|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Եվրոպական իդենտիֆիկացիա Հայաստանը տեղ ունի՞ Հին աշխարհամասում13:51 Yerevan | 9:51 GMT | Saturday 16 February 2008Արման Բաբաջանյան Տասը տարի ի վեր Հայաստանը վարել է աշխարհի համար անորոշ ու անկանխատեսելի արտաքին քաղաքականություն` բավարարվելով բացառապես ներքին սպառման համար շինծու մարտահրավերների դեմ անպտուղ պայքարով: Մինչ օրս տարածաշրջանին եւ մասնավորապես երկրին նետված արտաքին մարտահրավերներին պատկան մարմինների անհամարժեք արձագանքները, Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի մեծ քաղաքականություն վերադարձից եւ առաջիկա նախագահական ընտրություններում կասկած չհարուցող հաղթանակից հետո, հույս են արթնացրել, որ Հայաստանը` որպես հարավկովկասյան տարածաշրջանային կարեւոր գործոն եւ խաղացող, վերստին կվերագտնի իրեն: Որպես եվրոպական երկիր, որպես ընդարձակ ու միավորվող Եվրոպայի մաս` Հայաստանի իդենտիֆիկացիային խանգարում են մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով պայմանավորված դժվարություններ: Պետք է հատուկ ընդգծել, որ ի տարբերություն նախկին խորհրդային «ժառանգներից» ամենամեծի` Ռուսաստանի, մեր երկրի եվրոպական պատկանելության հարցն առավելաբար լուծվեց Խորհրդային Միության կազմում մեր գիտական, մշակութային եւ հասարակական աննախընթաց վերելքի արդյունքում: Եթե ցարական Ռուսաստանը, մինչեւ խորհրդայնացումը, 20-րդ դարասկզբին համարվում էր հզոր Գերմանիայի եւ Անգլիայի հետ մրցակից, զուտ եվրոպական երկիր, ապա Խորհրդային Միության փլուզումից հետո, նույն դարավերջին իրեն տարանջատեց Հին աշխարհամասից ոչ միայն քաղաքական, այլ, որ ամենակործանարարն է, գաղափարական անջրպետով: Մյուս կողմից` խորհրդային հասարակարգի փլուզումից հետո ժողովրդավարական գաղափարախոսության դեմ պայքարի ելած հայ քաղաքական ներկապնակի ազգայնական բաղադրիչը միայն խորացրեց հայրենի առասպելաբանությունը աշխարհում հայ ժողովրդի բացառիկության մասին, ավելին` վերջին տասը տարում հայ ժողովրդի ինքնությունը կապվեց բացառապես հայող ցեղասպանության ճանաչման հետ: Հայաստանը ակնհայտորեն տարբերվում է համաեվրոպական ընտանիքի մյուս սուբյեկտներից, որն, ի դեպ, ինքն իր ներսում միատարր եւ մոնոլիտ չէ: Իսպանիան եւ Հունաստանը, օրինակ, քիչ նմանություններ ունեն Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հետ, բայց այս երկրները գտնվում են մեկ ընդհանուր քաղաքակրթական ընտանիքում: Եվրոպական կամ ասիական ընտանիքին պատկանելու մասին մեր ժողովրդի պատմության մեջ որեւէ հարցադրում ցայսօր չի արվել: Պետականության բացակայությունն առավել խորացրել է անորոշությունը, եւ մենք այդպես էլ չենք կարողացել ինքներս մեզ համար պարզել` մենք արեւմուտքի ամենաարեւելյան, թե՞ արեւելքի ամենաարեւմտյան երկիր ենք: Ինչպիսի՞ մակրոկառույցի շրջանակներում առավել օրգանական կարող է իրացվել հայկական ինքնությունը: Ո՞ր միջավայրում առավելապես կարող է դրսեւորվել երկրի ու ժողովրդի ստեղծագործական ներուժը եւ զսպվել` կործանարարը: Կարծում եմ ակնհայտ է. հայկական առանձնահատկությունը, որն իր պատմությամբ եւ մշակույթով դրականորեն ազդել է համաշխարհային քաղաքակրթության վրա, ունակ է 21-րդ դարում առավելագույնս դրսեւորվել բացառապես եվրոպական (լայն` եվրատլանտյան) ընդհանուր տարածքում եւ ոչ երբեք նրա սահմաններից դուրս: Ներուժի բացահայտում Ժամանակակից պետության ուժը կայանում է, առաջին հերթին, կոմպետենտության եւ ճկունության համադրության մեջ: Մրցունակ պետության մեխանիզմը պարտավոր է լինել ազգի կյանքում առանցքային գործընթացների մոդերատոր (լիդեր-միջնորդ): Կառչելով հին «ավանդականության» կարծրատիպերից` վերջին տարիներին մենք գրեթե զրոյացրել ենք ազգային ռեսուրսների մնացորդը` թողնելով, որ այն պահպանեն պատմական հիշողության ֆանտոմները: Էլիտայի մոբիլիզացիան խորհրդային չկայացած մեթոդներով բերեց միայն պետական կառույցի ճկման ու խեղման` առաջացնելով քաղաքական եւ տնտեսական զարգացման համար անհրաժեշտ արգելքներ: Այս գահավիժումը պետք է կանգնեցնել, որովհետեւ Հայաստանն այսօր իրապես վերածվել է «արտաքին ուժերի» համար դիմակայություն չդրսեւորող որսի: Մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ մեզ այլեւս պետք չէ նվաճել: Այս ուղիով շարունակելու դեպքում մենք կամ կուծացվենք, կկործանվենք որպես երկիր եւ ժողովուրդ կամ, լավագույն դեպքում, կվերածվենք տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահեր հետապնդող երկրների ու անվտանգության համակարգերի բախման համար անհրաժեշտ տարածքի: Զարգացման միակ էֆեկտիվ ուղին հնարավորությունների ազատագրումն է, կոմպետենտ ու գործունյա էլիտայի կազմավորումը: Իշխող դասակարգի էֆեկտիվությունն ու գործունակությունը հասանելի են միայն ուղղահայաց եւ հորիզոնական մոբիլության պայմաններում, այն սուբյեկտների արագ վերակազմակերպվելու կարողունակության, որոնք կարող են դյուրությամբ ադապտացվել արագ փոփոխվող ներքին եւ արտաքին միջավայրի պայմաններին եւ հրամայականներին: Էլիտայի միտքը թարմ պահելու համար առավել գործնական եւ անընդհատ մեխանիզմ կարող են լինել ժողովրդավարական պրոցեդուրաները: Դրանք, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, առավել արդյունավետ են պաշտպանում օխլոկրատիայից: Իշխանական ուղղահայացությունը չի կարող լինել ճկուն եւ էֆեկտիվ` պայմանավորված իր «ճարտարապետական» առանձնահատկություններով: Արդի համաշխարհային փորձը խնամքով ապացուցում է ցանցերի առավելությունը, կառավարման համակարգերի տարրալուծումը (բացառությամբ իրավապահ եւ դատական համակարգի եւ զինված ուժերի): Ընդ որում` ներքին միատարրությունը մեծ մասամբ երեւութական է, որովհետեւ ներկա համակարգը բաղկացած է տարբեր սուբյեկտներից: Մի մասի մոտ մոտեցումների եւ շահերի հակադրությունը, մյուսի` գաղափարա-քաղաքական անողնաշար խնդիրների լուծման գործում էլիտայի տանող գիծը դարձնում է կատարյալ անընդունելի: Հայաստանի գլխին կախված են մնում արտաքին եւ ներքին մարտահրավերները, իսկ մեզ մոտ, ըստ էության, շարունակվում են անհաջող փորձարկումները: Գաղափարական կոնցեպցիաների մանիպուլյացիաները ներքին եւ արտաքին սպառման համար են: Փաստացի շարունակվում է պայքարը ազատ շուկայական տնտեսության «պարադիգմաների» միջեւ, որտեղ պետությունն ավելի մեծ չափով է մասնակցում տնտեսական մենաշնորհների եւ կոռուպցիայի գործում: Փաստորեն վերածնվում են խորհրդային կառավարման ամենավատ դրսեւորումները: Կարեւորագույն որոշումները ընդունվում են իմիջիայլոց` այն դեպքում, երբ պետության քաղաքականությունը մշակելուն կոչված սահմանադրական հաստատությունները պարբերաբար արհամարհվում են: Եվրոպայի հետ եւ առանց նրա Այս իրողությունների համատեքստում Եվրամիության հետ հարաբերությունների խորացումն օգտակար եւ պարտադիր է պետության կառավարման ժամանակակից մեխանիզմների եւ տեխնոլոգիաների ուսումնասիրման եւ ադապտացման տեսանկյունից: Հատկապես այն պատճառով, որ խոսքը գնում է ահռելի մի տարածաշրջանի մասին, որը բաղկացած է ոչ համահավասար տնտեսական զարգացում ունեցող սուբյեկտներից: Եվրամիությունը կուտակել է միջազգային կոշտ պայմաններում մրցակցության մեծ փորձ ռեգիոնալ եւ ճյուղային զարգացման համար: Ուսանելի է եվրոպացիների աշխատանքն ու փորձը տնտեսության պրոտեկցիոնիզմի պայմաններում: Վերջապես` Հայաստանն իր մարդկային ռեսուրսով, գենետիկորեն առավել սերտ կապով է ինտեգրված Եվրոպային: Նախկին իշխանության օրոք, օրինակ, տնտեսության զարգացման հենց եվրոպական վեկտորն էր նախանշվել որպես հիմնական եւ ռազմավարական եւ երկրի արտաքին առեւտրի ամենմեծ բեռը բաժին էր հասնում եվրոպական երկրներին: Պատմականորեն ու մշակութապես մենք միշտ պատկանել ենք Հին աշխարհամասին, զգացել ենք նրա ազդեցությունը եւ ուղղակի կամ անուղղակի ինքներս ենք ազդել եվրոպական ընտանիքի վրա: Քրիստոնեական արժեքները, որոնք կազմում են եվրոպական քաղաքակրթության էությունը, նույնպես օրգանական են մեզ համար, ինչպես եւ եվրոպական ազգերի մեծամասնության համար: Հին աշխարհամասը միավորում, սակայն շարունակում է մնալ առանձին երկիր-հայրենիքների Եվրոպա, այդ թվում` մեր հայրենիքի: Չի կարելի մերժել այն, ինչ կազմում է մեր բնական իդենտիֆիկացիայի մասը: Միայն միասնաբար Եվրոպայի հետ եւ Եվրոպայում մենք կարող ենք հաղթահարել ասիական, ամերիկյան եւ այլ հզոր քաղաքակրթական մագնատների քաղաքակրթական ճնշումները: Չափազանց կարեւոր է, որ մնացյալ աշխարհը մեզ վերաբերվի որպես եվրոպական համակարգի մի մաս: Հայաստանի Եվրոպական իդենտիֆիկացիան նշանակալի չափով կհաներ քաղաքական անորոշությունը, որը եւ հիմնականում պայմանավորում է հարեւանների հետ մեր հարաբերությունները: Անորոշությունը, ինչպես հայտնի է, ծնում է կասկածներ եւ նույնիսկ մտահոգություն: Միայն Հայաստանի ռազմավարական ուղղությունը` որպես եվրոպական երկիր, կօգներ հավասարակշռելու եւ երկարատեւ ու կանխատեսելի հեռանկարային կտրվածքով կհաղորդեր որակական նոր դինամիկ հարաբերություններ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի հանդեպ: Հին աշխարհամասը փորձում է որոշել պատկանելության հարցը: Չափազանց վտանգավոր է, կամա թե ակամա, օգնել նրանց ովքեր ուզում են վերջնական սահմաններ գծել Եվրոպայի եւ ոչ Եվրոպայի միջեւ: Որտե՞ղ կանցնի այդ սահմանը, ինչպե՞ս կարտահայտվի` պատմության որոշելիքն է: Մեր գործը, որպես երկիր եւ ժողովուրդ, եվրոպական ընտանիքին մեր իդենտիֆիկացիայի մասին շուտափույթ արտահայտելն է: Եվրոպական ուղղությունը Հայաստանի համար այլընտրանք չունի: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |