“Zhamanak” Armenian-American Political Daily

Պատերազմելով՝ մնալ ժողովրդավարական մոդել

19:34 Yerevan | 15:34 GMT | Sunday 17 February 2008

Արման Նավասարդյան

Արտակարգ եւ լիազոր դեսպան

Հավանաբար դիվանագիտության պատմության մեջ հազվագյուտ երեւույթ է, երբ դարերի խորքից նոր ժամանակներ հասած հնադարյան ժողովուրդը տառացիորեն մի երկու տարվա մեջ անցնում է իրար հաջորդող երեք` նշանակալից փուլեր. ավերիչ երկրաշարժ, պետականության վերագտնում, պատերազմ հարեւան երկրի հետ:

Այս բոլորը բաժին ընկավ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Երկրաշարժի հետեւանքների վերացման խնդիրը` իր հաջողություններով կամ թերություններով հանդերձ, թողնում եմ տնտեսագետներին ու սոցիոլոգներին: Ձեռքի տակ ունենալով վիճակագրական բազային ինֆորմացիա` նրանք դա ինձնից լավ կանեն: Ես կանգ կառնեմ այն տարիներին զուգահեռաբար ընթացող երկու երեւույթների` պետականության հաստատման ու պատերազմի պայմաններում Հայաստանի շուրջ ձեւավորված քաղաքական-դիվանագիտական մթնոլորտի վրա:

Պատերազմական տարիներին սկսված` Հայաստանի անկախության ճանաչման եւ օտար երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ինչպես նաեւ ՄԱԿ-ին եւ միջազգային այլ կազմակերպություններին անդամագրման գործընթացները, իրոք, դարակազմիկ շրջան էին մեզ համար: Արտգործնախարարության գործունեությանը հետեւում էր ողջ ժողովուրդը, մարդիկ ուրախանում եւ ոգեւորվում էին օտար պետությունների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու յուրաքանչյուր առիթով: Հայ առաջին դիվանագետները գործում էին անմիջականորեն նախագահի ցուցումներով: Չունենալով մեծ փորձ եւ հաճախ գնալով էմպիրիկ ճանապարհով` նրանք օգտագործում էին դիվանագիտական ճանաչումը պայմանագրաիրավական բազա ստեղծելու համար: Չեմ հիշում որեւէ դեպք, երբ դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի կնքումը չուղեկցվեր տվյալ երկրի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային, հյուպատոսական եւ այլ փաստաթղթերի ստորագրմամբ: Դրանք, մի կողմից, ոգեւորության, կասեի` էյֆորիայի, մյուս կողմից` քրտնաջան, ստեղծագործ աշխատանքի տարիներ էին: Հիմք էր դրվում անկախ եւ ազատ Հայաստանի դիվանագիտական ծառայությանը: Եվ հաջողությունն ակներեւ էր: 1992 թվականին Հայաստանը մշտական պատվիրակություն գործուղեց Վիեննա` ԵՀԱԿ-ում մեր շահերը պաշտպանելու համար, առաջին հերթին` ղարաբաղյան հիմնահարցում: Ինձ զարմանք էր պատճառում այն բարյացկամ վերաբերմունքը, որը ցուցաբերում էին մեր նկատմամբ մյուս պատվիրակությունները: Իսկ ռուսական, ֆրանսիական, հունական եւ կիպրական պատվիրակությունների հետ մենք համագործակցում էինք սերտորեն: Ամերիկյան պատվիրակության վերաբերմունքը մեր նկատմամբ լոյալ էր: Հոֆբուրգի պալատում, ուր ընթանում էին այդ աշխատանքները, մենք բախումներ էինք ունենում միայն Թուրքիայի պատվիրակության հետ, որը ներկայացնում էր նաեւ Ադրբեջանի շահերը (Բաքուն պատվիրակություն ուղարկեց ավելի ուշ): Որպես Վիեննայում հայկական պատվիրակության առաջին ղեկավար` ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ԵՀԱԿ-ում հայկական կողմը դիտվում էր որպես ագրեսիայի զոհ, իսկ Ղարաբաղը` որպես ինքնորոշման համար պայքարող ազգային փոքրամասնություն: Հայաստանը կռվում էր, սակայն նրան կարծես դա «ներվում էր», իսկ ագրեսոր դիտվում էր միայն Ադրբեջանը: Այսօր, դժբախտաբար, դրությունը փոխված է 180 աստիճանով: Կարող եք հարց տալ, իսկ ինչու՞մն էր մեր հաջողությունը: Ոչ մի գաղտնիք էլ չկար: Կային պատճառներ: Նախ` Լեւոն Տեր-Պետրոսյանի վարած միջազգային քաղաքականությունը հավանության էր արժանանում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կողմից: Հայաստանն անվանվում էր դեմոկրատիայի մոդել, դեմոկրատիայի կղզի: Նախկին խորհրդային հանրապետություններից մեզ համեմատում էին միայն մերձբալթյան հանրապետությունների հետ: Թող տարօրինակ չթվա ասածս, բայց իր տեսակի մեջ կոմլեմենտար քաղաքականություն էր վարում հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Քանի որ այդ քաղաքականությունը հնարավորություն էր ընձեռում նրան հավասարակշռել Հայաստանը Արեւմուտք-Արեւելք աշխարհաքաղաքական ճոճվող նժարների վրա: Նրա պաշտոնական այցելության ժամանակ Վաշինգտոն Քլինթոնը Հայաստանի վարած քաղաքականությունն անվանեց «խիզախ եւ ոգեւորիչ»: Իսկ Եվրոպան, մանավանդ Ֆրանսիան, Հայաստանի նախագահին համարում էր ամենաընդունելին եւ ամենախարիզմատիկը ԱՊՀ-ի երկրների լիդերների շարքում: Սրանք պատմական փաստեր են: Անշուշտ, այս ամենում որոշակի դեր էին խաղում նրա բարոյակամային հատկանիշները, շատ մեծ էրուդիցիան եւ ինտելեկտը, լեզուների փայլուն իմացությունը, անձնական հմայքը:

Իսկ ինչպե՞ս էր արտացոլվում այս ամենը հայ-ռուսական հարաբերությունների վրա: Միանշանակ նորմալ: Լեւոն Տեր-Պետրոսյանը Մոսկվայի հետ հարաբերությունները համարում էր առաջնային եւ զարգացնում էր այդ հարաբերությունները ոչ թե վասալ-սյուզերեն արատավոր հիմքերի վրա, ոչ թե պետական ունեցվածքը շռայլելու եւ կամ ֆորպոստ անվանվելու գնով, այլ սեփական հետաքրքրությունները զարգացնելու եւ փոխշահավետությունը հարգելու սկզբունքների վրա: Չհրաժարվելով դարավոր բարեկամության իրողությունից, բայց երկրորդական պլանի վրա դնելով «օրհնվի էն սհաթը» հուզական նշանաբանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատմության մեջ առաջին անգամ հյուսիսի հետ խոսեց ոչ թե «փոքր» եղբոր թոթով լեզվով, այլ փոխադարձ շահերը հարգելու, իրար օգնելու դիրքերից: Դա համարձակ, շատ համարձակ քայլ էր, կառուցողական դիվանագիտության ֆիլիգրանային հաշվարկ: Նախագահը եկել էր այն եզրակացության, որ, կոպիտ ասած, եթե Ռուսաստանը պետք է Հայաստանին, մենք էլ պետք ենք նրան: Ադրբեջանի եւ մանավանդ Վրաստանի վարած արտաքին քաղաքականության խորապատկերին` Հայաստանը մնում էր միակ կետը, որը կարող էր ապահովել Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում, ինչը օդի եւ ջրի պես անհրաժեշտ էր նրան: Սա դուրս էր գալիս երկկողմ հարաբերությունների շրջանակներից` Մոսկվայի համար դառնալով աշխարհաքաղաքական հիմնահարց: Եվ Երեւանը գնաց ընդառաջ. ապահովեց նրա ներկայությունը տարածաշրջանում, բայց չմոռացավ մեր շահերը եւս: Ավելին` խիստ հետամուտ էր դրանց եւ հաջողում էր բոլոր հարցերում, որոնք, առայժմ, պետական գաղտնիք են եւ չարժե բարձրաձայն խոսել այդ մասին: Հաջորդը: Ռուսաստանը պատերազմում էր Չեչնիայում եւ կանգնած էր հարավում իսլամական հրդեհի բռնկման վտանգի առաջ: Դետոնատոր կարող էր հանդիսանալ Դաղստանը: Հաղթելով Ադրբեջանին` Հայաստանը, փաստորեն, պատնեշեց այդ վտանգը թիկունքից: Ավելին` նա երբեք չդրեց Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման հարցը, ընդհակառակը` դրանց տվեց ռազմական բազայի ստատուս: Էլ չեմ խոսում համագործակցության մյուս ուղղությունների եւ ստորագրված պայմանագրերի մասին: Միայն 97-ին 25 տարով ստորագրված, այսպես կոչված, Մեծ պայմանագիրն ինչ ասես արժե: Այն լայն ճանապարհ բացեց երկու երկրների միջեւ երկար տարիների փոխշահավետ համագործակցության համար: Տերպետրոսյանական շրջանի` Ռուսաստանի հետ հարաբերությունների հաստատումը եւ զարգացումը հատուկ ուսումնասիրման առարկա է: Այն նոր տիպի դիվանագիտություն է, որը փայլուն կերպով իրագործեց առաջին նախագահը: Արդյունքը` օգուտների առումով, դժվար է անգամ հաշվարկել: Եվ հետաքրքիրն այն է, որ աշխարհը, այդ թվում Ռուսաստանի ընդդիմախոս երկրները հասկացան այդ հարցում հայկական դիվանագիտական լեզուն: Առանձին վերլուծության թեմա է պատերազմական տարիներին Լեւոն Տեր-Պետրոսյանի դիվանագիտական գիծը անմիջական 4 հարեւանների նկատմամբ: Մենք դրան դեռ կանդրադառնանք: Միայն հիշենք, որ ծրագրերը, դժբախտաբար, մնացին կիսատ, եւ հուսանք, որ մոտ ապագայում Հայաստանի հիմնադիր նախագահը հնարավորություն կունենա շտկելու տասնամյա բացթողումները:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.