|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Հրաժեշտի պետպատվեր17:05 Yerevan | 13:05 GMT | Friday 15 February 2008Արման ՆավասարդյանԱրտակարգ եւ լիազոր դեսպան Խորհրդային իրականության անկապտելի երեւույթներից մեկը, այսպես կոչված, պետական պատվերն էր, կրճատ` պետպատվերը: Լինելով տոտալիտար ռեժիմի արտադրանք` պետպատվերն ուներ խիստ լայն սպեկտր եւ տարածվում էր երկրի ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր ոլորտների վրա: Պետպատվերն էր որոշում պատերազմի ու խաղաղության խնդիրները, տնտեսության զարգացան հեռանկարները, մշակույթի եւ գաղափարախոսության ուղղվածությունը, անգամ homo soveticus-ի կենցաղն ու ապրելակերպը: Եթե դուք, օրինակ, «ընկնում էիք պետպատվերի տակ», դառնում էիք այն երջանիկներից մեկը, որը ձեռք էր բերում, Ռայկինի ասած, «դյուֆսիտը»` տավարի միս, սերվելատ, չեխական կոշիկ եւ կամ ֆիննական կոստյում: Սա ոչ հեռավոր անցյալից: Իսկ ինչու՞ քոչարյանական Հայաստանը փոխ առավ այդ արգահատելի ֆենոմենը: Այն պարզ պատճառով, որ մեր համակարգը, եթե լրիվ տոտալիտար չէ, ապա դասական ավտորիտար է, որի համար այդ պետպատվերը մասսաների վրա ազդելու եւ ճնշելու հուսալի գործիք է: Պետք է «վերացնել» «վտանգավոր» քաղաքական գործչի՞ն` խնդրեմ: Պետք է «կործանել» «ամբարիշտ» գործարարի՞ն` խնդրեմ: Պետպատվերը խիստ փնտրված է հատկապես նախընտրական կամպանիայի ժամանակ: Դրա օգնությամբ ձմեռվա ցրտին երեխաներին կարելի է քշել տեղից տեղ` նրանց համար անհասկանալի ու անիմաստ նախադասություններ վանկարկելու համար, ֆոնոգրամայի տակ «երգացնել» ռաբիսատիպ երգիչների, հանրային էկրաններից ցուցադրել խեղճ ու ընչազուրկ տատիկների խորին երախտագիտությունն ու հավատարմությունը ռեժիմին: Պետպատվերն առանձնապես ակտիվ է գործում այս օրերին` ներառելով իր խայտաբղետ տարբեր տրամաչափի պետական, քաղաքական այրերի, գիտության եւ արվեստի մարդկանց: Բայց քանի որ մենք ապրում ենք բուրժուական երկրում, ամեն ինչ, այդ թվում եւ պետպատվերը, ենթարկվում է բիզնեսի հստակ կանոններին: Ես` քեզ, դու` ինձ: Ասել կուզի` ես կատարում եմ քո պատվերը, անգամ ամենակեղտոտը, բայց դու ինձ վճարում ես: Կարող ես առձեռն, կարող ես պաշտոնով, ստատուս քվոյի պահպանումով եւ այլն: Ձեւերը հրապուրիչ են, արդյունքը` շահեկան: Պատվերով քարոզչության մեջ իր «պատվավոր» տեղն ունի Բրյուսովի ինստիտուտի ռեկտոր Սուրեն Զոլյանը, որը հանդես է եկել «Ապաշինիչ նպատակը տարբերել նախընտրական ծրագրերից» վերնագրով դարակազմիկ հարցազրույցով: («Առավոտ», 13.02.2008): «Էվրիկա» բացականչեց Արքիմեդը մ.թ.ա. 2-րդ դարում, երբ հայտնաբերեց հիդրոստատիկայի հիմնական օրենքը: «Լեւոն Տեր-Պետրոսյանը սադրիչ է» բացականչում է մեկ ուրիշ մտքի գիգանտ` Զոլյանը նշված հարցազրույցում: Առաջնորդվելով այն տրամաբանությամբ, որ Հայաստանում «ընտրվել է ընտրությունների բախումնային մոդելը» կամ, ինչպես ինքն է նշում` «հակամարտության մոդելը», գիտության դոկտոր քաղաքագետը այս ենթատեքստում անում է խորիմաստ հայտնություն. այն «անկասկած գալիս է Լեւոն Տեր-Պետրոսյանից»: Հետո «մոռանալով», որ առաջին նախագահը 10 տարի չի մասնակցել երկրի քաղաքական կյանքին (Զոլյանը բացահայտ ափոսոսում է, որ նա վերադարձել է), մեղմ ասած ստում է, երբ հայտարարում է. «Այդպես եղել է նաեւ 2003-ին` թե նախագահական, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ»: Այն, որ հոդվածագիրը գտնում է, թե «իշխանության թեկնածուն արդեն ապահովել է առաջին տեղն այս փուլում, եւ հիմա իր խնդիրն առաջին փուլով հաղթելն է` վիճելի է, բայց հասկանալի է պատվիրատուի եւ պատվերը կատարողի համաձայնության շրջանակներում: Սակայն ապշեցուցիչը հաջորդ միտքն է իր դոկտորական «կուռ» տրամաբանությամբ: Ուշադրություն, սիրելի ընթերցող. «եւ այս թեկնածուին ոչ թե ընտրության արդյունքներն են հետաքրքրում, այլ` համապատասխան ընտրազանգվածին մոբիլիզացնելը»: Stop. Այս 4 ամսվա մեջ հիմնադիր նախագահի հասցեին թափվել են զազրելի լուտանքներ, սակայն դեռ ոչ ոք նրան չէր մեղադրել այն բանի մեջ, որ նա պարապ-սարապությունից որոշել է «ընտրազանգված հավաքել», առանց հետաքրքրվելու ընտրության արդյունքներով: Լավ է, չէ՞: Մարդն իր համար գիրք էր գրում, ուրախանում էր թոռնիկով, այգի էր մշակում, եւ հանկարծ ամեն ինչ թողեց ու սկսեց մասսա հավաքել, իսկ ընտրության արդյունքների վրա նա թքած ունի: Բայց պետք է խոստովանել, որ այս աբսուրդի մեջ հարգարժան դոկտորի տեսանկյունից կա որոշակի իմաստ: Ըստ նրա` այդ չար Լեւոնը դավեր է նյութում եւ որոգայթներ լարում: Իսկ եւ իսկ սառը պատերազմի պրոպագանդիստական սարսափներ: Զոլյանը, հարգարժան Վարդան Մինասիչի օրինակով, պարզապես վախենում է, որ այդ ընտրազանգվածը կարող է ապակայունացնել, կազմաքանդել երկիրը, պլյուս` իրեն էլ զրկել տաքուկ բազկաթոռից: Պրն ռեկտոր, կրկնում եմ հատուկ ձեզ համար: Բազմիցս ասվել է առաջին նախագահի եւ նրա համախոհների կողմից. ոչ ոք չի ուզում ոչ բարիկադ, ոչ բախում, ոչ պետության կազմաքանդում: Այս կողմից գնում է նորմալ ընտրապայքար իշխանափոխության, ապա` համակարգային փոփոխությունների համար: Մի՞թե չեք հասկանում կամ չեք ուզում հասկանալ, որ համակարգը փտած է: Հուշում եք, թե կան ընտրապայքարի զանազան ազնիվ, խաղաղ ձեւեր` մոնիտորինգ, Սահմանադրական դատարան եւ այլ միջոցներ, որոնցից կարող են օգտվել նախագահի թեկնածուները: Եթե անաչառ եք, որպես մանկավարժ, ինչու՞ չեք խոսում այն բռնությունների եւ անօրինականությունների մասին, որոնց ենթարկվում է ընդդիմությունը, ճշտենք` Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Շարժումը, որն, ի դեպ, դարձել է համաժողովրդական: Ինչու՞ չեք խոսում նրա` եթերային շրջափակման մասին: Եվ վերջապես` ինչու՞ չեք խոստովանում, որ իշխանությունները, որոնց մասնիկն եք նաեւ դուք, նրան ասպարեզ են թողել ընդամենը հրապարակը: Հետո` ինչու՞ եք այդքան սարսափում ձեր ասած ընտրազանգվածից: Թե՞ նա դադարել է մեր ժողովուրդը լինելուց: Մի խաբեք, մի փորձեք հիմարացնել նրան` այդ ժողովրդին, եւ հավատացնում եմ` ձեզ ոչինչ չի սպառնա: Ճիշտն ասած ձեր դատողությունները լուրջ մտորումների առիթ են տալիս. թե ու՞մ համար եւ ինչի՞ համար եք դուք ջանում. մասսաներին հրում եք դեպի բախումնե՞ր, թե՞ իրավապահ մարմիններին հուշում եք ուժ գործադրել: Երկու դեպքում էլ դուք եք վտանգում ժողովրդին, ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հիշեք պատմության դասերը, զգուշացեք քահանա Գապոնի օրինակից: Դուք մտահոգված եք, որ եթե «լայն զանգվածները», այսպես եք դուք անվանում ժողովրդին, «ջինի» նման դուրս գա շշից, նրան ետ ուղարկելն անհնար կլինի: Թերեւս: Բայց նման բազմաշերտ կանխատեսում անելուց առաջ, մարդը նախ պետք է տեսնի, թե ուր է հասել իր` սեփական բաց թողած «ջինը»: Իսկ նա Զոլյանից շատ, շատ է հեռացել: Երբ վերջինս նենգափոխելով 88-ի Մասիսի եւ օդանավակայանի դեպքերի պատմությունն ու պատճառները, դրանք համարում է առաջին նախագահի` իրավիճակը սրելու եւ սադրանքների գնալու արդյունք, անգամ քաղաքականությունից հեռու, բայց ռեկտորի կենսագրությանը ծանոթ մարդու մոտ հարց է ծագում: Լավ, իսկ ո՞րն է եղել քո դերն ու մասնակցությունն այդ ամենին` որպես ղարաբաղյան շարժման ակտիվիստի: Ես հիշում եմ, որ ԵԱՀԿ շրջանակներում ականատեսն եմ եղել նաեւ ձեր հակառակ դիրքորոշումներին. խիստ իշխանամետ: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՈրտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերըԿուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված... ՔաղաքականՎարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համարՎարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր... ԱշխարհԳլոբալիզացիան շարունակվում էԻ տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |