|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Մելանյա Աբովյան. «Հայրենիքիս փրկությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրությունն է»19:13 Yerevan | 15:13 GMT | Sunday 17 February 2008 -Տիկին Աբովյան, ինչքա՞ն ժամանակ է, որ ապրում եք հայրենիքից հեռու եւ ինչն է ստիպել Ձեզ հասնել օվկիանոսից այն կողմ: - Բավական երկար ժամանակ է, որ ապրում եմ հայրենիքից հեռու: Պատճառը՝ ընտանեկան, անձնական, մայրական պատասխանատվություն-զոհողության խնդիրների հետ կապված հարցեր էին: Հայտնվել էի երկրից դուրս եւ պլանավորել վերադարձս անկախացած երկիրս, բայց խորհրդարանի այդ հրեշավոր դեպքերը այնպես ցնցեցին ու խորապես վշտացրին ինձ, որ այս ինքնակոչ, անօրեն իշխանության օրոք չուզեցի վերադառնալ: Խռովք ապրեցի... - Դուք ունեք ձեր երգը, սակայն փաստ է, որ ամերիկահայության շրջանում մեծ պահանջմունք ունի մասնավորապես ռաբիս երաժշտությունը: Ձեր արվեստը ինչպես է ընդունվում ամերիկահայության կողմից: - Երգը՝ երգից շա՛տ ավելին է: Բնությունը բազմաձայն երգ է, խաչքարը երգ է, հոգու աչքով նկարելը, քանդակելը երգ է, գրչածաղկումը, մանրանկարչությունը երգ է, ազգի իմացական ու հոգեկան աշխարհը երգ է... Երգը մարդկային հոգու նվագարանն է... Երգը տվյալ ազգի հոգին ու հայելին է... Մեր երկրի այսօրվա վիճակը անդրադարձել է նաեւ մեր մշակույթի բոլոր ձեւերի վրա: Հատկապես երգարվեստը, որը այնքան բարձրացրել էինք՝ բոլորովին ուրիշ ձեւ ստացավ: Ազգային ֆոլկլորի փոխարեն, ցածրաճաշակ քաղաքային ֆոլկլորն է տեր ու տիրական դարձել: Այդ ռաբիս ասած ժանրը թագավորում է սփյուռքում նույնպես: Որովհետեւ սփյուռքն էլ հայրենիքին է նայում՝ ճաշակ կրթելու ուրիշ օրինակ չունի: Ինչ վերաբերում է իմ արվեստին: Սկզբնական շրջանում մի քանի տարի, մոտ տասը տարի համերգային գործունեություն ունեցա Ամերիկայի եւ աշխարհի տարբեր քաղաքներում, հետո հասկացա, որ ամերիկյան դասական արվեստի մեջ ավելի վաղ էր պետք մտնել, իսկ ազգային երգերի, Կոմիտասի եւ տաղերի համար իմ հայրենիքի բարձրաճաշակ, զգայուն հանդիսատեսը չկար, եթե կար էլ, շատ քիչ թիվ էր կազմում: - Ի՞նչ տարբերություն կա սփյուռքի ու Հայաստանի հանդիսատեսի միջեւ: - Ամերիկահայերը մեր ազգի տարբեր հատվածների հավաքականությունն են: Արվեստի տեսակների ու երաժշտության նկատմամբ, տարբեր ճաշակներով ու նախասիրություններով: Պետք է հայրենիքում մշակույթը աչքի լույսի պես պահենք, որպեսզի սփյուռքն էլ օրինակ ունենա, ու չաղավաղվի մեր ազգային արվեստը: Մեր երգը, եւ ընդհանրապես արվեստը, անկում է ապրում: Մի խոսքով մեր հայրենի տունը պետք է այնպիսի մարդիկ ղեկավարեն, այնպիսի նախանձախնդրություն ու պատասխանատվություն ունենան արվեստի նկատմամբ, որպեսզի մենք շարունակենք գոյատեւել մեր մշակույթով, ինչպես դա եղել է դարեր շարունակ: Ես մեծ հույսեր ունեմ, որ այս մղձավանջային տարիները կանցնեն եւ մեր մշակույթը վերածնունդ կունենա, որովհետեւ մեր ազգը տաղանդի պակաս երբեք չի ունեցել: - Ի՞նչ եք կարծում` երգը կարո՞ղ է քաղաքականացված լինել, երգի միջոցով հնարավոր է գաղափար, գաղափարախոսություն քարոզել: - Մեր ազգային-ազատագրական երգերը ստեղծվել են մեր ազգի ոգու ըմբոստացումից եւ պայքարի վճռականությունից: Ժողովուրդը, երբ խաղաղ վիճակ ունի` ստեղծում է օրորներ, հարսանեկան երգեր, աշխատանքային երգեր, կատակերգեր, պարերգեր: Իսկ երբ ազգային ոգին ըմբոստացած է եւ դեմ է առնում անիրավության, երգի գաղափարախոսությունը ըմբոստություն է դառնում: Չէ՞ որ վերը ասացինք՝ երգը ազգի բնավորությունն է, ոգին է, ուղեցույցն է: - Որքանո՞վ են ամերիկահայությանը հասու Հայաստանում տիրող նախընտրական տրամադրությունները: Լոս Անջելեսի հայ համայնքը ի՞նչ չափով է տեղեկացված Հայաստանում առկա քաղաքական իրողություններին: - Ամերիկահայությունը եւ մասնավորապես լոսանջելեսահայությունը ուշիուշով հետեւում է նախընտրական արշավին եւ տեղյակ է ամեն բանից, ավելի շատ երբեմն, քան դուք պատկերացնում եք: Հայաստանյան իրավիճակին տեղեկանում ենք՝ հեռուստատեսության, ինտերնետի, մամուլի տարբեր լրատվամիջոցների միջոցով, եւ հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի ճառերի DVD-ներով ողողված է Լոս Անջելեսը: Այս երկրում մենք ազատություն ունենք, արտահայտում ենք մեր կարծիքը այնպես, ինչպես ցանկանում ենք: Մեզ դրա համար բանտ չեն տանում: Լեւոն Տեր-Պետրոսյանի համար վերապահ են եւ բացառություն են կազմում այն մարդիկ, ովքեր բիզնեսներ են դրել կամ ներդրումներ կատարել հայրենիքում, մի փոքր տոկոսն էլ ուրիշ ընտրյալ ունի, մնացած համարյա բոլորը Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձին են սպասում: - Հայտնի է, որ Դուք չնայած ապրում եք հայրենիքից հեռու, սակայն հեռակա կարգով մասնակցում եք Հայաստանի քաղաքական կյանքին եւ ձեր քաղաքական համակրանքը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմն է: Ինչու՞ եք որոշել հենց նրան սատարել, չե՞ որ բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից առաջադրվելէ նախագահի եւս ութ թեկնածու, այսպես ասած, նախագահացուների «ասորտիմենտը» բազմազան է: - Նախ ասեմ, որ ծննդավայրս Լոռին է, ինձ իսկական լոռեցի եմ համարում: Հայրենասիրությանս, ճշմարտությունը ասելու քաջությանս, երեւույթներին ներքին բնազդով նայելու հատկությանս, կյանքին իմաստնացած աչքով նայելու համար՝ պարտական եմ չքնաղ ծննդավայրիս եւ ծնողներիս: Բավական լավ ինֆորմացված եմ՝ ինտերնետի, հեռուստատեսության, մամուլի եւ այլ լրատվամիջոցների միջոցով, որոնց լրջորեն հետեւում եմ: Մյուս թեկնածուների հարցազրույցները, արտահայտած մտքերը, ընտրական ծրագրերը կարդալուց եւ վարքագիծը ուսումնասիրելուց հետո՝ առանց տարակուսանքի կարող եմ ասել, որ նրանցից որեւէ մեկը նույնիսկ չի մոտենում Լեւոն Տեր-Պետրոսյանի որակներին: Չեմ բացառում, որ նրանք էլ՝ ամեն մեկը իր տեսակի մեջ եւ խելացի են եւ հայրենասեր: Բայց նրանց իրական հայրենասիրությունը կերեւա, երբ նրանք միահամուռ, առանց տարակուսանքի կմիանան Լեւոն Տեր-Պետրոսյանի արշավին: Իմ հայրենասիրությունն ու ներքին բնազդը ինձ թելադրում են, որ հայրենիքիս փրկությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի մեջ է: Նրա տղամարդկային զսպվածությունը, ազնվությունը, հզոր բնատուր խելքը, զարգացումը, աշխարհը ափի մեջ տեսնելու կարողությունը, քաջությունը, հզոր կամքը, քաղաքագիտական տաղանդը, անկաշառ լինելը, վեհությունը, առաջնորդին հատուկ մագնետիզմը, մի քանի օտար լեզուների իմացությունը եւ վերջապե՛ս` հիանալի հայերենով խոսելը, որը այնքան կարեւոր է Հայաստանի նախագահ լինելու համար: Ահա այս բոլորի համար է նա իմ ընտրյալը: Այսօր Հայրենիքը այնպիսի վիճակում է, որ ավելի շատ մե՛նք նրա կարիքը ունենք, քան ինքը մեր... - Ինչպե՞ս եք կազմակերպում ձեր քարոզարշավը: Բոլոր նրանք, ում հորդորում եք իրենց ձայնը տալ ՀՀ առաջին նախագահին, արդյո՞ք իրենք էլ են հակված դեպի Լեւոն Տեր-Պետրոսյանը, թե՞ ձեզ չմերժելու համար, այսպես ասած, ձեր խաթեր են համաձայնում քվեարկել նրա օգտին: - Այստեղ շատ ինքնաբուխ ձեւով մեծ շարժում կա ի նպաստ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Համարյա բոլորի համակրանքը Լեւոնի կողմն է` չհաշված որոշ տգեղ բացառությունները: Սատարող մեկից ավելի հեռուստաժամեր կան, որոնք մեծ գործ են կատարում, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական կենտրոնը կա, սատարող հանձնախմբեր եւ լրագրեր կան, Հնչակյան կուսակցությունը կա՝ իրենց կուսակցական «Մասիս» թերթով եւ «Նոր սերունդ» հեռուստաժամով, «Վարագույր» հեռուստաժամը, «Բարեւ» հեռուստաժամը, «Քաջ-Նազար» հեռուստաժամը, «Հայացք» հեռուստաժամը: Լրագրերից՝ «Ժամանակ Լոս Անջելես» թերթը, որը մեծ սպառող ունի, «Նոր Հայաստան» շաբաթաթերթը, որը մեծ տեղ է հատկացնում սատարող հոդվածներին, լրագրեր կան, որ նույնպես համակիր են, բայց որոշ զսպվածություն են դրսեւորում: «Արդարություն» սփյուռքահայ մտավորական նույնախոհների հանձնախումբը կա` ստեղծված ընտրապայքարի համար, որն ունի ավելի քան երեք հարյուր նույնախոհ, գնալով ավելի է ծավալվում եւ անում է այն ամենը, ինչ հնարավոր է անել սփյուռքի պայմաններում: Թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում ժամանակի շռայլություն մենք չենք կարող մեզ թույլ տալ, որովհետեւ սերունդ է ձեւավորվում եւ մեր պարտականությունն է հոգեբանական ճիշտ ճանապարհի վրա դնել նոր սերնդին, որպեսզի նրանք իրենց նպատակը նյութի հիստերիան ու անօրենությունը չդարձնեն, այնպիսի երկիր կերտեն, որ ոչ թե ամոթով, այլ հպարտորեն էստաֆետը հանձնեն հաջորդ սերունդներին: Պատմության մեջ օրինակները շատ են, երբ երկիրը կարիք է ունեցել՝ մեծ քաղաքականություն են վերադարձել նախկին նախագահները կամ պաշտոնյաները՝ Չերչիլի օրինակը կա, Դը Գոլի օրինակը կա եւ վերջապես` մեր Կարեն Դեմիրճյանի օրինակը կա: Եվ բոլորովին պատահական չէ, որ մեր նախկին նախագահը վերադարձել է փրկելու երկիրը, ներկա ահավոր եւ օրհասական վիճակից: Հորդորում եմ հայրենիքի իմ քույրերին ու եղբայրներին, այս վճռական ու բախտորոշ պահին, վեր կանգնել անձնական շահերից, հեռուն տեսնել եւ հայրենիքի շահը անձնականից բարձր դասելով՝ միաբանվել եւ նեցուկ կանգնել Լեւոն Տեր-Պետրոսյանին: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՇահարկումների մեխանիկանՑանկացած, նույնիսկ կենսական անհրաժեշտություն հանդիսացող գաղափար կարելի է շահարկել եւ օգտագործել բոլորովին... Քաղաքական«Երդվե՛նք` չդադարեցնել պայքարը մինչեւ մեր բոլոր իղձերի իրականացումը». «գլխավորը չհոգնելը, չնվնվալը, չհուսալքվելն է»Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հիշում եք, Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակելով սեպտեմբերի 18-ին... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |