|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Երբ լսողին ասող է հայտնվում19:32 Yerevan | 15:32 GMT | Sunday 17 February 2008Արամ Ամատունի Թեեւ նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավին դեռ մեկ օր կա, այնուամենայնիվ կարելի է արդեն իսկ ամփոփել քարոզչության ժամանակահատվածը` ներառելով նաեւ դրա ոչ պաշտոնական մասում տեղի ունեցած գործընթացները: Հազիվ թե իրավիճակը, որ ձեռք է բերել զարգացման խիստ որոշակի վեկտոր, էական փոփոխություն կրի մնացած քարոզչության օրվա եւ այսպես կոչված` չեզոք 24 ժամերի ընթացքում: Դրա համար առնվազն պետք է լինեն խիստ արտառոց քայլեր, որոնք այս պահի դրությամբ թերեւս ձեռնտու չեն նախագահական ընտրությունների գործընթացի հիմնական մասնակիցներից եւ ոչ մեկին: Իսկ հիմնական մասնակից ասելով երեւի թե այլեւս նկատի են առնվում երկուսը` իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանը եւ միակ ըստ էության ընդդիմադիր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Սակայն այդ իրավիճակին հասանք բավական տեւական պրոցեսի ընթացքում, որը սկսվեց դեռեւս խորհրդարանական ընտրություններից հետո: Գուցե դա շատ հեռու թվա, բայց ներկայիս քաղաքական պրոցեսների արմատները հենց խորհրդարանական ընտրություններում են, ուր քաղաքական դաշտը ենթարկվեց բավական զգալի պարզաջրման` այն իմաստով, որ ըստ էության բացահայտվեց գրեթե բոլոր քաղաքական ուժերի իրական ներուժը: Դրանից ակնհայտ դարձավ, որ ներկայիս քաղաքական դաշտի պարագայում իշխանությունը չունի նախագահական ընտրության ելքի մասին մտահոգվելու որեւէ լուրջ պատճառ: Սակայն եթե իշխանությունների համար այդ իրողությունն ինքնին մահոգիչ չէր, ապա ընդհանրապես երկրի ու պետության զարգացման տեսանկյունից վտանգը թերեւս ակնառու էր: Քաղաքական մրցակցության բացակայությունը երկիրը հասցնելու էր կատարյալ ճահճացման, որովհետեւ լճացումն արդեն իսկ տեւական ժամանակ է, ինչ ակնհայտ փաստ է: Եվ տրամաբանական էր, որ իրավիճակի փոփոխություն հնարավոր է միայն մի դեպքում երբ խաղի մեջ մտնի մի ուժ, որը դուրս է ճահճից: Այսինքն` կամ Հայաստանում պետք է ի հայտ գար բոլորովին երիտասարդ մի քաղաքական ուժ կամ պետք է քաղաքականություն վերադառնար դրանից բավական նկատելիորեն տարանջատված առաջին նախագահը: Զարգացումները վկայել էին, որ այլ տարբերակն ուղղակի բացառվում էր, եթե իհարկե իշխանություններն իրենք չորոշեին ստեղծել այդ այլընտրանքը: Բայց դա խիստ տեսական դատողություն է, որովհետեւ իշխանությունները չունեն որեւէ շահագրգռություն իրենք իրենց կյանքը բարդացնելու հարցում: Նոր, երիտասարդ քաղաքական ուժի ի հայտ գալը որքան էլ տարբերակներից լավագույնն էր, այնուամենայնիվ երեւի թե ամենից անիրատեսականը, որովհետեւ Հայաստանի ներկայիս քաղաքական միջավայրում որեւէ նոր քաղաքական ուժի ձեւավորումը գործնականում անիրականանալի է, քանի դեռ դաշտը չի մաքրվել: Իսկ դաշտը մաքրելուն ունակ է թերեւս այն քաղաքական ուժը, որը ծանոթ է ներկայիս իրավիճակի առաջացման նրբերանգներին: Կասկածից վեր է, որ եթե ոչ ամենաքաջատեղյակը, ապա դրանցից մեկը հենց հանրապետության առաջին նախագահն էր: Իսկ քանի որ մնացյալ այն գործիչները, որոնք կարող էին համարվել դաշտը մաքրելու ունակ քաջատեղյակ հավակնորդներ, տարիների ընթացքում կամա թե ակամա հայտնվեցին ճահճի մեջ, հետեւաբար օբյեկտիվ իրականություն էր, պատմական անխուսափելիություն, ժամանակի ու տարածության չգրված կանոն, որ քաղաքականություն պետք է վերադառնար առաջին նախագահը: Դա պահանջում էր իրավիճակը: Ոչ նախագահի կամքը, ոչ նրա շրջապատի կամ հասարակության պահանջմունքները, ոչ հայրենիքի փրկության գործը: Դա պահանջում էր ժամանակի ու տարածության կանոնը, այլապես Հայաստանի համար թե ժամանակն էր կանգ առնելու, թե տարածությունն էր սկսելու փոքրանալ: Սա գուցե կարող է թվալ չափազանցություն, բայց այդ դեպքում չափազանցություն պետք է համարել նաեւ այն մտահոգությունները, որ առկա են երկրի զարգացման ճանապարհին հառնած սոցիալ-տնտեսական, բարոյաքաղաքական, հոգեբանական խնդիրների առնչությամբ: Մինչդեռ դրանք չեն կարող լինել չափազանցություն, քանի որ ինչ-որ տեղ անգամ իշխանությունն այլեւս չի կարողանում չընդունել առկա իրավիճակի ծանրությունը, այլապես չէր խոսի, իհարկե առավելապես ձեւական առումով, բայց անհրաժեշտ համակարգային փոփոխությունների մասին: Մինչդեռ իշխանության հռչակած այդ փոփոխությունները սկսեցին իրականություն դառնալ հենց առաջին նախագահի քաղաքական վերադարձի շնորհիվ: Ինչ տեղի ունեցավ այն պահից ի վեր, երբ ասպարեզ եկավ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Զուտ սոցիալ-տնտեսական առումով թերեւս ոչինչ, քանի որ դրա համար անհրաժեշտ են իշխանական լծակներ, թեեւ կարելի է համարել նաեւ, որ փոփոխությունն առկա էր այդ տեսանկյունից, քանի որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը չձեւավորեր հզոր հասարակական Շարժում, ապա իշխանությունը ստիպված չէր լինի մի քանի անգամ բարձրացնել ընտրակաշառքների շեմը: Դա իհարկե որպես կատակ: Իսկ եթե լուրջ, ապա ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձից հետո Հայաստանում երկար տարիների ընդմիջումից հետո սկիզբ առավ քաղաքական պրոցես: Այլ հարց է, որ այդ պրոցեսին անպատրաստ գտնվեցին բոլորը` թե իշխանությունները, թե ընդդիմություն համարվող քաղաքական ուժերը եւ թե միջանկյալ կեցվածք ընդունած Դաշնակցությունը: Նրանց ներուժը բավականացրեց առաջին մի քանի օրերի ու շաբաթների համար, իսկ հետո այլեւս ակնհայտ էր, որ երկրում քաղաքականությամբ զբաղվում է մի ուժ` առաջին նախագահը, իսկ մնացածներն արդեն սկսեցին ցուցաբերել ինքնապաշտպանական բնազդներ, ինչը Հայաստանի քաղաքական դաշտում արտահայտվում է իշխանության հետ պայմանավորվածությունների գնալու պատրաստակամությամբ: Եվ որքան ուժգնանում էր առաջին նախագահի գլխավորած Շարժումը, ըստ էության քաղաքականից արդեն վերածվելով քաղաքացիականի, այդքան ավելի էր քաղաքական կոչվող դաշտը սեղմվում: Դրանով ակնհայտ էր դառնում երկրում բարոյաքաղաքական իրավիճակի փոփոխությունը, որն, ինչ խոսք, համակարգային փոփոխության ամենից կարեւոր նախադրյալն է: Հենց դրա պտուղներն են այն իրողությունները, որ ընդամենը մի քանի ամիս առաջ իշխող համակարգի անբաժանելի մաս դիտվող գործիչներն ու միավորները այժմ արդեն համարձակ հայտարարում են Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու մասին: Այսինքն` համակարգն այլեւս գոյություն չունի, համենայնդեպս իր նախկին տեսքով: Եվ պակասել են բավական օրգանական միավորներ, որոնք անկասկած դիտվում էին որպես համակարգի պատվարներ, մինչդեռ այժմ անդամակցում են քաղաքացիական շարժմանը: Եվ այն պնդումները, որ Շարժմանը չմիանալը դավաճանություն է կամ եթե դա խիստ է ասված, ապա, առնվազն, պատեհապաշտություն եւ իշխանության հետ ակամա գործակցություն, ամենեւին էլ շանտաժ չեն: Դրանք պարզապես արտացոլում են իրականությունը, ընդ որում` այն իրականությունը, որը դառն է առաջին հերթին այն չմիացողների համար, որովհետեւ չմիանալու դեպքում նրանք կարող են լինել լավագույն դեպքում երկրորդը, ինչպես նրանց խոստանում են իշխանությունները, մինչդեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը առաջինը լինելն էր: Քաղաքացիական շարժումը նրանց տալիս է առաջինը լինելու հնարավորություն, ինչպես բոլոր քաղաքացիներին: Ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք քաղաքական դաշտի հոգեբանական բարդույթների հետ: Մշտապես խաղալով երկրորդ ջութակի դերում, մշտապես լինելով իշխանական սցենարների սպասարկուն` քաղաքական դաշտում ձեւավորվել է մի հոգեբանություն, որ գուցե նրանց թույլ չի տալիս հավատալ առաջինը լինելու հնարավորությանը: Իսկ այն քաղաքական ուժը, որ չի հավատում առաջինը լինելու հնարավորությանը, ոչ միայն պիտանի չէ քաղաքական պրոցեսների համար, այլ, նույնիսկ, կարող է դառնալ դրանց էական խոչընդոտ: Լեւոն Տեր-Պետրոսյանի ինչ-որ տեղ ուլտիմատիվ տոնն այդ ուժերին ունի նրանց համար իրավիճակը ամբողջապես բացատրելու նպատակ: Ի վերջո, Լեւոն Տեր-Պետրոսյանի Շարժման ուժն էլ այն է, որ նա որեւէ մեկին չի խոստանում լինել երկրորդը, երրորդը, չորորդը կամ հինգերորդը, այլ բոլորին ապահովում է առաջինը լինելու հնարավորություն: Եվ հարցն իսկապես ձեռք է բերում որոշակի կատեգորիկ երանգ: Այո, եթե բոլորը լինելու են առաջին, ապա երկրորդի խնդիր չկա, այլ կա ընդամենը դաշտում լինել-չլինելու հարց: Եվ այդ տեսակետից Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձը արդեն իսկ կատարել է անգնահատելի դեր` բացահայտելով քաղաքական դաշտը, այն ի ցույց դնելով հանրության առաջ, այսինքն` բացելով համակարգը: Դա է այն հաղթանակը, որի մասին հայտարարում է առաջին նախագահը: Այսինքն` նա արդեն իսկ հաղթել է համակարգին, ստիպելով նրան բացվել ժողովրդի առաջ, իհարկե այդ բառի ոչ ֆիզիկական իմաստով: Պետք է արձանագրել, որ քարոզարշավի պաշտոնական մեկ եւ ոչ պաշտոնական երկու-երեք ամիսները, ըստ էության, դարձան Հայաստանի անցած տասնամյակի խտացված մանրակերտը, երբ իշխանությունն ու քաղաքական ուժերը շատ կարճ ժամանակում ընդհանուր առմամբ դրսեւորեցին այն, ինչ կատարել էին վերջին տասը տարիներին: Իսկ դրան հասնելն անհրաժեշտ էր հասարակության մոտ պատկերն ամբողջական եւ խոսքը ընկալելի դարձնելու համար: Իսկ երբ խոսքը դառնում է ընկալելի, ապա գործն այլեւս անխուսափելի է, այլապես ժամանակը կանգ է առնում, իսկ տարածությունը սկսում փոքրանալ: Բայց հենց դա թույլ չտալու համար են գալիս` թեկուզ ուշ-ուշ, բայց երբեք ոչ` ուշացած: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... Քաղաքական«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |