|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Որ կայանա վաղվա Հայաստանը17:31 Yerevan | 13:31 GMT | Friday 15 February 2008 Պատմության թատերաբեմից ազգերն ու պետությունները անհետանում են այնժամ, երբ ավարտում են իրենց բուն առաքելությունը, երբ ավարտվում է Ստեղծողի նախանշած իրենց դերը: Բայց, մինչ այդ, ինչ-որ մի կարեւոր, յուրահատուկ հատկանիշ նրանք բյուրեղացնում-փոխանցում են ուրիշի` դրանով իսկ ապահովելով այդ հատկանիշի հավերժականությունը: Ուշադիր հետեւեք պատմությանը եւ կհամոզվեք: Երկրագնդի երեսից իսպառ վերացած կամ այս կամ այն պետության մեջ ազգային փոքրամասնության կարգավիճակով իր գոյությունը ձգող բնավ էլ ոչ անխառն մնացած երբեմնի հզոր ու աշխարհաստեղծ ազգերի այսօրը` ձեզ ապացույց: Ու հին ազգերից ով մնացել է` չի կատարել ուրեմն իր առաքելությունը: Չի կարողացել դիմակայել մարտահրավերներին կամ էլ հոգնել է այլեւս ու ոչ մի բանի էլ ի վիճակի չի: Ու այս դարը երեւի թե վերջին դարն է նման ազգերի համար. կամ իրականացրու քո առաքելությունը կամ էլ հենց այդպես` գլխիկոր, հեռացիր թատերաբեմից` հանդիսատեսի սուլոցների եւ հիշոցների տարափի տակ: ...21-րդ դարը մեզ համար մեկ էական ու ճակատագրական մարտահրավեր ունի, որը նույնքան էլ բարենպաստ պատեհություն է. անկախ պետականության կայացում, ամրապնդում, ինտեգրում քաղաքակիրթ աշխարհին, քանզի միայն այդպես է, որ հնարավոր կլինի ապահովել մեր վաղվա օրը: Մինչդեռ մեր ապաշնորհ պետական ընթացքը երկիրը հետեւողականորեն դուրս է դնում զարգացման ցանկացած ուղեծրից` վտանգելով պետականության հեռանկարն ընդհանրապես: Անհավասարակշիռ եւ անհեռատես արտաքին քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ այսօր Հայաստանը ոչ միայն դարձել է աշխարհի հզորների շահերի եւ հետաքրքրությունների բախման թատերաբեմ, մինչդեռ` խելամիտ ընթացքի դեպքում, շահերի համադրման լավագույն խաչմերուկը կարող էր դառնալ, այլեւ կանգնել է իր ինքնուրույնությունը կորցնելու լրջագույն վտանգի առջեւ: Այնքան լրջագույն, որ «ֆորպոստ» արտահայտությունն արդեն սկսում է էապես հիմնավորվել եւ միս ու արյուն առնել: Մեր ժողովուրդն այսօր չի ապրում իր կրած տառապանքներին եւ իր բուն էությանը համարժեք ու վայել կյանքով: Հաղթողի հոգեբանությանը փոխարինելու է եկել հարմարվողականությունը, արժանապատվությանը` պատեհապաշտությունը, սկզբունքներին` «եղունգ ունես` գլուխդ քորի» կենսակերպը: Իսկ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ անհատները, իրենց տեղը չգտնելով այստեղ` պահանջարկված չլինելով, ստեղծագործական գործունեություն են փորձում ծավալել օտար ափերում: Սա բարոյալքման եւ երկիրը արարումից դատարկելու հանցավոր ընթացք է, որը եթե մի փոքր էլ շարունակվի` անկասելի կդառնա այլեւս: Ահա թե ինչու փրկության մեկ հնարավորություն է մնում միայն. Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրությունը, ով կարող է իրապես մաքրել Ավգիոս արքայի ախոռների մեր մասնաճյուղը... Ու երկիր կայացնել. վաղվա Հայաստանը, որը պետք է լինի սոցիալապես եւ իրավաբանորեն արդար, զարգացող, քաղաքակիրթ աշխարհի հետ համաքայլ ընթացող մի երկիր, ուր մեծագույն արժեքն ազատ անհատն է, քանզի միայն այդ դեպքում է, որ լիարժեքորեն իրացվում է մարդու Աստվածային` արարող էությունը: Երկիր, որը հստակորեն ծրագրում է իր ապագան եւ իրականություն դարձնում այն: Երկիր, ուր չկա աղքատություն ու գործազրկություն: Երկիր, ուր բոլորը հավասարապես պատասխանատու են օրենքի առջեւ` նախագահից մինչեւ պարզ աշխատավորը: Երկիր, որի կրթական համակարգը ինքնուրույն մտածողություն եւ ինքնատիպություն է արմատավորում մեր ապագան ապահովող յուրաքանչյուր սերնդի մեջ: Երկիր, որի գիտությունը համաշխարհային գիտության արժանի մասն է կազմում, մշակույթը` մշակույթի: Երկիր, որը մտահոգ է իր քաղաքացիների բարօրությամբ, առողջությամբ եւ հարաճուն զարգացմամբ: |
|
ՈրոնումԽմբագրի ընտրանին
ՎերլուծականՀայաստան-Ադրբեջան. սառը պատերազմի տաք դասերըՀայաստանի ու Ադրբեջանի միջեւ ներկայիս հակադրությունը, հակամարտությունը կամ թշնամությունը հաճախ համեմատվում է սառը... ՔաղաքականԼՂՀ ԱԺ ընտրություններում անակնկալ չի լինիԱմեն ինչ կլինի այնպես, ինչպես սպասվում է ԱշխարհՅոթ երգ` ութ բանի մասինԱրժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի... Արխիվ |
|
|
Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |