“Zhamanak” Armenian-American Political Daily

«Էս Հայաստանը ինձ դուր չի գալիս:Ես փոփոխություն եմ ուզում»

17:27 Yerevan | 13:27 GMT | Friday 15 February 2008

Մարինե Խառատյան

Երիտասարդության շրջանում շոշափվող նախընտրական տրամադրությունները հակասական են. մի մասն ընդհանրապես չի հետաքրքրվում ընտրություններով ու արդեն հոգնել է նախընտրական իրավիճակից, մյուս մասը ակտիվ մասնակցում է տարբեր հանրահավաքների ու որոշել է էական դերակատարություն ունենալ Հայաստանի ապագա նախագահի ընտրության հարցում:

Երեկ Երեւանի փողոցներում զրուցեցինք մի քանի երիտասարդների հետ: «Ես գնալու եմ Տեր-Պետրոսյանի հանրահավաքին, որովհետեւ փոփոխություն եմ ուզում», - մեզ հետ զրույցում ասաց 30-ամյա մի երիտասարդ` շարունակելով. «Էս Հայաստանը ինձ դուր չի գալիս: Եթե փոփոխություն չլինի, ես երեւի Հայաստանում չեմ մնա: Հեռանկար այստեղ չեմ տեսնում: Սերժ Սարգսյանը մի կողմից խոսում է բարության, օրենքի առաջ բոլորի հավասար լինելու եւ այլնի մասին, մյուս կողմից` Ջոնիկ Աբրահամյանի տղային ու նրա շրջապատին արդարացնում են, մարդկանց աշխատանքի վայրում «կողմնորոշում են»` ում ընտրել, այսինքն` բարքերը մնում են նույնը, Հայաստանում արդեն վաղուց ոչինչ չի փոխվում»: Մեզ հետ զրուցած երիտասարդը, որը չցանկացավ ներկայանալ, նաեւ հավելեց. «Անգամ անկախ Մեղրիի հարցից, անկախ, թե մեղսակցություն կա՞ հոկտեմբերի 27-ի հարցում, թե` ոչ, ես այս իշխանությունների ղեկավարած Հայաստանը չեմ հավանում, դրա համար ընտրում եմ Տեր-Պետրոսյանի շարժումը: Ինձ համար այդ շարժումը քաղաքացիական է»: 23-ամյա Նարինե Սողոմոնյանը որոշել է ձայն չտալ որեւէ թեկնածուի: «Չեմ կարծում, որ թեկնածուներից որեւէ մեկն արժանի է լինելու Հայաստանի նախագահ, արժանիքներ չեմ գտնում նրանց մեջ: Բոլորին դեմ եմ քվեարկելու», - մեզ հետ զրույցում հայտարարեց մի երիտասարդ: Տնտեսագիտական համալսարանի ուսանող 20-ամյա Մարիա Բագրատյանի խոսքերով, ուսանողության կարծիքները կիսված են. «Հիմնականում Լեւոնին են աջակցում, տեսնենք»: «Եթե Վազգեն Մանուկյանը շանս ունենար, ես իրեն կնախընտրեի, բայց այսօր Տեր-Պետրոսյանի շարժման միջոցով է հնարավոր ինչ-որ բան փոխել, դրա համար ես ընտրելու եմ նրան», - ասաց Վազգեն Մանուկյանի համակիրներից մեկը: «Ես հեղաշրջումներին դեմ եմ, չեմ ուզում կտրուկ փոփոխություններ, դրա համար երեւի կամ Վահան Հովհաննիսյանին կամ Սերժ Սարգսյանին կընտրեմ», - սա էլ մեկ այլ երիտասարդի կարծիք է: «Իհարկե կուզենանք ավելի լավ լինի, բայց փոխողները մեկա մենք ենք: Մենք որ չփոխենք, ոչ ոք չի փոխի մեր կյանքը», - հայտարարեցին ճարտարագիտական ինստիտուտի երկու ուսանողներ` հավելելով. «Մենք ավելի շուտ դասերի մասին ենք մտածում, քան ընտրությունների: Ոչ մեկին էլ չենք ընտրելու»:

Մանկավարժական համալսարանի մի ուսանողուհի մեզ հետ զրույցում պատմեց, որ համալսարանի դասախոսներն իրենց հորդորում են ընտրել Սերժ Սարգսյանին: «Բայց ես համակրում եմ Տեր-Պետրոսյանին ու անպայման մասնակցելու եմ հանրահավաքին», - պնդեց ուսանողուհին: Պարարվեստի ուսումնարանի երեք ուսանողուհիներ համակրում էին տարբեր թեկնածուների: Սյուզաննա Զաքարյանը Արթուր Բաղդասարյանի համակիրն է. «Որովհետեւ շատ լավն ա»: Մյուս ընկերուհին ընտրելու էր Վահան Հովհաննիսյանին` կարծելով, թե նրա ընտրության դեպքում մեզ ավելի լավ ապագա է սպասվում: Պարարվեստի ուսումնարանի մյուս ուսանողուհին` Արաքսյա Աղավելյանը ընտրելու է Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Ես պատկերացնում եմ, որ եթե ինքը լինի մեր նախագահը, ավելի լավը կլինի մեր երկիրը: Փոփոխություն է պետք անպայման», - ասաց Արաքսյան: Ի դեպ, երեկ մեզ հանդիպած երիտասարդների մեջ քիչ թիվ չէին կազմում Տեր-Պետրոսյանի շարժման կողմնակից երիտասարդները: «Էդպես եմ ուզում ուղղակի», - կարճ-կոնկրետ իր դիրքորոշումը հիմնավորեց Կարեն Հովակիմյանը: Պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Մարիաննա Միքայելյանը ՀՅԴ կողմնակից է. «Դաշնակցությունը մեծ ուժ է ներկայացնում թե սփյուռքում, թե Հայաստանում, դրա համար երեւի իրենց կընտրեմ»: Նրա համակուրսեցին, 21-ամյա Արեւիկ Մուրադյանը համակրում է Տեր-Պետրոսյանին. «Այս պահին էդպես եմ կողմնորոշվել: Ընդհանրապես Լեւոն Տեր-Պետրոսյանին շատ սիրում եմ, որպես մարդ շատ հարգում եմ եւ շատ կուզենամ, որ հիմա ինքը ընտրվի, որովհետեւ պահն էդպիսին է ինձ թվում»: Արեւիկի խոսքերով` պետհամալսարանում այսօր «Տեր-Պետրոսյանի կողմնակիցները շատ-շատ են»:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.