“Zhamanak” Armenian-American Political Daily

Խուճապ... մինչեւ ու՞ր

14:12 Yerevan | 10:12 GMT | Saturday 16 February 2008

Ստեփան Սաֆարյան

ԱԺ պատգամավոր

Լեւոն Տեր-Պետրոսյանի «երկու մեծ մեղքերը» Ակնհայտորեն «Ժառանգություն» կուսակցության վարչության փետրվարի 11-ի հայտարարությունը, որով կուսակցության ընտրողներին ու համակիրներին կոչ արվեց առաջիկա նախագահական ընտրություններում ձայն տալ Լեւոն Տեր-Պետրոսյանին, իշխանական ճամբարում մեծացրեց խուճապը: Հոգեվարք ապրող իշխանության նման պահվածքն, անշուշտ, պատճառներ ունի:

Բոլոր նրանք, ովքեր այս կամ այն չափով հետեւում են իշխանությունների վերահսկողության տակ գտնվող կամ նրանց գովքն անող հայկական հեռուստաընկերություններին ու տպագիր լրատվամիջոցներին` կարող են թվարկել այն «մեղքերը», որոնց մեջ «մեղադրվում է» Լեւոն Տեր-Պետրոսյանը.

«քիրվայություն անել Ադրբեջանի հետ` նրան վերադարձնելով Լեռնային Ղարաբաղը»:

«կրտսեր եղբայր դառնալ Թուրքիային` ուրանալով Հայոց ցեղասպանությունը»,

Արդեն մեկ ամիս է, ինչ իրար ձայնակցելով տարբեր տրամաչափի գործիչներ ու հաճախորդներ, «լրագրողներ» ու «մեկնաբաններ» խոսում են այս ամենից: Եվ հանկարծ կատարված աշխատանքը ջուրն է լցվում «Ժառանգություն» կուսակցության հայտարարությամբ. Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին դիրքրոշում է հայտնում մի քաղաքական ուժ, որի առաջնորդը` Րաֆֆի Հովհաննիսյանը հանրության շրջանում հայտնի է իբրեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայոց ցեղասպանության ու հայոց մեծ հայրենազրկման փաստերի դե յուրե ճանաչումը հետապնդող քաղաքական գործիչ: Իսկ եթե նրա առաջնորդած քաղաքական ուժն է սատարում Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա դա ցանկացած քաղաքացու համար ակնհայտ է դարձնում, որ իշխանական քարոզչամեքենան ու քաղաքական գուսանները, մեղմ ասած, ստում են, երբ առաջին նախագահին հասցեագրում են նման մեղքեր:

Մեղք 1. Լեռնային Ղարաբաղի «վաճառք» եւ Ադրբեջանի հետ «քիրվայություն»

Հայ հանրության ցանկացած անդամ հիշում է, թե ինչպես 2007թ. օգոստոսի վերջին Րաֆֆի Հովհաննիսյանն Ազգային ժողովում շրջանառության մեջ դրեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին» օրինագիծը: Վերջինիս ընդունման հիմնավորում էր նշվել այն, որ ԼՂՀ-ն միջազգային իրավունքի տեսանկյունից բավարարում է կայացած պետության բոլոր չափանիշներին: Այն, ինչ հաջորդեց օրինագիծը շրջանառության մեջ դնելուն` զավեշտալի էր, եւ հիշում են բոլորը: Հայաստանում երկու անգամ ուրիշի փոխարեն դե ֆակտո նախագահ դարձած (այդպես էլ դե յուրե չդարձած) նախագահի խոսնակը հայտարարեց, որ այդ օրինագծի ընդունման նպատակահարմարությունը չկա, քանի որ Քոչարյանն արդեն դե ֆակտո ճանաչել է ԼՂՀ-ն` այցելելով այնտեղ (լավ է դեռ չասաց, որ այնտեղ, ուր ոտք է դնում Ռոբերտ Քոչարյանը` միջազգային իրավունքում ենթակա է ճանաչման իբրեւ հայկական տարածք, եւ տա Աստված, որ ԼՂՀ-ն էլ դե ֆակտո ճակատագրի չարժանանա): Խորհրդարանական խումբ-խմբակցությունները, կառավարությունն իրարից առաջ ընկնելով կնքեցին նույն պիտակը` «նպատակահարմար չէ», խոստովանեցին, որ դա իրենց վերջին փամփուշտն է եւ պետք է կրակել վերջում: Ու հայոց նորօրյա հայրենասերների ակումբը օրինագիծը չմտցրեց անգամ Ազգային ժողովի մեծ օրակարգ` ընդունելով այն 90 օրով հետաձգելու որոշում: Որքան էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հանրահավաքների ընթացքում բազմիցս արտասաներ «անկախ, ազատ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձեւակերպումը կամ, զորօրինակ, փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում իր նախընտրական հանդիպման ընթացքում հայտարարեր, որ հարկավոր է «հաստատագրել այն, ինչ ունենք, ամրապնդել միջազգային պայմանագրով, ապահովել Լեռնային Ղարաբաղի լիակատար անվտանգությունը» եւ դրանից հետո գնալ «հաշտության, խաղաղության մեր բոլոր հարեւանների հետ» («Առավոտ», 14 փետրվարի) կամ իր նախընտրական ծրագրում ամրագրեր, որ ԼՂ ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը, վերադառնա բանակցային գործընթաց, միեւնույնն է, նրա հասցեին հնչեցնում էին «Ղարաբաղը ծախելու» 1997-98-յան մեղադրանքներ: Եվ հիմա Լեռնային Լարաբաղի անկախ, ինքնիշխան հանրապետության ճանաչումը պահանջող Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունը սատարում է «այն հանձնելու մեջ մեղադրվող» Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Մեղք 2. Հայոց ցեղասպանության «ուրացում» եւ հայ-թուրքական «եղբայրություն»

Օրերես հայկական տպագիր մամուլի միջոցներից մեկը նոպայի մեջ ընկավ: «Հայ-հարայ, հասեք. Րաֆֆի Հովհաննիսյանը Թուրքիայի նորընտիր նախագահ Աբդուլլահ Գյուլին ուղղված շնորհավորական նամակում «ցեղասպանություն» բառի փոխարեն օգտագործել է «հայոց մեծ տեղահանություն» բառերը, ինչն իսկը եւ իսկը թուրքերի ուզածն է: Դե դա էլ, հասկանում եք, նշանակում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է ուրանում ցեղասպանությունը, հետեւաբար դավաճան է», - ճչաց «Հայոց աշխարհը» փետրվարի 13-ի առավոտյան: Նախագահականի Արմեն Գեւորգյանն «ապահովեց», որ մետրային մի շարք հեռուստաընկերություններ եթեր տան այդ հոգեկան (ոչ թե հոգու) ճիչը, չնայած փետրվարի 13-ի երեկոյան դրությամբ նրանց բոլորի տրամադրության տակ էր «Ժառանգություն» կուսակցության հերքման տեքստը, որն ուղարկվել էր նույն օրը կեսօրից հետո: Այստեղ մի փոքր ետ դառնանք ու անդրադառնանք «Հայոց մեծ հայրենազրկում» ձեւակերպմանը:

Դեռեւս 2001թ. The Wall Street Journal հեղինակավոր թերթում տպագրվել էր Հյուհ Փոփի «At Last A State, Armenia Lacks PeopleDecline In Population Among World's Worst; 'I'd Go Anywhere» հոդված, որը բավականին տհաճ ձեւակերպումներ էր պարունակում Հայաստանի ու հայերի վերաբերյալ: Մինչ գործող իշխանությունները զբաղված էին «սաստիկ հայրենասիրական» գործերով (Մեղրին սակարկության առարկա դարձնելը, ցեղասպանության մասին բաժակաճառ ասելն ու դրա տակ սփյուռքից դրամաշորթությունը եւ այլ մանրումեծ խուլիգանություններ), Րաֆֆի Հովհաննիսյանը 2001թ. հուլիսի 9-ին նամակ հղեց հոդվածի հեղինակին, որը նույնպես տպագրվեց: Մեջբերեմ մի հատված. «Օսմանյան կայսրության երիտթուրք ղեկավարները պատասխանատու էին 1915 թվականի Հայոց մեծ հայրենազրկման համար, որը ներառում էր ցեղասպանություն հանցագործության բոլոր բաղադրիչները, հայոց պատմական հայրենիքի ոչնչացումը, եւ միլիոնավոր մարդկային կյանքերի եղերական վերջաբանը: Մերօրյա Ադրբեջանը պատասխանատու էր Լեռնային Ղարաբաղի հայկական հողի նկատմամբ նախահարձակ (ագրեսիոն) պատերազմ սանձազերծելու եւ ավելի ուշ այն տանուլ տալու համար: Ավաղ, հանցագործները խուսափում են պատասխանատվություն կրելուց, մինչդեռ, ի վերջո, կարող էին հասունացնել իրենց ու սեփական պատմությանը դեմ-հանդիման կանգնելու հարցը»: (Հոդվածն ազատ տեղադրված է http: //www.cilicia.com/2001/07/raffi-hovannisians-letter-to-editor.html հասցեի ներքո, ինչպես նաեւ ՌԱՀՀԿ կայքէջում` www.acnis.am)

Ահա, թե ինչ է նշանակում հայոց մեծ հայենազրկումը Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթներում կամ հրապարակումներում, որոնք միջազգային հեղինակավոր մամուլում այլեւս վավերագրված փաստեր են: Եվ անհեթեթ են այն դատողությունները, թե նա երկրի ներսում ներքին սպառման նպատակներով հանդես է գալիս այլ եզրաբանությամբ, արտերկրում` այլ: Այս իմաստն է դրված 2007թ. օգոստոսի 29-ին Թուրքիայի նորընտիր նախագահ Աբդուլլահ Գյուլին հղված շնորհավորական նամակի շահարկվող ձեւակերպման մեջ. «Մեր պետությունների միջեւ գոյություն ունեցող խոր վիհերը` լինեն դրանք ժամանակակից բնույթի, թե Մեծ հայրենազրկման տխուր ժառանգության արգասիք, պետք է հաղթահարվեն եւ լուծվեն ճշմարտությամբ, շիտակությամբ, նորընտիր երկու ղեկավարների եւ նրանց բարյացկամ ու շահագրգիռ համաքաղաքացիների գործակցության միջոցով»: Իսկ թե ինչ է նշանակում հաջորդ նախադասությունը` թողնում եմ ընթերցողի դատին. «Հույս եմ տածում, որ Ձեր, ինչպես եւ մոտ ապագայում ընտրվելիք Հայաստանի նոր նախագահի պաշտոնավարման օրոք թուրք-հայկական հարաբերությունները կմտնեն ներհայեցողության, հետազոտման, բացահայտման եւ վերջնական կանոնակարգման որակապես նոր փուլ: Այս ամենը կարող է տեղի ունենալ ոչ միայն բարձր քաղաքագիտության եւ ստեղծագործական դիվանագիտության շնորհիվ, այլեւ ապագայի անկեղծ, երկուստեք քննման միջոցով` խարսխված պատմության համարձակ ու աննախադեպ ընդունման վրա»:

Թարգմանչական լիկբեզ

իշխանությունների համար

Այս թեման սպառիչ կերպով փակելու նպատակով ինչպես Աղդամում տպագրված անգլերեն-ադրբեջաներեն բառարանով առաջնորդվողների, այնպես էլ մեր ողջախոհ համաքաղաքացիների համար բացատրենք անգլերեն «dispossession» բառի իմաստը, որն անշուշտ օգտագործվում է տարբեր իմաստներով, ինչպես անգլերենի ցանկացած բառ: «The American Heritage Dictionary» բառարանում «dispossess» բառը մեկնաբանված է հետեւյալ կերպ. «զրկել (մեկ ուրիշին) ինչ-որ բան տնօրինելուց (սեփականության իրավունքով) կամ օգտագործելուց (վարձակալության դեպքում), ինչպես ասենք` անշարժ գույքը» (տպագրված Բոստոնում, 1976թ., էջ 407): Նշենք, որ այն հականիշն է «possession» բառի (դրանից զրկելու իմաստով), որը բոլորին հայտնի Lingvo բառարանով անգամ նշանակում է սեփականության իրավունքով հողի, ունեցվածի, իրավունքի տնօրինում, տիրապետում եւ օգտագործում: Սոսկ մեկ օրինակ. Land that is possessed by the city should be turned into parks. - իպՎս՚, վՈւՏՊ՚քՈ՚ր՚ Չ րՏորՑՉպվվՏրՑՌ չՏՐՏՊՈ, ՊՏսՋվՈ ոօՑՖ ՏՑՉպՊպվՈ տՏՊ տՈՐՍՌ: Կարծում եմ` անիրազեկին էլ արդեն պարզ է, որ այս բառը մեծատառ «Great Armenian Dispossesion» կապակցության մեջ նշանակում է «Հայոց մեծ հայրենազրկում»` հայ ժողովրդի մի հատվածին իր բոլոր տեսակի սեփականությունից` հողից, գույքից մինչեւ Հայրենիք, իր բոլոր տեսակի իրավունքներից` կյանքի իրավունքից մինչեւ սեփական Հայրենիքում ապրելու ու այդ հայրենիքն ունենալու իրավունքի զրկումը: Պարզապես մնում է հավելել հետեւյալը: Տեղահանությունն այն է, ինչ արել են հայոց ներկա իշխանությունները: Այն, ինչ արել են թուրքերը` հայրենազրկում եւ ցեղասպանություն է:

Այս կեղտոտ հնարքի նպատակը մեկն է. ցույց տալ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին «Ժառանգության» սատարման արդյունքում ընտրազանգվածը հիասթափվում է իր սկզբունքներին «դավաճանած» Րաֆֆի Հովհաննիսյանից եւ չի քվեարկում առաջին նախագահի օգտին: Ուզում եմ զգուշացնել, որ ապարդյուն է: Իսկ «Ժառանգության» ընտրազանգվածն ու անդամները հիասթափվելու առիթ չունեն. կուսակցության որոշումը առաջին հերթին նրանց ցանկությամբ ու կամքով է ընդունվել:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.