“Zhamanak” Armenian-American Political Daily

Ծեքծեքացող ՀՀԿ

16:48 Yerevan | 12:48 GMT | Wednesday 13 February 2008

Էմմա Գաբրիելյան

«Ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կընտրվի` չունենալով շատ թե քիչ մրցունակ հակառակորդ»: Նմանօրինակ բազմաթիվ գնահատականների հեղինակները ոչ թե այսօր առաջին նախագահին սատարող ուժերի ներկայացուցիչներից են, այլ` ՀՀԿ-ականները եւ ՀՀԿ-ի պաշտոնաթերթ` «Հանրապետականը»:

Քանի դեռ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը հանդես չէր եկել պաշտոնական հայտարարությամբ` նախագահի թեկնածու առաջադրվելու վերաբերյալ, հայաստանյան քաղաքական դաշտի հատկապես իշխանական հատվածը, մեկը մյուսին հերթ չտալով վստահեցնում էին հասարակությանը, որ առաջին նախագահը այնքան «խելացի, խոհեմ, լուրջ, կշռադատող, հեռատես» անձնավորություն է, որ երբեք չի մտնի 2008թ. նախագահական ընտրապայքարի մեջ, ակամայից տպավորություն ստեղծելով, թե ընտրապայքարը նախատեսված է միայն այդ հատկանիշներից զուրկ «նախագահացուների» համար... Պատկերը էապես փոխվեց նրա առաջադրումից հետո. քաղաքական մեծամասնության որոշ անդամներ ու նրա հլու-հնազանդ-հաստիքային «ընդդիմադիրները» պարզվում է «հիասթափված են» առաջին նախագահի նախընտրական ծրագրից (իսկ «ծրագիրը»` 2007-ի սեպտեմբերի 21-ից սկսած նրա բազմաթիվ ծավալուն ելույթներն են` թե հանրահավաքային, թե այլ միջոցառումներում, եւ ի դեպ` հնչած բազմաթիվ մեղադրանքներին առայժմ վարչակազմը հետեւողականորեն չի անդրադառնում եւ չի պատասխանում): Այժմ` «խելացի, խոհեմ, լուրջ, կշռադատող, հեռատես» գործչի հանրահավաքի ելույթը որակվում է «ակադեմիական-ծրագրային», նախընտրական ծրագիրը` «հանրահավաքային», գումարած` հնչում է անխնա քննադատություն նրա եւ թիմակիցների հասցեին...

Որպեսզի ասվածը փաստարկված լինի` դիտարկենք մինչեւ Լ.Տեր-Պետրոսյանի առաջադրման մասին հայտարարությունը օրվա քաղաքական մեծամասնության ոչ վաղ անցյալի գնահատականները: Ռ.Քոչարյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանն, օրինակ, անցյալ տարվա հուլիսին նշել է. «Չեմ ուզում ուրանալ, որ 1994-ին հաղթանակ ենք ունեցել, եւ դրա մեջ, որպես ՀՀ նախագահ, Լեւոն Տեր-Պետրոսյանի լուման է եղել»: ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը հուլիսին «Իսկական Իրավունք»-ում Լ.Տեր-Պետրոսյանի մասին այս կարծիքն ուներ. «Լ.Տեր-Պետրոսյանը 20-րդ դարի վերջի հայ քաղաքական մտքի առաջատարն է»: Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանին, ապա փաստերն առավել քան պերճախոս են. օգոստոսին «Փաստարկ» ակումբում ՀՀԿ խորհրդի անդամ Գ.Սահակյանը ընդգծել է. «Լ.Տեր-Պետրոսյանն այսօր սովորական քաղաքական կուսակցության լիդեր չէ, նա մեր առաջին նախագահն է, դա պատմական երեւույթ է, եւ իրողությունների մեծ շնորհը պատկանում է Լ.Տեր-Պետրոսյանին: Ես ինձ շատ վատ եմ զգում, որ այսօր քաղաքական թիմերը շահարկում են նրա անունը: Նա խոհեմ, կշռադատ քաղաքական գործիչ է»: Դարձյալ օգոստոսին «Իսկական Իրավունք»-ի հարցազրույցում էլ Գ.Սահակյանը դարձյալ պնդում էր. «Լ.Տեր-Պետրոսյանին պետք է առանձնացնել ցանկացած նեղ կուսակցական շահարկումներից: Բոլոր դեպքերում Լ.Տեր-Պետրոսյանը մեր առաջին նախագահն է եւ արդեն պատմական երեւույթ է: Այսպես պետք է դիտարկել. չի կարելի, մարդը, որ այդքան մեծ ծառայություններ ունի հայրենիքի եւ ժողովրդի առաջ, անընդհատ կուսակցական խողովակներով տանել»: Օգոստոսի վերջին «Հայոց աշխարհ»-ում տպագրված հարցազրույցում ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանն էլ պարզաբանում էր. «Մենք մեզ երբեք թույլ չենք տվել վարկաբեկել, զազրախոսել, նսեմացնել մեր քաղաքական ընդդիմախոսներին, չենք հայհոյել առաջին նախագահին: Դա մեր ձեռագիրը չէ: Ի վերջո՝ Լ.Տեր-Պետրոսյանը մեր պետության առաջին նախագահն է: Իսկ մեր նորանկախ երկրի առաջին նախագահն ամեն դեպքում արժանի է հարգանքի ե՛ւ անձնապես, ե՛ւ ի պաշտոնե»: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը սեպտեմբերի սկզբին դարձյալ «Հայոց աշխարհ»-ում նկատել էր. «Լ.Տեր-Պետրոսյանը Հայաստանի առաջին նախագահն է՝ գիտության մարդ է, հարգանքի արժանի մտավորական»:

Չենք կարող մեղադրել քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին անկեղծ չլինելու մեջ, երբ նրանք խոսում էին առաջին նախագահի բազմաթիվ առավելությունների մասին: Աներկբա` նրանցից շատերը Լ.Տեր-Պետրոսյանի իշխանավարման տարիներին նրա քաղաքական հենարանն են հանդիսացել, արդարացրել են նրա բոլոր քայլերը: Խոսքը միայն մինչեւ 1998-ը «ուժային» պաշտոններ զբաղեցրած Սերժ Սարգսյանի մասին չէ: Այստեղ նախեւառաջ ՀՀԿ-ի ոչ վաղ անցյալի գործելաոճն է հիշարժան, եւ արժե այս առիթով թերթել ՀՀԿ-ի պաշտոնաթերթ` «Հանրապետական»-ի էջերը: 1995թ. հունիսին սպասվող ընտրություններից առաջ ընթերցում ենք ՀՀԿ նախագահ Աշոտ Նավասարդյանի ելույթը «Հանրապետություն» ընտրական միավորման խորհրդակցությունում. «Հուլիսի 5-ին ժողովուրդն ինքը կորոշի, թե ինչպիսի օրենսդիր մարմին ու Սահմանադրություն է ուզում ունենալ: Դրանով իսկ նա պետք է որոշի մեր երկրի ճակատագիրը հետագա տարիներին, որոնք պետք է լինեն արարման, պետության հզորացման տարիներ: «Հանրապետություն» միավորումը պետք է ամեն ինչ անի ընտրություններում առավելագույն հաջողություն արձանագրելու եւ Սահմանադրությունն ընդունելու համար, քանզի իրեն պատասխանատու է զգում պետության ճակատագրի համար: Եվ մենք համոզված ենք, որ վստահորեն կհաղթենք»: Ընտրություններից արդեն 5 ամիս անց` 1995թ. դեկտեմբերին ՀՀԿ-ի պաշտոնաթերթի խմբագրականից տեղեկանում ենք, որ ՀՀԿ-ն` հաջորդ տարվա նախագահական ընտրություններում ակնկալելով ազգային արժեքներով առաջնորդվող թեկնածուի հաղթանակը` փաստում է. «Ետեւում մնաց Հայոց նոր պետականության հինգերորդ տարին: Այն հիմնականում նշանավորվեց Սահմանադրության ընդունմամբ, ԱԺ-ի ձեւավորմամբ: Լուրջ քայլեր արվեցին ԼՂՀ պետական կայացման գործում, ինչը ձեռք բերված ռազմական հաջողությունների հետագա իրավական հաստատագրման ծանրակշիռ հիմք է ստեղծում»: Իսկ 1996-ի ամռանն արդեն ՀՀԿ-ն պարզորոշ ներկայացնում է իր «ակնկալիքները». հունիսի 22-ին կայացած ՀՀԿ երրորդ համագումարի օրակարգում մեկ հարց է` նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուի առաջադրումը: ՀՀԿ-ի պաշտոնաթերթի առաջին էջում ընթերցում ենք. «Հաշվի առնելով «Հանրապետություն» միավորման շրջանակներում ՀՀԿ գործունեության շարունակման անհրաժեշտությունը, երկրի առկա իրավիճակը, ինչպես նաեւ հունիսի 21-ին հանրապետության նախագահի հետ կուսակցության պատվիրակության հանդիպման արդյունքներն ու նախագահի համաձայնությունը` համագումարն ընդունեց հետեւյալ որոշումը` ՀՀԿ-ի երրորդ արտահերթ համագումարը, քննարկելով ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու մասին հարցը, որոշում է ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել Լեւոն Հակոբի Տեր-Պետրոսյանին»:

1996թ. սեպտեմբերին նշանակված ընտրությունների նախաշեմին ՀՀԿ-ի պաշտոնաթերթ «Հանրապետականի» խմբագրականները պարբերաբար ընդգծում են անվիճելի մեկ փաստ` «ակնհայտ է, որ ներկայիս նախագահը կվերընտրվի` չունենալով շատ թե քիչ մրցունակ հակառակորդ» կամ` «ինչպես ցույց է տալիս ընտրարշավի ընթացքը, նախագահական ընտրություններում կհաղթի ներկայիս նախագահը» եւ այլն: Իսկ 1996թ. սեպտեմբերի նախագահական ընտրություններից առաջ տպագրված «Հանրապետականում» հատկապես ուշագրավ է` «Ինչու՞ Լեւոն Տեր-Պետրոսյանը» հոդվածը, որտեղ հեղինակը շեշտում է առաջին նախագահի առավելությունները մյուս թեկնածուների նկատմամբ. «Եվս մի քանի օր եւ պարզ կդառնա, թե ՀՀ նախագահի պաշտոնի ինը հավակնորդներից ովքեր կգրանցվեն որպես թեկնածուներ եւ կշարունակեն պայքարը: Սակայն այսօր էլ հայտնի է, որ այս ընտրություններում անվերապահորեն կհաղթի ներկայիս նախագահը: Մասնավոր զրույցներում դա չեն թաքցնում անգամ ընդդիմության ներկայացուցիչները: Եվ բոլորովին էլ ոչ այն փաստարկներով («ում ձեռքին են իշխանության լծակները, նա էլ կհաղթի» եւ այլն)», նշել էր հեղինակը` մանրազնին հիմնավորելով նախագահի պաշտոնի համար պայքարող մյուս բոլոր թեկնածուների նվազ հնարավորությունները: «Հանրապետականի» ընթերցողին հոդվածագիրը նույն հոդվածում նաեւ վստահեցնում ու համոզում է, որ ԱԺ-ի ընտրություններից հետո սկիզբ առած որոշ գործընթացներ հույս են ներշնչում, որ Լ.Տեր-Պետրոսյանը որոշակի քայլեր կձեռնարկի տնտեսության հետագա կայունացման հարցում, կփորձի Արցախյան ռազմաճակատում ձեռք բերված հաղթանակներն ամրագրել դիվանագիտական փաստաթղթերում, ապա այսպես է ամփոփում ասելիքը. «Պետք է հուսալ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի հաղթանակը կասկած չի հարուցում, լիովին կգիտակցի այն հսկայական պատասխանատվությունը, որը սեպտեմբերի 22-ից հետո կընկնի իր ուսերին եւ վճռական գործունեությամբ կդնի Հայաստանի զարգացման հիմքերը»:

Օրվա քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին մեկ խորհուրդ կարող ենք տալ` ՀՀԿ-ական նորաթուխ «առաջնորդ» Սերժ Սարգսյանին դուր գալուց եւ քաղաքակիրթ ընտրապայքարի անհրաժեշտության կոչեր անելուց առաջ` թերթել սեփական կուսակցության պատմության էջերը, երբեմն էլ` վերընթերցել սեփական գնահատականները, որոնք փոխելու օբյեկտիվ առիթներ չեն եղել:

Արխիվ
Վերլուծական

Հնարավորությունների բացված դուռն ու քանդված մենաշնորհը

Ինչպես հայտնի է, ամեն ինչ համեմատության մեջ է երեւում: Չնայած որեւէ արտահայտություն, այդ թվում եւ վերը նշվածը, չի կարող լինել...

Քաղաքական

Լեգիտիմությունն է գտնում տիրոջը

«Գրողը չէ, որ գրելիք է փնտրում: Գրելիքն է փնտրում գրողին»: Այդ տողերի հեղինակն...

Աշխարհ

Մերձավոր Արեւելքը` շարժման մեջ

Հանճարեղ ելույթները հաճախ թերագնահատում են` համարելով պարզ խոսքեր: Իրականում դրանք կարող են լրջագույն հետեւանքներ...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.