“Zhamanak” Armenian-American Political Daily

Եվ դարձյալ Մեղրիի տարբերակի մասին: Ցավով

16:25 Yerevan | 12:25 GMT | Thursday 14 February 2008

Եվ դարձյալ Մեղրիի տարբերակի մասին: Ցավով
Տարբեր տրամաչափի իշխանավորներ իրենց եթեր են նետել՝ հերքելու անհերքելին: Եվ ընտրել են, մեղմ ասած, ոչ էնքան բարոյական ճանապարհը: Փոխում են խնդրի հարթությունը. «Չի ստորագրվել»:

Է, հա, իսկ ո՞վ է ասել, որ ստորագրվել է... Եթե, Աստված մի արասցե, հանկարծ եւ ստորագրված լիներ... ոչ միայն այդ ստորագրությունը կդենոնսացվեր, այլեւ ստորագրողները վաղուց ի վեր այստեղ չէին լինի:

Բայց սա՝ իմիջիայլոց:

Ընկալումների որոշակի բարդություններ ունեցողների համար հատկապես նշում ենք, որ խոսքը ստորագրման մասին չէ, այլ հարցի քննարկման:

Իսկ որ քննարկվել է եւ շատ լրջորեն՝ ցավոք, փաստ է:

Դա են ապացուցում ոչ միայն, ենթադրենք, հրապարակված փաստաթուղթը, այլեւ մեր քաղաքական տարբեր գործիչների, թեկուզեւ կողմնակի` հաստատումները, Վազգեն Սարգսյանի «Պատմության սկիզբն ու շարունակությունը» խոհը, որը ծնվել է հենց այդ մտահոգությունից:

Այսօր ստիպված ենք մեկ անգամ եւս հրապարակել Վազգենի ոչ միայն վերոհիշյալ մեկնաբանությունը, այլեւ դրան նախորդած գրառումներից որոշ հատվածներ, որոնք նույն այդ լրջագույն քննարկման ընթացքում եւ դրանից հետո կատարված նշումներ են: Ստույգություն ապահովելու համար` որոշ պատառիկներ նաեւ Վազգեն Սարգսյանի ձեռագրից:

Մեջբերումներն` առանց մեկնաբանությունների. «Չորս հարեւանից ունենում ենք երկու հարեւան»: «Ինչպե՞ս ենք պատերազմ չտեսած տարածքը վերաբնակեցնում»: «Փախստականների վերադարձը ???»: «Թուրքիան-կախվածությունը-գազամուղ, նավթամուղ». «Մեզ խաղ են թելադրում»: «Լ.Տ.Պ.-Ռ.Ք. համեմատում»: «Ինչպե՞ս կոմպենսացնել վտանգը»: «Ստամբուլում ոչ մի համաձայնություն»: «Գլխավոր ռիսկը. Երկրի կայունությունը... Իշխանության բուրգը` կայու~ն»: «Ճիշտը ՌՖ-ի հետ մեր կողմից բաց խոսելն է»: «Անին` գիտե: Արարատը` գիտե: Դեմ ենք: Չենք կարող դնել հարցը սեղանին: Համեմատել մեկը մյուսին չարժե: Տապալում է»: «Երեկ ես իմացա ձեր ուզածները-ինչ որ խոսել եք: Դուք նոր բաներ եք ավելացնում: Ստում եք, իրենց պլանն է»...

Ահա թե ինչ է նախորդել Մեղրիի մասին Վազգենի գրածին:

Եվ սա` մի մասն է միայն:

Որպես խնդրի քննարկման ապացույց «լսենք» նաեւ Արամ Սարգսյանին, որը խոսում է արդեն նաեւ ավելի վատ տարբերակի մասին. «Իմ վարչապետության ժամանակ... երկու անգամ անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել Ղարաբաղի հարցով: Թեեւ նախագահի հետ բազմաթիվ զրույցներ եմ ունեցել, որոնց ընթացքում նա փորձում էր համոզել իր տարբերակի առավելությունները:

- Ո՞րն էր իր տարբերակը:

- Մեղրիի փոխանակումը Լաչինով, ավելացրած մեծ գումարներ` տարածքների քառակուսի մետրի հաշվարկով: Ես եւ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը բացարձակապես դեմ էինք:

- Ինչու՞ այն ժամանակ ոչ մի հրապարակում չնախաձեռնեցիք:

- Լրատվամիջոցներին դիմել չէի կարող, որովհետեւ բանակցությունների գաղտնիության պայմանը կար, բայց տեղյակ եմ պահել քաղաքական բոլոր ուժերին»:

«Հայացք Երեւանից», հունիս, 2001թ.

Եվ էլի. «Արցախի հարցի լուծման համապատկերում Մեղրիի փոխանակման տարբերակին... ես ու պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը կտրականապես դեմ ենք եղել, ինչպես դեմ էին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը»:

«Հայացք Երեւանից», փետրվար, 2003թ.

Մինչդեռ՝ նախ ասում էին, որ էդպիսի բան չի եղել, հետո՝ որ լուրջ չի եղել, հետո էլ...

Էնպես որ` կարելի էր, պարզապես, դա չստորագրելը որպես հերոսություն ներկայացնել, ոչ թե դրա չքննարկվելը կամ ընդունելում շահագրգիռ չլինելը: Բայց դե` դրա համար, ախր, պատվեր տվողները պատվեր ստացողներին պատվերի հետ մեկտեղ նաեւ մի քիչ խելք էլ պետք է տան:

Համենայնդեպս:

Կարող է եւ պետք գալ:

Վերլուծական
Անհանգիստ հասարակած

Անհանգիստ հասարակած

Սերժ Սարգսյանի նախագահությունը կամաց-կամաց մոտենում է հասարակածին:

Քաղաքական
Այդ մարդիկ հիմնական խնդիրը կամ չեն տեսել, կամ` չտեսնելու են տվել

Այդ մարդիկ հիմնական խնդիրը կամ չեն տեսել, կամ` չտեսնելու են տվել

Անբարոյականություն է, երբ խնդիրները ստորադասվում են ինչ-ինչ քաղաքական շահերի

Աշխարհ
Յոթ երգ` ութ բանի մասին

Յոթ երգ` ութ բանի մասին

Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսը երեկ, փաստորեն, արդարացրել է Հայաստանի...

Արխիվ

Copyright © 2004–2010 — “Zhamanak” Armenian-American Political Daily. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.