“Zhamanak” Armenian-American Political Daily

Գեղամյանը պարզ սադրիչ է

13:42 Yerevan | 9:42 GMT | Saturday 16 February 2008

Գոհար Բարսամյան

Խոտորուած սիրտը չարիքներ է նիւթում եւ ամեն ժամանակ սերմանում է խռովութիւն քաղաքում: Աստվածաշունչ, Առակներ 6: 14 Յուրաքանչյուր ոք իր ինքնահաստատման ճանապարհն ունի, իր ինքնահաստատման միջոցը: Հավանաբար ճակատագրով կան գլխավոր մարդիկ, ովքեր հաստատ գիտեն իրենց անելիքը եւ մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում խարխափում են` փնտրելով եւ չգտնելով իրենց տեղը:

Երբեմն նրանք դառնում են այս կամ այն ուժի սպասարկուն, մատուցողը: Կյանքը ցույց է տվել, որ գլխավոր դեմքերի հետ հեշտ է լեզու գտնել, իսկ սպասարկուն միշտ էլ վտանգի աղբյուր է. նա կայանում է ուրիշին փնովելու, ուրիշի վրայով քայլելու հաշվին: Հատկապես նախագահական ընտրություններում լավ երեւում է, թե ով ով է: Ձայնը գլուխը գցած մարդուն ոչ ոք չի լսում: Սյունիքի բարբառում կա «ճաճառ» բառը, որ նշանակում է շատախոս, զազրախոս, սա ծանր դեպք է, երբ միմյանց են շաղախվում կեղծն ու սուտը, մեկ ուրիշի հերոսությունը սեփական անձին է վերագրվում: Իրենք մտածում են, որ սա էլ ճանապարհ հարթելու ձեւ է: Ժողովուրդը իմաստուն է. նախագահական ընտրությունների նախաշեմին բոլորից լավ գիտե, թե ով ում է ծառայում, ով ում հետ է բանակցում եւ ով ինչ նպատակ ունի: Այս շրջանում քաղաքական գործիչներ կային, ովքեր երկար դեգերումներից հետո կարեւորեցին իրենց շահը եւ դավաճանեցին ժողովրդին` դառնալով իսկապես քաղաքական ոչնչություններ: Նրանց այլեւս ոչ ոք չի հավատում, նրանց ետեւից այլեւս ոչ ոք չի գնա: Եթե նախորդ նախագահական ընտրություններում կային մարդիկ, ովքեր հավատում էին Արտաշես Գեղամյանի «պերճաշուք» խոսքին, հավատում, որ ինչ-որ բան կարող է փոխել, այսօր ողջամիտ ուժերը դա նրանից այլեւս չեն ակնկալում: Քոչարյանասերժական վարչակարգի երբեմնի հայհոյողը այսօր դարձել է նրա անվիճելի ջատագովը: Ժողովուրդը ամնեզիայով չի տառապում: Սա չարյաց փոքրագույնն է: Պարզապես այս ժամանակամիջոցը շատ կարճ էր սեփական դիմագիծը փոխելու համար, իսկ գուցե դիմագիծը շուտ- շուտ փոխելը եւս դիմագիծ է: Այսօր նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի1990 թվականի վարքագծի մասին հիշում է Շանթ Հարությունյանը:

- Տասնութ տարի է անցել Սովետաշենի դեպքերից: Ամեն ինչ սկսվեց կայարանից: Տղաների առաջ նպատակ էր դրված զինաթափել Երեւան-Ղափան գնացքը: Եթե հիշում եք, զոհեր էլ եղան: Այդ ժամանակ քաղաքապետը Արտաշես Գեղամյանն էր: Նա իրեն վերագրում է հերոսություններ, որոնց հեղինակն ամենեւին էլ ինքը չէր: Մեղմ ասած` սա էնքան էլ ազնիվ չէ: Վախն էլ է մարդկային երեւույթ. նա վախենում էր իր ավտոմեքենայում մենակ նստելուց, խնդրեց զինակիր տղաներից երկուսին իր կողքը նստել: Իսկ գործողությունները ծրագրեցին տղաների ջոկատները` «Սասունցի Դավիթը», «Տիգրան Մեծը»: Երբեք չի կարելի ուրանալ Աշոտ Նավասարդյանին: Իսկ այդ ժամանակ Արտաշես Գեղամյանը շատ վտանգավոր խաղ խաղաց տղաների գլխին: Նա այնպիսի սադրանք սարքեց, որ տղաները սկսեցին միմյանց կասկածել: Եթե նրա գործը գլուխ գար, Հայաստանում քաղաքացիական պատերազմ կհրահրվեր. տղաները կկռվեին միմյանց դեմ: Եթե Աշոտ Նավասարդյանը կենդանի լիներ, Գեղամյանը այդ սուտը չէր փչի: Նա այսօր պատմությունը խեղաթյուրելու փորձ է անում: Փաստորեն նա ստեղծեց նախադեպ, որի պատճառով ՀՀՇ-ն եւ հանրապետական կուսակցությունները կարող էին թշնամանալ: Եվ ոչ միայն... Մեծ արյունահեղություն կարող էր լինել, եթե միմյանց բախվեին հայկական ջոկատները եւ խորհրդային բանակը: Իսկ այդ ժամանակ Արտաշես Գեղամյանը ծառայում էր ռուսական պետանվտանգության ծառայություններին: Դա շատ վտանգավոր միտում կլիներ Շարժման համար, եթե երկպառակվեին ջոկատները: Մենք մի ողջ գիշեր արթուն լուսացրինք, որպեսզի կողմնորոշվեինք, թե որտեղից է գալիս վտանգը: Ինչու՞ եմ սա հիշում: Այսօր կրկին Գեղամյանը խոսում է ինչ-ինչ սցենարների մասին, որոնք հնարավոր են նախագահական ընտրությունների ժամանակ: Պարզ երեւում է, որ այսօր էլ նորից իշխանության կողմից նախօրոք սադրած գործողությունների մասին է խոսում եւ դրանք վերագրում Լեւոն Տեր- Պետրոսյանին: Վերջին հաշվով` նա գործում է հօգուտ իր` երբեմնի հայհոյած գործող վարչակարգի եւ ընդդեմ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Սա է նրա իրական դեմքը` 90-ական թվականներին Գեղամյանը ծառայում էր ռուսական պետական անվտանգության կոմիտեին, իսկ այսօր գործող ավազակապետությանը: Ես կոչ եմ անում ջոկատի տղաներին` չենթարկվել այդ սադրանքներին եւ ժողովրդին հիշեցնել անցյալի խեղաթյուրումները:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.