“Zhamanak” Armenian-American Political Daily

Փորձում են վախեցնել

16:41 Yerevan | 12:41 GMT | Friday 8 February 2008

Մարինե Խառատյան

Արտաշատում Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքից հետո, երեկ ոստիկանության բաժիններ են տարվել առաջին նախագահի չորս կողմնակիցներ` Արտաշատի բնակիչներ` ԵԿՄ վարչության անդամ հայր եւ որդի Սամվել ու Ասլան Ավետիսյանները, ինչպես նաեւ մարզպետարանի աշխատակից Արշալույս Մհերյանը եւ Արտաշատում Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ Հովհաննես Աղաբաբյանը: Արտաշատցիների վկայությամբ` ոստիկանությունը հրապարակավ ուժ է կիրառել վերջիններիս հանդեպ:

Ընդ որում` ակտիվ դերակատարները եղել են այն նույն ոստիկանները, որոնք որեւէ կերպ կարգի չեն հրավիրել Տեր-Պետրոսյանի համակիրների վրա քարեր շպրտողներին ու սադրանքներ իրականացնողներին: Տեր-Պետրոսյանի կողմնակիցները ոստիկանությունում հարցաքննվել են որպես վկաներ: Արշալույս Մհերյանի եւ Հովհաննես Աղաբաբյանի հետ երեկ հանդիպել է փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը: Վերջինս մեզ հետ զրույցում պատմեց հետեւյալը. «Արշալույս Մհերյանին, որը Արտաշատի մարզպետարանի պարետ է, շատ կոպիտ ձեւով տարել են ոստիկանության բաժին: Մի քանի ոստիկանով աշխատանքի վայրում հրապարակավ տարեց մարդու ձեռքերը ոլորելով, աղմկոտ շոու սարքելով, առանց բացատրելու, առանց ծանուցագրի, բերման են ենթարկել: Շատ հաճախ հանցագործներին նման կերպ չեն տանում»: Ոստիկանությունում Մհերյանին խուզարկել են, ստիպել են դատարկել գրպանի պարունակությունը, ընթերականեր են հրավիրել եւ որպես վկա մի քանի հարցեր տալուց հետո, բաց են թողել: «Ամբողջն արվել է շրջապատի համար: Դա միանշանակ ցուցադրական շոու է եղել` համագյուղացիներին, բնակիչներին ցույց տալու համար, թե այդպես կվարվեն նրանց հետ, ովքեր ինչ-որ չափով համակիր են Տեր-Պետրոսյանին», - ասաց փաստաբանը: Ոստիկանություն տարվածներին հիմնականում հարց են ուղղել, թե տեսե՞լ եք ով է հրել կանանց, նաեւ, թե տեսե՞լ եք` ովքեր են քարեր ու սառույց շպրտել: Հետաքրքրական է, որ Տեր-Պետրոսյանի համակիրների` մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները ոստիկանությանը չեն հետաքրքրել, այդ մասով հարցեր չեն եղել: «Աբսուրդ է, նման բռնությամբ մարդուն բերես, մտցնես ոստիկանություն ու նման հարցեր տաս, երբ որ կարելի է շատ հանգիստ ծանուցումով անել դա: Ի՞նչ է նշանակում նման ձեւով վկային բերել», - տարակուսանք հայտնեց փաստաբանը` շարունակելով. «Ես կարող եմ ասել, որ նման վերաբերմունքը միակողմանի վերաբերմունք է` ընդդեմ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ու միտված է վախի մթնոլորտ սերմանելու Արտաշատում»: Երեկ փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը հեռախոսով խոսել է Արտաշատի քրեական բաժնի պետի տեղակալ Արամ Հովհաննիսյանի հետ` հիշեցնելով, որ եթե գործի առնչությամբ կան վկաներ, նրանք պետք է նախ հրավիրվեն ոստիկանություն, նաեւ հավաստել է, որ մարդիկ պատրաստ են կամավոր ներկայանալ: «Տեր-Պետրոսյանը ամենաշատն է շահագրգռված, որ գործը քննվի, քանի որ ոտնձգությունը կատարվել է իր նկատմամբ: Թե գործի քննությունը որ ուղղությամբ են տանելու` դա արդեն այլ խնդիր է: Եթե չեն տիրապետում, զորբայությամբ են ուզում գործը այլ ուղղությամբ տանել, էդ դեպքում չեն տարբերվի այն մարդկանցից, որոնք արել են նույն այդ խուլիգանությունը: Խուլիգանները տարբեր են լինում` կարող է համազգեստով խուլիգան լինել, կարող է քաղաքացական հագուստով», - ասաց փաստաբանը:

Արտաշատում Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ Հովհաննես Աղաբաբյանի ետեւից եկել են մի քանի մեքենաներով, ոստիկանություն են տարել շտաբի մոտակայքից, բայց ավելի մեղմ ձեւով: Երեկ մինչեւ ուշ երեկո Վեդիի ոստիկանությունում են եղել ԵԿՄ վարչության անդամ հայր եւ որդի Ավետիսյանները: Վերջիններիս մեքենան տարել են տուգանային հրապարակ:

Գնահատելով նախօրեին Արտաշատի դեպքերը` փաստաբանն ասաց. «Միանշանակ դա պրովոկացիա էր, որը միշտ էլ եղել է, պարզապես մոտեցումները տարբեր են լինում: Եվ դա ոչ թե այս տարի, այլ 2003-ից սկսվեց եւ անպատժելիությունը այդտեղից է գալիս: Յուրաքանչյուր թեկնածու իր համակիրների, վստահված անձանց միջոցով հանդիպումներ է կազմակերպում, բոլորին է հայտնի, որ այն մարդիկ, որոնք չեն ուզում այդ թեկնածուին լսել` կարող են ներկա չլինել եւ եթե ներկա են լինում, ռեպլիկներ են անում, միտումնավոր մտքեր են ասում, որը կբերի կոնֆլիկտի` դա դատապարտելի է, դա օրենքի կոպիտ խախտում է»:

Արխիվ
Վերլուծական

Երկնքից երեք խնձոր կորավ

Եվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր:

Քաղաքական

Մտովի նրանց կենացը կխմենք...

Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով...

Աշխարհ

Փափկամազիկ ժողովրդավարություն

2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը...

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.