|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Այբուբենի ամենակարեւոր տառը19:14 Yerevan | 15:14 GMT | Sunday 17 February 2008Գագիկ Աբգարյան Մի օր, երեք տարեկան տղաս զարմանքից կլորացած աչիկներով ասաց. «Հայրիկ, էն մեր հարեւան Արտուրիկը այբուբենի ամենակարեւոր տառը էնքան գեշ ա գրում, չես պատկերացնի»: Զարմացած հարցրեցի. «Դավիթ ջան, որն է այբուբենի ամենակարեւոր տառը»: «Գ»-ն` իր հերթին զարմացած, ուսերը թոթվելով պատասխանեց նա: Իսկ երկրո՞րդը հարցրեցի ես: «Դ»ն` պատասխանեց նա: Երրորդը պարզվեց «Տ»-ն է` քրոջ անվան սկզբնատառը, վերջում` մոր: Տղաս ստեղծել էր իր կյանքի առաջին արժեհամակարգը ու մանկական անմիջականությամբ բացահայտեց այն: Ընտրությունից ընտրություն քաղաքական գործիչների մի աստղաբույլ է հայտնվում ու փորձում մարդկանց համոզել, իբր այբուբենի ամենակարեւոր տառը իրենց համար «Հ»ն է` Հայաստանը: Քնում են` նրա համար, թե արթնանում են` նրա համար, առաջ են շարժվում` նրա համար: Բայց այդպես չի լինում: Մարդկանց հավատին արժանանալու համար բավական չի, որ քաղաքական «ձյաձյաները» մանկական անմեղություն ու մաքրություն խաղան, որովհետեւ ինչքան էլ լավ խաղան, միեւնույնն է` թաքցնել չի լինի, որ դա լոկ խաղ է, որ իրական կյանքում «ձյաձյան» լրիվ ուրիշ չափումներում է ապրում: Մի ասուլիսից հետո ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ինձ հարցրեց. «Բայց դու ինչու էդքան չես սիրում Դաշնակցությանը»: Եթե անկեղծ լինենք, այդ առումով իմ առաջին «սերը» եղել է Դաշնակցությունը: Արդեն առիթ եղել է ասելու, որ պատանեկան տարիքում ինձ համար նույնիսկ Սասունցի Դավիթն էր դաշնակցական, Մխիթար Սպարապետն ու «Կայծերի» հերոսներն էլ հետը: Բայց կյանքը իր սրբագրումները բերեց ու այսօր շատ երկրորդական հարց է` սիրու՞մ եմ, թե՞ չէ, «Հին ընկերների» կամ մյուս թեկնածուների ծրագրերին հավանություն տալի՞ս եմ, թե՞ չէ: Խնդիրն այն է` հավատու՞մ եմ, թե՞ չէ, իսկ այստեղ միակ չափանիշը անցած ուղին է ու այսօրը: Այսօր ընկեր Վահանին ես ձայն չեմ տա եւ ասեմ, թե ինչու: Դաշնակները շատ են սիրում խոսել 96թ.-ի իբր կեղծված ընտրությունների մասին: Այդ օրը ինքս հանձնաժողովի անդամ եմ եղել այն տեղամասում, որտեղ ապրում էի եւ ապրում եմ մինչեւ հիմա: Չի գտնվի մեկը, որ ասի, թե մենք` Լեւոնի կողմնակիցներս, ընտրակաշառք ենք բաժանել, թող գտնվի մեկը ու ասի, որ վարչական ռեսուրսի միջոցով ճնշում է գործադրվել թեկուզ մի ընտրողի վրա, թող գտնվի մեկը ու ասի, որ ոստիկանությունը որեւէ մեկին վախեցրել կամ օգտագործել է մի հանցագործի այդ նպատակով: Չկա այդպիսի մեկը, դեռ ավելին` եթե խախտումներ են եղել, եղել են հակառակ կողմից: Վազգենի կողմնակիցները 10-15 հոգով շրջապատել էին ընտրատեղամասը եւ բառի բուն իմաստով հոգեբանական տեռորի էին ենթարկում ընտրության եկողներին: Տեղամասում հսկողություն իրականացնող ոստիկաններին խստագույնս հրահանգված էր ընտրական գործընթացին չմիջամտել` տհաճ դեպքերից խուսափելու նպատակով: Ընտրախախտների բեսպրեդելը փոքր-ինչ մեղմելու համար հանձնաժողովի անդամներից մեկ-երկուսը հերթապահում էին նրանց մոտ, բայց միեւնույնն է` իրադրությունը ամբողջովին վերահսկել չէր հաջողվում: Եվ այդ ընտրությունները համարում են կեղծված, իսկ 98-ի նախագահի խայտառակ ընտրությունների արդյունքներին տեր կանգնեցին, որովհետեւ այդտեղ շահ ունեին: Հաջորդ տարվա խորհրդարանական «ընտրություններում» երախտապարտ Քոչարյանը նրանց շնորհակալություն հայտնեց, ու ՀՅԴ-ն դարձավ իշխանական կուսակցություն: Իշխանության եկած ՀՅԴ-ն, հանրապետության իր «անզուգական» նախագահի հետ, նույն խայտառակ ընտրությունները անցկացրեց նաեւ հաջորդ անգամ, նաեւ անցած տարի, բայց ընկերները էլ չեն խոսում արդար ընտրություններից, որովհետեւ, եթե արդար լիներ, նրանք դժվար թե հայտնվեին խորհրդարանում եւ դա իրենք շատ լավ են գիտակցում: Մեկն էլ կա, որ երդվում է այբուբենի «Հ» տառով ու ամբողջ օրը գոռում է «Առաջ, Հայաստան»: Նրան ձայն չտալու համար ես ունեմ առնվազն տասը պատճառ: 1.Նրա Հայաստանը մեր Հայաստանը չի: Եթե մերը լիներ պետք է մենք էլ ունենայինք նրա ունեցածի գոնե մեկ հարյուրերորդական մասը: Բայց չունենք: 2.Նա եղել է ԱԱ շատ վատ նախարար` նրա ժամանակով եղավ հոկտեմբերի 27-ի նախճիրը: 3. Շատ վատ է աշխատել պաշտպանության նախարար եղած ժամանակ: Այսօր բանակը ամենակոռումպացված ոլորտներից մեկն է: 4.Լինելով հայ-ռուսական միջկառավարական տնտեսական կապերի համանախագահ, այդպես էլ չկարողացավ աշխատեցնել գույք պարտքի դիմաց հանձնված գործարանները: 5. Հանրապետության նախագահը չի կարող լինել քաղաքական համոզմունքներից զուրկ մեկը: Հիշենք նրա քաղաքական կենսագրությունը` կարիերա անելու համար սկզբից կոմունիստ էր, հետո` ՀՀՇ-ական, հետո էլ` ՀՀԿ անդամ: 6.Պաշտոնական բոլոր փաստաթղթերում ասվում է, որ կոռուպցիան խարխլում է պետության հիմքերը: Առնվազն տասը տարի լինելով պետության առանցքային դեմքերից մեկը, անմիջական պատասխանատվություն է կրում կոռուպցիայի դեմ պայքարի ձախողման համար: 7.Նույնիսկ պաշտոնական վիճակագրության տվյալներով Հայաստանից արտահանվող ապրանքների քանակը աղետալի չափով նվազել է դոլարի նկատմամբ դրամի արժեւորման հետեւանքով ու սրա պատասխանատուն նաեւ վարչապետն է: 8. Իր համախոհ Ռ.Քոչարյանի հետ տասը տարի շարունակ ամեն ինչ արեցին, որ ապականեն Հայաստանի քաղաքական դաշտը եւ այն լցեն «դատարկ դհոլներով» ու արտուրիկներով: 9.Կլանա-օլիգարխիկ համակարգի ճարտարապետներից մեկն է եւ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չի կարողանա քանդել իր կառուցածը: 10. Նրա հաղթանակի դեպքում մարդու իրավունք հասկացությունը` որպես կատեգորիա, մեկընդմիշտ կվերանա հանրապետությունից: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |