“Zhamanak” Armenian-American Political Daily

ՄԻԱԿ-ը համակարծիք է Լեւոն Տեր-Պետրոսյանին

16:02 Yerevan | 12:02 GMT | Thursday 14 February 2008

Հեղինե Մանուկյան

Հիշում եք այն աղմուկ-աղաղակը, որը բարձրացրին Ռոբերտ Քոչարյանն ու նրա «դինաստիայի» ներկայիս ժառանգորդ Սերժ Սարգսյանն այն բանից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց 10 հազարանոց պրոֆեսիոնալ բանակ ունենալու իր «երազանքի» մասին:

Բացի այն, որ Տեր-Պետրոսյանի այդ գաղափարը ցածրամակարդակ քննադատության ենթարկվեց նույն Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից, մոտավորապես այս տոնով` խորհուրդ կտայի նախագահի թեկնածուներին իրենց լեզվի վարժանքների համար ուրիշ թեմա ընտրել, այն որակվեց նաեւ պետական դավաճանությանը հավասարազոր առաջարկ: Քոչարյանի ջղաձիգ արձագանքը վերն ասվածի կապակցությամբ այսպիսին էր. «Եթե նախկին նախագահը հանձնի Ղարաբաղը, հրաժարվի ցեղասպանության ճանաչման գործից ու սկսի Ադրբեջանի հետ քիրվայություն անել, դառնա Թուրքիայի փոքր եղբայրը` ինչի՞ն է պետք բանակ: Նման պայմաններում բանակը խանգարող հանգամանք է դառնալու, քանի որ հզոր, մարտունակ բանակը միշտ հիշեցնելու է, որ նախագահը պետք է ծառայի ՀՀ ազգային շահերին եւ ոչ թե հարեւանների ու սեփական արժանապատվության հաշվին»: Սերժ Սարգսյանի արձագանքն էլ պակաս ջղագրգիռ չէր: Սակայն Տեր-Պետրոսյանն առաջինը չէ, ով խոսում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու միասին, այն էլ` Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո միայն: Այդ գաղափարն է առաջ քաշված նաեւ նախագահի մյուս թեկնածուների` պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի նախընտրական ծրագրերում: Ի դեպ, «պրոֆեսիոնալ բանակ» տերմինը շրջանառության մեջ դրվեց դեռեւս ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ: Վերջերս «ռամկավար-ազատական» դարձած պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության ծրագրում ասվում էր. «Բանակն առաջիկա հինգ տարիներին պետք է համալրվի կարգավարժ (պրոֆեսիոնալ) ստորաբաժանումներով` կրճատելով ժամկետային պարտադիր զինվորական ծառայության տեւողությունը մինչեւ 6 ամիս»: Եթե նույնիսկ Սամվել Բաբայանի պրոֆիլի զինվորականն է կողմ բանակը կառուցվածքային փոփոխությունների ենթարկելուն, ուրեմն մյուսների նույնաբովանդակ առաջարկները պետք է որ, մեղմ ասած, նորմալ հույզեր առաջացնեին Բաբայանի զինակից ընկերների` տվյալ դեպքում Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի մոտ: Պրոֆեսիոնալ բանակի անցնելուն մի ամբողջ գլուխ է նվիրված նաեւ Սերժ Սարգսյանի սիրելի խորհրդական Լեւոն Մարտիրոսյանի կուսակցության` ՄԻԱԿ-ի նախընտրական ծրագրում: «...Ժամանակակից հայկական բանակի խնդիրներն, անշուշտ, անշեղորեն կապված լինելով մյուս ինստիտուտների գործունեության հետ, այնուամենայնիվ ունեն յուրօրինակ առանձնահատկություններ: Մասնավորապես` անցյալից ժառանգություն մնացած զինված ուժերի կառավարման խորհրդային համակարգի պահպանումը, բանակի վերածումը արտաքին վտանգի դեմ երկրի պաշտպանության ինստիտուտից նաեւ երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքում առաջատար դերակատարում ունեցող կառույցի, պետական միջոցների ծախսման փակ ու արդյունավետ համակարգը, հրամանատարների ինստիտուտների փլուզումը իրական վտանգ են ներկայացնում ինչպես երկրի մյուս բոլոր ինստիտուտների գործունեության, այնպես էլ երկրի պաշտպանունակության համար: ...Ելնելով վերը նշվածից` անհրաժեշտ է իրականացնել ռազմական բարեփոխում, հիմնված հետեւյալ սկզբունքների վրա. երկրի պաշտպանության համակարգը պետք է կազմված լինի երկու միմյանց փոխլրացնող մասերից` պրոֆեսիոնալ, մոբիլ եւ ամենաժամանակակից զենքով զինված բանակ ու պահուստային ծառայության համապարփակ համակարգ: Համընդհանուր զորակոչից անհրաժեշտ է անցում կատարել դեպի պայմանագրային զինծառայության ինստիտուտ...» եւ այլն եւ այլն: Փաստորեն, Սերժի խորհրդականի կուսակցությունը ոչ միայն խոստովանում է պաշտպանության հին համակարգը նորով փոխարինելու անհրաժեշտության մասին, այլ, որ այս դեպքում ամենակարեւորն է` համակարծիք է իր պաշտելի շեֆի հակառակորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: ՄԻԱԿ-ի ծրագրի այս գլուխը, պատկերավոր ասած, տրորում է Սերժ Սարգսյանի ամենացավոտ «կոշտուկը»` բաց տեքստով հայտարարելով հայտնի ճշմարտության մասին, ըստ որի` մեր պանծալի բանակն իր հիմնական` պաշտպանական ֆունկցիան կատարելուց զատ, ակտիվ մասնակցություն է ցուցաբերում նաեւ այն հարցերում, որոնց դեպքում պետք է չեզոքություն պահպաներ (ՀՀ Սահմանադրության 8.2 հոդված): Գաղտնիք չէ, որ ամենամարտունակը հորջորջվող մեր 70 հազարանոց բանակը մշտապես եղել է օրվա իշխանություններին ստատիկ ձայներ ապահովող կառույց, որը գլխահակ, առանց ընդդիմանալու բոլոր համապետական ընտրությունների ժամանակ քվեարկել է նրա օգտին, որի օգտին քվեարկելու մասին հրաման է ստացել նույն այդ «փլուզված ինստիտուտի»` հրամանատարական կազմի կողմից: Հավանաբար նաեւ դա է գլխավոր պատճառը, որ բանակը կրճատելու մասին Տեր-Պետրոսյանի առաջարկը այդքան անհադուրժողական վերաբերմունքի արժանացավ երկրիս ղեկավարության կողմից, ինչը նշանակում է յուրաքանչյուր համապետական ընտրության ժամանակ տասնյակ հազարներով պակաս ձայն իշխանական թեկնածուի օգտին: Ի դեպ, նույն այն թեկնածուի, որը քիչ է, որ բանակի տոնը ծառայեցրեց նախագահի թեկնածուի իր քարոզչությանը, առանց ցինիզմի պակասի հայտարարեց նաեւ, որ իր հեղինակությունն այնքան բարձր է, որ ինքը լրացուցիչ, տվյալ դեպքում բանակի մակարդակով քարոզչության կարիքը չուներ:

Հ.Գ. Հետաքրքիր է, արդյո՞ք Սերժ Սարգսյանին դիսկոմֆորտ չի պատճառում այն հանգամանքը, որ իր խորհրդականը քարտուղարն է մի կուսակցության, որը տրամագծորեն հակառակ պատկերացումներ ունի մեր երկրի զինված ուժերի համակարգին առնչվող հարցերում, այն համակարգի, որի ղեկավարությունը տարիներ շարունակ ստանձնել է նույն ինքը Ս.Սարգսյանը:

Արխիվ
Վերլուծական

Որտեղի՞ց են ծանոթ նրանց դեմքերը

Կուսակցությունների ղեկավարների հետ քննարկում կազմակերպելու մտադրությունը, որ Հանրային հեռուստաընկերությանը տված...

Քաղաքական

Վարչապետը սպառնալիք է ստեղծել լրագրողի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժեստ է արել` նախօրեին այցելելով հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանին, ով հիվանդանոց էր...

Աշխարհ

Գլոբալիզացիան շարունակվում է

Ի տարբերություն Մեծ դեպրեսիայի, արդի ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չփոխեց համաշխարհային տնտեսական...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.