“Zhamanak” Armenian-American Political Daily

«Ես գալիս եմ վերադարձնելու ձեր ազատությունը»

16:14 Yerevan | 12:14 GMT | Thursday 14 February 2008

Կարինե Հարությունյան

Ահա մանրամասն սիրելու հայրենիքդ: Բռիդ մեջ է: Մեծ ու... բռիդ մեջ:

Իրականում հայրենիքիդ մեծությունը քեզնով է պայմանավորված: Սիրեցիր` մեծ կլինի: Չսիրեցիր` տրորված ու անտեր: Լեւոն Տեր-Պետրոսյանի քարոզարշավի երեկվա օրը մեկնարկեց Վայոց ձորից. տասը տարվա չսիրված-թալանված-հոշոտված հայրենիքիդ մի հատված, որը ինչպես երկիրդ ողջ, պատրաստ է-սպասում է շունչ առնելու, եթե մի սիրող հայր ունենա, հայրենիքի յուրաքանչյուր թրթիռին հաղորդ զավակ ունենա, երկրի ամեն մի քարի տեղն իմացող նախագահ ունենա: Նախագահը եկել էր: Առաջինը Չիվա գյուղն էր: Չնախատեսված հանդիպում էր: «Ուզում ենք` հայ լինի մեր նախագահը: Ազգության մասին չէ խոսքը, այլ` հոգու: Սեւ օրով ենք ապրում, մեր ցավին դարման անող չկա արդեն տասը տարի: Գնալով գները բարձրացնում են, ապրուստ չկա: Լեւոն, միայն Լեւոն», - ասաց Գոհար Սարգսյանը: Չիվայի ժողովուրդը ջերմ էր, առաջին նախագահին սիրող, առաջին նախագահի հետ իրենց ապագան կապող ժողովուրդ էր: Պար բռնեցին, գառ մորթեցին, Լեւոն Տեր-Պետրոսյանին «կալմեջ արեցին». մի քիչ էլ մնացեք: Նույնը Խաչիկ գյուղում էր: Իսկ Եղեգնաձորում հզոր հանրահավաք էր: Առաջին ելույթը ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանինն էր. նա խոսեց իշխանության սարքած վախի մթնոլորտի մասին. «Ումից եք վախենում, վախ չկա, մի վախեցեք: Լեւոն Տեր-Պետրոսյանի նպատակն էլ հենց նա է, որ ժողովուրդը ոչ մեկից չվախենա»: Բանախոսն ասաց, որ Երեւանում Շարժումը հզոր թափ է հավաքել եւ այն կանգնեցնել հնարավոր չէ. «Քոչարյան Ռոբերտը կամ Սերժիկ Սարգսյանը չէ, ով կուզի լինի: »: Ասվեց նաեւ, որ իշխանությունները խուճապահար են, ընտանիքներին հանում են, բանկերը ծանրաբեռնված են, գողացած գումարներն են փախցնում: «Մի օր փոքր ու մեծ իշխանիկները վեր կկենան ու կտեսնեն Սերժիկն ու Ռոբիկը չկան»: Քանիցս պատմել ենք այն աննկարագրելի հաճույքի մասին, որ ստանում է ժողովուրդը «Սերժիկ-Ռոբիկ» զույգի մասին հումորներ ու «քաղցր» խոսքեր լսելիս: Քանիցս հիշեցրել ենք նաեւ հայտնի ասացվածքի մասին: Խեղդվելու ահից վախեցած քոչարյանասերժական, վաղուց իրեն սպառած, քարոզչամեքենան սկսել է «լկտիաբար խաղալ մարդկանց զգացմունքների հետ»: Մի կողմից ինչ-որ ցուցակների մասին են խոսում, որը միայն ինտրիգներ առաջացնելու նկատակ է հետապնդում, մյուս կողմից Արամ Սարգսյանի եւ Ստեփան Դեմիրճյանի ամենասուրբ զգացմունքների հետ են խաղում: Սպարապետի եղբայրն այդ մասին ասաց, որ անամոթ են նրանք, ովքեր փորձում են իրենց սեփական վիշտը շահարկելու մեջ մեղադրել: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Սերժ Սարգսյանի նախընտրական հոլովակում «Վազգենը բացատրում է 1993-ի Սերժի Հայաստան գալու մասին», սա վարչապետը որպես ինքնագովազդ է ներկայացնում: Իրականում «այն ժամանակ էլ ժողովուրդը Սերժին չէր ընդունում եւ բազմաթիվ անգամներ է այդպես Վազգենը Սերժին փրկել»: Փոխարենը, Ս.Սարգսյանը «մատը մատին չտվեց, երբ Վազգենի եղբորը հանիրավի դատեցին: Ինչպե՞ս կարելի է այդքան անշնորհակալ ու սրբապիղծ լինել»: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն էլ հավաստիացրեց, որ հաղթանակը կայացած է. «Ոչ թե հույս կա, այլ արդեն կայացած փաստ է, փետրվարի 19-ին մենք պետք է ամրագրենք մեր հաղթանակը»: Եղեգնաձորցիների կողմից Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը կլանվեց բառ առ բառ: Ամեն մտքից հետո հավանության բացականչություններ էին լսվում: Առաջին նախագահը խոսեց քաղաքական-գաղափարական ահաբեկումների մասին, ասաց, որ դրանք, միեւնույն է, արդյունք չեն տալիս, քանի որ շատ-շատերը արդեն Շարժմանն են միացել: «Նրանք էլ, ում փակել են հիմնարկներում եւ չեն թողել, որ գան հանրահավաքի, ավելի են ըմբոստանալու Սերժի դեմ եւ կգան դեպի մեր կողմը»: Շարժմանն են միացել արդեն ԱԱԾ 56 աշխատակից-բարձրաստիճան սպաներ. ծափահարություններ: Շարժմանն է միացել Րաֆֆի Հովհաննիսյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց նաեւ իշխանությունների վարած արտաքին եւ ներքին սխալ քաղաքականության մասին, որի արդյունքում վերջին 10 տարում Ղարաբաղից հեռացել է 15 հազար մարդ, Հայաստանից` կես միլիոն, Լաչինից` 10 հազար:

Հաջորդը Վայքն էր, ապա Սիսիանը: Սիսիանում նույն ոգեւորությունն էր: Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդի ներումը հայցեց` հանրահավաքը մեկ օրով հետաձգելու համար. «Ինձ շատ կարեւոր գործով հրավիրել էին Մոսկվա»: Խոսվեց նախընտրական ծրագրի մասին, նրանում տեղ գտած քաղաքական սպանությունների եւ տնտեսական հանցագործությունների մասին եւ մասնավորապես` հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման մասին. «Վստահ եղեք, այդ գործը կբացահայտվի մինչեւ վերջ: Այս երկրում պետք է հաստատվի կարգ ու կանոն, այլապես մենք գալով իշխանության` անելիք չունենք, այլապես ընտրվելուց հետո կարող եք նույն պահին պահանջել իմ հրաժարականը: Ես գալիս եմ ձեզ վերադարձնելու ձեր ազատությունը, որպեսզի դուք չվախենաք ոստիկանությունից, չվախենաք ԱԱԾ-ից, չվախենաք իշխանություններից»:

Եվ վերջում` Գորիս:

Այստեղ պատմեցին, թե ինչպես են փորձել փակել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը. «Այն փոքրիկ տարածքը, որը վերցրել էինք, խնդրեցին ազատել: Տերն ասաց, որ իրենց զանգել սպառնացել են, եւ ինքը վախենում է», - ասաց շտաբի ներկայացուցիչներից մեկը:

Գորիսում կայացած հանդիպումներին այդ ցրտին այնքան շատ-շատ մարդ կար. Լեւոն Տեր-Պետրոսյանը դա գնահատեց աննախադեպ Գորիսի համար: Այստեղ մի կարեւոր փաստ եմ ուզում նշել, որը շատ տպավորիչ էր հենց գորիսեցիների համար: ՀՀ առաջին նախագահը դիմեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, ասաց, որ նա ազատամարտիկ է, Վազգեն Սարգսյանին հավատարիմ մարդկանցից, բայց ինչ-ինչ հանգամանքներով դարձել է այս իշխանությունների հենարանը. «Սուրեն, չմոլորվես, քանի որ դեռ ժողովրդի դեմ չես գնացել, թեեւ քո ենթակաների միջոցով փորձել ես ինչ-որ բաներ անել, խանգարել հանրահավաքները, դռներ փակել: Բայց կոպիտ բաներ չես արել, ոչինչ: Բայց չսխալվես, փետրվարի 19-ին չբռնանաս ժողովրդի կամքի վրա, հակառակ դեպքում կպղծես Վազգենի գերեզմանը, որովհետեւ Սերժը պատասխանատու է Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի նահատակության համար»: Այցի մանրամասները առաջիկա համարում:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.