“Zhamanak” Armenian-American Political Daily

Իրավունք եւ նիհիլիզմ

17:22 Yerevan | 13:22 GMT | Friday 15 February 2008

Մուսա Միքայելյան

Իրավական նիհիլիզմի թեման ՀՀ նախագահի թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի նախընտրական ելույթների անքակտելի բաղադրիչներից է:

Դպրոցներից` ուսուցիչներին, աշակերտներին ու նրանց ծնողներին, պետական ապարատի աշխատակիցներին, հիվանդանոցներից բժիշկներին եւ ստացիոնար հիվանդներին, մայիսմեկյան շքերթներին նմանվող պարտադիր պարտավորությամբ աշխատավորական կոլեկտիվների բանվորներին ու հանրահավաքների եկած սովորական քաղաքացիներին վերջինիս խոսքը քիչ է մնում հավատ ներշնչի: Ըստ նախագահի թեկնածու Սարգսյանի, Հայաստանը ոչ ավել, ոչ պակաս, առանց չափազանցության, իրավական նիհիլիզմի երկիր է եւ որ իրավունքի նկատմամբ նման նախանձախնդիր վերաբերմունք աշխարհի եւ ոչ մի երկրում չեն դրսեւորում: Ի՞նչ կարելի է ասել. իրավացի է, երիցս իրավացի է հարգարժան նախագահի թեկնածուն: Որ իրավական նիհիլիզմը նոր չի առաջացել մեզանում՝ եւս ճշմարտություն է: Եվ դա փաստելու համար սահմանափակվենք քոչարյանական վարչակարգի վերջին տասը տարիների սխրագործություններով, որոնց անմասն չի եղել, ավելին` ուղղակի մասնակից եւ պատասխանատու է եղել այսօր նախագահի թեկնածուի դիրքերից հանդես եկող Սարգսյանը: Հենց վերջինս էր, որ 2003թ. նախագահական ընտրությունների մասին ԵԱՀԿ դիտորդական խմբի ղեկավար Փիթըր Այքերին հակադարձեց ու հայկական մենթալիտետի առանձնահատկություններով սկսեց բացատրել զանգվածային ընտրախախտումներն ու զեղծարարությունները` ուղիղ բռնաբարելով իրավունքը ու նրանից բխող բոլոր հասարակական ինստիտուտներն ընդհանրապես:

Ի՞նչ իրավական ձեւակերպմամբ, օրինակ, կարելի է հասկանալ 1998թ. Քոչարյանի ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշումը: Ի՞նչ իրավունքի եւ օրենքի գերակայության մասին կարող է խոսք գնալ մի երկրում, ուր պետական ծանրագույն հանցագործության կազմակերպիչների մասով Հոկտեմբեր 27-ի գործը, առանց իրավական հիմնավորման, կարճվում է եւ գործով կարեւոր վկաներն եւ մասնակիցները հրապարակայնորեն սպանվում կամ լավագույն դեպքում պարտադրաբար լքում են երկիրը:

1998-ին ասում էին վաղը լավ է լինելու` չեղավ: 2003-ին նույնն էին պնդում, թե էլի լավ է լինելու: Վրա է հասել վաղը չէ մյուս օրը, իսկ մենք ավելի դժնդակ ժամանակներ ենք հաղթահարում: Ի՞նչ ունենք այսօր. անկատար, բայց մասնակի ժողովրդավար Սահմանադրություն, որն իշխանության բնորոշմամբ ճանաչում է մարդու բարձրագույն արժեքը, որը փաստորեն պետությունը դրել է իրավունքի ազդեցության տակ: Բայց ի՞նչ անի խեղճ Սահմանադրությունը ու նրանում առկա իրավունքը Սարգսյան Սերժիկի ու Քոչարյան Ռոբերտի հետ: Մի իշխանություն, որը չի ճանաչում ոչ Սահմանադրություն, ոչ իրավունք եւ օրենք, ոչ իսկ համամարդկային բարոյական արժեքներ:

Օդում կախված հարց է մնում. որտե՞ղ են բացարձակ իրավական որոշումներն ու գործող իշխանական լծակները: Ինչպես երեկ չէ առաջին օրը, այսօր եւս մենք լսում ենք ամենավերեւից, միայն բացարձակ ճշմարտություններ այն մասին, որ «իրավական, ուրեմն եւ արդար պետություն կարող է լինել միայն այնտեղ, որտեղ պետությունն ու հասարակությունը լավ գիտեն եւ կիրառում են երկրի օրենքները»: Եվ միաժամանակ դառը պնդումները, թե իրավական նիհիլիզմի համար ոչ մի խոչընդոտ չկա` դառը դատարկաբանություն է:

Օրավուր մենք ականատես ենք լինում իրավունքի հավասար կիրառման փոխարեն չարացած դրսեւորումների, ամեն օր ականատես ենք լինում իրավական նիհիլիզմի բռնաբարումներին ու ցինիկ վերաբերմունքի: Ամենաթարմ օրինակը «Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին պատիժը կրելուց վաղաժամկետ-պայմանական ազատ արձակման երկու մերժումներն են: Երբ օրենքը նախատեսում է օրինապահ դատապարտյալին առավել մեղմ պատիժ, իսկ նրա նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսեւորվում: Իրավական երկրի մասին բարբաջելուց առաջ, վարչապետն առնվազն պետք է ամոթի զգացում ունենա, որովհետեւ 2007-ի մայիսին, Գյումրիում տեղի ունեցած երիտ«ՀՀԿ-Բարգավաճ»-ական թեւերի միջեւ հրազենային «ռազբորկայից» հետո, մի քանի ամիս անց` նախագահական ընտրություններից առաջ, Վարդան Ղուկասյանի որդու վաղաժամկետ ազատումն ուղղակի հարված է ցանկացած պետության իրավունքի ճակատին: Բայց քանի որ մեր երկրում քաղաքական նպատակահարմարությունն առավել կարեւոր է, քան օրենքի գերակայությունը, այլ թարմ օրինակների մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Արդյունքում մի ականջը լսում է ժողովրդավարության եւ իրավական պետության մասին հույսի երաժշտությունը, իսկ մյուսը՝ սխտորի պես կծու հաղորդագրություններ անարդարությունների եւ օրենքի ու իրավունքի բռնաբարության մասին, ոչ թե կոնկրետ օրենսգրքից առնված հոդվածների ֆորմալ պահպանման տեսքով, այլ արդարության դիրքերից հանդես եկող իրավունքի: Ափսոս Սերժ Սարգսյանի ելույթներում տեղ չեն գտնում այս օրինակները: Թեկնածուն իր նախընտրական ծրագրում իրավացիորեն հաստատում է, որ իրավական նիհիլիզմը մեզանում գոյություն ունի կենցաղային մակարդակում, գործարարության մեջ եւ իշխանական շրջանակներում, որտեղ առկա է կոռուպցիան: Թեկնածու Սարգսյանը խոստանում է կոռուպցիայի դեմ պայքարել համընդհանուր ուժերով: Ցավալի է, որ տասը եւ ավելի տարիներ, լինելով իշխանության ղեկին, Սարգսյանը մատը մատին չի խփել իրավիճակը փոխելու համար: Ավելին` հասարակության մեջ հիմնավոր կասկածներ կան, որ Սերժի չափման միավորը փողն է, տեսլականը` դոլարն ու եվրոն, ու ցանկացած հարց լուծելու նրա ճանապարհները` կաշառելը, ունեզրկելը, դատապարտելը եւ կամ երկրից վտարելն է, ավելի ծանր ուղիների մասին գերադասում եմ լռել: Իրավունք` որպես այդպիսին, վերջին տասը տարիներին Հայաստանում գոյություն չի ունեցել: Իրավունքն ու քոչարյանասերժական իշխանական համակարգն անհամատեղելի են:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.