“Zhamanak” Armenian-American Political Daily

«Կոռուպցիոն բուրգը» թալանել է 4 միլիարդ դոլար

15:41 Yerevan | 11:41 GMT | Friday 8 February 2008

«Հանուն արժանապատիվ Հայաստանի» կազմակերպության նախաձեռնող խումբը այս օրերին թռուցիկներ է տարածում, որոնցում «ցուցակագրված են» գործող վարչակարգի իշխանության 10 տարիների ընթացքում տեղի ունեցած տնտեսական հանցագործություններից մի քանիսը, որոնց մի մասին իր հրապարակային ելույթներում անդրադարձել է նաեւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Թռուցիկում ներկայացված հանցագործություններն են` 1. «ՀայՌուսգազարդ» բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1997թ.-ին: Ռուսական կողմն իր 55% մասնաբաժինը պետք է վճարեր գազով, որը 4 տարի ձրի ստանալու էր Հայաստանը: Ներկա իշխանություններն այդ գազաքանակը ընդամենը երկու տարում` 1998-1999թթ. վաճառեցին բնակչությանը եւ ձեռնարկություններին: Վաճառքից գոյացած 148 մլն դոլարը ոչ բյուջե, ոչ այլ որեւէ հաշիվ չի մուտք արվել, եւ դրա մասին մինչեւ այսօր ոչ մեկը բացատրություն չի տվել: Այդ գումարը «կորել է», այսինքն` ամբողջությամբ գրպանվել է: 2.Դեռ 1997թ.-ի աշնանը Հայաստան էր ներկրվում ամսական 30.000 տոննա բենզին: 2002թ.-ից ի վեր Հայաստան մտնող բենզինի քանակը ներկայացվում է ամսական 12.000-15.000 տոննա: Ավտոմեքենաների թվի հսկայական աճի պայմաններում սա անհասկանալի է: Իրականում Հայաստան է ներկրվում նշված թվից 4-5 անգամ ավելի` 50-60 հազար տոննա բենզին: Այսինքն` վերջին 6 տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել շուրջ մեկ մլն տոննա հավելյալ բենզին, որը չի հարկվել: Դրա հետեւանքով պետական բյուջեն կորցրել է մոտ 400 մլն դոլար, որը նույնպես գրպանվել է: 3. 2006թ. Ղազախստանից Հայաստան է ներկրվել 1 մլրդ 200 մլն խմ գազ, որի արժեքը կազմում է 157 մլն դոլար: Այս ներկրումը կատարվել է առանց որեւէ ձեւակերպման, դրա մասին Հայաստանի վիճակագրական պաշտոնագրերում ոչ մի խոսք չկա: Մինչդեռ արձանագրված է Ղազախստանի պաշտոնական վիճակագրության մեջ: Բնականաբար, ոչ մի տեղ չի երեւում նաեւ դրա վաճառքից գոյացած 157 մլն դոլար գումարի ճակատագիրը: 4. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը սեփականաշնորհվել է 132 մլն դոլարով: Բայց գնորդը անգամ վճարը միանգամից չի տվել, մուծումը հետաձգվել է երեք տարով: Ճիշտ այդքան` 132 մլն դոլար է կազմում այս կոմբինատի միայն 6 ամսվա շահույթը: Այսինքն` գնորդը վաճառքի պահին կոմբինատը ստացել է ձրի, իսկ 132 մլն դոլարը, որը պետք է վճարի, 15 անգամ ավելի պակաս է կոմբինատի իրական, շուկայական գնից: 5.Հայկական էլցանցերը 2002թ. վաճառվել են 12 մլն դոլարով: Կարճ ժամանակ հետո նույն այդ ցանցերը վերավաճառվել են 80 մլն դոլարով: Այսինքն` ժամանակին այն վաճառվել է իր շուկայական գնից 6-7 անգամ ավելի ցածր գնով, իսկ վերավաճառողն ստացել է 68 մլն դոլարի շահույթ: 6. Հայխնայբանկը վաճառվել է ընդամենը 400 հազար դոլարով` իր շուկայական գնից 60 անգամ էժան, իսկ 3 տարի հետո այն վերավաճառվել է 25 մլն դոլարով: 7. «Արմավիա» ընկերությունը ստեղծվել է ձրիաբար, առանց մի կոպեկ ներդրման, ապա նրան է փոխանցվել «Հայկական ավիաուղիներ»-ի մեկ մլն ուղեւորաշրջանառությունը: Դրա հետեւանքով պետությանը հասցվել է 400 մլն դոլարի վնաս: 8.«Արդշինինվեստբանկը» ստեղծվել է «Արդշինբանկը» եւ «Հայագրոբանկ»-ը կանխամտածված ձեւով սնանկացնելու, պարտքերն ու պարտականությունները պետական պատուհասների հաշվին դուրս գրելու միջոցով: Ապա այն շուկայականից ավելի քան 20 անգամ էժան վաճառվել է Քոչարյանին մտերիմ մարդու: 9.«Սուրբ Աստվածամայր» հսկայական հիվանդանոցային համալիրը 2007թ.-ին ընդամենը 210 մլն դրամով վաճառվել է «Լեբեն» ընկերությանը` այն դեպքում, երբ դրա իրական արժեքը մեկուկես միլիարդ դրամ է: 10. Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող «Արարատ» կոնյակի գործարանը` իր 12.000 քմ տարածքով վաճառվել է ընդամենը 300.000 դոլարով: Այդքան գումար արժե Սանկտ Պետերբուրգի կենտրոնում ընդամենը մի քանի հարյուր քմ հողը: 11. «Լեչկոմիսիա» հիվանդանոցը վաճառվել է ընդամենը 180 հազար դոլարով, գրեթե նույն գնով, ինչ նույն տարածքում երեք սենյականոց բնակարանը: Սրանք այն տնտեսական հանցագործություններն են, որոնց թիկունքում անմիջապես կանգնած են անձամբ Ռ.Քոչարյանը եւ Ս.Սարգսյանը, այսինքն` գողացված ու կողոպտված հարյուրավոր միլիոն դոլարները նրանք են գրպանել, գույքին նրանք են տիրացել: Ընդհանրապես, նրանց ստեղծած ու գլխավորած կոռուպցիոն բուրգը այս տարիներին թալանել է շուրջ 4 միլիարդ դոլար»: «Մի խաբվեք ու վաճառեք ձեր ազատությունը, մարդկային արժանապատվությունը եւ երեխաների ապագան, քանզի դրանք գին չունեն», -խորհուրդ է տրվում թռուցիկում:

Արխիվ
Վերլուծական

Հանրաքվե չի, պլեբիսցիտ է. իրավական որեւէ ուժ չունեցող հարցում

Եվ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այդ մասին պետք է որ տեղյակ լինի:

Քաղաքական

«Սարի պես տղեն էս խուժան իշխանությունների մեղքով սրտի պրոբլեմ ունի»

«Ա-մոթ, ա-մոթ»` ահա այս կերպ էին իրենց վրդովմունքն արտահայտում դատախազության շենքի առաջ հավաքված մի խումբ կանայք, իսկ...

Աշխարհ

Մեղադրյա՞լ, թե՞ տուժող` սա է խնդիրը

Երեկ քրեական դատարանում սկսվեց մարտի 1-ի իրադարձությունների առիթով հարուցված քրգործի շրջանակում Արամ Բարեղամյանի գործի քննությունը:

Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved.

Reproduction in whole or in part without permission is prohibited.