|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ներսն ու դուրսը16:03 Yerevan | 12:03 GMT | Thursday 14 February 2008Արամ Ամատունի Գերմանացի գրողը, թերեւս, ամենեւին էլ քաղաքական տրամադրություններով չէր համակված, երբ փորձում էր հանրությանը բացատրել, որ «ոչինչ դրսում չէ, ոչինչ ներսում չէ, որովհետեւ այն, ինչ դրսում է` միաժամանակ նաեւ ներսում է»: Համարձակվենք մի փոքր խմբագրել Հեսսեին. այն, ինչ դրսում է, ամենից առաջ, թերեւս, ներսում է: Նախընտրական արշավի վերջին շաբաթվա մեկնարկին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Մոսկվա կատարած այցը իրապես կարող է շրջադարձային լինել ամբողջ քարոզարշավի համար: Խնդիրն այստեղ ամենեւին այն չէ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Մոսկվա էր գնացել արժանանալու այդ երկրի ղեկավարության բարեհաճությանը, եթե նկատի ունենանք, որ Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշումն ավանդաբար մեծ նշանակություն է ունեցել Հայաստանի իշխանության ձեւավորման ցանկացած գործընթացի ժամանակ: Արտաքին բարեհաճության արժանանալու ջանքեր անում են այն ուժերը, որոնք զրկված են լինում Հայաստանում հասարակական աջակցության նշույլից անգամ: Իսկ այդ առումով պարզ է, թե Հայաստանում ով ունի արտաքին բարեհաճության անհրաժեշտություն: Դրա անհրաժեշտությունն ունի այն ուժը, որն իր նախընտրական հավաքների ընթացքում ստիպված է ելույթ ունենալ առավելապես դպրոցական միջին տարիքի երեխաների առաջ, կամ օրինախախտ քարոզչության արատավոր շրջանի մեջ ներառել նաեւ կրկեսի կախարդական շրջանը, որը մանուկների համար հրաշքների կենտրոն է, իսկ իշխանության համար, պարզվում է, քարոզչական պաստառ: Խոսքն այն մասին է, թե ինչպես է Երեւանի պետական կրկեսի դահլիճը պատվել «առաջ, Հայաստան» կարգախոսներով եւ Սերժ Սարգսյանի նախընտրական կայքի հասցեներով: Թեեւ գուցե այստեղ խնդիրը բոլորովին այլ է, իսկ ավելի կոնկրետ այն, որ Սարգսյանը գուցե գիտակցելով, որ 2008 թվականին չունի նախագահ ընտրվելու շանս, պարզապես այժմվանից քարոզում է գալիք նախագահական ընտրությունների համար` այդ իսկ պատճառով էլ իր համար հիմնական լսարան ընտրելով մանկահասակներին ու դպրոցականներին, քանի որ նրանք են ապագա ընտրողները: Դա իմիջայլոց: Վերադառնալով արտաքին բարեհաճության խնդրին` փաստենք, որ ով-ով, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը դրա անհրաժեշտությունը բացարձակապես չունի: Դրա մասին են վկայում թե նրա նախագահության տարիները եւ թե նաեւ նախընտրական շարժման դինամիկան, որն արտահայտվեց փետրվարի 9-ի հանրահավաքով: Նախ` իր նախագահության տարիներին Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա ղեկավարած երկիրն ընդունելի էին համաշխարհային քաղաքականության գրեթե բոլոր կենտրոնների համար` թերեւս առանց որեւէ բացառության: Հետեւաբար այժմ որեւէ կարիք չկա այդ կենտրոններին ներկայանալու: Բացի այդ, համաշխարհային քաղաքականությունը մշտապես կառուցված է եղել արդարացիության սկզբունքի վրա եւ հակառակը պնդել են միայն այն երկրներում, որտեղ կառավարիչները գործել են համաշխարհային ժողովրդավարական ու ազատական արժեհամակարգերից դուրս: Այդ երկրներում են առավելապես տարածել համաշխարհային դավադրության տեսությունները` փորձելով այդպիսով ամրապնդել սեփական իշխանության հարատեւությունը: Իսկ համաշխարհային քաղաքականության արդարացիության հիմքում ընկած է մի կարեւոր սկզբունք` այդ քաղաքականության կենտրոնները մշտապես հաշվի են առնում որեւէ երկրի հասարակական տրամադրությունը: Իսկ եթե այդ տրամադրությունը համընկնում է նաեւ համաշխարհային արժեհամակարգի հետ, ապա այդ դեպքում արդեն միջազգային հանրությունը չունի որեւէ խնդիր: Ի վերջո` արժե հիշել 2003 թվականի նախագահի ընտրությանը հնչած միջազգային արձագանքը, որ հայ ժողովուրդն է որոշում ընտրությունների օրինականությունը, այսինքն` կեղծվել են դրանք, թե ոչ: Այդ տեսանկյունից, Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն իր նախագահության տարիների, այլ նաեւ թեկնածության ժամանակաշրջանի առումով չունի արտաքին աշխարհում աջակցություն որոնելու անհրաժեշտություն: Ի վերջո` արտաքին աշխարհը Հայաստանի գործընթացների մասին դատում է ամենեւին էլ ոչ «Հայլուրի» ռեպորտաժներով, եւ գուցե նույնիսկ «Հայլուրի» ռեպորտաժներն է դատում իր ունեցած տեղեկատվությամբ` ամփոփելով երկրում առկա տրամադրությունների պատկերը: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու անհրաժեշտ եղավ նախընտրական արշավի վերջին, եզրափակիչ ու կարեւոր փուլից առաջ մեկնել Ռուսաստան: Նախ` երեւի թե անքաղաքավարի կլիներ մերժել հրավերը: Ի վերջո` Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերության խորությունը, մեր երկրում Ռուսաստանի տնտեսական ներկայությունը բավական մեծ է, եւ այդ իրողությունն անտեսելը կլինի քաղաքական կարճատեսություն, չնայած այն հանգամանքին, որ այդ հարաբերությունների ներկայիս որակն ինքը քաղաքական կարճատեսության ու կարիերիստական պատեհապաշտության հետեւանք է: Բայց կա այն, ինչ կա, հետեւաբար եղածը հաշվի առնելն ընդամենը քաղաքական պրագմատիզմի դրսեւորում է, ինչն այսօր պակասում է Հայաստանի քաղաքական վերնախավին: Իսկ այդ դեպքում, հասկանալի է, որ Ռուսաստանը հետաքրքրված է լինելու այն երկրի հետագա ընթացքով, որտեղ ունի բավական մեծ տնտեսական ներկայություն, ինչպես նաեւ ռազմաքաղաքական շահ: Ռուսաստանին զրկել իրավիճակը հասկանալու հնարավորությունից, թերեւս կլիներ սխալ: Եվ այդ ամենից բացի, երբ որեւէ մեկին կարող ես օգնել ուղղել սեփական սխալը, թերեւս սխալ, նույնիսկ մեղք կլինի այդ օգնությունը չցուցաբերելը: Առաջին նախագահը գուցե թե օգնեց Ռուսաստանին շտկել այն սխալը, որ ցուցաբերվում էր ռուսաստանցի քաղաքագետների ու պաշտոնյաների երեւանյան վոյաժներով: Իսկ գուցե շատ հավանական է, որ Ռուսաստանն ամենեւին էլ նման սխալ թույլ չէր տվել, այլ պարզապես Հայաստանի իշխանական քարոզչամեքենան էր շահագործել Ռուսաստանի քաղաքականությունն ըստ հայեցողության, եւ Մոսկվան պարզապես ամեն ինչ դնում է իր իսկական տեղը: Այսինքն` Ռուսաստանը ակնհայտորեն փորձեց հավասարակշռել իր վերաբերմունքը, ինչն անկասկած ողջունելի է եւ վկայում է, որ համարժեք գործընկեր ունենալու պարագայում այդ երկիրը Հայաստանի հետ պատրաստ է կառուցել փոխշահավետ, ոչ թե ստրկատիրական հարաբերություն: Եվ բացի այդ, հրավերն ընդունելու հանգամանքը թերեւս ուղղված էր նաեւ մեր հասարակության վիրավորված արժանապատվությունը վերականգնելուն այն բանից հետո, երբ Մոսկվայից փորձ արվեց կոպտորեն միջամտել Հայաստանի ընտրողի կայացնելիք որոշմանը: Կամ էլ Հայաստանի իշխանությունները փորձեցին Մոսկվայից միակողմանի արձագանք ապահովել` այդպիսով հայ հանրությանն ինչ-որ բան ներշնչելու եւ հոգեբանորեն ուղղորդելու համար: Հիմա արդեն հանրության համար հստակ է, որ աշխարհը իրականում չի փորձում կարծիք պարտադրել, այլ հաշտվում է այն կարծիքի հետ, որն ունի հայ ընտրողը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |