|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Խնդրա՞նք, թե՞ ծուղակ` հասարակության համար17:06 Yerevan | 13:06 GMT | Wednesday 13 February 2008Արամ Ամատունի Նկատելի է, թե ինչպես է նախընտրական հանրահավաքների ընթացքում, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հավաքված ժողովրդին խնդրում անցկացնել ազատ, արդար ու թափանցիկ ընտրություն: Օրինակ, Քանաքեռ-Զեյթունի բնակիչներին (եւ ոչ միայն նրանց) Սերժ Սարգսյանը խնդրում էր ամեն ինչ անել, ամբողջ ջանքը ներդնել ազատ ու արդար ընտրություն կազմակերպելու համար, որովհետեւ անարդար ընտրված նախագահը երկրի համար լավ չէ: Ինչ խոսք, հասարակությունից շատ բան է կախված ազատ ու արդար ընտրություն ունենալու հարցում: Օրինակ, եթե հասարակությունը ընտրակաշառք չվերցնի, եթե հասարակությունը պարտադրված չգնա որեւէ թեկնածուի հանրահավաքին, եթե հասարակությունն իր անձնագրերը որեւէ մեկին չտա, եթե որեւէ մեկի առաջ որեւէ քվեարկության պարտավորություն չստանձնի, եթե թույլ չտա, որ իր ձայնի վրա բռնանան, եթե հետեւողական լինի մահացածներին, երկրից հեռացածներին ընտրացուցակներում հայտնաբերելու եւ հանելու առումով, ապա ընտրությունն անկասկած կլինի բացառապես օրինականության սահմանում, եւ մեզ անկասկած կնախանձեն անգամ Եվրոպայի ամենաժողովրդավարական երկրներում: Այդ իմաստով Սերժ Սարգսյանի կոչը միանգամայն հասկանալի է: Սակայն դրանից հասկանալի է նաեւ մեկ այլ բան, որը թերեւս առկա է այդ կոչի ենթատեքստում: Երբ իշխանությունը ազատ ու արդար ընտրություն կազմակերպելու համար դիմում է հասարակությանը, բնակչությանը, քաղաքացիներին, կնշանակի, որ խոստովանում է օրինական ընտրություն անցկացնելու սեփական անկարողությունը: Այսինքն` հասարակություն, մենք կեղծելու ենք, եթե դու մեր ձեռքը բռնեցիր, բռնեցիր, իսկ եթե ոչ, ապա մեղադրի ինքդ քեզ: Այդ մոտեցումն իհարկե ազնիվ կլիներ, եթե հայտարարվեր բաց տեքստով: Մինչդեռ իշխանությունը փորձում է ընդամենը ակնարկել: Նրանք, ովքեր այդ ակնարկը չեն հասկանա, հետո իրենք իրենց կմեղադրեն, որ չկարողացան արդար ու օրինական ընտրություն կազմակերպել, իշխանությունն ինչ անի: Իսկ ինչ պետք է աներ իշխանությունը: Իշխանությունը նախ պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեր ՄԻԱԿ երիտասարդների վաղաժամ քարոզչությունը դադարեցնելու համար կամ առնվազն քննարկեր դրա օրինականության հարցը: Իշխանությունը պետք է միջոցներ ձեռնարկեր երկրում անձնագրեր հավաքելու եւ ինչ-որ ցուցակներ կազմելու գործընթացի օրինականությունը ճշտելու համար, իշխանությունը պետք է հոգ տաներ, որ նախարարներն ու վարչապետը, որոնք մասնակցում են քարոզարշավին ՀՀԿ եւ ՀՅԴ թեկնածուների պարագայում, գնան արձակուրդ կամ հրաժարական տան, որպեսզի ընտրության արդարությանը կասկածելու տեղիք չլիներ: Իշխանությունը պետք է հեռուստատեսային հավասար հնարավորություն ապահովեր բոլոր թեկնածուների համար ոչ միայն ժամանակային, այլ նաեւ բովանդակային իմաստով: Իշխանությունը պետք է երաշխավորեր քաղաքացիներին, որ քաղաքական համոզմունքի համար որեւէ մեկին աշխատանքից ազատելու դեպքում գործատուն պատասխան կտա օրենքի առաջ: Իշխանությունը պետք է տուգանային հրապարակ տաներ կամ տուգաներ նաեւ այն ավտոմեքենաները, որոնք Սերժ Սարգսյանի Քանաքեռ կատարած այցի եւ ընդհանրապես Երեւանի այլ համայնքներ կատարած այցի ժամանակ փակում են երթեւեկությունը: Մինչդեռ ոչ միայն դա չի արվում, այլ նույնիսկ պետավտոտեսչության ռեսուրսն է օգտագործվում շարքային քաղաքացիների համար ճանապարհը փակելու, եւ Սերժ Սարգսյանի նախընտրական ավտոշարասյան համար այն բացելու համար: Ռոբերտ Քոչարյանին էլ թերեւս արժեր Սերժ Սարգսյանի ուշադրությունը գրավել այն հանգամանքի վրա, որ ինքն անհարմար վիճակի մեջ է ընկնում, երբ մի թեկնածուի ավտոշարասյան պահվածքը համարում է անօրինականություն` այն դեպքում, երբ գրեթե նույն պահվածքով ամեն օր աչքի է ընկնում իր պաշտպանած թեկնածուն, թեեւ սովորական օրերին «կանգնում է կարմիր լույսի տակ»: Եթե տասը անգամ կանգնում ես կարմիր լույսի տակ, դա դեռ չի նշանակում, որ 11-րդն իրավունք ունես բաց թողնելու: Եթե իշխանությունը փորձեր կատարել այդ քայլերը, ապա հասարակությանն ուղղված կոչի կարիք երեւի թե չէր էլ լինի: Հետեւաբար, եթե օրինական ընտրության կոչ են անում քաղաքացիներին, ապա դա նշանակում է, որ ընտրական գործընթացի անօրինականությունների ամբողջ պատասխանատվությունը դնում են հենց քաղաքացիների վրա: Առավել եւս, որ իշխանությունն ունի այդպիսի պրակտիկա, երբ, օրինակ, կաշառակերության ու կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետությունը հաճախ բացատրում են նրանով, որ հասարակությունն այդ պայքարին այդքան էլ չի օժանդակում, այսինքն` շարունակում է կաշառք բաժանել, կոռումպացված մտածել` հարցերը օրենքից դուրս լուծելու ձգտումով: Ինքնին պարզ է, որ դա ուղղակի անհեթեթություն է, որովհետեւ եթե ցանկացած պետական հարց հասարակությունն ինքը պետք է լուծեր, ապա ինչու էր այլեւս ստեղծում պետություն, ձեւավորում իշխանություն, հարկեր վճարում այդ իշխանությանն աշխատավարձ տալու համար, եթե կոռուպցիայի դեմ պետք է ինքը պայքարի, եթե ընտրությունների օրինականությունն ինքը պետք է ապահովի: Հասարակությունը բազմաշերտ եւ վերացական հասկացություն է, եւ այդ իսկ պատճառով է, որ պետական խնդիրների լուծումը հենց նույն այդ հասարակությունը ներքին համաձայնության մեխանիզմներով դրել է պետական կառավարման օղակների վրա, որ պատասխանատվությունը կոնկրետանա: Մինչդեռ Հայաստանում հիմա իշխանությունն անում է ճիշտ հակառակը, լուծման բանալին նետելով հասարակության վրա` այդպիսով փոշիացնելով պատասխանատվությունը: Թեեւ զարմանալի չէ, որ երկրում բացի սեփական ունեցվածքից ամեն ինչ փոշիացրած իշխանությունը փոշիացնելու էր նաեւ երկրում պատասխանատվության ինստիտուտը: Թեեւ դա եզակի դեպք է, երբ իշխանությունը փոշիացնում է նաեւ առաջին հերթին սեփականը, սեփական պատասխանատվությունը: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |