“Zhamanak” Armenian-American Political Daily

Վահան Հովհաննիսյանը «ճղելու» ցանկություն ունի

19:22 Yerevan | 15:22 GMT | Sunday 17 February 2008

Հեղինե Մանուկյան

Երեկ մի խումբ կանայք ու աղջիկներ, այլեւս հոգնած ընտրապայքարի ելած տղամարդկանց վարքից ու բռնած դիրքից, «Ոչ խարդավանքներին», «Ոչ ընտրակեղծիքներին» գրություններով ցուցապաստառներն առել ձեռքներին ու երթ էին կազմակերպել, որ ասեն իրենց սրտի ասելիքը` «Կանգ առեք, եղբայրներ, մի կոտորակվեք անցողիկ սնափառությունների եւ իշխանատենչության թոհուբոհում: Ընտրություններով կյանքը ոչ սկսվում է, ոչ էլ վերջանում»:

Երթը նախաձեռնել էր ՀՕՄ-ը` «Հայ օգնության միություն», որի ատենապետուհին ՀՅԴ-ական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանն է, որի սիրտը, պարզվում է, ցավեցնում են «օրեցօր ահագնացող անհանդուրժողականությունը, չարությունը, փոխադարձ սպառնալիքներն ու խիստ վտանգավոր սահմանագծի հասած ատելությունն» այն աստիճան, որ որոշել է դրանց մասին բարձրաձայնել միայն ընտրություններից երկու օր առաջ՝ մի խումբ կանանց բերանով: Ի դեպ, այն ընտրություններից, որին մասնակցում է նաեւ իր կրտսեր ընկերը՝ Վահանը: Երթի մասնակից կանայք որոշեցին, այսպես ասած, դարձի գալու կոչ անել նախ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին` եւ «խա-ղա-ղու-թյուն» վանկարկեցին Կորյունի փողոցի վրա գտնվող նրա գրասենյակի մոտ ու երկինք թռցրին մի զույգ աղավնի: Նույն «ծիսակատարությունը» կատարվեց նաեւ ՀՀԿ գրասենյակի մոտ: Երթի մասնակիցները հազիվհազ սողոսկելով գրասենյակի մոտ «ցեպ տված» «ճռճռան», «Առաջ Հայաստան» դրոշակներով մեքենաների արանքով` խաղաղության կոչ արեցին նաեւ նախագահի մյուս թեկնածուին` Սերժ Սարգսյանին, մի զույգ աղավնի էլ նրա պատվին երկինք թռցրին: Իսկ հետո «տիկնայք փափկասուն» շարժվեցին դեպի ՀՅԴ գրասենյակ: Սպասվում էր, որ նույն կոչը կանեին նաեւ իրենց «հին ընկեր Վահանին» ու մի, չէ` տասը զույգ աղավնի էլ նրա համար երկինք կթռցնեն, սակայն...տիկնայք սկսեցին «Վա-հան, նախագահ» գոռալ` տեսնելով գրասենյակի երկրորդ հարկի «բալկոնչիկում» հայտնված «մարդեղացած աղավնուն»` Վահան Հովհաննիսյանին: Երթի մասնակից տիկնանց «սրտի հատոր, հոգու կտոր» ՀՅԴ-ական նախագահացուն ձեռքն առավ բարձրախոսն ու ծոր տվեց. «Ամենավտանգավորն ու անթույլատրելին այսօր Հայաստանի համար երեւէ տեսակի ֆիզիկական բախումն է, եւ հենց մենք ենք, որ դա թույլ չենք տա ձեր օգնությամբ»: Ապա կանանց բարձրից նայող ասպետն սկսեց խաղալ հավաքված կանանց դյուրահավատության վրա ու մտավ նախկիններին ու ներկաներին «նախշելուն» նվիրված իր թեզի հորձանքը. «Սիրելի տիկնայք, մենք այսօր հայտնվել ենք մի վիճակում, երբ երկու լուսանցքային ուժ` նախկին ու այսօրվա իշխանությունը արդար մրցակցության մեջ, գաղափարական, քաղաքական բանավեճի մեջ տանուլ տալով` ստիպված իրենց ինքնահաստատման այլ մեթոդն են գտել: ...Այսօրվա իշխանությունը պետք է մտածի, հարց տա իրեն, ես էս ի՞նչ ձեւով եմ հաջողացրել զզվացնել ժողովրդին, որ զզված գնում են ՀՀՇ-ի մոտ: Եվ նրանք, իրենց ատելի քաղաքականությամբ, առնետների եւ սրիկաների վրա հենվելով իրենց կադրային ապիկար քաղաքականության արդյունքում առաջացրեցին ժողովրդի մեջ այդ զզվանքը»: ՀՅԴ նախագահացուն չխնայեց անգամ իր խնամուն. «Այսօրվա իշխանությունը նույնպես լուսանցքային է, որովհետեւ ժողովրդի մեջ հարգանք, սեր չվայելելով` նա էլ մի ելք ունի հաջողելու, ինչպես նախկինները. ատելության, սպառնալիքի վրա են ուզում հաղթել: Նրանք էլ անում են նույնը, բայց ոչ թե հրապարակներում, այլ կաբինետներում` կանչում են գյուղապետերին, չինովնիկներին` տարբեր ռանգերի, ոստիկանապետերին ու սպառնում, ասում` գնացեք ամեն գնով քվեներ բերեք, մի տեղ սպառնացեք, մի տեղ կաշառեք: Փաստորեն, մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ կարող ենք ազնվորեն ասել` սրանք նույն բեւեռն են, մի նայեք նրանց կատաղի պայքարին, այդ կատաղի պայքարն ընդամենը իշխանություն-փող, փող-իշխանություն շրջանակի մեջ տեղավորվելն է, իսկ մենք պայքարում ենք այդ արատավոր շրջանակը ճղելու համար, ժողովրդի փայը երկրի զարգացումից վերադարձնելու համար»: Երբ Վահան Հովհաննիսյանը հիացական ու զմայլված կանացի հայացքների ներքո վերջապես ավարտեց իր ելույթն ու այսպիսով դադարեց սրախողխող անել «մերժելիներին», լարված մթնոլորտը ցրելու համար հավաքված կանանց «հեղափոխական» ծաղիկներ՝ վարդեր բաժանվեցին: Հենց այստեղ էլ ավարտվեց երթի ելած կանանց, ինչպես պարզվեց, պատվիրված առաքելությունը: Արդարացի կլիներ ու արժեր էլ, որ տիկնայք նախագահի մյուս թեկնածուների գրասենյակներն էլ այցելեին, ասենք՝ Արտաշես Գեղամյանի, եւ նրանց էլ խաղաղության ու այլ վեհ արժեքների մասին կոչ անեին: Աղավնի թռցնելն էլ` ինքնըստինքյան:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.