|
“Zhamanak” Armenian-American Political Daily
ԵԱՀԿ երկրորդ միջանկյալ զեկույցը17:09 Yerevan | 13:09 GMT | Friday 15 February 2008Գ.Ա. ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը` ԺՀՄԻԳ, ներկայացրել է իր երկրորդ միջանկյալ զեկույցը: Զեկույցում նշվել է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովները` ՏԸՀ, ունեն ութ անդամ, որոնցից հինգը նշանակված են քաղաքական կուսակցությունների կողմից: ՏԸՀ նախագահների պաշտոններում ընտրված անձանց գերակշռող մեծամասնությունը նշանակվել է նախագահի, իշխող «Հանրապետական» կուսակցության եւ վերջինիս կոալիցիոն գործընկեր «Բարգավաճ Հայաստանի» «առաջադրման շղթայի» միջոցով: Ութ թեկնածուներ անցկացրել են հանրահավաքներ: Դրանց մեծամասնությունը անցել է խաղաղ պայմաններում, սակայն անկարգության դեպքեր են տեղի ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի միջոցառումներից երկուսի ժամանակ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին հայտնի են հինգ միջադեպեր, որոնցում վանդալիզմի, կրակոցների կամ հնարավոր միտումնավոր հրկիզման հետեւանքով վնաս է պատճառվել կուսակցության կամ թեկնածուի շտաբներին»: ԸԴԱ-ն նկատել է, որ Լ.Տեր-Պետրոսյանի լուսաբանումը տարբեր հեռարձակվող լրատվամիջոցներով պարունակում է բազմաթիվ քննադատական ակնարկներ, մինչդեռ մյուս ութ թեկնածուները ներկայացվում են ընդհանուր առմամբ դրական կամ չեզոք կերպով: Մինչ օրս ԿԸՀ-ում գրանցվել է 18 պաշտոնական բողոք: Փետրվարի 8-ին Սահմանադրական դատարանը համաձայնել է քննել Լ.Տեր-Պետրոսյանի դիմումն այն մասին, որ լրատվամիջոցների կողմից կողմնակալ լուսաբանումը առաջացրել է «խոչընդոտներ, որոնք անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունը ընտրական գործընթացներին: ՏԸՀ նախագահի պաշտոնում ընտրված անձանց ավելի քան 70 տոկոսը նշանակված են իշխող «Հանրապետական» կուսակցության, «Բարգավաճ Հայաստանի» կամ նախագահի «առաջադրման շղթայի» միջոցով: Նախագահի տեղակալի եւ քարտուղարի պաշտոններում ընտրված անձանց կեսից ավելին նշանակվել են նույն հիերարխիկ շղթայի կողմից: Դատարանների նախագահների խորհրդի «առաջադրման շղթայի» կողմից նշանակված երկու անդամները կազմում են ՏԸՀ նախագահների մոտ 20 տոկոսը: ՀՅԴ, «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների «առաջադրման շղթաների» կողմից նշանակված երկու անդամները կազմում են ՏԸՀ նախագահների ավելի քիչ, քան 3 տոկոսը: Զեկույցի «Քարոզարշավ» բաժնում նշվել է, որ հունվարի 27-ին Թալինում կայացած հանրահավաքի ժամանակ մի քաղաքացու եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք: Մասնակից բոլոր հինգ մարդկանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօր-ի 258 հոդվածի հատկանիշներով: ԸԴԱ դիտորդներն անդրադարձել են նաեւ Արթուր Բաղդասարյանի հայտարարությանը, ըստ որի ինքը ստացել է մահվան սպառնալիքներ: Զեկույցում տեղ է գտել նաեւ ՀՀ կառավարության աշխատակազմին առընթեր աշխատանքային խմբի ստեղծումը Ս.Սարգսյանի կողմից, որի նպատակն է վերլուծել քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները եւ բողոքները: Նշվում է, որ վարչապետը այցելել է խմբի գրասենյակ, որտեղ նա հանդիպել է դիմումատուների հետ, ինչը լուսաբանվել է լրատվամիջոցների կողմից: Զեկույցում նշվում է, որ ընտրական օրենսգիրքն արգելում է վարչական ռեսուրսի օգտագործումը քարոզչական նպատակներով: Դիտորդները զեկուցել են, որ դժվարացել են ճշգրիտ տարբերակում անել Ս.Սարգսյանին աջակցող «Հանրապետական» կուսակցության քարոզարշավի եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների միջեւ` այն պատճառով, որ որոշ քաղաքապետեր ակտիվ քարոզում են նրա օգտին: «Պետական հաստատության մի աշխատակից հայտնել է, որ իրենք հրահանգ են ստացել իրենց վերադասից` մասնակցել վարչապետի քարոզարշավի միջոցառումներից մեկին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ դիտորդները զեկուցել են, որ փետրվարի 6-ին` Ս.Սարգսյանի հանրահավաքի օրը, Վանաձոր քաղաքում տեղական հասարակական տրանսպորտը անվճար է աշխատել ժամը 11.30-ից մինչեւ 23.30-ը, եւ որ քաղաքային եւ մարզային իշխանությունների շինություններում աշխատասենյակները հիմնականում դատարկ էին: Աշխատակիցներից դիտորդները տեղեկացել են, որ նրանց ասվել է, որ կարող են աշխատանքը թողնել հանրահավաքին մասնակցելու համար: Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբից ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին բողոքել են, որ խոչընդոտներ են ստեղծվել իրենց նախընտրական միջոցառումներն իրականացնելու համար` Մեծավան, Օձուն եւ Ալավերդի համայնքներում, երբեմն` տեղական իշխանությունների ներգրավվածությամբ», ինչը եւս գրանցվել է զեկույցում: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |