|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Մարդկային բուն էությանը վերադարձի խնդիր ունենք17:14 Yerevan | 13:14 GMT | Friday 15 February 2008Գոհար Բարսամյան Սերնդափոխության խնդիրները չեն դիտարկվում ` ելնելով մի հարցից կամ էլ` մի հարթության վրա: Հարցը ծնում է հարցերի ամբողջություն, որտեղ նույնիսկ չնչին կեղծումը հանգեցնում է բացասական հետեւանքների եւ կրկին ոչ մի հարթության վրա: Անհատը բոլոր դարաշրջաններում էլ ունի ինքնիրացման խնդիր: Սա, անշուշտ, կենսաբանական խնդիր չէ: Որքան բարձր է անհատականությունը, այնքան մեծ է պահանջը իր իսկ անձի գործունեության հանդեպ: Այսպիսով` անհատը ունի սոցիումի եւ հոգեւոր խնդիրներ: Ծիծաղելի է անգամ հիշեցնելը, որ հաշմված է այն հասարակությունը, որտեղ շատ երկար ժամանակ մարդը ոչ թե բարոյական, ոչ թե հոգեւոր, այլ հենց հանապազօրյա հացի խնդիր ունի: Նման հասարակության գերխնդիրը օգտակար գործողության խնդիրն է: Սա մեր ժողովրդի առաքելությունը չէ: Եվ պատահականորեն չի ընտրվել մեր աշխարհագրական դիրքը. մեր քաղաքակրթությունը բախվում է Արեւմուտքի եւ Արեւելքի արժեքներին, փորձում պահպանել ազգայինը: Մենք քրիստոնեական բարոյականության, ինչու ոչ` քրիստոնեական փիլիսոփայության ջատագովներն ենք, մենք կրում ենք այդ արժեքները գենետիկորեն եւ ինքներս մեր դեմ կանգնել չենք կարող: Աշխարհում մենք հայտնի ենք որպես առաջին առեւտուր անող ժողովուրդ, բայց միաժամանակ պատմության ծայրահեղ իրավիճակներում առաջնությունը տալիս ենք հոգեւորին: Սա է մեր գոյության գրավականը. մեր կենսափիլիսոփայությունը: Այսօր առավել քան երբեւէ ընտրությունը քաղաքական այս կամ այն հոսանքին հարելու հարց չէ, այսօր ընտրությունը լայն ըմբռնում է` կամ գնում ենք մեր պետականությունը, ազգային արժեքները պահպանելու, մեր նախնիների ընտրած ճանապարհով կամ գնում ենք դեպի ժողովրդաիշխանություն կամ խաչ ենք քաշում մեր պատմության վրա, մեր նախնիների որդեգրած ուղիների վրա եւ գնում դեպի կործանում: Ավելին` այսօր մենք չենք ընտրում այս կամ այն անհատին, այսօր մենք ընտրում ենք մի ողջ գաղափարախոսություն` կամ գնում ենք դեպի ճորտատիրություն կամ դեպի ազատություն կամ նորմալ` մարդկային կենսակերպ կամ կործանում: Խնդիրը այսպես է դրված: Օրավուր արթնանում է նորմալ, քաղաքակիրթ երկիր ունենալու մարդկանց պահանջն ու ցանկությունը: Իշխանությունը չի կարող երկար ժամանակ վախեցնելով` իր իշխանությունը պահել: Մենք ունենք ազատ շնչելու, ազատ ապրելու, ազատ ընտրելու իրավունք: Այսօր քաղաքական այս տխրահռչակ տեխնոլոգիաների պայմաններում հաղթելու է նա, ով քիչ է պախարակելու մյուսին: Մենք այնքան էլ միամիտ ժողովուրդ չենք, որ խաբվենք սեփական գովասանքով զբաղվող տրուբադուրներին: Մենք այնքան էլ միամիտ ժողովուրդ չենք, որ զմայլվենք ասֆալտապատ փողոցներով, զբոսաշրջության վայրերով եւ ամեն տեսակի փայլուն առարկաներով: Մեր ժողովրդին զրկել են աշխատանքի իրավունքից, որը իրավունքների իրավունքն է, մեզ զրկել են ինքնությունից, հանուն հասարակության սեփական անձն իրացնելու մարդկային բնական ձգտումներից, մաքուր օդ շնչելու իրավունքից: Մարդը սեփական քաղցը հագեցնելու համար չէ միայն, որ ծնվել է: Կապիտալի կուտակման հնարավորության դեպքում էլ, միեւնույն է, երջանիկ չենք, որովհետեւ անտեսում ենք բարոյական չափանիշերը: Հարկ է նկատել կողքի մարդու, հարեւանի ցավը: Աշխարհը, ցավոք, այնպես է ստեղծվել, որ փոքր չափաքանակով կեղտը մեծ տարածքներ է ապականում եւ այն էլ` շատ արագ: Մեր իրականությունը մաքրվելու խնդիր ունի, ճիշտ հարցադրումների խնդիր ունի, ամեն տեսակի կեղծիքից մաքրվելու խնդիր ունի: Երկար ժամանակ հիվանդ հասարակություն չես պահի` մարդկային բանականության ոչ մի հաշվարկով: Սա մի հասարակություն է, որտեղ մարդը աստիճանական կարգով է նսեմացված. հոգեբուժության մեջ կա «մարդու իջեցում» կոչված տերմինը, մենք այսպիսի հասարակության մեջ ենք ապրում: Ու՞մ ենք զարմացնում եւ ինչո՞վ` տգիտությա՞մբ, զոռբայությա՞մբ... Այո, այսօր մենք ունենք տեսակափոխության, սեփական` քրիստոնեական արժեքներ կրող մարդկային դեմքը պահպանելու, սովորական կենսակերպի, մարդկային նորմալ կենսագործունեության խնդիր: Ի վերջո` Արեւին թղթադրամների արանքով չենք նայում: Ահա թե ինչու է կրկին սկսվում Շարժումը... |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |