|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Մեկը տասին կամ քսանին...17:30 Yerevan | 13:30 GMT | Wednesday 13 February 2008Մուսա Միքայելյան Մեծ ուշադրությամբ հետեւել եմ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային ելույթների եւ մասնավորապես նախընտրական ծրագրի տնտեսությանը վերաբերող հատվածին: Հայաստանի տնտեսության վիճակի մասին նրա բնորոշումները հատու են եւ հուժկու: Տասը տարի շարունակ երկրում միայն երկնիշ տնտեսական աճի եւ «տարածաշրջանի վագրային» թռիչքներից այն կողմ չանցնելով, իրական տնտեսվարության փոխարեն «գողական սխոդկաներին» հատուկ «քցոցիցենով» ու «օբշագին» մուծումներ պարտադրելով հայկական տնտեսությունից ոչինչ չի մնացել: Ոչ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրայնը, ոչ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, ոչ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը այստեղ որեւէ հարց չեն լուծում: Բոլորն իրենց գերատեսչությունների բուն գործառույթները պայմանավորում են վերեւների հետ «լակեյներին» կամ «զոն նայող պալաժենեցների» դեպքում «ճտերին» հատուկ հարաբերությամբ, ուստի տնտեսական համատարած մոնոպոլիզացիայի մասին Առաջին նախագահի բնորոշումները, ճիշտն ասած, գուցեեւ մեղմ են: Երբ պետության ամենաբարձր հովանավորությամբ, տնտեսության հիմնական սուբյեկտներն իրենց գործունեությունը կապում են կրիմինալի հետ, երբ իրենք` այդ սուբյեկտները, իրենց տնտեսական մրցակիցների հետ հաշվեհարդար են տեսնում «բեսպրեդել» ինքնադատաստանների միջոցով, երբ մականունավոր ժուլիկ-մանկլավիկներով է պայմանավորված Հայաստանի տնտեսական ապագան, ուրեմն մենք դեռ երկար ժամանակ երկրի երես չենք տեսնի: Բայց, բարեբախտաբար, այս ամենի ավարտին քիչ է մնացել: Ընդամենը մինչեւ նախագահական ընտրությունների ավարտը: Իր նախընտրական ծրագրում Տեր-Պետրոսյանը մի քանի կետերով տնտեսությունից առհասարակ չհասկացող հասարակ քաղաքացուս հասու է դարձնում, թե ինչպես է ստացվել, որ տասը տարի անընդհատ տնտեսական աճի պայմաններում երկիրը շարունակ դոփում է նույն տեղում` նեխած տնտեսությունից առաջացած «գարշահոտությունը» ծածկելով Հյուսիսային պողոտայի սեփական կալվածքների գեղեցկությամբ եւ Հանրապետության հրապարակի գեղատեսիլ շատրվանների գույներով: Անցյալ տարեվերջին մի ուշագրավ հրատարակությամբ է հանդես եկել ԱՄՆ Փրինսթըն հրատարակչատունը` լույս է ընծայվել Դանի Ռոդրիքի «Մեկ տնտեսություն, բազում բաղադրատոմսեր. գլոբալիզացիա, ինստիտուտներ եւ տնտեսական զարգացում» ուշագրավ աշխատությունը: Գիրքը գրավեց ուշադրությունս, եւ այն ստիպված եղա վերընթերցել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական ծրագրի տնտեսական մասին ծանոթանալուց հետո: Ռոդրիքի գրքից իմացա մի ուշագրավ փաստ. Պակիստանում է արտադրվում աշխարհի ֆուտբոլի գնդակների 75 տոկոսը: Սա իրապես զարմանալի փաստ է, որովհետեւ Պակիստանը ոչ մի բացառիկ նախադրյալներ չունի այդ ապրանքատեսակի առաջատար արտադրողը դառնալու համար: Հարցն այն է` ինչու ընդհանրապես որոշ երկրներում առանձին ճյուղերը եւ ընդհանուր առմամբ տնտեսությունը աճում են, իսկ մյուսներում` ոչ: 15 տարի առաջ բոլորին, այդ թվում նորանկախ Հայաստանի իշխանավորներին, թվում էր, թե տնտեսության աճի ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել «նեոլիբերալ ռեֆորմների» շարք, որոնք միտված կլինեն տնտեսության մեջ պետության մասնակցության նվազեցմանը: Այն ընդունված է կոչել նաեւ «վաշինգտոնյան կոնսենսուս» անունով: «Արդյունաբերական քաղաքականության» եւ «տնտեսության թռիչքային ճյուղերի խրախուսման» մասին խոսում էին միայն դեմագոգները կամ տնտեսությունից անգրագետ մարդիկ: Այդ ժամանակների տնտեսության զարգացման դեղատոմսերը այսօր քննադատում են նոբելյան մրցանակակիր Ջոզեֆ Սթիգլիցը, իսկ նրա դեղատոմսերը ընդունված է համարել անհուսալի վարկաբեկված: Ինչպես իր նոր գրքում գրում է Հարվարդի համալսարանի դասախոս, տնտեսագետ Դանի Ռոդրիքը` դժվար է գտնել ունիվերսալ տնտեսվարության այնպիսի օրինակ, որն ընդունելի եւ կիրառելի կլիներ ամբողջությամբ բոլոր երկրների համար: Հայաստանում տնտեսական աճը առաջին անգամ արձանագրվել է Հրանտ Բագրատյանի ղեկավարած կառավարության օրոք: Ու մինչ օրս տնտեսական աճը երկրում անընդհատ է եղել: Սակայն հարց է առաջանում` որտեղի՞ց է ստացվում տնտեսական աճը: Ինքը Ռոդրիքը խոստովանել է, որ միանշանակ պատասխան այստեղ չկա: Բայց եթե ինչ-որ ընդհանուր բան կա զարգացած երկրների տնտեսությունների միջեւ, որոնք վերջին հիսուն տարում լուրջ տնտեսական առաջընթաց են արձանագրել, ապա դա այն է, որ բոլորը, եզակի բացառություններով, ակտիվորեն իրականացրել են «արդյունաբերական քաղաքականություն»: Ռոդրիքի բանաձեւումներն ընդունելի են տնտեսության մեջ պետության ակտիվ միջամտության կողմնակիցներին: «Զարգացման հիմքը, - գրում է տնտեսագետը, - տնտեսական ռեսուրսների վերաուղղորդումն է աշխատանքի ցածր արտադրողականությամբ ավանդական ազդեցությունների գործունեությունից աշխատանքի բարձր արտադրողականությամբ արդի բնագավառներ»: Վերաուղղորդումը տեղի չի ունենում ավտոմատ կերպով. «անհրաժեշտ է ավելին, քան ուղղակի գործող շուկաներն են»: Պետք է «խրախուսել ներդրումները եւ նախաձեռնությունների ակտիվությունը գործունեության նոր բնագավառներում, հատկապես այնտեղ, որտեղ տվյալ տնտեսությունը կարող է հասնել մրցակցային առավելությունների»: Այս բոլորը չի նշանակում, անշուշտ, վերադարձ պլանային տնտեսությանը եւ հրաժարում գլոբալիզացիայից` Հնդկաստանը, Չինաստանը չէին հասնի այն ամենին, ինչին հասել են, եթե չունենային համեմատաբար ազատ մուտք աշխարհի զարգացած շուկաներ, բայց պակաս կարեւոր չեն եւ «նպատակային ջանքերն իրենց սեփական կառավարությունների, տնտեսության վերակազմակերպումն ու դիվերսիֆիկացիան»: Չիլին համարվում է 1980-ական թվականների նեոլիբերալ տնտեսական քաղաքականության քրիստոմատիկ օրինակ, բայց առաջատար չիլիական ագրոբիզնեսը, մասնավորապես նրանց հաջող ճյուղը` սաղմոն եւ կապիկ աճեցնելու ուղղությունները հնարավոր դարձան բացառապես պետության աջակցության շնորհիվ: Ուրիշ խնդիր է, թե մենք ինչ նկատի ունենք արդյունաբերական քաղաքականություն ասելիս: Ռոդրիքի համաձայն` դա ամենեւին ընտրություն չէ ապագայի ուղղությունների եւ դրանցում մեծ ներդրումների տեսքով, հնարավոր չէ կանխատեսել այն ոլորտները, որտեղ պետք է աջակցություն: Երբ մի պակիստանցի բիզնեսմեն որոշեց փորձարկում անել, եւ գործը շարժվեց տեղից, նրա օրինակին հետեւեցին նաեւ ուրիշները: Արդյունաբերական քաղաքականության խնդիրը կայանում է հենց նրանում, որ խրախուսվ են գործարարության այդպիսի փորձարկումները երկրի համար նոր ուղղություններում: Ի դեպ, սխալներն այստեղ անխուսափելի են, եւ հմտությունը կայանում է հենց նրանում, որ ժամանակին հնարավոր լինի հասկանալ եւ ժամանակից շուտ չհիասթափվել: Այդպիսի արդյունաբերական քաղաքականություն իրականացնելու համար, խիստ ասած, պետք չեն ոչ կառուցվածքային բարեփոխումներ, ոչ հասարակական ինստիտուտներ: Փորձը հաջողությամբ ցույց է տալիս, որ զարգացող երկրներում առավել կարեւոր է ջանքերի արդյունավետ` պետության եւ բիզնեսի «կոորդինացիան»: Ռոդրիքի գիրքն ընթերցելուց հետո սկսեցի տատամսել, երկմտել, թե, արդյոք, մրցունակ եւ զարգացած տնտեսության համար նախապայմաննե՞ր են ազատականությունն ու ժողովրդավարությունը, ինչպես կարծել եմ մշտապես: Այս ամենը նշանակու՞մ է, արդյոք, որ տնտեսական զարգացման համար ժողովրդավարություն անհրաժեշտ չէ: Առանց դրա, իհարկե, կարելի է եւ «յոլա գնալ», - ասում է Ռոդրիքը: Տնտեսական աճին հասնել առանց ժողովրդավարության դժվար չէ, դժվար է այդ տնտեսական աճը պահել կայուն վիճակում, - ասում է Ռոդրիքը` խոսքը կարծես ուղղելով հայաստանցիներիս: Տնտեսական աճի ժամանակաշրջաններ նախորդ հարյուրամյակի կեսերին ապրել են ոչ միայն Հարավային Կորեան եւ Թայվանը, այլեւ Եգիպտոսը (1976) եւ Պակիստանը (1979): Բայց այսօր ոչ մեկը չի հիշում եգիպտական «բում»-ի մասին այն պարզ պատճառով, որ դա շատ կարճ տեւեց: Որպեսզի աճը լինի կայուն` պետք են գործող հասարակական ինստիտուտներ` ինչպես ցույց տվեցին Արգենտինայի եւ Մեքսիկայի օրինակները. առանց դրանց հնարավոր չէ հաղթահարել ներքին եւ արտաքին «շոկերը»: Բայց այդ ինստիտուտները պետք է համապատասխանեն կոնկրետ այդ երկրի հատուկ պայմաններին եւ դրանց կառուցման համար միասնական բաղադրատոմս գոյություն չունի: Ինստիտուցիոնալ լուծումների ամենաէֆեկտիվ մեխանիզմը ժողովրդավարությունն է, - գրում է Ռոդրիքը: Կարելի է եւ առանց դրա, ինչպես Չինաստանում է, Հարավային Կորեայում եւ Սինգապուրում: Ուղղակի պետք է հիշել, որ ավելի ռիսկային է այդ ճանապարհը` որովհետեւ ամեն մի հաջողված Հարավային Կորեայի բաժին է ընկնում տասը աղետալի Զաիր եւ մի քսան Հայաստան: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |