|
“Zhamanak” Armenian-American Political Daily
Իշխանությունները հոգեվարք են ապրում17:18 Yerevan | 13:18 GMT | Thursday 7 February 2008Կարինե Հարությունյան «Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչեւ վերջ տա»: Վազգեն Սարգսյան Մի պատառիկ Վազգենի, մտածող մարդու, իր ժողովրդի զինվորի մտքերից: Երեկվա օրը թարմացրեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի կարոտի մորմոքը ու նաեւ հոկտեմբերի 27-ի մյուս զոհերի կորստի հիշողությունը: Երեկ Արարատում էինք:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր զինակիցների հետ Արարատի մարզի մի շարք բնակավայրեր այցելեց: Չնախատեսված հանդիպումները շատ էին: Մարդիկ այսուայնտեղ ճանապարհը փակում էին, աղուհացով դիմավորում, գառ մորթում Լեւոն Տեր-Պետրոսյանի ոտքերի տակ: Այնթապում ՀՀ հիմնադիր նախագահը իր հարգանքի տուրքը մատուցեց Այնթապի 1920թ.-ի հերոսական ինքնապաշտպանության մասնակիցների հիշատակին: Ապա` նախագահի թեկնածուն զրուցեց ժողովրդի հետ: Խարբերդցի ազատամարտիկ Ալիկ Մկրտչյանն ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին է ընտրելու, «որովհետեւ նրա ծրագրերը իրատեսական են եւ չկան ֆանտաստիկ բաներ իր ասածների մեջ»: Իսկ առաջին նախագահը ժողովրդին հավաստիացրեց, որ պայքարելու է այնքան, որքան պետք է «այս իշխանություններին Հայաստանից հեռացնելու համար»: ...Մարմարաշենում չնախատեսված հանդիպում էր: Ավելորդ է ասել, թե Լեւոն Տեր-Պետրոսյանին ինչ ջերմությամբ ընդունեցին այստեղ, քանի որ Հայաստանի այն բոլոր բնակավայրերում, ուր այցելել է ՀՀ առաջին նախագահը` ցանկալի հյուր է, հարգված նախագահ ու հաճելի զրուցընկեր: Իհարկե, բացառությամբ գործող իշխանության ճորտիկների, կատարածուների, խղճուկ կոպեկներով ծախվածների: Այդպիսիք կարող են դուրս գալ ոչ միայն սեփական ժողովրդի, հարեւանի, ընկերոջ դեմ, այլեւ իրենց հարազատների, քանի որ նմանները սրբություն չեն ճանաչում: Մի քանի խղճուկների վարքագիծը Արտաշատում դրա վառ ապացույցն էր: Բայց դրա մասին քիչ հետո: Մարմարաշենում, երբ ժողովրդին հարցուփորձ էի անում, թե ում են ընտրելու, մի պապիկ ինձ դիմեց. «Իսկ դու ում ես ընտրելու»: Ասացի` Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Վայ, ապրես դու, արի մի ճակատդ պաչեմ», - ուրախացավ այդ պապիկը, որի տղաները արդեն մի քանի տարի Ռուսաստանում «տանջվում են», իսկ նրանց ուղարկած դառը քրտինքը` «իշխանությունների կողմից թալանվում»: Դիմիտրովում ասացին, որ նախորդ գիշերը շրջակայքի գյուղերում ինչ-որ մարդիկ տնետուն են մտել ու սպառնացել, որ չգնան Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման: Ճիշտն ասած, վախեցողներ շատ չեն եղել, քանի որ մայրուղին լիքն էր մարդկանցով: Լեւոն Տեր-Պետրոսյանը նրանց հետ խոսեց երկրի տնտեսության զարգացման հնարավոր ուղիներից: Առաջին քայլը օրինականությունը վերականգնելն է, որը կբերի տնտեսության, արդյունաբերության վերականգնման, կզարգանա գյուղատնտեսությունը եւ քաղաք-գյուղ կապը իսկապես կաշխուժանա` երկուստեք շահեկան դարձնելով կյանքը: «Ամեն մատիս մի-մի մեխ էլ խփեն, չեմ ընտրի Սերժին» Սրանից դաժան արհամարհանք որեւէ ղեկավարի նկատմամբ դժվար է պատկերացնել: Այս խոսքերն ասաց Վերին Արտաշատից մի տղամարդ, չցանկացավ ներկայանալ. «Սրանցից ամեն բան սպասելի է»: Վերին Արտաշատում ժողովուրդը մի գլուխ վանկարկում էր. «Լե-վոն, Լե-վոն», ու հանդիպումը ոչ մի կերպ չէր հաջողվում սկսել: Ժողովուրդը սիրում է իր նախագահին: Մարզային իշխանություններն ու իրենց վերադասները, հավանաբար, գիտեին այս մասին: Չէ՞ որ սա Սպարապետի ծննդավայր է, իսկ Սպարապետի հոգին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին է: Այստեղ երկրի առաջին նախագահը ասաց, որ սա այն քաղաքն է, որտեղ նախագահական ընտրությունների ժամանակ ժողովուրդը չի ահաբեկվել, չի կաշառվել եւ 2003-ին այդ պայմաններում Ստեփան Դեմիրճյանը ստացել է 48 տոկոս ձայն: Դա նշանակում է` վերինարտաշատցիները քաջ ժողովուրդ են, եւ մնում է ընդամենը մեկ բան անել` 48-ին գումարում եք 27 տոկոս եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստանում է 75 տոկոս ձայն: «Լե-վոն, Լե-վոն», - սա էր ժողովրդի պատասխանը: Վերին Արտաշատում Լեւոն Տեր-Պետրոսյանը հիշեց տեղացի մի դատախազի Հրաչիկ Բադալյան անունով, ասաց, որ շատ օրինախախտումներ է կատարում, բռնություններ է իրականացնում Հովիկ Աբրահամյանի հրահանգներով, որոնց վերաբերյալ լիարժեք ինֆորմացիա կա: Հիշյալ դատախազի բարեկամը փորձեց ընդհատել առաջին նախագահին ու նույնիսկ սադրել միտինգավորներին: Վերջիններս գոչեցին` «Լե-վոն, Լե-վոն», «Հաղ-թա-նակ, հաղ-թա-նակ»: Այսքանը բավական էր, որ այդ բանասեր «սադրիչն ու բանսարկուն» «պոչը քաշեր»: Սակայն այդ «պոչը» եւ էլի մի քանի «պոչիկներ», որոնց մասին արդեն Արտաշատում մի կին պատմեց, թե ինչպես է տեսել «Հանրապետականի» շտաբում փող ստանալիս, տեղափոխվեցին Արտաշատ: «Մուկն ու Սերժիկն էլ պիտի այսպես հեռանան» Արտաշատի հրապարակը: Մարզպետարանի դիմաց հավաքվել էին հազարավոր արտաշատցիներ, մերձ բնակավայրերի բնակիչներ: Այս հրապարակը իսկապես թնդում էր «Լե-վոն, Լե-վոն» վանկարկումներից: «Մի ուրվական է շրջում Հայաստանում, դա Սերժի պարտության ուրվականն է», - այսպես սկսեց հանրահավաքը «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ու ավելացրեց. «Ոչ ոք, ոչ մի սերժիկներ, մկներ ի վիճակի չեն կանգնեցնել մեր հաղթարշավը»: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նոր էր սկսել իր խոսքը, երբ մի կին փորձեց խանգարել հանրահավաքի ընթացքը: Կինը, ճիշտն ասած, հոգեկան հիվանդի տպավորություն էր թողնում: Տեսած կլինեք նման հիվանդ մարդկանց, որոնք փողոցում այս ու այն կողմ են քայլում ու բարձրաձայն անկապ խոսում: Սա քիչ էր, մի տղա հայտնվեց, սկսեց հարվածել մարդկանց: Իշխանության ճորտն ու ստրուկը, կաշառվածն ու ծախվածը փորձեցին «հարամել» ՀՀ հազարավոր քաղաքացիների` ՀՀ նախագահի թեկնածուի հետ հանդիպման սահմանադրական իրավունքը: Իշխանությունները Թալինի սցենարն էին ուզում կրկնել եւ ավելի մեծ ծավալներով: Միտինգավորների վրա սկսեցին քարեր շպրտել, իսկ հարթակի կողմը, ուր կանգնած էին Լեւոն Տեր-Պետրոսյանը, նրա զինակիցներն ու լրագրողները, բետոնախառն մեծ սառցակտորներ էին հասնում: Փրփուրի ուժ ունեցող այս քայլերը որոշ խեղդվողների համար, ըստ երեւույթին, վերջին հույսի հնարավորության միֆ էին ստեղծում: ...Ի վերջո` Նիկոլ Փաշինյանը դիմեց ոստիկանությանը. «Եկեք ձեր «Մկի» պրովոկատորին այստեղից տարեք»: «Այո, ամոթ», - գոռում էր ժողովուրդը ու «Լե-վոն, Լե-վոն» վանկարկումներով փորձում կասեցնել սադրանքը: Խոսափողին մոտեցավ Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Խնդրում եմ բոլոր տեսախցիկներն ուղղել այդ մկների վրա, բոլորին նկարեք: Նրանք քարեր են շպրտում, շշեր են շպրտում, դրանք մկների լակոտներն են, Սերժիկ Սարգսյանի լակոտներն են եւ պատասխան են տալու: Ահա Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Հովիկ Աբրահամյանը: Նրանք խուլիգաններ են, գողեր են, ավազակներ են, որոնք թալանել են մեր երկիրը եւ այսպիսի խուլիգանների միջոցով ուզում են բռնանալ մեր ժողովրդի կամքի վրա: Հեռացեք: «Հե-ռա-ցեք»: Ժողովուրդը գոռում էր «Հե-ռա-ցեք» ու նրանք հեռացան: «Մուկն ու Սերժիկն էլ այսպես պիտի հեռանան», - ասաց առաջին նախագահը: Բայց ճիվաղը մի ներքին սահմանադրություն ունի, որ մինչեւ վերջ պիտի իր գարշանքը տարածի շրջապատի վրա, որպեսզի ինքնաբավարարում ստանա: Այդպես էլ եղավ: Այդ մարդիկ տեղափոխվեցին բազմության մյուս կողմը, քարեր հավաքեցին ու շպրտեցին միտինգավորների վրա: Եվ այս ամենը կատարվում էր Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի եւ մարզպետարանի մյուս աշխատողների աչքի առջեւ եւ ոստիկանության աշխատողների բացակայությամբ: Հայտնվեցին, երբ հանրահավաքն ավարտվեց: Մարզպետին հարցրեցի, թե ինչու չի միջամտում: Ասաց, որ ինքը ոչ մի կռիվ չի տեսել, չեն ծեծում, հետո էլ նրա թիկնապահներից մեկը իր ծանր ձեռքով կոպտորեն հրեց ինձ ասելով` հիմա դրա ժամանակը չի: Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմեց մարզպետին. «Ահա թե ինչ սարքեցիք այստեղ, կարգի հրավիրեք ձեր խուլիգաններին»: Մարզպետը իր անտարբերությամբ առաջին նախագահին հասցրեց նրան, որ վերջինս ասաց. «Դուք մարզպետ չեք, դուք խուլիգան եք»: Ի վերջո` Ալիկ Սարգսյանը, հավանաբար, վերեւների «դաբրոն» ստանալով, մոտեցավ ու կոչ արեց չխանգարել հանրահավաքը, ասաց, որ ինքը պատասխանատու է դրա համար եւ ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի իր խոսքն ասելու: Ի վերջո` հանրահավաքը շարունակվեց: Մինչեւ վերջին մարդը մինչեւ վերջին պահը մնաց հրապարակում, լսեց իր ընտրյալ նախագահին ու պատվով ճանապարհեց: ...Արարատում Վազգենի հոգին էր, արարատցիների աչքերում Վազգենի հայացքն էր, արարատցիների շուրթերին Վազգենի անունն էր: Հզո~ր հանրահավաք էր, միակամ ժողովուրդ էր, մի նախագահ էր ճանաչում. Լեւոն Տեր-Պետրոսյան: Արամ Սարգսյանը պատմեց Արտաշատի միջադեպի մասին եւ դիմեց գործող իշխանություններին. «Դուք մոր ծիծ կտրող եք եւ ձեր նմաններն են պատճառը, որ Հայաստանը այսքան փոքրացել է: Հիմա էլ ուզում են այս երկրի առաստաղը այնքան ցածրացնել, որ իրենց բոյին լինի, որ մնացածներն էլ կզած ման գան: Չի ստացվելու»: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց. «Սա Վազգենի հայրենիքն է, որը բաժին է ընկել մկներին ու բորենիներին: Երբ Վազգենի գլխավորությամբ մեր երկրապահները պաշտպանում էին Արցախը, զոհեր տալիս, արյուն թափում, այդ նույն պահին «Մուկը» իր բնում ցորեն էր կուտակում, պահեստից գինի էր գողանում: Այսօր մարդը փոխվարչապետ է եւ այդ մկնիկը փորձում էր ինչ որ խժդժություններ անցկացնել: Բայց ժողովուրդը տվեց իր պատասխանը»: Արարատցիները սրբագրեցին օրվա այդ բիծը ու Լեւոն Տեր-Պետրոսյանին հավաստիացրին, որ գործող վարչապետը ոչ մի ձայն Արարատում չի ստանա: |
|
ՈրոնումԱրխիվՎերլուծականԵրկնքից երեք խնձոր կորավԵվս մեկ տարի է անցնում մեր անկախ պետականության պատմությունից, եւ այդ տարին, թերեւս, ամենից ցնցումնառատ տարին էր: ՔաղաքականՄտովի նրանց կենացը կխմենք...Մի քանի օրից այլեւս անցյալ կդառնա Հայաստանի ու հայաստանցիներիս համար լավ ու վատ, ուրախ ու տխուր իրադարձություններով... ԱշխարհՓափկամազիկ ժողովրդավարություն2002թ.-ին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումներից հետո, նավթային Shell ընկերությունն ու Economist ամսագիրը... |
|||
Copyright © 2004-2007 — Zhamanak Armenian-American political information-analytical center. All rights reserved. Reproduction in whole or in part without permission is prohibited. |