|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակում է պայքարը13:40 Yerevan | 9:40 GMT | Saturday 9 February 2008Մ.Խ. Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակում է պայքարը ավազակապետության դեմ, որը կպսակվի անխուսափելի հաղթանակով ընդամենը 10 օր անց՝ փետրվարի 19-ին Փետրվարի 11-ին Սահմանադրական դատարանը կքննի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը: Նշենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել է ՍԴ` խնդրելով «2008թ. ՀՀ նախագահի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի համար առաջացած խոչընդոտները ճանաչել անհաղթահարելի»:
«Հայլուր» լրատվականը երեկ չի կարողացել ճիշտ ընկալել առաջին նախագահի դիմումի բովանդակությունը եւ ժամը 13.00-ի հաղորդման մեջ աղավաղված է ներկայացրել Տեր-Պետրոսյանի դիմումը` այն մեկնաբանելով որպես նախընտրական պայքարից դուրս գալու քայլ: «Պաշտոնապես հայտարարում ենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն մտադիր չէ դադարեցնել սկսված պայքարն ավազակապետական ռեժիմի դեմ, այլ ավելի մեծ եռանդով է հասցնելու այս առաքելությունն իր հաղթական ավարտին: Բոլոր նմանատիպ հայտարարությունները միտված են հասարակությանը մոլորեցնելու, եւ դրանց հեղինակները պատասխան են տալու օրենքի առջեւ», - ասված է երեկ Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ: Սահմանադրական դատարան ներկայացված Տեր-Պետրոսյանի դիմումի մեջ նշվում է. «2008թ. ՀՀ նախագահի ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանից անկախ պատճառներով, արդեն իսկ, առաջացած խոչընդոտներն անհնարին են դարձնում նրա հետագա մասնակցությունը ՀՀ ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին»: Որպես պատճառ, մասնավորապես, ներկայացվում է, որ «Հանրային հեռուստառադիոընկերությունը, Հ1 հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի միջոցով, ՀՀ օրենսդրության (Ընտրական օրենսգրքի 18-րդ, 20-րդ եւ 22-րդ, ինչպես նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 11-րդ եւ 28-րդ հոդվածներ) պահանջների կոպիտ խախտումներով, երեք ամիս շարունակ` առ այսօր, հակաքարոզչական զանգվածային հաղորդումներ է հեռարձակել ՀՀ Առաջին նախագահ, ՀՀ նախագահի առաջադրված եւ գրանցված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ»: Միաժամանակ նշվում է, որ «Հանրային հեռուստատեսությամբ նախընտրական քարոզչության համար թեկնածուներին տրամադրված եւ հեռուստալսարանի համար շատ անհարմար ժամանակը, որեւէ հնարավորություն չի տալիս անգամ մեղմել «Հայլուր»-ի հակաքարոզչության ազդեցությունը»: ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը ձեռնարկել է ՀՀ «օրենսդրությամբ սահմանված բոլոր հնարավոր միջոցները` կանխելու նախագահի թեկնածուի նկատմամբ իրականացվող օրինախախտումները կամ վերացնելու դրանց հետեւանքները, սակայն այդ նախաձեռնությունները որեւէ դրական արդյունքի չեն բերել»: Տեր-Պետրոսյանը որպես խոչընդոտ է դիտարկել այն, որ «ընտրություններում առաջին անգամ թեկնածուներից մեկը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ իրենից անկախ պատճառներով չի կարողանում մյուս թեկնածուների հետ հավասար պայմաններով նախընտրական քարոզչություն իրականացնել, այն է` հաղթահարել իր նկատմամբ կիրառված նախադեպը չունեցող պետական հակաքարոզչության հետեւանքները եւ մասնակցել ՀՀ ընտրական օրենսդրությամբ սահմանված ընտրական գործընթացներին»: «ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը նախընտրական քարոզչության կարեւորագույն խնդիրներից է համարել` իր խոսքը հասցնել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու: Սակայն, սկսած ս.թ. սեպտեմբեր ամսից, առաջին նախագահի դեմ Հանրային հեռուստառադիոընկերության կողմից կիրառվել է նախադեպը չունեցող քարոզչություն, ինչն իր հերթին փոխանցվել է նաեւ մասնավոր հեռուստաընկերություններին», - ասված է երեկ Տեր-Պետրոսյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Ըստ այդմ, առաջին նախագահի առաջադրման նախաձեռնող խումբը, իսկ հետագայում` նախընտրական շտաբը, ձեռնարկել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված «քարոզչական հնարավոր բոլոր միջոցները հաղթահարելու պետական քարոզչության հետեւանքները: Սակայն այդ ճանապարհին պետական մարմինների կողմից իրականացված զանգվածային օրինախախտումները (բռնություններ, հարկային ճնշումներ, ձերբակալություններ եւ այլն) եւ «Հայլուր» ծրագրի անսահմանափակ հնարավորությունները խոչընդոտել են Առաջին նախագահին` պաշտպանել իր ընտրական իրավունքը»: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |