|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Ինչու՞ մեր չափանիշներն իջան «պլինտուսի» մակարդակին17:13 Yerevan | 13:13 GMT | Wednesday 13 February 2008Ա.Պավլիկյան Վերջին տարիներին ձեւավորված մեր քաղաքական էլիտան իր բացասական պատկերով եւ անկիրթ մակարդակով հանրահայտ է մեր հասարակությանը: Նրա բազմաթիվ ներկայացուցիչներն իրենց մականուններով, պահվածքով, խոսքով (գռեհիկ ժարգոնով), բարեկրթությամբ, կրթական եւ մասնագիտական մակարդակով «զարդարում» են այդ էլիտան: 1990թ. ընտրությունների ժամանակ, երբ բազմաթիվ լուրջ, բանիմաց մարդկանց առաջարկում էին դառնալ պատգամավոր (մասնակցել ընտրություններին), նախարար կամ որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնյա, նրանք հրաժարվում էին` պատճառաբանելով, որ իրենք պատրաստ չեն ժողովրդի համար այդ չափազանց կարեւոր գործը կատարելուն կամ նախընտրում էին աշխատանքը շարունակել իրենց մասնագիտական ոլորտում եւ, ի վերջո, հրաժարվում: Այո, կային այդպիսի մարդիկ եւ այսօր էլ կան: Ինչ վերաբերում է «լավ տղերքին», ապա նրանց մտքով անգամ չէր անցնում ինչ-որ ձեւով եւ չափով հավակնել այդ գործին: Պատճառը մեկն էր. նրանք հիանալի գիտակցում էին, որ հասարակությունը պարզապես չի ընդունում իրենց, հասարակական կարծիքը միայն ու միայն բացասական էր այդպիսի ցածր մակարդակ ունեցող մարդկանց հանդեպ: Չնայած այսպիսի մոտեցմանը, մի քանի ճարպիկներ հաջողացրին սողոսկել վերին ատյաններ, առաջին հերթին խորհրդարան: Իհարկե ամենուր էլ այդ երեւութը կա, սակայն եթե գործում է ինքնամաքրման որոշակի համակարգ, ապա աստիճանաբար եւ մշտապես հասարակությունը մաքրվում է տականքներից: Բայց մեզ մոտ կարծես թե հակառակն է, ճարպիկները բազմանում են, այլ ոչ թե պակասում (վերանալու մասին չենք խոսում): Ինչու՞մն է բանը: Բանն այն է, որ եթե նախկինում չափանիշ էին համարվում իսկապես տաղանդավոր, պրոֆեսիոնալ մարդու հատկանիշները, եւ այս դեպքում լուրջ մարդիկ գտնում էին, որ այդ հատկանիշները չունեն, ապա այժմ չափանիշները անգրագիտությունն է, այսինքն` համեմատության համար վերցվում է մի մականունավոր «հեղինակություն». եթե նա պատգամավոր է, ապա ինքս նրա համեմատ չափազանց զարգացած եմ (զրոյի համեմատ ցանկացած փոքր թիվ անվերջ մեծ է): Այսինքն` եթե նախկինում չափանիշ էին Չերչիլը, Ռուզվելտը, Դը Գոլը, ապա այժմ չափանիշ են ռուբոները, գուգոները, գագոները, էդոները: Ինչո՞վ բացատրել այսպիսի երեւույթը: Կարծում եմ, բացատրությունը պարզ է: Համակարգ ստեղծողների մակարդակով էլ պայմանավորված է համակարգը: Ինչպե՞ս կարող են այդպիսի մակարդակ ունեցող մարդիկ սողոսկել այդ համակարգ` «ախպերությամբ», «շուստրիությամբ», կաշառքով, լեզու գտնելով, մի խոսքով իրենց համար հարազատ մեթոդներով ու միջոցներով, կանգ չառնելով ոչ մի խոչընդոտի առջեւ, առավել եւս, որ այդ խոչընդոտները ընդամենը այդ համակարգի հեղինակներն են, որոնք ուրախ են իրենց տղերքի հետ աշխատելու համար. իրար լավ կհասկանան: Այսպիսի համակարգը շատ նման է բնական էկոհամակարգերին, որոնք եթե աղտոտվում են, ապա բնությունը դաժանորեն պատժում է, եւ խախտվում է հավասարակշռությունը: Հասարակությունը եւս այդպիսի էկոհամակարգ է` այն տարբերությամբ, որ բնության օրենքներին փոխարինում են հասարակական օրենքները, եւ այդ օրենքները մեզ հուշում են, որ հասարակությունը տարբեր միջոցներով պայքարում է այդպիսի աղտեղությունների դեմ եւ ուշ կամ շուտ մաքրում է Ավգյան ախոռները, իսկ դրա համար անհրաժեշտ է հորդառատ մաքուր ջուր: Պարզապես որքան ուշ է կատարվում մաքրումը, այքան ավելի թանկ պետք է վճարել: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականՀնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհըԻնչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել... ՔաղաքականԼեգիտիմությունն է գտնում տիրոջը«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն... ԱշխարհՄերձավոր Արեւելքը` շարժման մեջՀանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |