|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ջրբաժանը հստակ է14:37 Yerevan | 10:37 GMT | Saturday 16 February 2008Կարինե Հարությունյան Հայաստանի հարավային դարպասները. Կապան, Մեղրի, Ագարակ: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ այցելեց այս բնակավայրերը եւ օրվա մեջ ամրագրվեց մի բան. այստեղ ճանաչում են մի նախագահի` Լեւոն Տեր-Պետրոսյանին: Երեկ պայթեցին քոչարյանասերժական բոլոր պատրանքները` իշխանության վերարտադրվելու հնարավորությունը զրո է: «Խորտակվող նավի առնետները» Ագարակում ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը ասաց, որ վարչախմբի պատվերով արված սոցիոլոգիական հարցումների կեղծիքը բացահայտեց ռուսական մամուլը` հրապարակելով սեփական հարցումների արդյունքները. Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը 75 է: «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը իրեն հատուկ հումորով նկատեց, որ «Սերժը միշտ բարձր հարթակներ է սարքում իր հանդիպումների համար, որպեսզի իր փոքրությունը չերեւա»: Իսկ նույն հումորով անդրադառնալով Արտաշես Գեղամյանի ծրագրին` նկատեց, որ փետրվարի 19-ից հետո «Գեղամյանը համբարձման ծրագիր է գրելու»: Հաջորդ ելույթը ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանինն էր. «Պետք է փոխվի երկրի դրվածքը, իշխանությունը պետք է ծառայի ժողովրդին: Կոչ եմ անում չենթարկվել ճնշումներին, մերժել ընտրակաշառքները եւ խղճի մտոք կատարել ձեր ընտրությունը, հանուն Հայաստանի արժանապատիվ ապագայի»: Ի դեպ, այստեղ տեղական իշխանությունները շատերին արգելել էին գալ հանրահավաքի: Լեռնամետալուրգիական կոմբինատի մի խումբ աշխատակիցներ նամակ էին ուղարկել, որում ասվում էր, որ իրենք «Լեւոնի հետ են: Այդ ոջիլներին ու տզրուկներին ձայն չենք տալու»: Ագարակում առաջին նախագահը ասաց, որ ուրախ է լեռնամետալուրգիական կոմբինատի աշխատելու փաստով, սակայն դա այստեղի միակ ռեսուրսը չէ, պետք է բացվեն ճանապարհները դեպի հարեւան երկրներ: Միայն այսպես հնարավոր կլինի բարձրացնել ժողովրդի կենսամակարդակը: Ապա Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմելով տեղական չինովնիկներին` ասաց, որ նրանք բռնանում են ժողովրդի կամքի վրա առանց գիտակցելու, որ «Քոչարյանը ու Սերժը այլեւս իշխանություն չեն: Այս մարդիկ իրենց ճակատագիրը կապում են խորտակվող նավի հետ, իսկ Ռոբերտը եւ Սերժը ոչ թե այդ նավի կապիտաններն են, այլ առնետները»: Մյուս կողմից` չինովնիկները չեն հասկանում, որ «վաղը ժողովուրդը երես է թեքելու իրենցից»: Առաջին նախագահը ժողովրդին ներկայացրեց իր թիմը եւ Ս.Սարգսյանի թիմը` ասելով. «Ընտրել Սերժին` կնշանակի ընտրել Սադամ Հուսեյնին»: Այս վերջին խոսքերը առանձնապես մեծ հավանության արժանացան ագարակցիների կողմից:
«Վարդան Օսկանյանը էլեմենտար ստախոս է» Մեղրի: Այս մի հատիկ բառի մեջ այնքա~ն հայրենիք կա, այնքա~ն Հայաստան, եւ այնքա~ն արեւ: Այս մի հատիկ բառը կարող էր իրական հայրենիքից վերածվել հայրենիքի հիշողության, եթե ժամանակին Կարեն Դեմիրճյանը ու Վազգեն Սարգսյանը չտապալեին այդ դավադրությունը: Գրիգոր Հարությունյանը դիմեց իր հայրենակից իշխանիկներին` ասելով, որ խնդրում է չխանգարել ժողովրդին փետրվարի 19-ին: Ապա խոսեց ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Ես ոչ թե խնդրում, այլ որպես ՀՀ նախորդ եւ հաջորդ նախագահ պահանջում եմ մնալ օրենքի սահմաններում»: Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադարձավ կարեւորագույն մի հարցի, որի վերաբերյալ փաստաթուղթը հրապարակել էր փետրվարի 9-ին Ազատության հրապարակում: Դա Մեղրիի հանձնման փաստաթուղթ է: «Առաջին անգամ, որպես պաշտոնական առաջարկ այն ձեւակերպվել է 1999թ.-ի աշնանը, երբ ես երկու տարի արդեն թոշակառու էի: Փաստաթուղթը լիարժեք համաձայնության արժանացել է Ռ.Քոչարյանի, Ս.Սարգսյանի եւ Վ.Օսկանյանի կողմից: Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը իրենց կյանքի գնով վիժեցրել են այդ դավադրությունը: Հիմա ես ի՞նչ ասեմ Վարդան Օսկանյանին կամ մյուսներին, որոնք հերքում են սա: Մի բառ` ամենայն պատասխանատվությամբ. Վարդան Օսկանյանը` որպես արտգործնախարար, թյուրիմացություն լինելուց բացի, նաեւ էլեմենտար ստախոս է: Այդ մարդիկ արժանապատվության, բարոյականության նշույլ չունեն», - ասաց առաջին նախագահը:
Ռուսաստանին պետք է արժանապատիվ գործընկեր Օրվա վերջին հանդիպումը Կապանում էր: Այստեղ եւ մյուս հանրահավաքներում Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդից ներողություն խնդրեց, որ Մոսկվա հրավիրված լինելու պատճառով իր այցը Սյունիքի մարզ մեկ օրով հետաձգվել է: Ինչ վերաբերում է Մոսկվային` առաջին նախագահն ասաց. «Հայաստանը հավատարիմ է 1997-ին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության պայմանագրին: Հավատարիմ է անկեղծորեն: Ռուսաստանը մեր պետությանը դիտում է որպես հավասար գործընկեր, բայց շահագրգռված է, որ իր գործընկերը պատիվ բերի իրեն: Մոսկվային ձեռնտու չէ, որ իր գործընկերը լինի կոռումպացված երկիր, որ երկրի իշխանությունը վայելի սեփական ժողովրդի լիակատար վստահությունը: Ռուսաստանին պետք է Հայաստանում այնպիսի իշխանություն, որը ընտրված լինի օրինական, ազատ, արդար ընտրությունների միջոցով, որը միայն պատիվ կբերի Ռուսաստանին»: Կապանում առաջին նախագահը անդրադարձավ գործող իշխանություններին, ասաց, որ «որքան շատ են մեզ հայհոյում, զրպարտում, այնքան շատ համակիրներ ենք ձեռք բերում: Նշանակում է` նրանք վերջացած են եւ հողը փախել է նրանց տակից»: Ինչ վերաբերում է նրանց սատարող իշխանիկներին. «Սխալ բան են անում, սխալ խաղադրույք են կատարում: Ես խոսում եմ կազինոյի տերմիններով` իրենց հասկանալի լիզվով: Խաղագումարը դնում են պարտվող կողմի վրա, պետք է հաղթողի վրա դնեն, իսկ հաղթողը մենք ենք: Կարելի է ասել` հաղթած ենք արդեն: Կա ընդամենը երկու թեկնածու, մնացած թեկնածուները, ովքեր մեզ չեն միացել` ինչ հայրենասիրական ճառեր էլ ասեն, ինչպիսի քաղաքական նկատառումներով էլ արդարացնեն իրենց մասնակցությունը ընտրություններին, դրանք բոլորն էլ լծված են Սերժի սայլին: Նույն չարաբաստիկ դերը խաղացին 1998-ին եւ 2003-ին: Նրանք երկրորդ փուլում չպաշտպանեցին Կարեն Դեմիրճյանին եւ Ստեփան Դեմիրճյանին, ամենաանբարոյական ձեւով պաշտպանեցին Քոչարյանին եւ Սերժին: Այդ տեսակները ավելի անբարոյական են, քան նրանք, ովքեր այսօր բացահայտ կանգնած են Սերժի կողքին, ասենք` Թոխմախի Մհերը եւ Նեմեց Ռուբոն: Քանի որ նրանք, ովքեր իբր անկախ թեկնածուներ են եւ ժողովրդի ձայնն են հայցում եւ ուզում էին այսկերպ մնալ քաղաքական դաշտում, ամենաստոր գործն են կատարում` հօգուտ այս ավազակապետության»:
...Պետական գանձարանը կարող է դատարկ մնալ Մասիս: Խիստ խորհրդանշական մի քաղաք քարոզարշավի վերջին օրվա համար: Այս քաղաքի բնակչությունը այնքան էլ շատ չէ, սակայն շատ են այստեղ հանգրվանած Ադրբեջանից փախած մեր հայրենակիցները: Հանրահավաքն աննախադեպ բազմամարդ էր, մասիսցիները մի ցանկություն ունեն. նախագահ տեսնել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ինչու՞, Ս.Սարգսյանը ի՞նչ պակաս թեկնածու է: «Ինքն ու Ռոբիկը նույն մարդն են: Սերժով իշխանությունը չի փոխվի, այլ` կվերարտադրվի», - ասաց մի տղամարդ: Իսկ Մաքսիմ Անանյանը հավելեց. «10 տարի մեր արյունը ծծել են, ի՞նչ ենք տեսել նրանցից: Ամեն ինչ սուտ է` թոշակ, նպաստ, տնտեսական աճ: Լեւոնին ենք ընտրելու: Միայն նրա հետ ենք հույս կապում»: Ի դեպ, Մասիսի հանրահավաքում կարող էր շատ ավելի մարդ լինել, եթե տեղական իշխանությունը օրենքի շրջանակներում գործած լիներ: Մարդիկ պատմում էին, որ օրեր առաջ սկսված սպառնալիքները, ահաբեկումները շատերին են վախեցրել, թեեւ «նրանք հոգով Լեւոնի հետ են ու նրան են ընտրելու»: Իսկ քաղաքապետ Սաշիկ Հակոբյանը միտինգավորներից մի քիչ հեռու կանգնած նայում էր ժողովրդի կողմը: Ասացին. «Նայում է, թե ով է եկել, բայց վախեցող չկա»: Ինքը` քաղաքապետն ասաց. «Չեմ խանգարել»: Ի՞նչ եք կարծում, ժողովուրդն ազատ կամքի դրսեւորման իրավունք ունի՞. «Այո, ոչ մեկը իրավունք չունի խոչընդոտելու»: Փետրվարի 19-ին նույն կարծիքին ե՞ք լինելու. «Ինչքան ապրելու եմ` այդ կարծիքին եմ: Ես այստեղ կանգնած եմ, որ ոչ մի խոչընդոտ չլինի, որ մեր քաղաքում ամեն ինչ խաղաղ լինի»: Հանրահավաքն սկսվեց: Ժողովուրդը մի գլուխ «Լե-վոն, Լե-վոն» էր վանկարկում, իսկ ռուս ֆոտոլրագրողները այդ ինքնաբուխ ընդունելությունից ապշած` ապարատներն էին չխկչխկացնում: Ասացին, որ Ս.Սարգսյանի հանդիպումներին էլ էն եղել, բայց նման ոգեւորություն չեն տեսել. «Ժողովուրդը շատ պասիվ էր, արհեստական»: Առաջին ելույթը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանինն էր: Նա անդրադարձավ իշխանամետ հեռուստաընկերությունների աշխատանքին: Վերջիններս ջանք ու եռանդ չեն խնայում իշխանության թեկնածուին պաշտպանելու եւ ժողովրդի թեկնածուի` Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ ամենաստոր միջոցներով պայքարելու համար: Սակայն սա Արամ Սարգսյանը այլ կերպ է բացատրում. «Այդ մարդը (Ս.Սարգսյան.- խմբ) ի՞նչ ջղաձգության մեջ է, ինչքա՞ն է կորցրել իր ինքնակառավարումը, որ այդ կարգի բաներ է ցույց տալիս»: Հոկտեմբերի 27-ի` իշխանության կողմից շահարկումների հետ կապված Արամ Սարգսյանը ասաց. «Մի հարց ունեմ Ս.Սարգսյանին եւ այն հանրապետական տղերքին, որ կանգնած են նրա կողքին. հոկտեմբերի 27-ը իր թիկունքում կազմակերպիչներ ունի՞, թե՞ ոչ»: «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն էլ փաստեց, որ շատ կառավարություններ եւ առանձին կառավարությունների մեծ թվով անդամներ միացել են ժողովրդական շարժմանը: Նույնիսկ ՀՅԴ-ի ներկայացուցիչներ են միացել Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Սա նշանակում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդի միասնական թեկնածուն է»: Խոսեց նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, իսկ վերջում` ՀՀ առաջին նախագահը: «Ես արդեն ոչ թե քարոզի, ոչ թե ոգեւորելու, այլ հանդարտության կոչ եմ անելու եւ իմ ընկերներին էլ պիտի խնդրեմ նվազեցնել կրքերը, խոսել արդեն հաղթածի դիրքերից: ...Այսօր ստացա տեղեկություն, որ բանկերից վերջին օրերի ընթացքում հսկայական գումարներ են արտահանվում: Դա նշանակում է, որ Հայաստանի պաշտոնյաներն ու որոշ մեծահարուստներ, որոնք իրենց հարստությունը դիզել են անօրինական ճանապարհով, հանում են այդ գումարները: Եթե դրանք արդար քրտինքով վաստակած փողեր լինեին, Հայաստանից հանելու կարիք չէր լինի: Սա նշանակում է նաեւ, որ այդ մարդիկ հասկացել են, որ իրենք պարտված են եւ իշխանությունը անցնում է ժողովրդին: Բայց սա վտանգավոր է այն առումով, որ ոչ միայն դրանք մեր ազգային հարստությունն են, այլեւ փետրվարի 20-ին մեր պետական գանձարանը կարող է դատարկ մնալ: Ուստի ես դիմում եմ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին` անմիջապես միջոցներ ձեռնարկել եւ ամեն օր հրապարակել նախորդ օրվա մեր բոլոր 21 բանկերի հաշվեկշիռը` մուտքն ու ելքը: Այլապես մենք կհամարենք, որ ԿԲ նախագահը մասնակից է Հայաստանի հարստության արտահանմանը»: Խոսվեց նաեւ Մեղրիի հանձնման դավադրության մասին: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ գործող իշխանությունները հերքում են, ասում, որ նման տարբերակ չի եղել: Իրականում, ոչ միայն եղել է այդ տարբերակը, այլեւ փորձել են համոզել Վազգեն Սարգսյանին, թե դա հրաշալի տարբերակ է. «Հոկտեմբերի 27-ին Ռ.Քոչարյանի աշխատասենյակում ԱՄՆ արտաքին գործերի փոխնախարար Սթրոբ Թելբոթի ներկայությամբ Ռ.Քոչարյանը Վազգեն Սարգսյանին ցույց է տվել այդ փաստաթուղթը եւ մի քարտեզ: Կան ականատեսներ, Վազգեն Սարգսյանը շպրտել է այդ քարտեզը Ռ.Քոչարյանի երեսին եւ դուռը շրխկացնելով դուրս եկել: Այս ամենը եղել է հայտնի ողբերգությունից 1-2 ժամ առաջ»:
«Գնացածի ետեւից վատ չեն խոսում» Այսպես ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը Ռ.Քոչարյան-Ս.Սարգսյան իշխանական զույգի մասին` հավելելով, որ այս իշխանությունների մասին ամեն ինչ ասվել է եւ «այլեւս նրանց մասին միայն քաղաքավարի, կուլտուրական կոմպլիմենտներ պիտի անեմ»: Թեկնածուների մասին. «Իրականում կա երկու թեկնածու. Ս.Սարգսյան եւ Լեւոն Տեր-Պետրոսյան: Մնացած յոթի մի մասը գուցե ազնիվ մղումներով են մտել այս գործի մեջ, բայց անգամ նրանք պետք է հասկանան, որ տեղի է ունեցել բեւեռացում: Մի կողմից ողջ ժողովուրդն է, մյուս կողմից` ավազակախումբը իր քրեական տարրերով, ստորաքարշ, հանցագործ պաշտոնյաներով, մականունավոր թիմով: Ես գիտնականի պատասխանատվությամբ ասում եմ` այո, ես այսօր ժողովրդի միակ թեկնածուն եմ: Թեկնածուների մյուս մասը հաստատ ծախված է: Անթաքույց: Մի մասն արդեն կատարել է իր ստոր գործը: 1998-ին Ռ.Քոչարյանը իբրեւ թե հաղթել է եւ Կ.Դեմիրճյանը իբրեւ թե պարտվել է մեկ մարդու պատճառով: Դա Վազգեն Մանուկյանն էր, որը առաջին փուլում ստացել էր 13 տոկոս ձայն: Եթե երկրորդ փուլում իր կողմնակիցներին կոչ աներ իրենց ձայնը տալ Կ.Դեմիրճյանին, Ռ.Քոչարյանը արդարացում չէր ունենա կեղծելու ընտրությունները: Վազգեն Մանուկյանը 1998-ին Ռ.Քոչարյանին, այս ավազակախմբի հիմնադրին դարձրեց ՀՀ նախագահ: Նույն դերը, նույն ստորագույն գործը 2003-ին կատարեց Ա.Գեղամյանը: Այսօր նույնպիսի իրավիճակ է: Խոսքը վերաբերում է Արթուր Բաղդասարյանին: Ափսոս է, երիտասարդ է, ունի ընտրազանգված, կարողացավ ստեղծել ինչ-որ համակրանք, բայց այսօր նա կարող է ստանձնել նույն չարաբաստիկ դերը, ինչ խաղացին Վ.Մանուկյանը եւ Ա.Գեղամյանը նախորդ ընտրություններում»:
«Տեր-Պետրոսյանի հաղթանակը միանշանակ է» Վաղարշապատ: Քիչ է ասել` ցնցող: Կարելի է ասել ` քաղաքի 80 տոկոսն այստեղ էր: «Մուսա լեռը ձեզ հետ է», «Սուրբ Էջմիածինը քրիստոնյա նախագահի հետ է», «Հաղթելու ենք միասին»: Այս պաստառներն էին ծածանվում Վաղարշապատի հրապարակում: Իսկ մինչ հրապարակ հասնելը ժողովուրդը դեռ ճանապարհին դիմավորեց ՀՀ առաջին նախագահին ու նրա զինակիցներին: Պար բռնած, իրենց նախագահին օղակի մեջ առած տարա~ն-հասցրի~ն խոսափողների մոտ: «Լե-վոն, Լե-վոն», - վանկարկում էր Վաղարշապատը: Ռուս լրագրողներից մեկն ասաց. «Տեր-Պետրոսյանի հաղթանակը միանշանակ է: Դա ակնհայտ է»: Համլետ Նահատակյանը մի ոգեշունչ ելույթ ունեցավ, որը մարտակոչի էր նման. «Գյուղ կանգնի, գերան կկոտրի: Պիտի ապացուցենք, որ հայ ժողովուրդը միասնական է: Պիտի ապացուցենք, որ մերն է այս երկիրը: Մենք ենք տերը մեր երկրի եւ մեր նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն է»: Ապա` «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը դիմեց ժողովրդին` ասելով. «Եկեք միասին երդվենք, որ այս պահից վերադարձնում ենք մեր քաղաքացիական իրավունքը, հայի արժանապատվությունը»: Հանրահավաքին ներկա էր նաեւ պաշտպանության նախկին նախարար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյանը: Վերջինս արժանացավ ժողովրդի ջերմ ծափահարություններին: Վաղարշապատցիներին ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հորդորեց չզլանալ եւ փետրվարի 19-ին կատարել իրենց քաղաքացիական պարտքը, Շարժումը հասցնել հաղթական ավարտի. «Հակառակ դեպքում մենք չենք լինելու մեղավորը: Մենք արեցինք ամեն ինչ: Այս մարդիկ իրենց զրկեցին հանգստից, ընտանիքի հետ հաղորդակցվելու հաճույքից, աշխատանքից: Որոշ մարդիկ տուժեցին ֆինանսապես, ոմանց ակտիվության պատճառով տուժեցին նրանց հարազատները: ...Բայց այս մարդիկ կանգ չեն առնելու, նրանք բոլորն էլ մի քիչ մուսալեռցի են, կողով` ինձ նման: Գնալու ենք մինչեւ վերջ: Մնում է, որ դուք կատարեք ձեր փոքրիկ պարտքը: Վստահ եմ, որ այդպես էլ կլինի: Ժողովուրդը կայացրել է իր վճիռը եւ միահամուռ կանգնած է իր թեկնածուի կողքին»: «Այո~, Լեւո~ն, Լեւո~ն», - թնդաց Վաղարշապատը: Առաջին նախագահը շարունակեց. «Ինձ համար դա մեծ պատիվ է, բայց նաեւ մեծագույն պատասխանատվություն: Եթե կուզեք` խաչ, եթե կուզեք` մատաղի գառ»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |