|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Որոշ ընդհանրացումներ19:27 Yerevan | 15:27 GMT | Sunday 17 February 2008Արմեն Գրիգորյան Նախընտրական քարոզչությունն ընդհուպ մոտեցավ սահմանագծին. հաշված օրեր անց Հայաստանի քաղաքացիները քվեարկելու են` հօգուտ ազատության եւ արժանապատվության, մինչդեռ ազգի տականքն իր վերջին կռիվն է տալու` հանուն թալանելու եւ կեղեքելու իր «իրավունքի»: Կարելի է նշել, որ մենք արդեն հաղթել ենք` թեկուզ այն իմաստով, որ ներկայումս ապրում ենք մեկ այլ երկրում, քան այն, որը եղել է մինչեւ 2007թ. սեպտեմբերի 21-ը: Մինչ այդ օրը Հայաստանում վախի մթնոլորտ էր տիրում, շատերին թվում էր, թե քոչարյանասերժական ավազակապետության մղձավանջը դեռ տասնամյակներ էր տեւելու, իսկ տարածաշրջանային եւ գլոբալ գործընթացներից առավել լավատեղյակները գիտակցում էին պետականությանը սպառնացող վտանգը: Երկար տարիներ շարունակ արդյունքի հասնելու անընդունակ ընդդիմությունն էլ, թվում էր, շունչը վերջնականապես էր փչել` մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Սակայն սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ հույսի եւ հավատի վերադարձ. դա հնարավոր եղավ Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկ ելույթով: Այնուհետեւ բոլորս ականատես դարձանք մի նոր իրականության. չնայած ավազակապետական քարոզչամեքենայի բազմամյա աշխատանքին` ուղղված անձամբ հիմնադիր նախագահի եւ իր զինակիցների դեմ, սկսվեց ընդդիմադիր ուժերի միավորման մի անկասելի գործընթաց: Միաժամանակ հասարակությունում սկսեցին թուլանալ վախի եւ հուսալքության զգացումները: Լ.Տեր-Պետրոսյանի յուրաքանչյուր քայլ նոր ուժ է հաղորդում թափ առնող ազգային-ազատագրական շարժմանը` միաժամանակ վախ ներշնչելով ավազակապետության պարագլուխներին ու սպասավորներին, ովքեր իրականում պիտի մշտապես ապրեին այդ զգացմամբ. ինչպես ժողովուրդն է ասում` «գող` սիրտը դող»: Ինչպես արդեն նշվել է` Լ.Տեր-Պետրոսյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն տեղի ունեցավ այն պահին, երբ ավազակապետական վարչախմբի վերարտադրությունը լրջագույն վտանգ էր դարձել երկրի ապագայի համար: Կարելի է որոշ զուգահեռներ անցկացնել Լ.Տեր-Պետրոսյանի եւ քաղաքակրթության գոյության համար վճռորոշ պահերին առաջնորդությունը ստանձնած այլ գործիչների միջեւ: Օրինակ` Ու.Չերչիլը մի եզակի հեռատես պետական այր էր, որը դեռեւս վաղ երեսունականներից անընդհատ զգուշացնում էր նացիզմի վտանգավորության մասին, սակայն նրա տեսակետն անուշադրության էր մատնվում: Սակայն տարիներ անց, երբ Բրիտանիան ներքաշվեց Երկրորդ աշխարհամարտի մեջ, չնայած Ն.Չեմբերլենի Հիտլերի հետ կնքած ամոթալի համաձայնագրերին, հենց Ու.Չերչիլի պետության ղեկին կանգնելով հնարավոր դարձավ Բրիտանիայի ազատության եւ պատվի փրկությունը: Մեկ այլ մեծ քաղաքական գործիչ, որին բախտ էր վիճակվել առաջնորդությունը ստանձնել բարդ իրավիճակում եւ հասնել ամենատպավորիչ արդյունքների, Ռ.Ռեյգանն էր: Ութսունականների սկիզբը ծանր ժամանակաշրջան էր. խորհրդային զորքերն Աֆղանստանում էին, Իտալիայում եւ Արեւմտյան Գերմանիայում ակտիվ գործում էին խորհրդային հատուկ ծառայությունների կողմից ֆինանսավորվող կոմունիստական ուղղվածության ահաբեկչական խմբավորումները, նույն հատուկ ծառայությունների կողմից ուղղորդվող «պացիֆիստները» եւ «բնապահպանները» ռազմակայաններ եւ ատոմակայաններ էին շրջափակում եւ միակողմանի զինաթափման օգտին քարոզչություն իրականացնում` թուլացնելով Արեւմուտքի պաշտպանունակությունը: Ռ.Ռեյգանն այն գործիչն էր, որը ոչ միայն ունակ գտնվեց հրաժարվելու «լարվածության թուլացման» երկարամյա մոլորությունից, այլեւ կարողացավ իր ետեւից տանել ազատ աշխարհի տարբեր երկրների գործիչների` նպաստելով ԽՍՀՄ-ի փլուզմանը, Արեւելյան Եվրոպայի ազատագրությանը եւ միջուկային պատերազմի վտանգի չեզոքացմանը: Բացի այդ, ութսունականներին սկսված տնտեսական ճգնաժամին Ռ.Ռեյգանն արձագանքեց ոչ թե տնտեսությունում պետության դերի ուժեղացմամբ, այլ ընդհակառակը` ազատականացմանն ուղղված միջոցառումներով, ինչը թույլ տվեց կարճ ժամանակաշրջանում ապահովել աննախադեպ տնտեսական աճ: Այսպիսով, կարելի է փաստել, որ Ու.Չերչիլն ու Ռ.Ռեյգանը 20-րդ դարի մեծագույն առաջնորդներից էին, առանց որոնց դժվար է պատկերացնել արեւմտյան քաղաքակրթության պահպանումն ու զարգացումը: Ինչ վերաբերում է Լ.Տեր-Պետրոսյանին` նրան բախտ է վիճակվել հայ ժողովրդին առաջնորդել թե 20-րդ դարում` դեպի պետականության վերականգնում եւ Արցախի ազատագրում, թե 21-րդ դարում` դեպի ազատության եւ արժանապատվության վերանվաճում, ինչպես նաեւ ապագա բարօրություն: Հարկ է նկատել, որ հիմնադիր նախագահի յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր արտահայտություն հստակորեն հաշվարկված ու հավասարակշռված է` լինի դա ելույթ հանրահավաքում, հանդիպում դիվանագետների հետ, թե վերջերս Մոսկվա կատարած այցը: Վերջին օրերին ասվածից ուշադրության է արժանի մասնավորապես այն հայտարարությունը, որ ընտրակեղծիքների մասնակիցների վրա առաջիկա համաներումը չի տարածվելու: Իսկապես, յուրաքանչյուր պետական ծառայող, ոստիկան, թաղապետարանի աշխատակից, ընտրական հանձնաժողովի անդամ դեռ հնարավորություն ունի փետրվարի 19-ին կանգնելու ժողովրդի կողքին. այնուհետեւ գալու է մեղավորների հատուցման ժամը: Թե իրավական, թե բարոյական առումներով անհրաժեշտ է, որ ավազակապետության յուրաքանչյուր սպասավոր ստանա իր պատիժը: Կրկնենք` սա ազգային-ազատագրական պայքար է, եւ նրանք, ովքեր հավատարմորեն ծառայում են զավթիչներին` ոչ թե պարզապես մոլորյալներ են, այլ կոլաբրացիոնիստներ: Լ.Տեր-Պետրոսյանի վերադարձը ապագա ընտրելու հնարավորություն է ստեղծել: Այժմ հնարավոր է վերականգնել մեր երկրի միջազգային վարկանիշը, հասնել ղարաբաղյան հիմնահարցի նպաստավոր լուծմանը, քայլեր կատարել այսօրվա եւ ապագա սերունդների բարօրությանը հասնելու համար: Մենք` հանուն ազատության պայքարի ելած քաղաքացիներս, առաջիկա օրերին պատրաստ ենք ուժերի գերագույն լարման: Մեր զգոնությունը չպիտի թուլանա այն պատճառով, որ ավազակապետության սպասավորներն արդեն հուսահատությունից ելնելով իրենց ազգականներին են օգտագործում ամենակոպիտ սադրանքների համար` լինի փոխվարչապետ Հ.Աբրահամյանի եղբորորդին, թե ԱԱԾ ղեկավար Գ.Հակոբյանի մորաքրոջ որդին: Նրանք ունեն բավականաչափ ուժ եւ անսպառ ստորություն` մեր կամքին բռնանալու հերթական փորձը կատարելու համար: Սակայն բառափոխելով Ու.Չերչիլի` իր երկրի համար ճակատագրական պահին արված արտահայտությունը, կարող ենք ասել` մենք պայքարելու ենք ընտրական տեղամասերում, մենք պայքարելու ենք դատարաններում, մենք պայքարելու ենք փողոցներում եւ մենք երբեք չենք հանձնվի: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |