|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Շախ` ավազակապետությանը, մատ եւ նոքաութ` Սերժին19:30 Yerevan | 15:30 GMT | Sunday 17 February 2008Արմեն Օհանյան Այսօր, երբ անխուսափելի է Հայաստանի շրջադարձը դեպի բնականոն, ժողովրդավարական զարգացման ուղի, երբ ժողովուրդն արդեն հստակ որոշել է ոչ թե դիմանալ, այլ ընդդիմանալ, կան դեռեւս հասարակ մարդիկ, որ ժամ առաջ ներկայիս իշխանություններից ազատվելու կարոտով են ապրում, բայց չեն ուզում հավատալ իրենց սեփական հաղթանակին եւ պատսպարվել են հոռետեսություն կոչվող վերջին ապաստարանում: Պեսիմիստ լինելը ձեռնտու է. լավ բան չես սպասում, չի լինում, ու քանի որ չէիր սպասում ու չի լինում` ամեն ինչ նորմալ է, եւ հիասթափվելու առիթ էլ առանձնապես չկա: Հոռետեսը միշտ ինքնարդարացման տեղ է թողնում. ասում էի չէ՞` բան դուրս չի գա: Ասելիքս պարզ է. վատին էնքան ենք սովորել, որ լավին դժվարությամբ ենք հավատում: Հուժկու համաժողովրդական Շարժման հաղթանակը կասկածի տակ դնողները երեք օրից հայտնվելու են գյումրեցի Սուսիկի վիճակում: Պարզաբանեմ (ի դեպ սա իրական պատմություն է). գյումրեցի Սուսիկին ֆրանսիացի փրկարարները գտնում են երկրաշարժից օրեր անց ողջ եւ առողջ եւ նույնիսկ գիտակից վիճակում ու փորձում են դուրս հանել փլատակներից, իսկ նա դիմադրում է: Գտնում բերում են ամուսնուն, որը մի կերպ է համոզում, որ կինը դուրս գա: Շոկ է` մտածում են ֆրանսիացիները, բայց Սուսիկը հետագայում պատմում է, որ չի հասկացել, թե երկրաշարժ է եղել, կարծել է` թուրքերն են մեզ խփել, ու սուսիկ-փուսիկ մնացել է փլատակների տակ, հետո էլ օտար ձայներ է լսել ու վախեցել, որ թուրքերն իրեն գտան իր թաքստոցում, անգամ երբ ամուսինն է եկել իրեն դուրս բերելու, երկմտել է, ասում է` փորձում էի հասկանալ նա դեռ մեր կողմն է, թե արդեն անցել է նրանց կողմը: Սուսիկը պատմել է, անգամ այդ ծանր օրերին իրենց հատուկ հումորի զգացողությունը չկորցրած գյումրեցիները ծիծաղել են, իսկ ֆրանսիացիները էդպես էլ չեն հասկացել... Հուսով եմ` դուք ինձ հասկացաք: Նրանք, ովքեր դեռեւս չեն հաղթահարել կասկածն իրենց մեջ, վաղն ակամայից նմանվելու են միամիտ Սուսիկին: Պետք չի «սուսիկություն» անել, որովհետեւ եկել է պեսիմիզմի թաքստոցից դուրս գալու ժամանակը: Կարիք չկա ոչ մի հրաշք կամ փորձանք սպասելու, որովհետեւ այսօր արդեն հստակ երեւում է հուսալի ապագայի հեռանկարը եւ այն լավատեսական է: Գոյապայքարը չի մեր սովորական առօրյան, այլ արժանապատիվ, բարեկեցիկ կյանքը: Վատը չի մեր նորման, այլ` լավը, որ պիտի դառնա սովորական: Վաղվա Հայաստանը կլինի հանգիստ ու խաղաղ, արդար հատուցման ու լավատեսության, հեռանկարների ու իրականացվող երազանքների, հավասար հնարավորությունների երկիր: Երբ հոռետես հայրենակիցներս ինձ հարցնում են, թե` տղա ջան, բայց Տեր-Պետրոսյանը կարա՞ սրանց հախից գա, քշի սրանց, ախր սրանց դեմ խաղ չկա, կարճ պատասխանելու համար նրանց միշտ ասում եմ` կա, սրանց դեմ մի խաղ կա, որ կոչվում է շախմատ, որտեղ հաղթում են առանց զենքի` միայն խելքով: Ու հիմա շախմատային մի իրավիճակ է ստեղծվել, որտեղ մատն անխուսափելի է: Մենք հաղթելու ենք, որովհետեւ Տեր-Պետրոսյանը սրանց էնքան շախեր է տվել, որ էլ փախչելու տեղ չունեն, հիմա միասին մատ ենք անելու: Առավել կասկածամիտները երբեմն ինձ հակադարձում են նախագահ Տեր-Պետրոսյանի խոսքերով, թե մենք շախմատ ենք խաղում, իսկ իրենք` բոքս: Պատասխանս մեկն է` բոքսի մեջ էլ շախմատ կա, հաշվարկ կա, եւ ռինգում մեր քաշային առավելությունն այնքան ակնհայտ է, որ Սերժի նոք-դաունն ու նոք-աութը ապահովված են, իսկ թե չեք հավատում` նայեք Ազատության հրապարկի հանրահավաքների կադրերը եւ ինքներդ տեսեք, թե ինչ ուժի դեմ է փորձում ռինգ դուրս գալ վտիտ եւ փոքրամարմին Սերժը: Մեծ հաշվով Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն հաղթել է: Պատմության դասագրքերում «առաջին նախագահ»-ի կողքին դրվելու է ստորակետ ու նշվելու է իր անունը` որպես այս իշխանությունների հակաժողովրդական, անմարդկային, ավազակային էության ծանրակշիռ քննադատի: Իր կենդանության օրոք հասցրել է մարդկանց համար մութ մնացած եւ իր դեմ օգտագործվող բոլոր մեղադրանքներին հրապարակային պատասխաններ տալ, իսկ իր առաջ քաշած մեղադրանքներն այդպես էլ մնալու են Ռոբի ու Սերժի գլխին կախված ու անպատասխան: Այսքանը լիուլի բավարար է ավազակապետական բուրգի հիմքերը այնքան ուժգին ցնցելու համար, որ վաղն այն անխուսափելիորեն փլվի: Կազմաքանդման գործընթացը սկսված եւ արդեն անդառնալի է: Լեւոն Տեր-Պետրոսյանը շախմատային հաջորդականությամբ հաշվարկված քայլերով փակուղի է մտցրել ավազակապետությանը ու մեզ մնում է մի քայլ. ՄԱՏ ԱՆԵԼ Սերժ Սարգսյանին` ազգովին, փետրվարի 19-ին: Ուրեմն այս ընտրություններում հաղթելու է ոչ թե որեւէ թեկնածու, այլ մենք` Հայաստանի քաղաքացիներս: Հաղթելու ենք մենք, որ ասում ենք Հայաստանն արժանի է ավելիին, որովհետեւ ժողովուրդն արժանի է ավելիին, քան ինքն ունի, իսկ մեր ունեցած ավազակապետական իշխանություններին մենք հաստատ արժանի չենք: Ուրեմն խնդիրը մեկն է` ազատվել Ազատիչից, լուծումը շատ պարզ` ամեն մեկս իր ձայնով պետք է մերժի Սերժին: Մենք հաղթելու ենք, բաց չենք թողնելու համազգային համախմբան մեզ ընձեռված հնարավորությունը, որովհետեւ մեր պայքարն ազնիվ է եւ ունի մեկ հստակ նպատակ` վաղն ապրել նորմալ երկրում: Իրոք որ, առաջ Հայաստան, էսօրվա ավազակապետությունից վաղվա` ՆՈՐՄԱԼ ԵՐԿԻՐ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |