“Zhamanak” Armenian-American Political Daily

Հունվարի 21-ից հետո եւ փետրվարի 19-ից առաջ

19:31 Yerevan | 15:31 GMT | Sunday 17 February 2008

Հեղինե Մանուկյան

Եվս մեկ օր, ու կավարտվի փետրվարյան սառնաշունչ ու միաժամանակ թեժ քարոզարշավը:

Փետրվարի 18-ն այն միջանկյալ ժամկետն է քարոզարշավի անցած 28 օրերից հետո ու փետրվարի 19-ից առաջ, որի ընթացքում պետք է որ ֆիլտրացիայի ենթարկվեն 1998-ից այս կողմ տեղի ունեցած անցքերի ու իրադարձությունների արդյունքում արձանագրված զարգացումները, դրանցից բխող առկա իրավիճակն ու այդ իրավիճակին ադեքվատ հույզերը, քանի որ հաջորդ օրը վճռվելու է մեր պետության առաջիկա 5 տարիների ապագան: Հավանաբար հենց այդ օրը Հայաստանն իրոք «կբացի աչքերը», «Վահանի ու մյուսների հետ» վերջապես «ազգային համաձայնության» կգա, «կհիշի անցյալը» ու կզգա, որ հասունացել է ոչ թե լլկվելու ու «հարմարվելու», այլ վճռականության գնալու` «փոխելու» պահը: Այդժամ արդեն պարզ կդառնա, որ «առաջ» արձանագրելու, «արարելու» եւ առհասարակ մնացած ամեն ինչի համար պետք է նպաստենք այն համոզվածության ձեռքբերմանը, որ հաջորդ օրը` փետրվարի 19-ին «հաղթելու ենք»: Մենք ամփոփել ենք քարոզարշավի անցած 20-օրյակի արդյունքները, հերթը հիմա վերջին շաբաթվանն է: Անկեղծ ասած` վերջին շաբաթն իր հիմնական գծերով ու տոնայնությամբ կրկնում է անցած քսանօրյակը, եւ այն ակնկալիքները, թե գոնե վերջին մի քանի օրերին թեկնածուները կոմպրոմատային պայքարից անցում կկատարեն գաղափարական պայքարի հարթություն` տեղի չունեցավ: Ցավոք, այդ պայքարը` մեղադրանք-արդարացում հերթափոխությամբ շարունակվում է նաեւ այս օրերին, որը հոգեւոր թունավորումից զատ, ոչ մի կազդուրիչ ազդեցություն չի թողնում ընտրազանգվածի վրա: Անցած հնգօրյակի ամենացնցող բացահայտումներն ու գործողությունները նորից կապված էին Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Վերջինս փետրվարի 9-ին տեղի ունեցած իր հանրահավաքում բացահայտեց իշխանությունների` որպես ԼՂՀ լուծման տարբերակ Մեղրին Լաչինով փոխանակելու հետ կապված ոչ վաղ անցյալի մտադրությանը: Պարզվեց նաեւ, որ այդ մտադրությանը խոչընդոտելու հանգամանքով էր պայմանավորված հոկտեմբերի 27-ը: Իսկ ամենաինտիգային գործողությունը Լեւն Տեր-Պետրոսյանի` Մոսկվա կատարած այցն էր, որի առեղծվածը բացահայտելու փորձեր արվեցին ամենատարբեր մակարդակի, «կալիբրի», ծագման ու նշանակության գործիչների կողմից: Չարժեր, քանի որ ակնհայտն ապացուցման կարիք չունի: Անցած հնգօրյակում իրենց «ոգին փորձության» ենթարկեցին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Հակոբ Հակոբյանն ու Սասուն Միքայելյանը եւ արդյունքում որոշեցին սատարել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Վերջինիս սատարելու մտքին հանգեցին նաեւ «Ժառանգություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցություններն ու այսպիսով Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերի թիվը դարձավ 23: Դատելով մյուս թեկնածուների պահվածքից ու քարոզարշավի անցկացման մարտավարությունից` վերահաստատվում է այն իրողությունը, որ նախընտրական պայքարն ընթանում է երկու` Սերժ Սարգսյան-Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Սերժ Սարգսյան գումարած մյուս յոթ թեկնածուները-Լեւոն Տեր-Պետրոսյան ճակատներով: Ընդ որում` նախագահացուներից ոմանք խիստ պարտաճանաչ են կատարում «կենտրոնի» կողմից իրենց տրված առաջադրանքը` հնարավորինս հաճախակի ու տարբեր ուղղություններվ հրետակոծել Լեւոն Տեր-Պետրոսյան «օբյեկտը»: Նշենք, որ առաջադրանքը տեխնիկական մասով փայլուն է կատարվում` «ցուրտն ու մութը» պատկերող «ճաշակով» ընտրված կադրեր, հիանալի «արանժիրովկա»` «համբարձում յայլա, յայլա ջան յայլա»-ի ոճով: Միայն թե դրանց ազդեցությունը գրեթե զրոյական է, քանի որ գործի դրված փամփուշտները դատարկ են, հետն էլ ժանգոտած, հետեւապես առողջության համար վտանգ չներկայացնող: Արամ Հարությունյանն, օրինակ, իր քարոզարշավը սկսեց ակումբներում` գրեթե միշտ նույն` «հակալեւոնական» «բաների» մասին խոսելով, հետո այդ նույն «բաները» փորձեց քարոզել ակումբներից դուրս գալով մարդամեջ: Սակայն հեքիաթասացի նրա տաղանդն այդպես էլ չբավարարեց իրեն լսողներին մինչեւ «...երկնքից երեք խնձոր ընկավ»-ը պահելու համար, որովհետեւ պարզ էր, թե ով եւ քանի հատ խնձոր է գցելու երկնքից եւ ում են հասնելու այդ խնձորները: Ի դեպ, Հարությունյանի քարոզչական հոլովակի հեղինակին եւս, որպես հատուցում` Հայաստանի քարտեզը Ադրբեջանի քարտեզի գույներով ներկելու մտահղացման դիմաց: Դաշնակցական նախագահացու Վահան Հովհաննիսյանը համառորեն շարունակում է իր հետ կապել մեր երկրի ապագան ու դաշնակցականին հատուկ ոխերիմ տոնով «ոչ» է ասում նախկիններին էլ, ներկաներին էլ: Մերժում է նախկինների «ջարդենք-փշրենք»-ը, «ներկաների»` ապաշնորհությունը (չնայած «ներկայի» կարգավիճակ ունի), մոռանալով որ ինքն էլ այսկերպ «ջարդենք-փշրենք» է քարոզում, միայն թե «դաշնակցականավարի»: Ընդ որում` վերջին մի քանի օրերին Հովհաննիսյանի տոնն էլ ավելի կծու է դարձել. «Նախկին իշխանության ժամանակ ձեւավորված արատների («լկտի ու կաշառակեր չինովնիկներ», «այսօր իրենց ֆինանսական կլաններ անվանող կիսագողական թայֆաներ») անցյալից գալը չի արդարացնում դրանց գոյությունն այսօր: Այսօրվա իշխանության մասին խոսենք: Այս ինչ աստիճանի զզվանք պետք է արդեն առաջացնես սեփական ժողովրդիդ մեջ, որ սեփական ժողովուրդդ այսօրվա վատից փրկվելու համար գնում է դեպի վատագույնը», - նախորդ օրը Վայոց ձորում իր նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ թեկնածուն:

Ի դեպ, փետրվարի 7-ին Հովհաննիսյանը հանրահավաք հրավիրեց Ազատության հրապարակում եւ իր ելույթի վերջում ամոթանք տվեց այդ ձյուն-ձմեռնոցով հրապարակում հավաքված մարդկանց` «եթե այս անգամ էլ չհաջողենք»: Այս շաբաթ վերջապես ցրվեց Արթուր Բաղդասարյանի նախընտրական մարտավարության մշուշը, Լ.Տեր-Պետրոսյանի հետ հնարավոր միավորման շուրջ տարվող բանակցությունները վիժեցվեցին: «...Նույն հաջողությամբ ես կարող եմ ասել` ով ինձ չի միանում, ուրեմն դավաճանություն է անում, ուրեմն Սերժի կամ Ռոբերտի հետ է: Այսօր «Հայոց աշխարհ» թերթը նույն հաջողությամբ դատափետում է ինձ, ինչպես որ «Հայկական ժամանակ» թերթը: Այսինքն` եւ Սերժ Սարգսյանը, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը... Ես չգիտեմ, ուղղակի ինչ-որ խուճապային տրամադրությունների մեջ են նրանց թիմերը», - ինքն իրեն փրկելու փորձ էր արել Արթուր Բաղդասարյանը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում: Ի դեպ, այս շաբաթ վերջապես կայացավ Սերժ Սարգսյանի «կոնտր» այցը «Բերմուդյան եռանկյունու» համբավ ունեցող Արտաշատ քաղաք` այն էլ «Սուրբ Վալենտինի» օրով: Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը լավագույնս հոգացել էր Սերժ Ազատիչի հետ հանդիպումը հնարավորինս ճոխ կազմակերպելու համար: Հանդիպումը ճոխ էր եւ բազմամարդության` եկել էին մարզի բոլոր հիմնարկ-ձենարկություններն իրենց ողջ անձնակազմով, եւ արարողակարգային առումով` փուչիկներ, դրոշակներ, բաղաձայն գոռում-գոչյուններ, հրավառություն, մի խոսքով` իսկական մայիսմեկյան «պառադ»: Հենց այդ հանդիպման ժամանակ էր, որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ մեղանչեց` «ովքեր որ ստիպողաբար են ինձ հետ հանդիպման եկել, կարող են գնալ»: Ոչ ոք ռիսկ չարեց գնալ, թեեւ արժեր, որ Ս.Սարգսյանի հորդորին անսային հարսանեկան թեթեւ շորեր հագած նորահարսները, որոնք իրենց նորափեսա ամուսիների հետ եկել ու սպասում էին, թե երբ է Սերժ Սարգսյանն իր ելույթն ավարտելու, որ, ըստ սցենարի, վերջինիս հետ «տրնդեզի» օրվա կապակցությամբ վառվելիք կրակի շուրջ 7 անգամ պտտվեն ու իրենց միսիան ավարտած տուն գնան: Սերժ Սարգսյանն, ի դեպ, արտաշատցիներին շնորհակալություն հայտնեց այն բանի համար, որ իր հետ հանդիպման ընթացքում վերջիններս «չգնացին սադրանքի», ինչպես որ տեղի ունեցավ իր գլխավոր ախոյանի` Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ: Ի դեպ, այդ սադրանքի հեղինակները թեեւ հայտնի են, սակայն մինչեւ այժմ պատժված չեն` պատասխանատուների հրահանգով:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.