“Zhamanak” Armenian-American Political Daily

Խղճահարույց «մեղադրանքներ»

13:50 Yerevan | 9:50 GMT | Saturday 16 February 2008

Էմմա Գաբրիելյան

«Իմ կառավարությունը սկզբունքորեն համաձայն է օգնություն ցույց տալ հացահատիկի պաշարները լրացնելու գործում: Մենք պատրաստ ենք ընդունելու Ձեր պատվիրակությանը` հացահատիկի տեղափոխման միջոցների, քանակի ձեւակերպումների եւ ժամկետների վերաբերյալ հարցերը քննարկելու համար:

Օգտվում եմ առիթից, որպեսզի նշեմ այն կարեւորությունը, որը մենք հատկացնում ենք կովկասյան ժողովուրդների բարեկեցությանն ու բարգավաճմանը, եւ հիշեցնեմ Թուրքիայի ավանդական մոտեցումը մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում: Դա մեր անկեղծ ցանկությունն է` տեսնել հարեւան տարածաշրջանը որպես համերաշխության, կայունության, բարգավաճման եւ համագործակցության մի կղզի: Կարող եմ հավաստիացնել Ձեզ, որ Թուրքիան կշարունակի իր կառուցողական գործունեությունը այս ասպարեզում» (22.09.1992թ., «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ): Սա հատված է ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ եւ ծանր մարտերի օրերին Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի` 1992թ. սեպտեմբերին 21-ին հրապարակված նամակից, որը ստացվել էր ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի` Հայաստանին հացահատիկ տրամադրելու նամակին ի պատասխան:

Այսօր, Կեւորկովի ղեկավարման շրջանում դաստիարակված, գիտակցություն ձեւավորած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը անկախ Հայաստանի հիմնադիր, Արցախյան պատերազմի տարիներին գերագույն հրամանատարին` Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրում են «թուրքամետ քաղաքականություն» վարելու մեջ, ջղաձիգ «ահաբեկում» հանրությանը, թե նրա վերադարձի դեպքում «Հայաստանը կհայտնվի Թուրքիայի գրկում», թե նա գալիս է «քիրվայություն անելու»: Քոչարյանասերժական քարոզչամեքենայի այս պարզունակ, խղճուկ ու անգրագետ «մեղադրանքները», թե ինչ ազդեցություն են թողնում հասարակության վրա` Քոչարյանն ու Սարգսյանը ընդամենը մի քանի օր համբերեն` կտեսնեն. դրանք ծիծաղ ու խղճահարություն են միայն առաջացնում:

Իրավամբ, նախկին իշխանությունները բոլոր հարեւանների հետ բնականոն հարաբերություններ հաստատելու, առկա խնդիրները կարգավորելու կողմնակից են եւ այդպիսին էլ եղել են: ԼՂ-ի պատերազմում, երբ հակամարտող կողմերը անդառնալի կորուստներ ու տառապանքներ էին կրում եւ թիվ մեկ խնդիրը ռազմական գործողությունների դադարեցումն ու զինադադարի կնքումն էր, 1993թ. ապրիլին Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի թաղման արարողությանը մասնակցելու առիթով Անկարա էր մեկնել ՀՀ պատվիրակությունը` Լ.Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որտեղ նա հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի եւ Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի հետ: Իրականում այս այցը կրել էր ոչ միայն քաղաքավարական-դիվանագիտական, այլեւ հստակ քաղաքական նպատակ. պաշտոնական Երեւանը հերթական փորձն էր արել հակամարտության գոտում կրած ռազմական հաջողությունները զուգորդել դիվանագիտական ձեռքբերումների հետ եւ ամրագրել դրանք: Սույն այցի ընթացքում Ս.Դեմիրելը շեշտել էր, որ անհրաժեշտ է անհապաղ զինադադար հաստատել, իսկ Լ.Տեր-Պետրոսյանը, ընդգծելով Ա.Էլչիբեյի եւ Ս.Դեմիրելի հետ հանդիպումների կարեւորությունը, մատնանշել էր զինադադար հաստատելու եւ ԼՂ խնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու շահագրգռությունը: Նախ արձանագրենք, որ Անկարայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները առաջին անգամ հանդիպել էին առանց միջնորդների: Այցի ավարտին ՀՀ նախագահի մամլո խոսնակը պարզաբանել էր, որ կողմերը համաձայնել են աջակցել ԵԱՀԿ-ի ջանքերին եւ բանակցություններ վարել (անշուշտ` Ադրբեջանը մինչեւ 1994թ. մայիսի 12-ին հաստատված զինադադարը պարբերաբար խախտել է ձեռք բերված բազմաթիվ պայմնավորվածություններ), Ադրբեջանը հավաստիացրել է, որ այլեւս չի հրաժարվում ԵԱՀԿ միջնորդությունից: Կարելի՞ է «թուրքամետություն» համարել` ճիշտ պահին, ռազմաճակատում ինտենսիվ մարտերը դադարեցնելու եւ հայկական կողմի ռազմական հաջողությունների առկայության պայմաններում բանակցություններ սկսելու ուղղությամբ ՀՀ ղեկավարության ճշգրիտ հաշվարկները... Քոչարյանի ու Սարգսյանի պատկերացմամբ հավանաբար սա է «քիրվայությունը»...

ԼՂ հակամարտության գոտում հաստատված զինադադարից երեք տարի անց` 1997թ. ապրիլին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը ընդունել էր Թուրքիայի նախագահ Ս.Դեմիրելի հրավերը մասնակցելու Ստամբուլում անցկացվող Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդաժողովին: Մինչ Ստամբուլ ժամանելը Լ.Տեր-Պետրոսյանը պատասխանելով թուրքական «Ռադիկալ»-ի թղթակցի հարցին` շեշտել էր, որ երկկողմ հարաբերությունների բնականոնացման համար այսուհետեւ պետք է Թուրքիայի կողմից քայլեր ձեռնարկվեն, քանի որ Հայաստանն արդեն արել է այն, ինչ հնարավոր էր: Ստամբուլում Ս.Դեմիրելը նախաձեռնել էր Լ.Տեր-Պետրոսյան-Հ.Ալիեւ հանդիպում, իսկ մինչ հանդիպման մեկնարկը Դեմիրելը հայտարարել էր. «Խաղաղությունը խանգարելը հեշտ է, բայց վերահաստատելը` դժվար»: Թուրքիայի նախագահը հավաստիացրել էր, որ կարեւորում է հայ-ադրբեջանական հաշտությունը, որ հարկավոր է խնդրի առնչությամբ ժամ առաջ լուծում գտնել, ապա ընդգծել էր, որ Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում Կովկասում հաշտության վերահաստատման, տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ: Այս այցից երկու շաբաթ անց «Ռադիկալ»-ում` «Թուրքիան մոլորվել է եղբայր Ադրբեջանի եւ դրացի Հայաստանի միջեւ» վերնագրով հոդված է տպագրվում, որտեղ փաստում են, որ Թուրքիան մնացել է «դրացու» եւ «եղբոր» միջեւ նախապատվություն տալու երկընտրանքի առջեւ եւ դժվարանում է ընտրություն անել: Ավելին` թերթը, հիշեցնելով, որ Կիպրոսի հարցը չի պարտադրել Թուրքիային իր հարաբերությունները խզել Հունաստանի հետ, ընդգծում է, որ Թուրքիան կարող է եղբայրական հարաբերություններ հաստատել Ադրբեջանի եւ միաժամանակ բնակոն հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ: «Ռադիկալը» նաեւ անդրադառնում է ԼՂ խնդրին. «ԼՂ հարցը պետք է բանակցության նյութ դառնա Ադրբեջանի եւ ԼՂ-ի միջեւ: Թուրքիան եւ Հայաստանը, որքան էլ այս խնդրում կողմնակալ լինեն, հարցի առաջնահերթ տերերը չեն: Այս պատճառով սխալ է ԼՂ հարցը նախապայման դնել Թուրքիա-Հայաստան հարաբերություններում», - բխեցնում է թերթը` հավելելով, որ լավագույն տարբերակը Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, ինչը չի նշանակում` «ծախել Ադրբեջանը»:

Այժմ տեսնենք, թե ինչպիսին են «հայրենասեր» Քոչարյան-Սարգսյանի իշխանավարման տարիներին պաշտոնական Անկարայի դիրքորոշումները ԼՂ խնդրի վերաբերյալ: Արդյո՞ք դրանք ավելի են մեղմացել, թե՞ ընդհակառակը, արդյո՞ք դրանց հիմքը երկխոսության, բանակցությունների անշրջելիությունն է, թե՞ ընդհակառակը: Բաքվում անցյալ տարվա վերջին կայացած թրքալեզու երկրների բարեկամության, եղբայրության եւ համագործակցության 11-րդ համագումարում Թուրքիայի վարչապետ Էրդողանի ելույթը էապես տարբերվում էր «նախկինների» օրոք թուրք պաշտոնյաների ելույթի շեշտադրումներից. «Թեեւ այդ խնդիրը (ԼՂ-ի) մեզ շատ է անհանգստացնում, սակայն տեսնում ենք, որ համաշխարհային հանրությունը աչք է փակում այս ամենի նկատմամբ: Խնդիրը չի լուծվում, ինչ-որ խաղ է գնում: ԼՂ-ի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ-ն` ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի գլխավորությամբ, ոչ ճիշտ քաղաքականություն է վարում», - նկատել էր Էրդողանը: Իսկ 2007թ. նոյեմբերի սկզբին կայացած Թուրքիայի վարչապետի ամերիկյան այցի ընթացքում ուշագրավ էր նրա դիրքորոշումն այն մասին, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կբացի միայն այն բանից հետո, երբ Հայաստանը դադարեցնի Ադրբեջանի տարածքների օկուպացիան. «Դուք օկուպացրել եք ԼՂ-ն: Աշխարհը ձեզ ընդունում է որպես ագրեսոր: Անհրաժեշտ է դադարեցնել օկուպացիան, որ շարունակվում է մինչ այժմ: Դրա համար էլ մենք չենք բացի Հայաստանի հետ սահմանը», - շեշտել էր Էրդողանը: Ընդամենը մի քանի օր առաջ Մյունխենում կայացած անվտանգության հարցերով միջազգային համաժողովում անդրադառնալով ԼՂ խնդրին` Թուրքիայի վարչապետ Էրդողանը դարձյալ շեշտեց. «Ողջ աշխարհն է ընդունել LՂ-ի օկուպացիայի փաստը: Ազատեք Ղարաբաղը: Թող Ղարաբաղ վերադառնան այն տասնյակ, հարյուր հազարավոր ադրբեջանցիները, որոնք լքել են իրենց օջախները»:

Ինչպես նկատում ենք` պարզ համեմատությունը ԼՂ-ի կարգավորման ապագայի շուրջ` թուրքական գնահատականների տեսանկյունից, վկայում է նշանակալի տարբերությունների մասին:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.