այդ մեթոդներից շատ կարեւորն է` վերադարձ դեպի բարոյականությունը: Արդեն քանի-քանի դեպքերի եմ ականատես եղել, որ ընտրակաշառք բաժանողներին անպատվում են, հայհոյում են ու վռնդում են: Այնպես որ, մարդիկ վերագտնում են իրենց բարոյական կերպը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |