|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Եթե՝ ապա...15:56 Yerevan | 11:56 GMT | Thursday 14 February 2008Զարեհ Ասատրյան Դու ստրուկ ես: Ես գիտեմ, որ սա այն չէ, ինչ ուզում ես լսել, բայց սա է տհաճ ճշմարտությունը: Ֆիլմերում ու դասագրքերում ստրուկները նկարագրվում են որպես շղթաներով կապված ու ճիպոտներով ծեծված արյունոտ կերպարներ, հետեւաբար եթե դու նման չես նրանց, թվում է, թե դու ստրուկ չես: Պատմությունը, սակայն, ցույց է տալիս որ տարբեր ժամանակներում ստրուկների հետ վարվել են տարբեր կերպ` ոմանց հանդեպ ավելի դաժան քան մյուսների, մինչդեռ նույնիսկ ամենաբարի ու հոգատար վարքի դեպքում, ստրուկը նմում է ստրուկ: Եվ այսպես` ո՞վ է ստրուկը: Ի՞նչպես սահմանել ստրուկը: Այդ ո՞ր հատկանիշն է նրան տարբերում ազատ մարդուց: Ազատ մարդը կարող է ասել «ոչ»: Ազատ մարդը կարող է հրաժարվել իր կարծիքով անարդարորեն իրենից պահանջվածից: Ստրուկը չի կարող: Չկա ազատություն առանց ազատորեն «ոչ» ասելու իրավունքի: Իշխանությունը շարունակաբար ստում է քեզ` սկսած Ղարաբաղյան պատերազմի կարգավորումից, վերջացրած հոկտեմբերի 27-ով ու քաղաքական սպանությունների ու ահաբեկումների մի մեծ շարքով: Արդյո՞ք դու կարող ես այս ստերի դեմն առնել: Ի վիճակի՞ ես դու, արդյոք, պատժել խաբեբային: Ո՞չ: Շնորհավորում եմ` դու ստրուկ ես: Ընտրակեղծիքները չափ ու սահման չունեն: Ընտրությունները որոշվում են ոչ թե ընտրողի արդար քվեով, այլ քվեները հաշվողի քմահաճույքով: Կարո՞ղ ես դու, արդյոք, ընտրախախտումներին հակադրվել: Ո՞չ: Շնորհավորում եմ` դու ստրուկ ես: Իշխանական կլանը կարող է ձեռք գցել այն ամենին, ինչ ուզում է, կարող է անել այն, ինչ ուզում է: Դու նույնիսկ չես կարող որոշել, թե այս երեկո ինչ հեռուստաալիք ես դիտելու: Նույնիսկ այն տունը, որի համար քրտնաջան աշխատում ես, կարող ես մեկ ակնթարթում կորցնել «պետական կարիքներ» բավարարելու պատճառաբանությամբ: Արդյո՞ք դու կարող ես ընդդիմանալ այս ամենին: Ո՞չ: Շնորհավորում եմ` դու ստրուկ ես: Ասելով «այո» անկախությանը` ամրագրեցինք, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է մեզ` ժողովրդիս: Մենք` ՀՀ քաղաքացիներս, համաձայնեցինք կրել որոշակի պարտավորություններ, իսկ դրա դիմաց իշխանություններին հանձնարարեցինք պաշտպանել մեր իրավունքներն ու ազատությունները: Ներկայիս իշխանությունները խախտել են այդ պայմանագիրը` ի դեմս ՀՀ Սահմանադրության: Դու արդյո՞ք կարողացել ես նրանց կանգնեցնել: Այս մեկը, առավել քան մյուս բոլոր պատճառները միասին վերցրած, խոսում է այն փաստի մասին, որ քեզ չի հաջողվել ապրել ազատ մարդու կյանքով, եւ դու հիմա շղթաներով փաթաթված մարդուց ոչնչով չտարբերվող ստրուկ ես: Դու ստրուկ ես: Դու կարող ես այդպիսին մնալ կամ ոչ. պարզից էլ պարզ մի բան: Ոչ ոք չի գալու քեզ փրկելու: Մի հայտնի փիլիսոփա ժամանակին ասել է «ստրուկը նա է, ով սպասում է, որ ինչ-որ մեկը կգա ու իրեն կազատի»: Միայն քեզնից է կախված, թե դու ու քո երեխաները կապրեք որպես ստրու՞կ, թե՞ որպես ազատ ու անկախ մարդ արարած: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |